Նոյեմբերի 17-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարակով Էդուարդին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ իրենց թոռնուհու` Լուսին Մարոյի ծննդյան առթիվ տրամադրել էին արտերկրում բնակվող Պէնկլիան ամուսինները:
Էդուարդն իր տարեց մոր և 13-ամյա զավակի հետ վարձակալությամբ բնակվում է Ա. Արմենակյան 21/7 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցի 708 համարի փոքրիկ սենյակում: Նրանք Բաքվից տեղահանված փախստականներ են և արդեն երեսուն տարի է, ինչ բնակվում են տարրական պայմաններից զուրկ հյուրանոցում՝ սպասելով, թե պետությունը երբ կարձագանքի բնակարան հատկացնելու իրենց դիմումին: Էդուարդը մշտական աշխատանք չունի, և ընտանիքը գոյատևում է ընտանեկան նպաստի և նրա մորը հատկացվող թոշակի գումարներով: «Երկրորդ խմբի հաշմանդամ եմ, սակայն այս տարվանից ինձ այլևս թոշակ չեն հատկացնում՝ անհասկանալի պատճառներով: Մայրիկիս էլ անվճար դեղ չեն տրամադրում՝ նշելով, որ ինքն արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և հաշվառված չէ փախստականների ցուցակում»,- ասաց Էդուարդը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձանց՝ իրենց դրամական օգնություն տրամադրելու համար:
Աշխարհը ստեղծվեց և կառավարվում է Աստծո ամենազոր խոսքով: Մարդն աշխարհը և իրեն ճանաչում է նույն այդ խոսքով: Աստծո խոսքը շրջադարձային կերպով փոխում է մարդկային կյանքերը, միավորում է պառակտումները, լուծում՝ սոցիալական խնդիրները: Աստծո խոսքը այլ հայացք, այլ խորություն և այլ գործելակերպ է պարգևում իրենով ապրողներին: «Երջանիկ է նա, ով ծառայում է ավետարանական առաքինությունների իդեալին: Ահա՛ մեծ խորհուրդների և սխրանքների աղբյուրը»,- ասել է ֆրանսիացի հանրահռչակ բնագետ, նշանավոր քիմիկոս և բնախոս Լուի Պաստյորը:
Կարինե Սուգիկյան