Երբ ձգտում ենք դեպի Կենտրոն

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 23-ին այցելեց Տիգրան Մեծ 36/134 հասցեում բնակվող 1-ին խմբի հաշմանդամ Նինա Գյուլնաշյանին (60 տ.): Նինան ազգությամբ մոլդովացի է, սակայն ամուսնանալով հայի հետ, բնակություն էր հաստատել Գյումրիում: 1988թ-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել են նրա ընտանիքի բոլոր անդամները՝ ամուսինը, աղջիկը և ամուսնու ազգականները, իսկ իրեն վիրահատելով՝ անդամահատել են ձախ ձեռքը և ոտքերը: Նինան Երևանում և արտերկրում բուժումներ ստանալուց հետո, բնակություն է հաստատել Երևանում՝ պետության կողմից տրամադրած բնակարանում: Նա 26 տարի է, ինչ փորձում է միայնակ հաղթահարել իր ամենօրյա խնդիրները: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Նինային հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ այս անգամ տրամադրել էին ամերիկահայ Դանիել և Գրեգորի Գալֆայան եղբայրներն իրենց զարմուհու՝ Լորին-Մարիի մկրտության առթիվ: Նինան իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձանց՝ ուշադրության և հոգատարության համար:

Յուրաքանչյուրի մեջ դրված է սիրո պահանջը, քանի որ Աստված սեր է, և մարդն արարված է Աստծո պատկերով և նմանությամբ: Մերձավորի և Աստծո հանդեպ սիրո մասին պատկերավոր կերպով գծագրել է 6-րդ դարի սրբերից աբբա Դորոթեոսը: Ըստ այդ գծագրի՝ շրջանի կենտրոնն Աստված է, շառավիղը՝ մարդիկ: Շրջանագծից դեպի Կենտրոն շարժվողները միաժամանակ մտերմանում են միմյանց հետ: Եվ հակառակը՝ եթե չկա այդ ձգտումը դեպի Կենտրոն, ապա շառավիղը կազմողները հեռվանում են թե՛ միմյանցից և թե՛ Կենտրոնից՝ Աստծուց՝ կորչելով միայնության անապատներում:

 

Կարինե Սուգիկյան

23.09.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․