Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները

- Հա՛յր, Ձեր մարմինը չի՞ ցավում:

- Ոչ, որովհետև ես մարզվում եմ… հոգևոր մարմնամարզությամբ:

- Այդ ինչպե՞ս:

- Երկրպագություններ եմ անում, թանկագի՛նս: Աշխարհականները շվեդական մարմնամարզությամբ են զբաղվում, իսկ մենք՝ վանականներս, երկրպագություններ ենք անում: Աշխարհականները ֆիզկուլտուրայի միջոցով մարմինն են առողջացնում, իսկ վանականները երկրպագությունների օգնությամբ և՛ մարմինը, և՛ հոգին են ավելի առողջ պահում: Խեղճ աշխարհականները չգիտեն, թե երկրպագությունները որքան օգտակար են ոչ միայն հոգու, այլև մարմնի առողջության համար: Դրանք օգնում են հոդացավերի ժամանակ, աշխուժություն են հաղորդում, վերացնում են որովայնը, խաղաղեցնում են մարդուն և գեղեցիկ կեցվածք հաղորդում: Բայց միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս՝ առաքինությունների հոգևոր բարձունքին հասնելու նույնքան հեշտությամբ ու առանց հևոցի, որքան, ասենք, սարի գագաթը կբարձրանայիր: Երկրպագություններն անհրաժեշտ են և՛ երիտասարդներին, և՛ տարեցներին, և՛ նրան, ով մարմնական պատերազմի մեջ է, և՛ նրան, ով ազատ է դրանից: Ամրակազմ մարդը, պետք է ավելի շատ երկրպագություններ անի, քան տկար մեկը, այնպես, ինչպես հզոր մեքենան ավելի շատ պետք է աշխատի: Երկրպագությունները հատկապես երիտասարդներին օգնում են սանձել մարմինը: Այդ է պատճառը, որ երիտասարդներին միշտ ասում եմ. «Հնարավորինս շատ երկրպագություններ արեք և՛ ձեզ, և՛ հիվանդների ու ծերերի համար, ովքեր իրենք չեն կարող երկրպագություն անել»:

Երկրպագություններն աղոթք են, և միևնույն ժամանանակ նաև վարժանք, և ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները: Բացի այն, որ դրանք օգնում են գործի գցել մեր հոգևոր շարժիչն՝ աղոթելու համար, դրանք շատ այլ օգուտ էլ են տալիս: Ամենակարևորն այն է, որ երկրպագություն անելով՝ Աստծուն ենք երկրպագում և խոնարհությամբ հայցում Նրա ողորմածությունը: Ինչպես նաև անսանձ մարմինը խոնարհություն է ձեռք բերում, որին հետևում է խաղաղությունն ու մարմնական անկրքությունը: Երկրպագությունները նաև ֆիզիկական առողջություն են պարգևում, և մարդն այդկերպ ավելի առողջ է լինում և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

23.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․