25 Նոյեմբեր, Բշ
«Շատերն ասացին՝ «Ո՞վ ցույց կտա մեզ Տիրոջ բարությունը»։ Քո երեսի լույսը ծագեց մեր վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին» (Սղմ. 4:7, 8)
Իմ սիրելի ունկնդիրներ. ձե՛զ եմ հարցնում. Դուք ձեզ իրապես երջանի՞կ եք զգում, կյանքը ձեզ համար օրհնություն է եղել, թե՞ բեռ: Երբ նայում եք անցյալին, երախտագիտության զգացումո՞վ եք լցվում, թե՞ անեծքով և լուտանքով: Երբ մտաբերում եք ապագան, լցվում եք ուրախությամբ և հույսով, թե՞ ոչ: Վերջապես, երջանի՞կ եք: Այսպիսի հարցումը մանուկին չի ուղղվում, որովհետև նա անգիտակից է, իր բնույթով՝ ուրախ, մանավանդ, երբ արտաքին պարագաները նպաստավոր են իր համար: Հակառակ պարագայում (չիմանալով պատճառը) սրտնեղություն և տառապանք կունենա:
Բայց մանուկը, լինի ուրախ կամ տրտում, նա կրավորական է և ինքն իրեն չի հարցնում, թե ինչո՞ւ է ուրախ կամ դժբախտ: Ավելի ուշ, երբ կյանքի պայքարի մեջ ցնցվում և ճմլվում է, երբ կյանքի պատրանքները իրեն հուսախաբ են անում, այդ ժամանակ է, որ դատում է կյանքի մասին, այդժամ է, որ կշռում է ապրած տարիները և արտահայտվում: Որքա՜ն մարդ գիտենք, որոնք անհոգ ու անուշադիր են ապրում, անզգա և կույր, և պետք է խոստովանել, որ այս մանուկ-մարդկանց երևույթը ապշեցնում է մեզ և միևնույն ժամանակ իրենց մասին տխուր գաղափար է կազմել տալիս և վշտացնում մեզ: Չեմ կարծում, թե այդպիսիններ լինեն իմ ունկնդիրների մեջ: Հավատում եմ, որ դուք բոլորդ էլ ձեր համոզմունքներն ունեք կյանքի մասին, նրա ուրախ և տրտում երևույթների վերաբերյալ, և ահա թե ինչու եմ ձեզ հարցնում՝ թե երջանի՞կ եք:
Ներկայումս երկու խումբ կա, որ բոլորովին ներհակընդեմ զգացմամբ և գաղափարներով են արտահայտվում կյանքի մասին: Առաջին խումբն արտահայտվում է հետևյալ կերպ. «Մենք դժբախտներ և թշվառներ ենք, անդադար պայքարում ենք, տառապանքով աշխատում, և այն, ինչ մի կերպ ձեռք ենք գցում, որն անհրաժեշտ է՝ աննշան մի բան է: Ահա վրա է հասնում հիվանդություն կամ անգործություն, որի հետևանքով իրար հաջորդում են աղքատություն, մեծամեծ տագնապներ և աննկարագրելի անձկություններ: Կյանքը մեզ համար վերածվում է տառապանքի: Ապրում ենք մի կյանքով, որ չունի ուրախություն ու վայելքի նշույլ, և որի միակ բաղձալի ելքը մահն է: Ունենք փափագներ (երազանքներ), որոնցից ոչ մեկը չի իրականանում: Ունենք բազում ծրագրեր, որոնք հաճախ ձախողվում են: Դժբախտաբար մեր կյանքը դատապարտված է քայքայման: Չարաբախտությունը, սևաքող իր թևերով, հետապնդում և հալածում է մեզ: Մեր ամեն մի քայլին հանդիպում ենք անպարտելի արգելքների, ամեն կողմից անպակաս են թշնամիներն ու հակառակորդները: Մշտապես ունենում ենք անողորմ ու դժնդակ փորձություններ: Ի դերև են ելնում մեր նվիրական հույսերն ու երազանքները: Մեր սիրտը միշտ տխուր է, շատ անգամ միայնակ ենք, ա՜հ, կյանքը շատ տխուր, շատ դառն, շատ դշխեմ է: Չունենք հույս, և նույնիսկ՝ լավագույն ապագայի:
Մյուս խումբն, ընդհակառակը, արտահայտվում է հետևյալ կերպ. «Ո՜հ, որքան հաճելի է կյանքը, առողջ ենք, ինչ անուշ և քաղցր է այն: Մենք մեզ ավելի առույգ և ուժեղ ենք զգում, երկինքը հաճախ ժպտում է մեզ, առատ են հարստության և բարօրության աղբյուրները: Մեր բոլոր բաղձանքները գոհացնելու համար կյանք և առիթ չենք կորցնում: Կարողացել ենք մեզնից հեռացնել արգելքները: Հաղթահարել ենք դժվարություններն ու ապահովել հաջողությունը: Աստծո օրհնությամբ բարգավաճում է մեր ընտանիքը, ըմբոշխնում ենք ընտանեկան ջերմության վայելքները: Չենք խորհում վաղվա օրվա համար: Նաև չենք խորհում դժվարությունների, թշվառությունների, ժամանակի անարդարությունների և անիրավությունների մասին: Չենք ուզում խորությամբ դիտել իրերը, կնճռոտ հարցերը: Եթե ուզենանք քննել, ի՞նչ օգուտ կլինի, ի՞նչ կարող ենք անել: Ընդհանուր առմամբ կյանքը լավ է մեզ համար. այն ունի իր պայծառ արևը և իր բուրումնավետ ծաղիկները»:
Այսպես ուրեմն, ոմանք իրենք իրենց հանձնած լինելով հոռետեսությանն ու հուսահատությանը տեսնում են կյանքի միայն մռայլ կողմերը: Ուրիշները, կյանքին մակերեսորեն նայելով, տեսնում են միայն հաճելիությունները, ախորժելի կողմերը և քնքուշ վայելքները: Ովքե՞ր են ճշմարիտ. ո՛չ առաջինները, և ո՛չ երկրոդները, ո՛չ հոռետեսները, և ո՛չ էլ լավատեսները: Ինչո՞ւ կույր ձևանալ և կյանքի ակներևություններն անտեսել: Աշխարհի վրա կան անողորմ չարիքներ, ահավոր տառապանքներ, ամեն վայրկյան երկրից դեպի երկինք են բարձրանում սրտաճմլիկ, սգալի և վշտակոծ հառաչանքներ: Մի՞թե այս վիճակը կարելի է ուրանալ: Ամեն վայրկյան տեսնում ենք, որ թշվառ մարդ արարածը ողբում է, սգում ու հեծում: Այս դժբախտությունն իրական է: Չի՛ կարելի ուրանալ: Մյուս կողմից իրական է նաև այնպիսիների դժբախտությունը, որոնք ապրում են առանց կարևորություն տալու կյանքին, գեթ առանց հարցուփորձ անելու իրենք իրենց, թե ինչու են ապրում կյանքը: Նրանք շատ թեթևությամբ են ապրում, նանրամիտ հոգով և փչացած մտքով, իրենց շրթունքներին ժպիտ ունեն, բայց իրականում իրենք իրենց ենթարկել են բարոյական անձնասպանության: Այո՛, ծիծաղում են, բայց այդ ծիծաղն ավելի զարհուրելի է, քան այնպիսիների դժբախտությունը, որոնք ողբում և լացում են տառապանքի ծանր բեռի ներքո: Արդարամիտ լինելու համար պետք է ասենք, որ եթե կան կյանքի մռայլ կողմեր, ապա կան նաև քաղցր և ժպտագին կողմեր: Եթե կան իրական տառապանքներ, ապա կան նաև ճշմարիտ ուրախություններ: Ինչ որ իրական է՝ քրիստոնեությունը չի ուրանում: Չի ուրանում ոչ կյանքի բարությունները, և ոչ էլ աշխարհի տրտմությունները, միայն այդ է, որ կերպարանափոխում է ամեն ինչ, մեղմացնում վիշտը, լցնում տառապանքների վիհը, տալիս ուրախության վսեմ և սուրբ նկարագիր: Այն չի արգելում երջանկության իրականացման միջոցները, այլ ապահովում է մարդու երջանկությունը:
Ավետարանի որոշ խոսքեր մի կողմ թողնելով, կարո՞ղ եք մի վայրկյան անգամ խորհել, որ արդար ու բարի Աստված մարդկանց ստեղծած լինի ապերջանկության համար, որ Ինքը հաճույք զգա մարդկանց հուսախաբություններից, որ ցանկանա մթագնել մարդու կյանքը և խորտակի նրա սիրտը: Ո՛չ, ո՛չ: Մարդն ինքն է, որ ստեղծում է իր երջանկությունը և դարձյալ ինքն է, որ արտորանում է, շտապում, վազում է երջանկություն ձեռք բերելու և սակայն չի գտնում, որովհետև փոխանակ մաքուր և կենդանի Աղբյուրին դիմի, դիմում է այնպիսի վայրեր, ուր միայն չորացած ջրամբարներ է գտնում:
Ուրեմն. որտե՞ղ է գտնվում երջանկությունը: Էպիկուրյաններն այս հարցմանը պատասխանում են. «Երջանկությունը կարելի է գտնել հաճույքի, զվարճությունների և պերճանքների մեջ, հետևաբար՝ մեր կյանքի նպատակը պետք է լինի ստեղծել հաճույք և վայելել այն»: Դժբախտաբար մեր զավակների զգալի մասը հետևում է այսպիսի խորհուրդների: Նրանք իրենք իրենց տալիս են ամենալկտի վայելքներին, երգում են «ուտենք», «խմենք», «վայելենք» և «զվարճանանք»: Նրանց համար կյանքի սահմանումը դիտվում է միայն խնդալու և զվարճանալու մեջ: Խորն է հաճույքի բաժակը և այն անդադար պարպում ու դարձյալ լցնում են, բայց կգա մի օր, որ իրենք իրենց հափրացած ու ձանձրացած կզգան: Բաժակի խորքում կա միայն ձանձրույթի, անպատվության և ամոթի սև մրուր: Լսեք, թե ինչ է ասում այս ամենին փորձառու հին Ժողովողը. «Սրտիս մեջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ նաև վայելքի տալով, տեսնեմ՝ ինչ ես դու բարիքների մեջ». և ահա դա էլ ունայնություն է։ Տեսա, որ ծիծաղը հիմար բան է, և ուրախությունը՝ անօգուտ։ Եվ ես խորհեցի, որ սիրտս զվարթացնեմ, ինչպես գինին զվարթացնում է մարմինս. և ես ինձ հաճույքի տվի. սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ մինչև որ տեսնեի, թե որն է բարին մարդու որդիների համար, որպեսզի նրանք այն անեն արեգակի ներքո՝ իրենց պարգևված կյանքի օրերին։ Ես շատ գործերի ձեռնամուխ եղա, ինձ համար ապարանքներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի, ինձ համար պարտեզներ և ծաղկանոցներ շինեցի և ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի նրանց մեջ։ Ջրավազաններ շինեցի ինձ համար, որ ջրերը ոռոգեն մայրիների խիտ անտառները։ Ծառաներ և աղախիններ ունեցա, և նրանք ընդոծիններ ունեցան ինձ համար, և ավելի շատ նախիրներ ու հոտեր ունեցա, քան բոլոր նրանք, որ եղել են ինձնից առաջ Երուսաղեմում։ Ինձ համար արծաթ ու ոսկի կուտակեցի և թագավորներից ու գավառներից մեծ գանձեր դիզեցի։ Գուսաններ և երգիչներ ու երգչուհիներ ունեցա և մարդու որդու համար՝ ամեն մեղկություն։ Տղամարդ և կին մատակարարներ բերեցի ինձ համար, և ես ավելի մեծ եղա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղեմում. և ավելացավ նաև իմ իմաստությունը։ Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, և ոչ մի ուրախության համար սրտիս վրա արգելք չդրի։ Իմ սիրտն ուրախ եղավ, որովհետև վայելեց իմ աշխատանքի պտուղները, և դա էլ իմ բաժինը եղավ իմ բոլոր վաստակներից։ Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք անելու համար իմ քաշած չարչարանքներին, և, ահա՛ ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք, և ոչ մի օգուտ չկա արեգակի ներքո» (Ժող. 2:1-11):
Թերևս պիտի ասեն, մի՞թե պետք չէ հաճույք զգանք ու վայելենք: Անշուշտ, հաճույքը բնական է մարդու համար, ինչպես և վայելքը, բայց հաճույքը դարձնել կյանքի նպատակ՝ նշանակում է չհասկանալ մարդու կոչումը և նկարագիրը: Հնարավոր չէ ինքն իրեն հաճույքին նվիրելով երջանիկ լինել: Որքա՜ն մարդիկ կան, որոնք իրենց նվիրում են հաճույքին, և սակայն շատ հեռու են իրական երջանկությունից: Որքա՜ն մարդիկ կան, որ շուրթերով ժպտում են, և սակայն սրտերում անդարման ցավ կա: Հաճույքների մեջ երջանկություն փնտրողներից առաջինը եղել է Արիստիպոս Կյուրենացին, որ կրքերի զարգացման մեջ փնտրելով ասում էր, թե «կյանքի կանոնը զգայական հաճույքների կուտակումն է» և թե կյանքի ճանապարհին ներկայացող բոլոր զվարճությունները պետք է անպայման ըմբոշխնել: Բայց որքա՜ն սխալվեցին ինքն ու իր հետևորդները:
Որտե՞ղ պետք է փնտրել երջանկությունը. «Անզգայության, վշտի ժխտման մեջ«,- պատասխանում են Ստոիկյանները: Ասում են, իմաստուն մարդը պետք է ինքն իրեն բարձր պահի աշխարհի դեպքերից և պատահարներից և ինչպիսին էլ որ լինեն, ինչ կերպերով էլ, որ ներկայանան դրանք, մարդը չպիտի հուզվի և խռովվի դրանցից: Ըստ մեզ, այս վարդապետությունն ավելի արժեքավոր է, քան Էպիկուրականությունը: Բայց չգիտեմ, թե ովքեր են նրանք, որ կարողանան միշտ անզգա և անտարբեր մնալ: Արդյոք կա՞ն այնպիսիներ, որ բնավ չուրախանան կամ չտրտմեն, որ չխնդան կամ չարտասվեն: Եթե լինեին այդպիսիներ, ապա բնության օրենքներից դուրս պիտի նկատվեին: Մի՞թե կարելի է ուրանալ վիշտը, և մի՞թե ուրանալով կարելի է այն ջնջել: Վիշտը միշտ իր գոյությունը պահում է՝ հակառակ Ստոիկյանների բոլոր մերժումներին: Այն մեզ նույնիսկ վհատության է առաջնորդում, այն պատրանաթափ է անում ամենաուժեղ և ամենաանվեհեր նկարագիր ունեցողներին: Այն անձնասպանության է առաջնորդում նույնիսկ բրուտոսների և խստամբեր կատոնների նման նկարագրերի: Ինչպիսի՞ երջանկություն կարող է լինել այն երջանկությունը, երբ զգացումը ժխտվում է, երբ ջատագովվում է անզգայությունն ու անտարբերությունը: Երջանկություն փնտրել անզգայության մեջ պիտի նշանակի լինել կարծրասիրտ ու քարսիրտ, և ինքն իրեն դասել կենդանիների շարքին:
Որտե՞ղ պետք է փնտրել երջանկությունը. «Մտքի մշակումի, գիտության մեջ»,- պատասխանում են գիտության և արվեստի մարդիկ: Ճշմարիտ է, որ ուսում է պետք մարդկանց ֆիզիկական վիճակը բարելավելու համար: Որչափ մարդու միտքը թաղված է տգիտության մեջ, աղքատությունը միշտ իրենից անբաժան կլինի: Հայտնի է, որ տգիտությունը առաքինության և բարոյականության թշնամին է և ամեն կարգի մոլության ու նախապաշարումների մայրն է: Պետք է ամեն ջանք ի գործ դնել կրթելու մարդկանց միտքը, լուսավորելու այն: Բայց խնդիրն այն է, թե կարո՞ղ են ուսումով ու կրթությամբ, գիտությամբ ու արվեստով ապահովել աշխարհի երջանկությունը: Ընդունում ենք, որ մարդը հաճույք ու գոհացում է զգում, երբ ունենում է գրական կամ իմացական զբաղմունք: Բայց կարո՞ղ է երջանկություն զգալ. – Ո՛չ: Ճանաչում ենք գիտուն մարդկանց ու զարգացած մտքի տեր անձանց, որոնք աշխարհում եղել են ապերջանիկներ: Էական կապ չկա ուսման և երջանկության մեջ: Հիշենք ֆրանսիացի գիտնական Վոլտերին, որն եղավ իր դարի ամենափայլուն և հանճարեղ մարդը, բայց ցույց տվեց աշխարհին դժբախտ լինելը: Իր իմացականին ի՞նչ էր պակասում, ոչինչ: Հիշենք շոտլանդացի գիտնական Քարլայլին, որն իր դարի ամենաազդեցիկ և հմուտ մատենագիրներից մեկն էր, բայց իրենց զգաց ամենադժբախտը:
Հապա որտե՞ղ պետք է փնտրել երջանկությունը: Նյութապաշտներն ասում են. «Բախտավորության, հարստության և առողջության մեջ»: Նրանք կարծում են, որ լավ բնակարանը, շատ ճանապարհորդությունը և քիչ աշխատելը կարող է բարելավել մարդու վիճակը: Մի պահ ենթադրենք, թե ամենքս էլ հարուստ ենք և փարատված է չքավորության վախը, այս կերպ կկարողանայի՞նք երջանիկ լինել: Ո՞րն է իրականության վկայությունը բոլոր հարուստների համար: Երջանի՞կ են նրանք կամ նույնիսկ ավելի՞ երջանիկ են, քան աղքատները: Որքա՜ն աղքատ ընտանիքներ կան, որոնք իրենց աղքատության մեջ երջանիկ են: Որքա՜ն հարուստ ընտանիքներ կան, որոնք իրենց հարստության մեջ երջանկություն չեն գտել: Անշուշտ ընտանիքի անդամների մեջ ուրիշ բան է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի երջանկություն ապահովել: Երջանկությունը կցված չէ արտաքին իրականության հետ: Այն ո՛չ պաշտոնի, ո՛չ հարստության, և ո՛չ առողջության հետ որևէ կապ չունի: Ամեն տեղ, բոլոր ընկերական միջավայրերում կյանքի մի պատերազմական ընթացք է: Այնտեղ, ինչպես հարուստի, նույնպես էլ աղքատի մոտ առկա են մտահոգություններ, վշտեր և ցավեր: Միևնույն ժամանակ կարող է նաև այնպես լինել, որ ինչպես աղքատի, նույնպես էլ հարուստի մոտ լինեն քաղցր ուրախություններ և ազնիվ վայելքներ: Ո՞րն է այս երևույթի պատճառը: Պատճառը շատ որոշակի է և պարզ: Երջանկության պայմանները ներսում են, մեր մեջ և ոչ թե մեզանից դուրս: Քանզի հոգին ունի այնպիսի պահանջներ և կարիքներ, որ ո՛չ պաշտոնը, ո՛չ բախտը և ո՛չ էլ առողջությունը չեն կարող այն գոհացնել և երջանկացնել: Այսպես ուրեմն: Մարդն ամենուր թափառում է երջանկություն գտնելու համար, և ոչ մի կերպ հնարավոր չէ այն գտնել, ո՛չ Էպիկուրյան, ո՛չ Ստոիկության, ո՛չ գիտության և ո՛չ էլ հարստության մեջ: Թագապսակ Դավիթ մարգարեն փնտրել է երջանկությունը և երևում է, որ չի հաջողվել հասնել դրան, և մեր այս բնաբանով կարծես տարակուսում է նույնիսկ երջանկության գոյության վրա: Կամ թե կարծես ուզում է ասել. «Ո՞վ կարող է ասել մեզ, թե երջանկության է տիրացել և այն ըստ ամենայնի վայելել է»: Ստուգապես, երջանկության մասին բոլորս էլ խորհում ենք և փափագում ենք այն ունենալ: Բայց շատ քիչ մարդիկ կան, ովքեր ուշադրություն են դարձրել, թե որն է իրապես երջանկությունը և ինչպիսի հնարավորություններ կան այն գտնելու: Երջանկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգու ուրախություն, որ օժտված է բանականությամբ և սիրելու կարողությամբ: Երջանկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուրախություն և գոհացում, որ անբաժան կերպով սիրո հետ է միացած: Երջանկությունը զուգորդված է բարու և սիրո հետ: Ուր չարություն և ատելություն կա, այնտեղ երջանկություն չկա: Ատելությունն ու երջանկությունը չեն կարող միասին զուգընթաց լինել: Որտեղ չկա սեր և խաղաղություն, չի լինի նաև երջանկություն: Որչափ մարդու սիրտը լցված լինի սիրով, նույնչափ էլ հոգին լցված կլինի երջանկությամբ: Սիրով լի հոգին է միայն, որ երջանիկ կարող է լինել կյանքի ամենադժվար և ամենդժնդակ իրավիճակներում իսկ, նույնիսկ երբ մարմինը չարչարվում է ցավերի մեջ: Ասածս լոկ վարդապետություն կամ ենթադրություն չէ. աշխարհն այսպիսի հազարավոր, թերևս միլիոնավոր դեպքեր է տեսել: Ուր սեր կա, այնտեղ անպայման երջանկություն կա: Նա է, որ մեզ ֆիզիկական վիճակներից վեր է բարձրացնում և գոհացնում է հոգու կարոտությունը: Հետևաբար, երբ հարցնում են ո՞ւր է երջանկությունը. Քրիստոնեությունը գալիս է պատասխանելու. «Երջանկությունն այնտեղ է, ուր կա բարձր գորով, ջինջ համակրություն և սուրբ սիրո զգացում, որ մղում է և տանում մինչև անձնազոհություն»: Փառասերների ցանկությունն է սիրվել առանց սիրելու: Սիրո զգացումը գողտր, մատաղ և արի հոգիներին է պատկանում, որոնց համար տալը, զոհելն ավելին արժե, քան առնելը և շահելը, որոնց ներշնչող հարացույցը Քրիստոս է: Որոնց համար հանրության շահը գերադաս է անհատական շահից: Որոնց համար ավելի սրտամոտ է ծառայել, քան հրամայել, որոնց համար անձը ուրանալու աստիճան սիրելը փառք է, օրհնություն և երջանկություն: Ասեմ ավելին՝ հավիտենականությունն է: Մի՛ ասեք, թե սրանք անհեթեթ տեսություններ են, անիրականանալի խոսքեր, ծայրահեղություններ և հակասություններ. Ո՛չ, երբե՛ք: Ինչ որ ասում եմ՝ ճշմարտությունն է, բացարձակ իրականությունը: Ո՜հ, սերը նմանվում է տունկի, որի անուշահոտությունը չես զգա, մինչև որ այն ոտքի տակ չճմլվի: Այս անուշահոտությունն է երջանկությունը:
Առաջին անգամ Հիսուս էր, որ երջանկության հրովարտակը հրապարակեց Գալիլեայի քարոզի մեջ՝ ի լուր աշխարհի ասելով. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ - Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ - Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ - Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ - Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ - Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ - Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ - Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:3-10)։
Ո՜վ հավատացյալներ. այս հիշատակվածների՞ց եք. երջանի՞կ եք: Չեմ կարող կարդալ ձեր սիրտը, բայց գիտեմ, որ բոլորդ էլ տենչում եք երջանկության: Մի՛ մոռացեք, որ երջանկությունը ձեզանից կխուսափի այնքան ժամանակ, քանի դեռ դուք հեռացած եք Աստծուց, հավատքից, հույսից և սիրուց: Երբ չեք ընթերցում Ավետարան, երբ չեք հաղորդակցվում Քրիստոսի հետ, Նրա խոսքին, Նրա կյանքին: Հնարավոր չէ երջանիկ լինել առանց Աստծո, առանց սիրո, առանց հույսի: Ջանացեք իրականացնել քրիստոնեության մեծ գաղափարը՝ սերը: Սեր ձեր հավատքի մեջ, սեր ձեր աղոթքի մեջ, սեր ձեր գործերում, սեր ձեր ընկերական միջավայրի ամեն իրավիճակներում և եթե նույնիսկ մահն էլ գա՝ որ խռովում է հոգիները և խոցոտում սրտերը, կկարողանաք երջանկության դրոշը պարզած ասել. «Ո՞ւր է մահ քո հաղթությունը, ո՞ր է գերեզման քո խայթոցը»:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան
«Պարզ քարոզներ», հատոր Գ, Փարիզ 1925
Արևելահայերենի փոխադրեց՝ Գևորգ սրկ. Համբարձումյանը