Գալստյան կիրակիի քարոզ

Գալստյան կիրակիի քարոզ | Galstyan Kirakii Qaroz

Վերին բաների մասի՛ն խորհեցեք․․․ քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ (Կող 3։2, 3)։

Քրիստոսասեր սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Երկնառաք ողորմածությամբ հասանք ահա Մեծ պահքի Գալստյան կիրակիին, երբ Մայր եկեղեցին իր զավակներին հիշեցնում է Տիրոջ Երկրորդ փառավոր գալստյան և Ահեղ դատաստանի մասին, որ ըստ Տեր Հիսուս Քրիստոսի խոստման՝ պիտի տեղի ունենա ժամանակների ավարտին։ Եվ ահա Փրկչի համբարձման պահից, երբ Նա մեծ շուքով բարձրացավ Իր գահին, որտեղից և իջել էր հանուն մեզ, Տիրոջ հավատարիմները սպասում են Նրա Երկրորդ գալուստին։ Արդեն երկու հազար տարի է, ինչ քրիստոնյաներին հուզում է այն հարցը, թե երբ է կրկին գալու Քրիստոս։ Չկա մի այնպիսի հավատացյալ, որը երբևէ մտածած չլինի այս կարևորագույն իրադարձության մասին։ Տիրոջ խոստումը մենք լսում ենք հինկտակարանյան մարգարեների ժամանակներից սկսյալ մինչ մեր օրերը․ «Ահա գալու է Տերը ինչպես կրակ, և նրա կառքը՝ ինչպես մրրիկ… Տիրոջ ձեռքը պիտի հայտնվի իր բարեպաշտներին և սպառնա անհավատներին» (Եսայի 66։14, 15)։ Լսում ենք նաև Քրիստոսի պատասխանն աշակերտներին Իր համբարձումից անմիջապես առաջ․ «Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մէջ» (Գործք 1։7)։ Ուստի ի՞նչ է մնում մեզ անելու, սիրելի՛ հավատացյալներ․ մնում է հետևել Նրա պատգամին, Ով մեզ դատելու է․ «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը» (Մտթ․ 24։42)։

Հոգևոր այս արթնության մասին մենք անընդհատ լսում ենք թե՛ Ավետարանի էջերից, թե՛ հայրերի գրվածքներից, թե՛ կիրակնօրյա քարոզներից։ Այն հույժ կարևորվում է, քանի որ մշտարթուն է մեր ոխերիմ թշնամին, որը «մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետ․ 5։8)։ Սովորել ենք նաև, որ հոգևոր արթնության, զգաստության հզոր գործիքներից են հարատև աղոթքն ու պահքը, որոնք, սակայն, մեր տկար բնության պատճառով ոչ միշտ ենք կարողանում գործածել։ Մե՛կ ճգնում ենք, մե՛կ թերանում, բարձրանում ենք հոգևոր աստիճաններով, հետո կրկին ցած գլորվում և որքան էլ որ տարօրինակ հնչի ասածս, լավ է ու բարի, որ այդպես է լինում։ Որովհետև նշանակում է, որ մենք չենք հանձնվում, այլ պայքարում ենք և մեր անկումները տեսնելով՝ չենք մոռանում, որ ողորմության ու փրկության կարոտ բյուր մեղավորներից մեկն ենք։ Այս գիտակցությունը կենաց-մահու կարևորություն ունի մարդու համար, որը մի օր անպայման կանգնելու է Ահեղ Դատավորի առջև և պատասխանելու իր կյանքի համար։ Սա մեծապես օգնելու է մեզ և հիմա կասեմ, թե ինչպես։

Մեր ողջ երկրային կյանքը նախապատրաստություն է, սիրելինե՛ր։ Նախապատրաստությունը այն կարևորագույն հանդիպման, երբ արարածը պիտի կանգնի իր Արարչի առջև և Նրանից լսի կա՛մ․ «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը», կա՛մ «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստոված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մտթ․ 25։34, 41)։ Եվ այս բաժանումը օրհնյալների ու անիծյալների, կամ՝ ոչխարների ու այծերի, ոչ թե Աստծու կամայականությունն է, քա՛վ լիցի, այլ հենց մեր՝ մեզնից յուրաքանչյուրի ընտրության արդյունքը այստեղ՝ երկրային կյանքում։ Քանի որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում այս կյանքում, թե որ ուղով ընթանալ՝ բարի՞ք գործել, թե՞ անցնել չարի կողմը։ Եվ ինչպես սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում՝ Ահեղ Դատաստանի օրն ուղղակի հաստատվելու է այն ընտրությունը, որը անում ենք այսօր, այստեղ․ «Դատաստանի օրը մեր առջև են կանգնելու մեր սեփական մտքերը՝ մե՛կ դատապարտող, մե՛կ արդարացնող, և այլ մեղադրողի կարիք չի լինելու մարդու համար այն դատաստանին»։ Ուստի մենք պետք է հոգանք ոչ թե մեր կյանքի օրերի թվի, այլ դրանց հոգևոր որակի, հոգևոր արժեքի մասին, սիրելի՛ հավատացյալներ։ Հոգևորապես պետք է արթուն լինենք, որպեսզի մտածենք, թե ինչպես ենք ապրում և ինչու, ինչ արժեք ունի մեզ պարգևված կյանքը, և մենք ինչ ենք անում մեր գոյությունն արդարացնելու համար։ Կրկին սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է․ «Աստված մարդուն արարել է բավականաչափ ուժերով, որպեսզի ընտրի առաքինությունն ու խուսափի չարից»։ Պողոս առաքյալն էլ նույն ճշմարտությունն է հայտնում Տիտոսին ուղղված իր նամակում՝ ասելով․ «Քանզի Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ և ակնդետ սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծու և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի» (Տիտոս 2։11-13)։

Սա մեզ մեծ հույս է ներշնչում ու ոգևորում, սիրելինե՛ր, քանի որ կրկին համոզվում ենք, որ մեր Ողորմած Հայրը միայն ու միայն յուրաքանչյուրիս փրկությունն է կամենում և ամեն ինչ արել ու անում է, որպեսզի մենք ոչ թե վախենանք, այլ սիրով և հույսով պատրաստվելով՝ սպասենք Իր հետ հանդիպմանը։ Քանի որ Քրիստոսի Երկրորդ գալուստը ոչ թե սարսափելի ու ցավագին իրադարձություն է, այլ այն փառավոր հանդիպումը, որին ձգտում է Աստվածասեր յուրաքանչյուր հոգի։ Առաջին քրիստոնյաների պես մենք էլ չպետք է վախենանք աշխարհի վերջից, քանի որ այն մեզ համար ոչ թե նեռի գալուստին սպասել է նշանակում, այլ՝ Քրիստոսի, Ով հաղթականորեն ու վերջնականապես պետք է ջախջախի չարի գլուխն ու վերջ դնի նրա իշխանությանը։

Սիրելինե՛ր, ըստ Աստվածազգյաց հայրերի ուսուցման՝ մեր այս ողջ երկրային կյանքը միայն հեռավոր ստվերն է այն իրական ու լիակատար կյանքի, որ Աստծու Արքայությունում է սպասվում մեզ։ Ուստի ինչպես Կիպրիանոս Կարթագենացին է ասում․ «Մահից վախենում է նա, ոչ չի ուզում գնալ Քրիստոսի մոտ։ Իսկ Քրիստոսի մոտ գնալ չուզելը հատուկ է միայն այն մարդուն, ով չի հավատում, որ թագավորելու է Նրա հետ»։

Այո, երբեմն մարդ չի հավատում, որ արժանանալու է Աստծու խոստացած Արքայությանը, քանի որ տեսնելով իր մեղքերի բազմությունը՝ դժվարանում է հավատալ, որ կարող է Աստծու սրբերի ու արդարների կողքին հայտնվել։ Սակայն այսպես մտածելուց առաջ, նախ՝ հարկ է իմանալ, որ, բնականաբար, ոչ բոլոր մարդիկ են երկինք ելնելու սրբացած։ Եվ երկրորդ՝ հենց այս պատճառով Աստված յուրաքանչյուրին Իր Արքայության երանությանն է արժանացնելու ըստ նրա մաքրության չափի, ուստի հուսահատվելու և թերամտանալու կարիք ամենևին էլ չկա․ անգամ ամենահետին մեղավորի համար էլ տեղ կգտնվի Երկնային Արքայության օթևաններում, միայն թե ապաշխարելու և Քրիստոսին դառնալու բավականաչափ ցանկություն ու կամք գտնվի։ Բավական է միայն մշտապես, ամեն պարագայում հիշել, սիրելինե՛ր, որ մի օր ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի առջև ու դատվելու ենք ըստ «այն դատաստանիի, որով ինքներս կդատենք ուրիշներին» (Մտթ․ 7։1, 2)։ Եվ ըստ ողորմածության այն աստիճանի, որով ողորմած կլինենք այլոց նկատմամբ։ «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք» և «ողորմած եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն էլ է ողորմած»։ Հավատացեք, սիրելինե՛ր, որ այս երկու պատվիրանը լրջորեն պահելն էլ բավական կլինի, որպեսզի Ողորմած Աստված գթա մեզ վերջին օրը և ներում ու ողորմություն շնորհի ճիշտ այնպես, ինչպես որ մենք էլ ենք արել։ Ամեն օր ներո՛ւմ հայցեք Քրիստոսից ձեր մեղքերի համար և դա կօգնի չմեծամտանալ ու չմոռանալ, թե իրականում ով եք։ Ներե՛ք ձեզ նմանին, մոռացե՛ք վիրավորանքը, մի՛ լցվեք ձեր իսկ հոգին կրծող չարությամբ ու մաղձով, հիշաչար ու խստասիրտ մի՛ եղեք ո՛չ մտովի, ո՛չ խոսքով, ո՛չ արարքներով՝ հիշելով, որ նույնպիսի մեղավոր մեկն եք և միգուցե անգամ՝ ավելի, քան այդ պահին ձեզ նեղացնողը կամ մեղք գործողը և դատաստանի օրը կկարողանաք գոնե հայցել Ամենակալի ողորմությունը և վստահ եմ, որ կստանաք։ Հիշե՛ք, որ եթե անգամ կատարյալ անմեղ Քրիստոսին ծաղրեցին, վիրավորեցին, արհամարհեցին ու չարչարեցին, ապա մի՞թե դուք՝ մեղավորներդ ավելի լավ կյանքի ու վերաբերմունքի եք արժանի, քան Նա։ Ո՛չ և կրկին՝ ո՛չ։ Ձեզ պատահած նեղություններին արժանի համարեք ձեզ և դրանք դիտարկեք որպես հետագայում ձեզ արդարացնելու հնարավորություն, ուստի կրկին եմ ասում՝ մի՛ դատեք, ներե՛ք ու ողորմությո՛ւն արեք, որպեսզի նույնին արժանանք Երկնքում, քանի որ այնտեղ միայն հաստատվելու ու կնքնվելու է այն ընթացքը, որը որդեգրել եք այստեղ։

Եվ վերջում, քանի որ պահոց շրջանում ենք գտնվում, ուզում եմ հայրերի վարքից մի օրինակ բերել ձեզ և դրանով ավարտել այսօրվա ասելիքս։ Պատմում են, որ «մի ծեր օրական երեք պաքսիմատ էր ուտում: Երբ հյուր եկավ նրա մոտ, նրա առաջ դրեց վեց պաքսիմատ, իսկ երբ կերան, հասկացավ, որ եկվորին չբավականացրեց, բերեց ևս երեք հատ նրա համար: Եվ երբ սեղանից վեր կացան, մեղադրեց հյուրին և ասաց. «Կրոնավորը պարտավոր է շատ չուտել»: Հյուրը թողություն խնդրեց և գնաց: Իսկ ծերը հաջորդ օրը կերավ իրեն սահմանված չափով և սաստիկ սոված մնաց, հաջորդ օրն` առավել ևս, իսկ երրորդ օրը չկարողացավ տանել սովը, ընկավ Աստծո առաջ և լաց եղավ: Եվ Տիրոջ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Այդպես եղավ, որովհետև դատեցիր եղբորը: Չգիտե՞ս, որ ով ինչ կարողանում է անել, իր անձով չի անում, այլ` Աստծո շնորհով: Արդ, այլևս այդպես չանե՛ս» («Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը», hատոր Ա, էջ 292, Էջմիածին 2016): Դո՛ւք էլ այդպես մի արեք, սիրելինե՛ր, և թող բազումողորմ Աստված ների ձեզ ու ողորմության արժանացնի․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան

 

03.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․