Ինչպես ծառն է պտուղ տալիս իր տիրոջ և շատ ու շատ մարդկանց համար, այդպես էլ բարի մարդն է հանուն Աստծու փառքի և ի օգուտ մերձավորի բարի պտուղ տալիս: Աստված մարդու սրտում բարին է սերմանում, որպեսզի բարու մեջ ամրանա, քանի որ առանց Աստծու մարդը չի կարող թե՛ բարի լինել և թե՛ բարին արարել: «Առանց ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք Իմ անունով, Հայրս տա ձեզ: Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց»,- ասում է Տերը (Հովհ. 15:5; 16):
Մարդը ճանաչվում է ոչ թե խոսքով, այլ իր պտուղներով՝ բարի գործերով, աստվածահաճո ապրելակերպով ու վարքով: Եկեղեցական համայնքներից ներս Աստծու խոսքը պտղաբերում է և առատ պտուղ տալիս այն սոցիալական ծրագրերի միջոցով, որ իրագործվում են հանուն Աստծու փառքի և ի օգուտ մերձավորի: Հունիսի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Ալիսա Քեշիշյանին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ալիսան իր ամուսնու, սկեսուրի և չորս զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի գյուղ Հայթաղի Չարենցի 17 տ. հասցեում: Ալիսան և իր ամուսինը 3-րդ խմբի հաշմանդամ են և ի վիճակի չեն աշխատելու, իսկ նրանց չորս զավակներից Գրիգորը (21 տ.) 1-ին խմբի հաշմանդամ է և տառապում է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությամբ: «Փորձում ենք մեր կարիքները հոգալ մեզ տրամադրվող ընտանեկան նպաստի և հաշմանդամության գումարներով: Շնորհակալ եմ մեզ օգնության ձեռք մեկնած Վարդանյան ընտանիքին»,- ասաց Ալիսան:
Կարինե Սուգիկյան