Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ աղոթելու և Տիրոջով հավատքն ամրացնելու և զորացնելու մեծ փափագով, տարվա մեջ բազմիցս է ուխտի ուղին ընտրում: Նրանց համար եկեղեցի տանող բոլոր ճանապարհները ուխտի ճանապարհներ են, այդ ճանապարհներով նրանք գնում են իրենց աղոթքն ու պաշտամունքը մատուցելու առ Աստված: Ուխտի ճանապարհները երիտասարդներին ուղղորդում են դեպի հավիտենականություն և դեպի լույս: Երիտասարդ ուխտավորը, այցելելով սրբավայր, հաղորդակից է լինում սրբությանը՝ հիշելով և անմահացնելով այն:
Նվիրագործված ավանդույթի համաձայն՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը, Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մայիսի 13-ին՝ Երկրորդ Ծաղկազարդի տոնի օրը, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի Սոլակի Ս. Աստվածածին (6-7 դ.), Քաղսիի Ս. Աստվածածին եկեղեցիներ և Լեռնանիստ գյուղի Ս. Հակոբ մատուռ (1893-1902 թթ.):
Սոլակի Ս. Աստվածածին եկեղեցում երիտասարդները մասնակցեցին Սուրբ Պատարագի, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը: Երիտասարդաց միության մի քանի տղաներ իրենց անմիջական մասնակցությունը բերեցին Սուրբ Պատարագին՝ Սուրբ Խորան բարձրանալով: Տեր Ժիրայրը ողջունեց երիտասարդ ուխտավորներին և իր ուրախությունը հայտնեց նրանց, որ աղոթակից եղան իրենց: Սուրբ Պատարագի ավարտին երիտասարդները մատաղ ճաշակեցին: Այնուհետև Սոլակ գյուղի բնակչուհի տիկին Սիլվան հյուրընկալեց և հուրասիրեց քահանաներին և երիտասարդ ուխտավորներին: Թեև տիկին Սիլվան բնակվում է Սոլակ գյուղում, բայց իր համար հոգեհարազատ է դարձել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, քանի որ, աշխատանքային օրերին Երևանում լինելով, այցելում է եկեղեցի և ժամերգությունների մասնակցում:
«Նկատելի էր երիտասարդների ոգևորությունը, նրանք իրենց կարևորված զգացին և որպես եկեղեցու երիտասարդ անդամներ՝ արժանացան թե՛ քահանայի և թե՛ համայնքի ուշադրությանը: Բոլոր սրբավայրերում նրանք աղոթք վերառաքեցին առ Տեր՝ Հայոց ազգի, իրենց նպատակների, երազանքների և հույսերի համար»,- ասաց Տեր Վահանը:
Ուրախ և բարձր տրամադրությամբ, սուրբ վայրերի խաղաղությամբ համակված, երիտասարդ ուխտավորները վերադարձան Երևան՝ իրենց սրտում ամրագրելով Մեծ Վարդապետի հավիտենական խոսքը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհ. 14:6-7):
Կարինե Սուգիկյան