22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հայր Պորֆիրիոսը մի անգամ ասաց․
- Երբ Քրիստոս գալիս է ու, բնակվելով մեր հոգում, լցնում այն, այդժամ հեռանում են մեր բոլոր խնդիրները, բոլոր մոլորություններն ու դառնությունները։ Ադժամ հեռանում է և մեղքը․․․ Հասկանո՞ւմ ես, խնդիրները վերանում են ոչ թե մեր ջանքերով, այլ Քրիստոսով։
Ես հարցրի նրան տարակուսանքով․
- Ինչպե՞ս թե «մեղքը հեռանում է», երբ Սուրբ Գրքում գրված է, որ եթե անգամ մեկ օր ապրեինք այս աշխարհում, ապա այդ ժամանակ էլ մեղք կգործեինք։
Սուրբ հայրը տխուր նայեց ինձ ու ասաց․
- Ի՞նչ ասեմ քեզ, եթե չես հասկանում ինձ։
Ես փորձեցի հասկանալ նրան։ Տուն գալով ու վերցնելով Աստվածաշունչը՝ զբաղվեցի այդ հարցով։ Պարզվում է, որ այն տրվել էր դեռևս Հին Կտակարանում՝ Հոբի կողմից, երբ նա ասել էր․ «Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ո՛չ ոք. թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի» (14։4)։ Բայց ես գտա նաև ծերի պատասխանը։ Նա հիմնվում էր իր սիրելի ավետարանչի՝ Հովհաննեսի առաջին նամակի վրա․ «Եվ գիտենք, որ նա այն պատճառով հայտնվեց, որպեսզի վերացնի մեղքերը. բայց նրա մեջ մեղք չկա: Ամեն ոք, ով բնակվում է նրա մեջ, չի մեղանչում. և ամեն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան և ո՛չ էլ ճանաչել» (3։5, 6):
Ստացվում էր, որ իմ հարցն ուղղված էր ոչ թե հայր Պորֆիրիոսին, այլ արդեն Հովհաննես Ավետարանչին։ Պարզ էր, որ ջանքերս զուր էին, քանի որ ես փորձում էի ուղեղով հասկանալ այն ճշմարտությունները, որոնք կարելի էր հասկանալ միայն դրանք վերապրելով։ Հովհաննես Ավետարանիչն ու հայր Պորֆիրիոսը, իրենց հոգևոր փորձով, զրուցում էին նույն լեզվով։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը