Մեր անմահ հոգին մշտապես գործում է և չի կարող անգործ մնալ, կամ բարին է գործում, կամ չարը, այնտեղ կամ ցորեն է աճում, կամ որոմ: Ամեն բարիք Աստծուց է, և աղոթքն այն միջոցն է, որով հաղորդակից ենք դառնում Տիրոջ կողմից պարգևած բարիքներին: Հոգու խորքից, ջերմեռանդ և անկեղծ աղոթողը ստանում է Տիրոջից օրհնություն բարին գործելու, իսկ նա, ով չի աղոթում, ինքնակամ իրեն զրկում է հոգևոր պարգևներից՝ դատապարտելով իրեն հոգու սառեցմանը: Ջերմեռանդ սրտով աղոթողի սրտում Աստված աճեցնում է բարի մտքերի և գործերի ցորեններ: Ուստի անհրաժեշտ է ջանադրաբար հետևել սրտի անդաստանին. արդյո՞ք այնտեղ չեն աճել մեղքերի որոմներ:
«Կամար» ստոմատոլոգիական կենտրոնի աշխատակիցների համար կարևոր է՝ որպես Հայ Առաքելական Ս. եկեղեցու զավակներ, իրենց սրտի անդաստանից ներս արդյունավորել առաքինության սերմեր: Կենտրոնի աշխատակիցները հաճախակի այցելում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, մասնակից լինում Ս. Պատարագներին: Ամանորի ու Ս. Ծննդյան տոներին ընդառաջ՝ նրանք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին փոխանցեցին 100 000 դրամ: Տեր Հայրը դեկտեմբերի 31-ին գումարը հանձնեց Գոռ Գրիգորյանին, ով իր որդու՝ 9-ամյա Հայկի հետ սպասավորում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Գումարը տրվեց նրանց որպես խրախուսանք իրենց ծառայասիրության դիմաց: Գոռ Գրիգորյանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և կենտրոնի աշխատակիցներին:
Սրտի անդաստանն այն վայրն է, որ մշտական խնամքի կարիքն ունի: Հարկավոր է այնտեղ արմատավորել հավատի, հույսի և սիրո առաքինության սերմեր՝ արդյունավորելով նրանք աղոթքով, համբերությամբ, բարի գործերով, խուսափելով անգործությունից, քանի որ մարդկության թշնամին հենց այդ ընթացքում է մեծ եռանդով իր որոմները ցանում՝ մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց (Մատթեոս 13:25): Կարևոր է մտքում ամրագրել այն կարևոր հանգամանքը, որ բարին գործելու համար ջանք ու եռանդ է անհրաժեշտ, քանի որ Երկնքի Արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն (Մատթեոս 11:12):
Կարինե Սուգիկյան