Քրիստոնյա ծնողի և մանկավարժի համար սուրբ պարտականություն է երեխաներին քրիստոնեական ոգով դաստիարակելը և կրթելը՝ որպես իրական քաղաքացիների թե՛ երկրի և թե՛ երկնքի համար: Նրանց համար կարևոր է, որ երեխան, եկեղեցական արարողություններին և համայնքային կյանքին մասնակից լինելով, Խրիմյան Հայրիկի խոսքի համաձայն, անարատ ու անեղծ պահի հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդությունները, Հայաստանյայց Եկեղեցին սիրի, Թադևոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվի, Ավետարանը գրկի ու սովորի նրա սիրո դասերը, եղբորը, ընկերոջը սիրի ու մարդասեր լինի:
Կրթված, քրիստոնյա հայորդիներ ունենալու կարևոր պայմանը երեխային դեռ մանկուց դեպի Աստված, դեպի եկեղեցի ուղղորդելն է: Քրիստոս ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիններինն է Երկնքի Արքայությունը» (Մատթեոս 19:14)»,- Տիրոջ այս խոսքը կյանքի կոչեց Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի պատմության և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Տաթևիկ Պետրոսյանը, ում հորդորով տասներեքամյա Եվա Գևորգյանը երեք ու կես տարի առաջ իր քայլերն ուղղեց «Զորավոր» կիրակնօրյա դպրոց, որպեսզի մեկ քայլով ավելի մոտենա Աստծուն: Տարիներ առաջ Եվայի երկրորդ՝ հոգևոր ծնունդը հետաքրքիր զուգադիպությամբ տեղի ունեցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, որտեղ էլ հոգևոր սնունդ ստանալով՝ հոգևոր աճ է ապրում:
«Զորավոր» կիրակնօրյա դպրոցում ես հոգևոր դասեր, այսինքն՝ մարդ լինելու դասեր եմ քաղում, որ օգնում են ինձ կյանքում ճիշտ որոշումներ կայացնել: Այս դպրոցը գրավում է ինձ իր հետաքրքրաշարժ դասերով, դրական մթնոլորտով, միջոցառումներով և ուխտագնացություններով: Ծնողներս ուրախ են, որ ես ոչ միայն կիրակնօրյա դպրոց եմ հաճախում, այլ պարբերաբար Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագին եմ մասնակցում», -ասաց Եվան և նշեց, որ կիրակնօրյա դպրոցի մասին նա պատմել է իր ընկերուհուն և այժմ իրենք միասին են հաճախում կիրակնօրյա դպրոց:
Այն հարցին, թե կիրակնօրյա դպրոցն ընկերության մասին ի՞նչ է ուսուցանել իրեն, Եվան պատասխանեց. «Եթե մարդը չի սիրում Աստծուն, չի կարող իմանալ, թե ի՞նչ է սերը: Աստծու հանդեպ սեր ունեցողն իր և ընկերոջ հանդեպ էլ սեր ունի»:
Եվան աղոթել սովորել է իր ընտանիքում. «Ես հաճախակի եմ զրուցում Աստծու՝ իմ երկնավոր Հոր հետ, դժվարին իրավիճակներում Նա ինձ միշտ ուղի է ցույց տալիս: Շնորհակալ եմ Նրան, որ ունեմ ընտանիք, որ ապրում եմ և կամ»:
Եվան ոչ միայն զրուցում է Աստծու հետ, այլ թույլ է տալիս, որ Աստված խոսի իր հետ: Իր համար շատ տպավորիչ է Եսթեր թագուհու պատմությունը, որը, ինչպես նշեց Եվան, ցույց է տալիս, որ ամեն մարդ այս կյանքում իր դերն ունի. «Եսթերն Աստծու օգնությամբ և իր կյանքի գնով փրկեց իր ժողովրդին: Նա անձնվեր էր, քանի որ աստվածասեր էր ու ազգասեր»:
Մեղքի հետևանքների մասին Եվան ասաց, որ մեծ ու փոքր մեղք չկա, քանի որ ամեն մեղք մարդուն հեռվացնում է Աստծուց. «Սուրբ Պատարագին մասնակցելով, ապաշխարելով և Սուրբ Հաղորդություն ստանալով՝ ազատվում ենք մեղքերից և խաղաղվում: Սուրբ Գրքից լավագույն օրինակը ինձ համար անառակ որդին է, ով զղջաց իր մեղքերի համար՝ կրկին վայելելով իր Հոր ներկայությունը, իսկ ավագ որդին, որ հնազանդ էր իր Հորը, մեղանչեց, երբ անտեսեց իր եղբորն ու Հոր պատգամը»:
Կյանքը լի է փորձություններով, իսկ Եվան, իր կյանքի դժվարություններն Աստծով հաղթահարելով, ջանում է ամեն մի փորձության մեջ աստվածային լույսը տեսնել, այսինքն՝ ամեն չարիքի մեջ բարիք տեսնել:
Ըստ Եվայի՝ Աստծուն ուրախություն է պատճառում իր այն քայլերը, որ մաքուր սրտով ու սիրով են գործված, իսկ եթե իրեն հնարավորություն տրված լիներ աշխարհում որևէ բան փոխելու, ապա նա ամեն ինչ կաներ, որ մարդկանց հոգիներից ներս խաղաղություն հաստատվեր, այդկերպ նաև աշխարհում խաղաղություն կլիներ:
Զրուցեց Կարինե Սուգիկյանը