26 Դեկտեմբեր, Եշ
Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ ապրիլի 24-ը հռչակելով «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:
Ապրիլի 24-ին, հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի նվիրական հիշատակը սուրբ պահելու և նրանց բարեխոսությունը հայցելու նպատակով, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Մինչ աղոթքի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին, որ մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Տեր Հայրը քարոզին, իր խոսքը՝ որպես հիշեցում և պարտավորեցում ուղղելով ներկաներին, մասնավորաբար ասաց. «Այսօր շատերը միգուցե ուղիղ ժառանգները չեն Արևմտյան Հայաստանում կոտորվածների, սակայն մի այնպիսի սարսափելի ոճիր, ինչպիսին ցեղասպանություն ասվածն է, մեզ պարտավորեցնում է վառ պահել մեր ազգակիցների հիշատակը և նրանց անունից դատապարտել ու պահանջատեր լինել, որպեսզի հանցագործն ի լուր աշխարհի ընդունի իր հանցանքն ու դրանով իսկ կանխվեն հետագայի ոճիրները»:
Ս. Պատարագի ավարտին երիտասարդները ճանապարհ ընկան և նրանց աղոթքի ուղին կանգ առավ Հովհանավանքում, Սաղմոսավանքում, Մուղնիի Ս. Գևորգ, Կարբիի Ս. Աստվածածին և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցիներում: Ճանապարհին Տեր Վահանը երիտասարդների հետ զրուցեց ուխտագնացության կարևորության մասին՝ նշելով, որ աղոթքի ճանապարհ անցնողը ձգտում է կատարելության՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48) և որ քրիստոնյայի կյանքն, ըստ էության, Քրիստոսին հետևելու մի ուղի է, քանի որ Աստծու պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր անձին Տերը հորդորում է՝ «Հետևիր Ինձ» (Հովհ. 21:22):
Բոլոր սրբավայրերում ուխտավորները, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին և սուրբ նահատակների բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ անբավ ողորմությունը հայցեցին Հայաստան ու Արցախ աշխարհների անսասանության և խաղաղության համար: Երիտասարդների խնդրանքն էր առ Տեր, որպեսզի Ամենակարողի զորակցությամբ հայ երիտասարդներն իրենց ծառայության ու առաքելության մեջ առավել զորանալով՝ որպես սուրբ պարտք կյանքի կոչեն սուրբ նահատակների իղձերն ու տեսիլքները և իրենց միասնական ու ազգօգուտ գործունեությամբ նպաստեն Հայոց Ցեղասպանության և մարդկության դեմ գործված բոլոր եղեռնագործությունների համընդհանուր դատապարտմանը:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և այցելած բոլոր սրբավայրերի բակում երիտասարդները Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված երեսուն արծաթափայլ եղևնիներ տնկեցին՝ որպես խորհրդանիշ հայ ժողովրդի դարավոր պայքարի ու հարատևման ձգտման: Ծառատունկը երիտասարդները կարողացան իրականացնել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Սյուզաննա Մանուկյանի նվիրատվությամբ:
Երիտասարդ ուխտավորները ևս մեկ անգամ վերահաստատեցին սուրբ նահատակների հավատքին, հերոսական ոգուն հավատարիմ մնալու իրենց ուխտը:
Կարինե Սուգիկյան