Տրոլեյբուսն ընթանում էր իր սովորական երթուղով: Մարդիկ բարձրանում, իջնում էին: Երբ արդեն վերջին կանգառներին էին հասնում՝ վագոնում երկու կին էին մնացել ու աղքատիկ հագնված մի փոքրիկ տղա՝ խոշոր ու շատ թախծոտ աչքերով: Կանանցից մեկը նախավերջին կանգառում իջավ: Տոմսավաճառը ձայնեց նրան՝ կարծելով, թե տղան նրա հետ էր.
- Տիկին, Դուք մոռացա՞ք Ձեր երեխային:
- Ո՞ւմ, սրա՞ն: Այսպիսի անխնամ երեխան չի կարող իմ որդին լինել,- արհամարհանքով պատասխանեց նա:
- Դու ո՞ւմն ես, փոքրիկ: Կորե՞լ ես,- հոգատարությամբ հարցրեց տոմսավաճառը:
- Ե՞ս: Ես ոչ ոքինը չեմ: Մենակ եմ երթևեկում:
- Երեխաները չեն կարող ոչ ոքինը չլինել: Որտե՞ղ է մայրիկդ: Մոլորվե՞լ ես:
- Մայրիկս Երկինք է գնացել: Ես էլ եմ ուզում այնտեղ գնալ: Մորաքույր, չգիտե՞ք, թե որ տրոլեյբուսն է Երկինք գնում:
- Այդպիսի երթուղի չկա, փոքրիկս: Եվ այնտեղ հասնելն էլ հեշտ չէ:
- Բայց ես այնքա՜ն եմ ուզում մայրիկիս տեսնել… Մի՞թե Երկինք տանող ոչ մի երթուղի չկա:
Մյուս կինը, որ ավելի երիտասարդ էր, մոտեցավ տղային, գրկեց ու քնքշորեն կրծքին սեղմեց:
- Անունդ ի՞նչ է, տղաս:
- Անունս Միտյա է, բայց ինձ այժմ 57 են անվանում: Մանկատանն եմ ապրում: Այնտեղ շատ երեխաներ կան և նրանցից ոչ ոք մայրիկ չունի: Դաստիարակչուհին չի կարողանում բոլորին հիշել և այդ պատճառով էլ համարներով է կոչում:
- Դժվա՞ր է քեզ համար, փոքրիկ:
- Ինձ ոչ ոք չի սիրում: Մայրիկս միշտ համբուրում էր ինձ, քնելուց առաջ հեքիաթ էր կարդում, օրորոցային երգում: Նաև աղոթում էինք միասին: Այնպես եմ ուզում մայրիկիս տեսնել: Նա գնաց ու այլևս չվերադարձավ: Մորաքույր, իսկ դու Երկնքում եղե՞լ ես:
- Դեռ ոչ, անուշիկս: Բայց գիտեմ, թե ինչպես կարելի է այնտեղ գնալ: Միայնակ ճանապարհը չես գտնի: Ուզո՞ւմ ես քեզ իմ տուն տանեմ: Մենք միասին կապրենք ու Քրիստոսին կսպասենք: Նա կարող է մեզ Երկինք տանել, որտեղ այժմ մայրիկդ է ապրում:
Տղայի աչքերը հույսով փայլեցին: Նա սեղմվեց բարի կնոջն, ինչպես ժամանակին իր մայրիկին, իսկ նա քնքշությամբ շոյում էր նրա գլուխն ու մեղմորեն ժպտում:
Վերջին կանգառում իջան: Տոմսավաճառն ու վարորդը երկար նայում էին նրանց ետևից: Այնուհետև նրանցից մեկն ասաց.
- Մեր երթուղու վրա «Երկինք» կանգառը նշված չէ: Բայց ինձ թվում է, որ այն կա այս գծում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի