Գալստյան կիրակի

Գալստյան կիրակի | Galstyan Kiraki

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր` ի Քրիստոս,

Մեծ Պահքի այս վեցերորդ կիրակին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տոնացույցում նշվում է որպես Գալստյան Կիրակի: Խոսքը, բնականաբար, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի փառապանծ երկրորդ գալուստի մասին է: Մատթեոս Առաքյալն իր Ավետարանում գրում է. «Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, և նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից» (Մատթ. 25:31, 32)։

Ինչպես հասկանում ենք այս տողերից, սիրելինե՛ր, պիտի գա այն օրը, երբ յուրաքանչյուրս դեմ առ դեմ պիտի կանգնի հավիտենության Արդար Դատավորի` մեր Տեր Աստծու առջև ու պատասխան պիտի տա: Տերը պիտի դատի մեր թե՛ չար և թե՛ բարի գործերը:

Մեզանից շատերը, նույնիսկ իրենց ճշմարիտ քրիստոնյա համարելով, միգուցե երբեմն մտածում են, թե Ահեղ Դատաստանի օրը շատ հեռու է դեռ և ո՞վ գիտե, թե ինչ է լինելու իրականում և այդ պատճառով էլ կարծես հոգևոր թմբիրում են գտնվում, ու չեն շտապում կարգի բերել իրենց մտքերը, խոսքերն ու գործերը` ըստ Տիրոջ կամքի: Սակայն Աստվածաշնչում բազում մարգարեություններ կան այդ մասին: Եվ մեր մշտարթուն երկրային ծնողն էլ` Եկեղեցին, իր հերթին, հոգատար մոր պես, կրկին ու կրկին անգամ ահազանգում է մեր հոգևոր ծուլության ու անտարբերության մասին, հիշեցնում, որ հատուցման օրը մոտեցել է, որ յուրաքանչյուրս էլ դատվելու է Տիրոջ կողմից և հենց այս պահից սկսած անհապաղ գործել է պետք:

Սիրելինե՛ր, մտածեք միայն, երբ մենք հանկարծ տեղեկություն ենք ստանում, որ ինչ-որ բնական աղետ է սպասվում, ասենք` ջրհեղեղ, երկրաշարժ կամ փոթորիկ, ի՞նչ ենք անում: Բնականաբար, նախ հայտնում ենք այդ մասին բոլոր ծանոթ, անծանոթ մարդկանց և այնուհետև շուտափույթ միջոցներ ենք ձեռնարկում մեր ժամանակավոր կյանքերը փրկելու, մի քանի տարի ավելի ապրելու համար: Իսկ մի՞թե այդքան չարժե մեր աստվածակերպ հոգին: Մի՞թե անհամեմատ ավելի կարևոր չէ աստվածապարգև հավիտենական կյանքը: Արդ, ինչո՞ւ ուրեմն չենք հասկանում, որ այս կյանքում մենք պատասխանատու ենք անդրշիրիմյան կյանքի համար: Որ ա՛յս կյանքում ենք մենք ընտրում, թե ինչի պիտի արժանանանք մահվանից հետո:

Սիրելինե՛ր, պատկերացրեք մի պահ այն հոգևոր այլանդակությունը, որով պիտի կանգնենք Կատարյալ Լույսի առջև և կսարսափեք: Ինչպիսի անթերի ու լուսավոր էակ էր արարել Աստված, իսկ տարատեսակ մեղքերից ու չար գործերից աղտոտված ու գարշահոտ ինչպիսի էակ ենք հրամցնելու մենք Նրան…

Եթե խորը մտածենք, սիրելի՛ հավատացյալներ, ապա կտեսնենք, որ մեր Բարեգութ Երկնային Հայրը ոչ մի այնպիսի բան չի պահանջում մեզնից, որ մեր ուժերից կամ հնարավորություններից վեր է: Նա ընդամենը ասում է. «…սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ». սա՛ է առաջին պատվիրանը։ Եվ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես». չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք» (Մարկ. 12:30, 31)։ Եվ իսկապես, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, սե՛րն է որոշում ամեն բան: Որովհետև մի՞թե մենք կխախտենք Աստծո որևէ պատվիրան կամ կանտեսենք Նրա կամքը, եթե սիրենք Նրան: Մի՞թե կչարախոսենք, կվնասենք կամ կատենք մեր մերձավորին, եթե սիրենք նրան: Մի՞թե մեծագույն ուրախությամբ չենք կերակրի, չենք օգնի մեր կարիքավոր եղբայրներին ու չենք զոհաբերի ինքներս մեզ, եթե սիրենք նրանց: Իսկ սիրելն էլ ծնվում է հենց բարի գործերից: Որովհետև, երբ օգնում ենք մեկին, բարին ենք գործում նրա հանդեպ` նա դադարում է օտար լինելուց, իսկ մենք` անտարբեր: Վստահեցնում եմ ձեզ, սիրելի՛ ներկաներ, որ ուշ, թե շուտ` հասկանալու ենք դա, սակայն ինչո՞ւ թողնել մինչև Ահեղ Դատաստանի օրը, երբ արդեն շատ ուշ կլինի զղջալու ու ինչ-որ բան անելու համար: Միայն պատկերացրեք, թե որքան սարսափելի կլինի այն ժամանակ գիտակցել, թե որքան մոտ ու պարզ էր փրկության ճանապարհը, որ ընդամենը մի պարզ քայլ էր պետք զղջալու, ներողություն խնդրելու ու մաքրվելու համար, իսկ մենք չարեցինք: Ստրկացանք, կուլ գնացինք հպարտությանը, նախանձին, փառասիրությանը, հիշաչարությանն ու այլ նմանատիպ ախտերին և հավիտյանս կորցրինք հավիտենական երանության այն սքանչելի պարգևի հնարավորությունը, որ Բազումողորմ Հայրն է նվիրում մեզ ամեն վայրկյան: Տերն Իր Միածին Որդուն անգամ հանձնեց խաչի վրա անարգ մահվան, որպեսզի մենք պարզ երեսով ու մաքուր հոգով կանգնենք Նրա առաջ` մահվանից հետո ու Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ, իսկ մենք այդ սքանչելի հնարավորությունից օգտվելու փոխարեն, ամեն անգամ մեղք գործելիս` մի մեխ ևս ավելացնում ենք Աստվածորդու վերքերին: Ի՞նչ պատասխան ենք տալու դրա համար… Դեռ որքա՞ն մեղքի մեխեր ունենք, որ շարունակելու ենք խրել Քրիստոսի մարմնի մեջ ու չենք խլանալու մեր հոգում արձագանքող դրանց զնգոցից… Դեռ որքա՞ն ենք մեզ անամոթ թշնամու պես պահելու…

Եթե լրջորեն մտածենք մեզ սպասող Դատաստանի մասին` կքարանանք ամոթից ու սարսափից: Երկնքի ու երկրի բոլոր բնակիչների առջև մեկիկ-մեկիկ բացահայտվելու են մեր բոլոր, նույնիսկ ամենաթաքուն մտքերն ու մեղքերը, որոնց համար ի սրտե չենք զղջացել, խոնարհաբար չենք խոստովանել ու թողություն խնդրել և չենք ապաշխարել: Մենք պատասխան ենք տալու թե՛ մեր հանցանքների համար, և թե՛ Աստծո այն պարգևների ու շնորհների համար, որ ստացել ենք, սակայն չենք օգտագործել ի բարօրություն Աստծո և մեր մերձավորների:

Արդ, ժամանակն է արթնանալու մեր մեղավոր քնից, սիրելի՛ եղբայրներ ու քույրեր: Ժամանակն է վերջակետ դնելու եսապաշտ մեր ընթացքին: Աստծո Ահեղ Դատաստանի տեսարանը դրոշմե՛նք մեր մտքերում ու անդադար կրե՛նք մեր սրտերի վրա: Եվ կտեսնենք, թե ինչպես ենք փոխվում, ինչպես ենք լցվում աստվածային Կենարար Լույսով, երբ հոգ ենք տանում մեր հոգիների փրկության մասին: Քանի որ ոչ ոքի տրված չէ իմանալու ստույգ օրն ու ժամը Տիրոջ Դատաստանի` Ամենակալ Դատավորից բացի, ուրեմն ամեն օր մտածենք, որ դա վաղն է լինելու և այդժամ վստահաբար ոչ ոք չի տրվի կրքերին ու մեղքերին, այլ քուն ու դադար կորցրած, կշտապի իր ուղղվելու մասին հոգալ: Այլապես անմիտ խելագարի կնմանվի, որ չի հասկանում իր դրության ողջ լրջությունը: Գիտակցենք վերջապես, որ անհայտ է նաև, թե որ պահին վրա կհասնի մահը և ինչ վիճակով կգտնի մեզ, որովհետև այդ վիճակով էլ կներկայացնի Ահեղ Դատավորին: Վա՜յ մեզ, եթե դատվենք որպես չզղջացած մեղավորներ, և երանի՜ նրանց, ում մահն ապաշխարած կգտնի և որոնք Աստծո մեծագույն ողորմածությանը կարժանանան:

Արդ, շտապե՛նք, սիրելինե՛ր: Շտապե՛նք հոգով ու մտքով միավորվելու այն Միակի հետ, ով ի զորու է մեր սրտերն հաղորդակից դարձնել ճշմարիտ սիրուն ու կարեկցանքին: Քանի որ Նրանից բաժանված լինելով, մենք միայն աղոտ պատկերացում ունենք իրական սիրո, քնքշանի ու զոհաբերության մասին: Մենք գաղափար անգամ չունենք, թե ինչ է նշանակում սիրել ու նվիրվել ողջ էությամբ, կյանքով ու մահվամբ: Այդ պատճառով է Եկեղեցու Սրբերից մեկն ասում, որ մենք դատվելու ենք ոչ թե այն բանի համար, որ հրաշքներ չենք գործել, այլ այն բանի, որ անդադար չենք արտասվել Աստծուց բաժանված լինելու համար:

Ուրեմն Մեծի Պահոց այս շրջանն օգտագործենք հոգևոր արթմնության, Տիրոջ ոտքերի առաջ խոնարհվելու, ապաշխարելու ու Աստծո Դատաստանին պատրաստվելու համար: Դառնանք այն անոթը, որ կլցվի Տիրոջ Կենսատու Լույսով ու մեր միջոցով կշողա նաև այլ մարդկանց համար, որոնք ևս կփառավորեն Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

22.03.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․