25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ.16.33):
Այս է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատգամը. Ես ձեզ հետ եմ, որպեսզի դուք խաղաղություն ունենաք: Մենք մեր ծնունդից սկսած մինչև մահ փնտրում ենք: Յուրաքանչյուր մարդ փնտրտուքի մեջ է և յուրաքանչյուր գլուխ ցավի մեջ է: Փնտրում ենք, բայց չենք էլ իմանում, թե ինչ ենք փնտրում. ամենուրեք միշտ փնտրում ենք: Մանկության ժամանակ մեր զգացումները շատ բարի են և խաղաղ, մենք ուրախություն, խաղաղություն ենք վայելում այդ ժամանակ, բայց երբ մոտենում ենք չափահաս տարիքի, կորցնում ենք այն, ինչ որ ունեինք, այն է`անմեղություն, խաղաղություն և անկաշկանդ ուրախություն: Եվ այդ պահից սկսում ենք փնտրել, բայց չենք հասկանում, թե ինչ: Քանի երիտասարդ ենք, մեղքն ենք փնտրում, չարիքները, անօրինություններն ու մարմնական հաճույքները: Չափահաս դարձանք՝ փնտրում ենք ապահովություն, հարստություն, որպեսզի ապահովենք մեր կեցությունը, մեր զավակների և հետագա մեր սերունդների կեցությունը: Երբ մեծանում ու ծեր ենք դառնում, փառք ենք փնտրում՝ ասելով. «Մենք արդեն մեծ ենք, այլևս մեզ պետք է պատվեն մեր որդիները, մեր թոռներն ու սերունդները: Մենք արդեն մի կյանք ենք ապրել»: Այսպես, մենք մշտապես փնտրում ենք, բայց չգիտենք, թե ինչ: Այսօր Քրիստոս մեզ պատգամում է, որ քրիստոնյան խաղաղություն պետք է փնտրի և ամեն ինչ իրեն կտրվի: Մեղքի մեջ, որ փափագում ենք մեր երիտասարդության տարիքին, չկա խաղաղություն: Մեզ թվում է, թե մեր զգայարանների հաճույքները բավարարելով մենք պետք է ուրախություն ապրենք: Ոչ: Դրա մեջ կա միայն ցավ, վիշտ և նեղություն: Երբ չափահաս ենք դառնում և որդիներ ունենում, մտածում ենք` պետք է կուտակել, որպեսզի ապահովենք մեր որդիներին, այսինքն՝ փառք, հանգստություն, փող ենք փնտրում: Սա էլ ճիշտ չէ, քանզի հարստության, ունեցվածքի մեջ չկա խաղաղություն, այլ ընդհակառակը, կա անհանգսություն, կա վիշտ, նեղություն, փնտրտուք, փորձություն: Մենք պետք է փնտրենք խաղաղություն այդ տարիքում անգամ, իսկ երբ մեծ դարձանք, չպետք է փառք փնտրենք, այլ պետք է խոնարհություն և կրկին խաղաղություն փնտրենք, որ մեր կյանքի վաստակը, եթե խոհեմությամբ է, եթե խաղաղությամբ է, ապա բարի օրինակ պետք է լինի երիտասարդներին, նաև մյուսներին: Եղիա մարգարեն ևս փնտրում էր, Տիրոջն էր փնտրում: Եվ քառասուն օր ծոմ պահեց, շարժվեց դեպի Քորեբ լեռը, որպեսզի Աստծուն տեսնի: Եվ ի՞նչ տեսավ: Սկզբում տեսավ երկրաշարժ, ավերածություն եղավ, բայց Աստված երկրաշարժի մեջ չէր: Այնուհետև քամի, սաստիկ մրրիկ և փոթորիկ եղավ, ավերվեց ամեն ինչ, բայց Աստված փոթորիկի մեջ չէր: Այնուհետև կրակ եղավ, հուրը այրեց ամեն ինչ, սակայն Աստված այդ կրակի մեջ չէր: Եվ ամենից հետո մի մեղմ զեփյուռ եղավ, անուշ, քաղցր մի քամի փչեց: Եվ Աստված այդ քամու մեջ էր: Իրապես, աշխարհում երկրաշարժ է լինում, որն աշխարհի դժվարությունները, փորձություններն ու նեղություններն են, որ կարծես երկրաշարժի նման մարդու վրա են գալիս, մարդու գլխին են կոտրվում: Եվ այդ նեղության մեջ չկա Աստծո Հոգին, չկա խաղաղություն, եթե մենք տառապում ենք: Եվ չենք խաղաղվում, այլ միայն դժվարություն, նեղություն ենք կրում: Այնուհետև փոթորիկ ու սաստիկ քամի է լինում, որ է աշխարհի հոգսը, և մենք մշտապես, կարծես քամու հետ,ապրում ենք աշխարհի հոգսով, զբաղմունքով, բայց չկա Աստված այդտեղ: Այնուհետև կրակ, հուր ու մրրիկ է լինում, որ է բարկությունը, նախանձը, ագահությունը, ցանկասիրությունը: Այդ մեղքերի մեջ չկա Աստուծո Հոգին: Բայց հանկարծակի հայտնվում է Տիրոջ Հոգին մեղմ մրրիկի մեջ, մեղմ զեփյուռի մեջ: Այդտեղ Աստուծո Հոգին է, խաղաղության Հոգին: Այսպիսով, եթե մենք կարողանում ենք ձերբազատվել ամեն տեսակի զբաղմունքից, մեղքերից, հոգսերից, մտահոգություններից և փնտրում ենք միայն խաղաղություն, ապա Աստծո Հոգին մեզ պետք է հայտնվի և այլևս որևէ բանի կարիք, անհրաժեշտություն մենք չենք ունենա: Գտնելու ենք խաղաղությունը և ունենալու ենք ամեն ինչ, և կորցնելու ենք ամբողջ աշխարհը, բայց գտնելու ենք Քրիստոսին, և Քրիստոսի հետ Նրա խաղաղության մեջ մենք ունենալու ենք ամեն ինչ: Այս մասին մի փոքրիկ պատմություն ձեզ ներկայացնենք:
Երեք ճգնավորներ հանձն են առնում տարբեր սխրանքներ: Առաջինն ասում է. «Ես պետք է փորձեմ ամբողջ կյանքում հիվանդներին խնամք տանել»: Մյուսն ասում է. «Ես էլ կոտրված հոգիներին, ովքեր վշտի ու տառապանքի մեջ են, պետք է մխիթարեմ, օգնեմ և նրանց կողքին միշտ լինեմ»: Երրորդն էլ ասում է. «Ես պետք է առանձնանամ և իմ հոգու խաղաղությունը գտնեմ»: Անցնում է որոշ ժամանակ, այս երեք ճգնավորները հանդիպում են միմյանց: Առաջինը, որ հիվանդներին պետք է խնամք տաներ, ասում է. «Շատ դժվար է գործս, չեմ կարողանում, իմ ուժերից վեր է, այլևս թողնում եմ»: Երկրորդն էլ, որ պետք է տրտմած, վշտացած, կոտրված սրտերը մխիթարեր, ասում է. «Ծանր է, մեծ զոհաբերություն է պահանջվում ուրիշի վիշտը և ցավը կիսելու համար: Չեմ կարողանում, հրաժարվում եմ»: Իսկ երրորդը, որ ասել էր, թե պետք է առանձնանա և միայն աղոթքով ապրի, փորձի իր հոգու խաղաղությունը գտնել, ոչինչ չի պատասխանում: Մի թաս է տալիս ընկերներին և ասում. «Ջուր լցրեք այդտեղ»: Երբ ջուր են լցնում, ասում է. «Փորձեք ձեր դեմքի անդրադարձը այդ ամանի ջրի մեջ տեսնել»: Քանի որ ջուրը ալեկոծվում էր, պատասխանում են. «Չենք կարողանում տեսնել, որովհետև ջուրը խաղաղ չէ»: Անցնում է որոշ ժամանակ, երբ արդեն ջուրը խաղաղվում է, նրանք կարողանում են իրենց դեմքը տեսնել այդ ամանի ջրի մեջ: Միևնույն ժամին ճգնավորը պատասխանում է և ասում. «Ճիշտ այդպես, քանի դեռ ես չէի առանձնացել, չէի ճգնել, իմ հոգին այդ թասի ջրի նման ալեկոծվում էր, իմ միտքը խաղաղ չէր, իմ սիրտը զբաղված էր տարբեր տեսակի բաներով: Եվ ես չէի խաղաղվում, և որոշեցի առանձնանալ: Առանձնացա, աղոթքով անցկացրի իմ կյանքը, երբ գտա իմ հոգու անդորրը՝ խաղաղվեցի: Եվ իմ հոգու խաղաղության մեջ կարողացա տեսնել Աստծո պատկերը, որովհետև յուրաքանչյուր մարդ Աստծո պատկերով է ստեղծվել, և միայն հոգու խաղաղության մեջ է, որ Աստված երևում է»: Մենք էլ փորձենք այդպես ապրել. փնտրենք մեր հոգու առանձնությունը, հանդարտությունը և կճաշակենք, կվայելենք խաղաղություն: Այն ժամանակ Աստված կերևա մեր սրտերի մեջ, ինչպես մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս է ասում. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8): Ամեն:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան