Երկրորդ գալստյան պատկերներում Քրիստոս Իր ամենազոր առաքելությամբ հայտնվում է մարդկանց: Երբ անցել են երկրային փորձություններն ու չարչարանքները՝ մատնություն, անարգանք, խաչելություն, թաղում ու հարություն, Նա Իր համբարձումից հետո Հոր կամքով հայտնվում է որպես մահվան դեմ հաղթանակած Փրկիչ: «Երկրորդ գալստյան» թեմայի հետ կապված մեջ են բերվում Աստծո արքայության վայելմանը արժանի արդար մարդկանց ուղղված Քրիստոսի խոսքերը՝ «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ»: Այդ տեսարանի հետ կապվում է կամ ուղղակի դրան հաջորդում է «Վերջին դատաստանի» թեման, երբ Նա դատելու է կենդանի մարդկանց և մեռածներին, որոնք հարություն պիտի առնեն: Այդ մասին Աստվածաշնչյան վկայություններից գլխավորը Քրիստոսի խոսքն է Իր աշակերտներին (Մատթ. 25:31-46): Հիմք է եղել նաև Հովհաննու Հայտնության գիրքը: Վերջին դատաստանն ունի բազմաթիվ պատկերագրական առանձնահատկություններ:
Վերջին դատաստանը թեմայի հետ է կապվում «Հիսուսը փառքի աթոռին» տեսարանն իր պատկերագրությամբ: Սա մարգարեկան ակնարկն է, ըստ որի Աստծո Որդին երկրորդ անգամ գալու է աշխարհ և բազմելու դատավոր գահին՝ շրջապատված երկնային ուժերով: Գահաթոռը, որի վրա բազմած է լինում Քրիստոսը, նախապատրաստումն է Նրա Երկրորդ գալստյան և թագավորության (գահ բարձրանալու):
Վատիկանի գրադարանում պահպանվող Կոզմա Հնդկանավորդու «Քրիստոնեական Տեղագրության» մեջ «Երկրորդ գալստյան» տեսարանը ներկայացնող տարբերակներից մեկում գահին բազմած օրհնող Քրիստոսի պատկերից ներքև երեք գոտով ներկայացված են. նախ՝ հրեշտակները, ապա՝ մարդիկ և վերակենդանացող մեռյալները: Վերևում պատկերված գահակալ Քրիստոսի երկու կողմերում Սուրբ Կույսն ու Հովհաննես Մկրտիչն են, որն, ըստ էության, ներկայացնում է «բարեխոսության» թեման:
Կիլիկյան մանրանկարչության ամենափայլուն դեմքի՝ Թորոս Ռոսլինի «Մալաթիայի» Ավետարանում ևս «Դեիսուս» (Բարեխոսություն) տեսարանը զուգորդված է Երկրորդ գալստյան հետ: Ոսկե հարթ ֆոն ունեցող օվալաձև շրջանակի մեջ Քրիստոսն է: Նրանից աջ և ձախ՝ Աստվածամայրն ու Հովհաննես Մկրտիչը: Շրջանակից դուրս, պայմանականորեն փոքրացված չափերով ներկայացված է խմբակային տեսարան: Թորոս Ռոսլինի 1262թ. ձեռագրում նույնպես Վերջին դատաստանի ընդհանուր գաղափարը արտահայտվում է «Դեիսուս» տեսարանի հետ: Մարիամի և Հովհաննեսի թիկունքում հրեշտակների խումբն է: Այս պատկերն իր հերթին հիշեցնում է «Կեռան թագուհու» Ավետարանի ընտանեկան խմբանկարը, որի գլխավերևում կրկին Հիսուսն է:
Ոսկանյան Աստվածաշնչի «Ահեղ Դատաստանը» փորագրանկարի կենտրոնում՝ ճաճանչապսակի մեջ, շրջապատված բազում հրեշտակներով, պատկերված է Քրիստոսը՝ որպես դատավոր: Վերևում երկնակամարի վրա պատկերված են արևն ու լուսինը, աստղերը: Քրիստոսը շրջապատված է մարդկանց խմբերով, որոնց մի մասը նստած է ամպի ծվենների վրա: Քանի որ պատկերը հստակ չէ, թույլ չի տալիս որոշել դրանք այն կերպարնե՞րն են, որոնք սպասում են իրենց դատավճռին, թե՞ պատկերված են երկնային քահանայապետության ինը կարգերը: Ներքևում՝ կրակե բոցերում, պատկերված են մեղավորները, որոնք ցած են նետվում Տիրոջ դատավճռից հետո: Որպես առաջին փրկվողներ ներքևի հատվածում տեսնում ենք Ադամին և Եվային: Տեսարանը շատ հագեցված է, փորագրողն օգտագործել է տարածության յուրաքանչյուր հատված:
Ահեղ դատաստանը տեսարանի պատկերագրական տարբերակներում հանդիպում ենք «Աստծո ձեռքի կշեռք (սատանաների հետ)» պատկերներին: 1491թ. Թանահատի վանքի նկարազարդ Ավետարանում այս տեսարանում Աստծո աջի փոխարեն կանգնած հրեշտակը ձեռքի սլաքաձև երկար սվինով խոցում է սատանաներին և պաշտպանում արդարների նժարը: Չորս սատանաներ ջանում են գերակշռել մեղավորների նժարը: Կշեռքի տակ պատկերված է գալարվող վիշապը, որը պատրաստվում է կուլ տալ մեղավորների նժարը: Նման պատկերի ենք հանդիպում 1856թ. Բայազետի վարագույրի հորինվածքում, որտեղ վիշապը պատկերված է որպես դժոխքի խորհրդանիշ, սև ֆոնի վրա վիշապի գլուխն է միայն պատկերված, հրեշտակը մեղավորներին քշում է վիշապի երախը:
Կազմեց Գայանե Սուգիկյանը