25 Նոյեմբեր, Բշ
Կար չկար երկաթի մի կտոր, որն սկսել էր ժանգոտվել: Ժանգն անխնայորեն կրծում էր նրան: Եվ երկաթն այնքան ցանկացավ ժանգից ազատվել, որ սկսեց Աստծուն խնդրել. «Աստված իմ, փրկիր ինձ այս ժանգից»: Իսկ երկաթի կողքին մի խարտոց էր ընկած: Լսեց, թե երկաթն ինչպես է խնդրում Աստծուն, որ իրեն ժանգից ազատի ու իր օգնությունն առաջարկեց:
- Դե ո՜չ, միայն թե ոչ դու,- բացականչեց երկաթը,- դու այնքան կոշտ ու կոպիտ ես: Աստված ինձ համար մի ինչ-որ փափուկ մածուկ կուղարկի կամ թավշե կտոր:
Այդ ժամանակ մի բանվոր էր անցնում մոտակայքով, տեսավ, որ երկաթը ժանգոտում է ու խարտոցը ձեռքն առնելով՝ սկսեց ժանգը մաքրել: «Միայն թե ոչ խարտոցով, միայն թե ոչ խարտոցով»,- հառաչեց երկաթը: Իսկ բանվորը լսեց, թե երկաթն ինչպես է ճռնչում ու ասաց. «Այս խարտոցն իսկն այս երկաթի համար է, ուրիշ ոչնչով այն չես մաքրի»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի