Ի՞նչ է երդումը` ազնվության կամ անկեղծության երաշխի՞ք:
Երդումը մարդու կողմից իր վկայության վավերականության ապացուցման գործողությունն է` խոսքով արտահայտված, վկայակոչումով մի երրորդ իրողության կամ անձի, անձերի և կամ գերբնական անձի, ուժի: Երդումն ասվում է ի ներկայության որևէ մարդու կամ մարդկանց, որոնց առջև բերված վկայության հավաստիացման անհրաժեշտությունը կա: Երդման կարիքն առաջանում է այն ժամանակ, երբ մարդու ազնվության նկատմամբ կասկած է ծագում այլոց մոտ, կամ երբ մարդը կարծում է, որ իր խոսքի նկատմամբ վստահության պակաս կա, և ինքը կասկածվում է խաբեության, կեղծավորության մեղքերի մեջ: Երդումն անձի ազնվության վավերացման ձև է, սակայն այն խանգարում է բուն ազնվության առաքինության զորացմանը, քանզի երդումը նաև գործածվում է խաբեության նպատակով, այլոց` երդման հանդեպ վստահությունը չարաշահելով:
Կան մարդիկ, ովքեր երդվում են հավատալիքներով, սրբություններով, հարազատ և ամենաթանկ մարդուն և նույնիսկ Աստծուն վկայակոչելով: «Էրեխուս արև», «մորս արև», «Աստված վկա» և նման այլ արտահայտություններ տարածված են մանավանդ հայաստանաբնակ հայերի մեջ: Արդյո՞ք ասածը հավաստելու համար մարդն անհրաժեշտություն ունի երդվելու և մի՞թե սա է ազնվության ապացուցման միակ ճանապարհը:
Քրիստոս արգելեց երդվելը: Տերն ասաց. «Ես ձեզ ասում եմ` ամենևի՛ն չերդվել. ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել: Այլ ձեր խոսքը լինի` այոն` այո, և ոչը` ոչ. որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթ. 5.34-37): Երդման այս արգելքը Մատթեոսի Ավետարանի սկզբում է: Ավետարանի վերջում երևում է, թե ինչու է Քրիստոս ուշադրություն դարձնում երդման վրա և արգելում այն: Հրեական միջավայրում փարիսեցիներն ու օրենսգետները երդումների տարբերակումներ էին անում և այդպես ուսուցանում` սովորեցնելով, որ կան երդումներ, որոնք արժեք չունեն, կան այնպիսիք, որոնք հավաստիության արժանի են: Ընդ որում, փարիսեցիներն ու օրենսգետներն իրենց ուսուցումն առնչում էին այնպիսի սրբությունների, որպիսիք հրեական տաճարն էր, աստվածպաշտական իրողություննե-րը: «Վա՜յ ձեզ, կու՛յր առաջնորդներ, որ ասում եք` ով որ երդվի տաճարի վրա, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդվի տաճարի մեջ եղած ոսկու վրա, պարտավորվում է այն կատարել: Հիմարնե՛ր և կույրե՛ր, ի՞նչն է մեծ` ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին: Եվ` ով որ երդվի սեղանի վրա, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդվի նրա վրա գտնվող ընծայի վրա, պարտավորվում է այն կատարել: Հիմարնե՛ր և կույրե՛ր, ի՞նչն է մեծ` ընծա՞ն, թե՞ սեղանը, որ սրբագործում է ընծան: Իսկ արդ, ով որ երդվեց սեղանի վրա, երդված կլինի նրա վրա և այն ամենի վրա, որ սեղանի վրա է: Եվ ով երդվեց տաճարի վրա, երդված կլինի նրա և նրա մեջ բնակվող Աստծու վրա: Եվ ով երդվեց երկնքի վրա, երդված կլինի Աստծու աթոռի և նրա վրա նստողի վրա» (Մատթ. 23.16-22): Քրիստոս ասաց. «Թող ձեր խոսքը լինի` այոն` այո, և ոչը` ոչ»: Երդման այս արգելքը կոչ է ազնվությամբ ապրելու, որովհետև ազնիվ մարդու խոսքին չեն կասկածում, ազնիվ մարդը երևում է նաև իր խոսելաձևում ու գործողություններում և նրա հանդեպ կասկածանքներ ու երդման անհրաժեշտություն չեն առաջանում: Ուրեմն, երդմանն ապավինելու փոխարեն, մարդ միշտ պետք է առավելագույն ազնվությամբ ապրի, և այնպիսին պետք է լինի կերպարը, որպեսզի որևէ մեկը կասկածի դույզն-ինչ նշույլ չունենա նրա ազնվության հանդեպ:
Ժամանակի ընթացքում երդումը ձեռք է բերել զանազան ձևեր և արտահայտություններ: Քիչ առաջ նշված վկայակոչումներից բացի, շատ անգամ երդումն ուղեկցվում է իբր Աստծո կողմից պատժվելու ցանկությամբ` «թե սուտ ասեմ, Աստված տա` լույսը չբացվի վրաս» և նման այլ արտահայտություններ: Սա Աստծո անունն անձնական շահերի նպատակով օգտագործել չէ՞:
Ավետարանում մենք տեսնում ենք, որ չնայած Քրիստոսի կողմից դրված երդման արգելքին, Պետրոս առաքյալը երդվում է: Երբ Քրիստոսին բանտարկում են, Պետրոսը գնում է Նրա ետևից` Տիրոջը մոտ լինելու ցանկությամբ: Բայց երբ քահանայապետի բակում հավաքված մարդիկ ճանաչում են նրան` ասելով, թե դու էլ Քրիստոսի աշակերտներից ես, Պետրոսը երդվում է, թե Քրիստոսին չի ճանաչում (Մատթ. 26.72): Պետրոսի երդումը և ուրացումը գալիս էր նրա վախից: Սրա համար առաքյալը հետո զղջաց և դառնապես լաց եղավ (Մատթ. 26.75): Աստվածաշնչում խոսվում է նաև Աստծո կողմից երդվելու մասին: Այս մասին կարող ենք կարդալ ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում: Աստված երդումով Աբրահամին խոստացավ նրա սերունդներին տալ ավետյաց երկիրը (Ծննդ. 24.7, 26.3, 50.24, Ելք 6.8, 33.1, Թվ. 32.11, Բ Օր. 1.8, 4.31, 6.10, 18 և այլն), Աստված երդվում է Իրեն անհնազանդներին զրկել խոստացված երկրից և հանգստից (Բ Օր. 1.34, 4.21, Եբր. 3.11, 17), երդվում է Դավթին, որ նրա սերնդից պիտի լինի Քրիստոսի ծնունդը (Սաղմ. 131.11):
Աստծո երդվելու վերաբերյալ Պողոս առաքյալն ասում է. «Աստված Աբրահամին Իր խոստումը տվեց, քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր, Նա Ինքն Իր վրա երդվեց» (Եբր. 6.13-14): Սուրբ Գրիգոր Աստվածաբանը բացատրում է, որ Աստծո յուրաքանչյուր խոսք երդում է, քանի որ Աստված չի կարող ոչ հավաստի բաներ ասել: Այդ իսկ պատճառով Աստծո ասածները համեմատվում են երդումի և Նրա խոստանալը` երդվելու հետ: Ըստ Գրիգոր Աստվածաբանի` Հին Կտակարանում երդվելը գործածվում էր և երդումը գուցե շարունակական լիներ, եթե մարդիկ սուտ երդումներ չանեին, երդումը չօգտագործեին նաև խաբելու համար: Քրիստոս եկավ օրենքը լրացնելու, ինչպես Ինքն է ասում. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. 5.17): Եվ սա վերաբերում է նաև երդմանը: Ըստ Գրիգոր Աստվածաբանի` Հին Կտակարանում պատժվում էին մեղքի համար, իսկ Նոր Կտակարանում արգելվում է անգամ մեղքի մտածումը, դեպի մեղքը շարժումը (Մատթ. 5.28): Այսպես էլ արգելվում է նաև երդումը: Կաթոլիկ եկեղեցական հեղինակներից Հերոնիմոսն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Քրիստոս արգելում է երդվել երկնքով կամ երկրով, սեփական անձով, բայց ոչինչ չի ասում Աստծո անունով երդվելու մասին, որի վերաբերյալ պատվեր կա Հին Կտակարանում (Բ Օր. 6.13): Մարդը երդվում է իր համար ամենաթանկ բանով: Եվ քանի որ հավատացյալի համար ամենաթանկն Աստված է, ուրեմն, նաև նկատի ունենալով Հին Կտակարանի պատվիրանը, կարելի է երդվել Աստծով: Հերոնիմոսի այս տեսակետը, սակայն, անձնական, հեղինակային տեսակետ է, որը համընդհանուր տարածում չգտավ Եկեղեցու ուսուցումներում:
Մարդկանց երդվելը, իրապես, այն նկատառումով է ասվում, թե իր խոսքի կամ վկայության սխալ լինելու պարագայում ինքը պատիժ կստանա գերբնական ուժի, Աստծո կողմից: Դրա համար են նաև երդման ժամանակ հիշվում պատիժները: Մարդիկ երդվում են նաև ծնողների արևով: «Արև» ասելով` նկատի է առնվում կյանքը, քանի որ կյանքի ընթացքում մարդիկ վայելում են կենսատու արևի լույսը, դրա համար էլ նմանատիպ երդումների մեջ կյանքի համարժեք է կարծես դառնում արևը: Արևով երդվելու հայերեն արտահայտությունները բառարաններում այլ լեզուների համարժեքներով ներկայացվում են որպես կյանքով երդվելու խոսքեր: Նման երդումով նույնպես պատիժ է նկատի առնվում այն իմաստով, որ եթե ասված վկայությունը սուտ է, ուրեմն թող գերբնական պատիժ տրվի նրա կյանքին, ում անունով արվում է երդումը: Երդվելու սովորություն ունեցողները պետք է հիշեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի արգելքը և փորձեն ավելի զորացնել իրենց ազնվությունն ու այլառաքինությունները, որով կվերանա երդվելու սովորությունը կամ անհրաժեշտությունը:
Հիսուս Քրիստոս իսպառ արգելում է երդումը (Մատթ. 5.37): Այդ դեպքում ինչո՞ւ են պետության նախագահները, զինվորականները, բժիշկները, դատարանում վկաները երդվում:
Երդումը երկու ուղղություն ունի` մեկը դեպի անցյալ, մյուսը դեպի ապագա: Դեպի ապագա ուղղված երդումը տարբերվում է անցյալի նկատառումով կատարված երդումից, որովհետև եթե վերջինս արդեն կատարված իրողության մասին վկայության հավաստիացման համար է արվում, ապագայի դիտարկումով երդումը հիմնականում խոստում է կամ ուխտ: Պետության նախագահների, բժիշկների, զինվորականների երդումները վերաբերում են դեպի ապագա ուղղված երդման ձևին, որով այս երդումը վերածվում է խոստումի: Օրինակ` պետության ղեկավարները, ստանձնելով իրենց պարտականությունները, երդվելով խոստանում են, որ իրենց ծառայությունը ժողովրդին և պետությանը լավագույնս պիտի իրականացնեն: Հոմանիշների բառարանում երդման դիմաց նշվում են «խոստում» կամ «ուխտ» բառերը: Դա ևս ցույց է տալիս, որ համապատասխան հանգամանքներում խոստում և ուխտ է կատարվում` ի հակադրություն անցյալին վերաբերող երդումի, որն արդեն կատարվածի առնչությամբ ազնվության, անկեղծության կասկածների փարատման փորձ է:
Պետության ղեկավարները երդվում են հիմնականում երկրի սահմանադրության և Աստվածաշնչի վրա: Սակայն եթե Աստվածաշունչը որևէ մեկի համար նշանակություն չունի, ապա անիմաստ է դառնում նրա այդպիսի երդումը: Այսպես, 2013 թվականին իր լիազորությունները դադարեցրած Ավստրալիայի առաջին և դեռևս միակ կին վարչապետը հրաժարվեց Աստվածաշնչի վրա երդվելուց այն հիմնավորմամբ, որ ինքն անհավատ է, աթեիստ է, և իր համար իմաստ չունի Սուրբ Գրքի առկայությամբ կատարվող երդումը: Փոխարենը նա պարզապես հավաստիացրեց, հաստատում կատարեց իր պարտականությունների պարտաճանաչ կատարման` հանուն իր երկրի և ժողովրդի: Մինչդեռ եթե պետության ղեկավարը քրիստոնյա է, նրա համար Աստվածաշնչի վրա երդումն իր նշանակությունն է ստանում, որով նա վկայակոչում է նաև Աստծո հանդեպ հավատքով, Աստծո ներկայության գիտակցությամբ իր խոստման կատարումը:
Իսկ կա՞ն դեպքեր, երբ քրիստոնյաների երդվելն էլ է անհրաժեշտություն:
Հավատացյալները խոստում իմաստով երդումը կատարում են սուրբ Պսակի արարողության ժամանակ: Հարսն ու փեսան, սուրբ խորանի դիմաց գտնվելով, քահանաների, իրենց հարազատների ներկայությամբ խոստանում են ամուր պահել իրենց ընտանիքը, սիրել միմյանց, ապրել աստվածային պատվիրանների համաձայն: Այլ խոսքով ասած` փոխադարձ սիրո և հոգատարության ուխտ են կնքում եկեղեցում, և այս ուխտը կոչվում է նաև ամուսնական ուխտ: Այսպես նաև ձեռնադրվող հոգևորականները ձեռնադրության արարողության ընթացքում ուխտ են անում աշխարհից հրաժարման, այսինքն` աշխարհի մեղսալի ընթացքներից հեռու մնալու և Աստծուն ու Եկեղեցուն նվիրումով ծառայելու:
Կենցաղային հանգամանքներում քրիստոնյայի համար ճիշտ չէ երդվելը, այլ Քրիստոսի խոսքի համաձայն այոն կամ ոչը հաստատելը` միշտ ձգտելով ավելի կատարյալ դառնալ ազնվության, տերունապատվեր սիրո մեջ:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Ոչ միայն հացիվ» գրքից