23 Նոյեմբեր, Շբ
Այսպիսով, քրիստոնյաներն ի՞նչ տրամադրությամբ պիտի կարդան Աստծու խոսքը:
«Աստծու խոսքը,- գրում է մի հեղինակ,- մարդու խոսք չէ, հետևաբար չպետք է այն կարդալ այնպես, ինչպես սովորական գիրքն ենք կարդում: Աստծու խոսքում անթեղված է հրաշագործ «զորություն` ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16):
Հետևաբար, եթե ցանկանում ես հոգեշահ կերպով կարդալ Աստծու խոսքը, ապա.
Ա. Ընթերցիր երկյուղածությամբ և աղոթքով: Ձեռնամուխ եղիր ընթերցանությանը` նախապես սիրտդ թոթափելով բոլոր կենցաղային հոգսերից, և ներքուստ աղերսիր Տեր Հիսուս Քիստոսին, որ բացի միտքդ Աստվածաշունչը հասկանալու համար:
Բ. Կարդացածը վերագրիր անձիդ այնպես, որ ասես այն հենց քեզ է վերաբերում. «Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում»,- մի անգամ ասաց Տերն Իր աշակերտներին (Մարկ. ԺԳ 37):
Գ. Կարդա առանց աճապարելու` ջանալով հասկանալ յուրաքանչյուր բառը: Եթե չհասկանաս որևէ խոսք, մտածիր, թե այն ինչ կարող էր նշանակել, և ներքուստ աղոթիր, որ Տերը հասկացնի քեզ. եթե, այնուամենայնիվ, չհասկանաս, թո՛ղ և շարունակի՛ր ընթերցանությունը: Նշանակում է` դեռ չի եկել այդ խոսքը հասկանալու ժամանակը. կհասկանաս հետո:
Դ. Եթե հասկացել ես Աստծու խոսքի խրատը, ապա անմիջապես ջանա՛ կատարել այն` Տեր Հիսուսից խնդրելով օգնել քեզ այդ բանում, և կլինես «քո Տիրոջ հավատարիմ և երանելի ծառան» (հմմտ. Հովհ. ԺԳ 16, 17):
Գիրքն ընթերցելիս պետք է իմանալ հետևյալը.
Ա. Չպետք է կարդանք բազում էջեր և թերթեր, որովհետև շատ ընթերցողն ի զորու չէ բոլորը հասկանալու և մտապահելու:
Բ. Քիչ կարդանք և շատ խորհենք կարդացածի շուրջ, որովհետև այդպես ընթերցվածը ավելի լավ է հասկացվում և մտապահվում, և այսպես մեր միտքը լուսավորվում է:
Գ. Տեսնենք, թե կարդացածից ինչն է հասկանալի, ինչը` ոչ: Երբ հասկանում ես կարդացածը, լավ է, իսկ երբ չես հասկանում, թո՛ղ և շարունակի՛ր ընթերցանությունը: Անհասկանալին կա՛մ հաջորդ անգամ ընթերցելիս կպարզվի, կա՛մ էլ Աստծու օգնությամբ կրկնական ընթերցանության ժամանակ:
Դ. Ինչ որ սովորեցնում է Գիրքը` խույս տալու, փնտրելու և անելու, ջանա՛ գործով կատարել: Չարից փախի՛ր և բարի՛ն արա:
Ե. Եթե Գրքից միայն միտքդ հարստանա, իսկ կամքդ չուղղես, ապա ընթերցանությունից ավելի չար կդառնաս, քանի որ ուսյալ և խելացի հիմարները ավելի չար են լինում, քան հասարակ անուսները:
Զ. Հիշի՛ր, որ ավելի լավ է քրիստոնեաբար սիրել, քան շատ գիտենալ. լավ է աստվածահաճո կյանքով ապրել, քան պերճաբանել. «Գիտությունը հպարտացնում է, բայց սերը` հաստատում» (Ա Կորնթ. Ը 1):
Է. Ինչ որ ինքդ Աստծու օգնությամբ սովորես, այն էլ հարմար առիթով սովորեցրու ուրիշներին, որպեսզի ցանված սերմը աճի և պտղաբերի (ս. Տիխոն Զադոնսկի):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից