Գրքեր

Եթե նեղացրել է հոգևորականը

Երբեմն լսում ենք այնպիսի դեպքերի մասին, երբ մարդիկ եկեղեցում բախվում են որոշ տհաճ և անգամ, վիրավորական իրավիճակների: Առավել ծանր է, իհարկե, երբ այդ վիրավորանքը հասցվում է հոգևորականի կողմից: Բայց եթե վերլուծենք, ապա կհասկանանք, որ ոչ բոլոր դեպքերն են այդքան միանշանակ: Միգուցե,  մենք նեղանում ենք արդարացի բաներից, որովհետև պարզապես չգիտենք դրանց մասին: Իսկ ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ ստիպված ենք լինում հանդուրժել զրպատություններ: Ինչպե՞ս ուժ գտնել կրկին ոտք դնելու եկեղեցի: Քրիստոնեավայել է արդյո՞ք արդարության պաշտպանություն փնտրել հոգևոր վերադասից:

Այս ամենի մասին են Սարատով քաղաքի Պետրոպավլովյան եկեղեցու վանահայր Նեկտարիոս Մորոզովի խորհրդածությունները:

Անսովոր լինելու կամ սովորության պատճառով

Երևի տեղին է հարց ծագում, թե ընդհանրապես ինչպե՞ս են հնարավոր այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում մարդ կարող է իրեն վիրավորված զգալ հոգևորականի կողմից, չէ՞ որ եկեղեցին Աստծո տունն է՝ այն վերջին հանգրվանը, ուր մենք սփոփանք գտնելու հույս ունենք: Բայց հարկ է տարանջատել երկու սկզբունքորեն տարբեր պատճառներ: Առաջին հերթին՝ լինում են բավական շատ դեպքեր, երբ մարդիկ նեղանում են հոգևորականներից, ոչ այն պատճառով, որ նա նրբանկատ չէ, կոպիտ է և անուշադիր՝ կյանքի այն իրավիճակների նկատմամբ, որոնց մասին նրան պատմում են, այլ երբեմն մարդիկ կարող են վիրավորվել լոկ այն պատճառով, որ սովոր չեն, երբ որևէ մեկը մուտք է գործում նրանց ներաշխարհ, սովորեցնում է ինչպես պետք է նրանք վարվեն: Պատահում է՝ հոգևորականը ստիպված է լինում բացատրել, որ հնարավոր չէ օգնել մարդուն, առանց նրա անմիջական մասնակցության, որ դրա համար անհրաժեշտ է կյանքում ինչ-որ բան փոխել, քանի որ գոյություն ունի որոշակի հոգևոր իրականություն, որում գործում են դրա սեփական անքակտելի օրենքները: Եթե մարդը չի ապրում Աստծո օրենքներով և Աստծու մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ իրեն վատ բան է պատահում, ապա այդ «վատը» սկսում է պատահել ավելի ու ավելի հաճախ: Երբ խոսքը գնում է մեղքերի մասին, մարդը միանգամից վիրավորվում է՝ համարելով, որ նա ոչնչով վատը չէ մյուսներից և սարսափելի մեղքեր առանձնապես չի էլ գործում: Ընդ որում`փորձը ցույց է տալիս, որ հոգևորականը այդ մասին խոսում է շատ նրբանկատ, զգուշորեն, և սակայն, զրուցակիցը վիրավորվում է ուղղակի այն պատճառով, որ բոլորովին չի հասկանում, թե ի՛նչ բան է կյանքը, Ու՛մ կողմից է տրված, և ինչպիսի՛ն են կյանքի օրենքները:

Շատ հաճախ մարդիկ նեղսրտում են իրապես զուսպ և նրբանկատ դիտողությունների պատճառով, երբ ասում են, որ մյուս անգամ ավելի լավ կլինի գալ ոչ թե սպորտային շապիկով, կիսավարտիքով և բաց ոտքերին հագած հողաթափերով, նաև ոչ ներկված շուրթերով, այլ ուրիշ կերպ: Վիրավորվում են, երբ պատարագի ամենաթեժ պահին քահանան չի կարողանում դուրս գալ խորանից, զատկական կամ Սուրբ Ծննդյան արարողության ժամանակ չի լքում մնացած բոլոր հավատացյալներին և անհապաղ գնում նրանց անհնազանդ կողակիցների հետ զրուցելու: Չէ՞ որ ընտանիք է մահանում, իսկ դա նույնն է, ինչ գնալ մահացողի մոտ: «Ահա՜ թե դուք ոնց եք վերաբերվում մարդկանց».- բացականչում է նեղացածը: Նա այնքան է տարված ինքն իրենով, որ բոլորովին ի վիճակի չէ հասկանալու, որ շուրջը բազմաթիվ մարդիկ կան, որոնք նույնպես ունեն հոգևորականի օգնության, խնամքի և հոգատարության կարիքը: Ո՛չ, նա ուզում է, որ անմիջապես և ամբողջովին ինչ-որ բան տրվի հենց իրեն:

Անհնար է չսիրել մարդկանց

Սակայն երբեմն հոգևորականները իսկապես նեղացնում են: Ինչու՞: Որովհետև նրանք նույնպես մարդիկ են՝ մարդուն բնորոշ բոլոր անկատարություններով: Նրանք կարող են դրսևորել անհանդուրժողականություն, աննրբանկատություն, անուշադրություն և անտարբերություն: Սակայն, չնայած հոգևորականը «նույնպես մարդ է», բայց իր հովվական գործունեության մեջ շատ «մարդկային» դրսևորումների իրավունք նա այլևս չունի: Որովհետև յուրաքանչյուր ոք, ով մտել է եկեղեցի, նա այնուամենայնիվ քայլ է կատարել դեպի Աստված, հնարավոր է՝ ոչ լիովին գիտակցված, անվստահ, կասկածներով լի, սակայն հոգևորականը ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտ լինի այդ ճանապարհին, կամ իր անզգույշ գործողություններով վանի որևէ մեկին եկեղեցուց և Քրիստոսից: Որովհետև դեպի Աստված տանող ճանապարհին նոր ոտք դնողները, ովքեր դեռ չեն ճանաչում Նրան, հենց հոգևոր ծառայողների վարվելաձևից են եզրակացնում, թե ինչպիսին է Աստված:

Երկրորդ պատճառը, ըստ որի հոգևորականն իսկապես կարող է որևէ մեկին վիրավորել, ոչ բավարար հովվական փորձն է: Կան մարդիկ, որոնք, ստանալով հոգևորականի աստիճան, դրա հետ մեկտեղ չեն ընկալել հովվական ծառայության գլխավոր ճշմարտություններից մեկը, որն է՝ հնարավոր չէ լինել հոգևորական և միաժամանակ չսիրել մարդկանց: Քանի որ հոգևորականի համար ամենակարևորը հոգածությունն է այն մարդկանց նկատմամբ, ում քեզ վստահել է Աստված: Առանց այն գիտակցության, որ իրենց պարտականությունն է առաջնորդել այդ մարդկանց դեպի փրկություն՝ նրանց մատուցած ծիսակարգերը կամ նույնիսկ սոցիալական աշխատանքն անօգուտ է և նույնիսկ վնասակար:

Ամեն ոք եկեղեցի է գալիս ինչ-որ խնդրով, որ իրեն ցավ է պատճառում, տանջում է, և թափում է դա հոգևորականի վրա: Եվ եթե վերջինս չունենա սեր՝ մարդու և սեփական ծառայության հանդեպ, ապա, իհարկե, նա կարող է չդիմանալ. կսկսի անհամբերատարություն դրսևորել, շուտ բռնկվել:

Եթե որևէ մեկը վկա է եղել հոգևորականի կողմից սեփական արտոնությունների չարաշահումների, կամ եկեղեցական արարողությունների և իր հովվական պարտականությունների հանդեպ բացահայտ անփութության, և այլ կանխամտածված արարքների, որոնք կարող են վնաս հասցնել եկեղեցուն ու մարդկանց, ապա, անկասկած, հարկ է հայտնել այդ մասին ղեկավար Արքեպիսկոպոսին: Այդպիսի դեպքերում չպետք է վախենալ` կարծելով, որ վարվում ես ոչ քրիստոնեավայել:

Հոգևորականը նույնպես մարդ է

Ինչպե՞ս օգնել նրան, ով եկեղեցում առնչվել է որևէ իրավիճակի հետ, որն իրեն խոցել է: Միգուցե, պետք է նրան բացատրել, որ եթե մի անգամ անհաջողություն է եղել, դա դեռ չի նշանակում, որ բոլոր հոգևորականները կոպիտ են, անտարբեր կամ սառը. կան բազում այնպիսինները, որոնք իրապես սիրում են մարդկանց:

Եթե մարդն եկել է խոստովանության կամ Հաղորդություն ստանալու և տեսնում է, որ հոգևորականը մարդկանց հանդեպ իրեն որոշ չափով անհամբեր և սառն է պահում, պետք չէ վախենալ և հետաձգել խոստովանությունը: Միգուցե այդպիսի հովվի հետ հոգևոր կապ չստեղծվի, և ձեր հանդեպ մարդկային վերաբերմունք չդրսևորի, սակայն Խորհուրդը այնուամենայնիվ կիրականանա: Իսկ զրույցի համար, որի ընթացքում կուզենայիք որոշ բաներ պարզել կամ հովվի խորհուրդը ստանալ, ավելի լավ է ընտրել մեկ ուրիշի: Լավ է գտնել խոստովանահայր, որի մոտ կարելի է միշտ խոստովանության գնալ, որովհետև շատ հարցերի հովիվը կարող է պատասխան տալ միայն այն ժամանակ, երբ գիտի ձեզ և ձեր անցած հոգևոր ճանապարհը, ձեր եկեղեցական կյանքի առանձնահատկությունները: Միանգամայն պարտադիր չէ, որ այդպիսի խոստովանահայրը լինի ինչ-որ յուրահատուկ շնորհներով օժտված հոգևորական, բայց կարևոր է, որ լինի նախանձախնդիր՝ իր և իր հոտի փրկության հարցում:

Եվ, կրկին, երբ ասում ենք, որ հոգևորականը նույնպես մարդ է, պետք է հաշվի առնենք մի շարք այլ՝ անգամ զուտ կենցաղային բնույթի, առօրյա հանգամանքներ: Օրինակ՝ այդ հոգևորականը կարող է ունենալ երկու-երեք կամ ավելի երեխա, որոնցից մեկը, միգուցե, հիվանդացել է, իսկ կինը, հնարավոր է, պառկած է հիվանդանոցում: Եվ, իհարկե, եթե նա ինչ-որ իրավիճակում դրսևորել է անհանդուրժողականություն կամ դաժանություն, ապա մեղավոր է, սակայն, մյուս կողմից՝ կարելի՞ է արդյոք նրան խստությամբ դատել: Մարդկային սովորական իրավիճակ: Կամ էլ, ենթադրենք, որ հոգևորականը կանգնած է խոստովանության, բայց միևնույն ժամանակ գտնվում է սրտի կաթվածի շեմին, կամ արյան ճնշումը 200 և 140 է: Այդպես էլ է պատահում:

Շատ հաճախ մարդիկ, գալով եկեղեցի, բոլորովին չեն մտածում այն մարդկանց մասին, ովքեր այնտեղ ծառայում կամ աշխատում են, նրանց կյանքի դրության մասին: Չնայած, եթե դու քո հանդեպ կամենում ես միջամտություն, ուշադրություն, հոգատարություն և սեր, ապա, միգուցե, բնական և տեղին կլիներ պատրաստ լինել այդ նույն հատկությունները դրսևորելու նաև քո կողմից:

 

Աղբյուրը՝ «Саратовская областная газета» №120, 2014 г.

Վանահայր Նեկտարիոս (Մորոզով)

Ռուսերենից թարգմանությունը՝ Անի Բրուտյանի

16.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․