Երիտասարդ ուխտավորները հաղորդ դարձան Կարմիր Ավետարանի զորությանը

Հինանց շրջանի երրորդ Կարմիր կիրակի օրը «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի, ապա մեկնեց ուխտագնացության Հովհաննավանք: Ավանդույթի համաձայն՝ Կարմիր կիրակի օրը այս սրբավայր է բերվում Մշո Ս. Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը: Ի թիվս այլ ուխտավորների՝ երիտասարդաց միության անդամները ևս հաղորդակից դարձան Ավետարանից բխող զորությանը: Ապա, վանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի առաջնորդությամբ, միասնաբար աղոթեցին՝ սբ. Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը հայցելով: Տեր Հայրը բարեմաղթանքներ հղեց երիտասարդներին՝ ցանկանալով, որ միշտ հոգով երիտասարդ մնան, իրենց առաքելության մեջ զորանան ու բարի պտուղներ տան ի փառս Աստծու և հայրենիքի: Սիրո ճաշով եզրափակվեց  «Զորավոր» երիտասարդաց միության ուխտի օրը:

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար Քրիստոսահիմն եկեղեցին սուրբ վայր է, սուրբ ոչ միայն այնտեղ անցկացվող աղոթքի և ծեսերի պատճառով, այլ, որ այնտեղ Ամենաբարձրյալի բնակության վայրն է՝ Աստծու տունը: Այդ պատճառով յուրաքանչյուր քրիստոնյա  երկյուղածություն և հատուկ ակնածանք ունի եկեղեցու նկատմամբ: Ակնածալից զգացումը այն վայրերի հանդեպ, ուր Տերը ցույց է տվել Իր ներկայությունը մարդկանց, մեկ անգամ չէ, որ պատկերված է Հին Կտակարանում: Մովսես մարգարեն, տեսնելով վառվող, բայց չայրվող մորենին, կամեցավ մոտենալ՝ ուսումնասիրելու հրաշքը, և լսեց Աստծու ձայնը. «Մի՛ մոտեցիր այստեղ: Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է» (Ելք 3:5)։ Եթե ​​Տերը պահանջում էր այդպիսի հարգանք և ակնածանք այն վայրերի նկատմամբ, ուր ժամանակավոր էր ներկա գտնվել, ապա Նա շատ ավելի հարգանք և ակնածանք  է պահանջում եկեղեցու նկատմամբ, որ Իր ​​տունն է:

Եկեղեցու հանդեպ ակնածանքի մեծագույն զգացում ցուցաբերուց զատ, քրիստոնյան  ակնածանքով է վերաբերվում տաճարի բոլոր սրբություններին՝ Տիրոջ Մարմնին ու Արյանը խորհրդանշող Հացն ու Գինուն, Սուրբ մյուռոնին, Սուրբ Խաչին, Սուրբ Ավետարանին, սրբապատկերներին, Քրիստոսին, Աստվածամորը և մյուս սրբերին պատկանող կամ նրանց դիպած իրերին, տաճարի սրբազան սպասքին: Քրիստոնյայի համար բոլոր սրբությունները ծառայում են որպես փրկության գործիք: Նա, պատվելով Սուրբ Խաչը, սրբապատկերը, Ավետարանը կամ այլ սրբազան առարկաներ, իր միտքն ուղղում է դեպի Աստված և սրբերը:

 

Կարինե Սուգիկյան

 

21.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․