Մարդիկ լսեցին, որ իրենց թագավորության հարուստ բնակիչներից մեկը ցանկանում է հանդիպել իրենց հետ և իր հարստությունը բաժանել: Մարդիկ ամբոխներով նրա գանձարանը լցվեցին, որի սրահները լեփ-լեցուն էին անհամար գանձերով: Մի մարդ կռացավ ու գետնից մի ոսկե պայտ վերցրեց:
- Ահա՛,- ասաց նա,- ինչպիսի՜ հաջողություն: Ես էլ պայտ էի փնտրում:
Ասաց ու պայտը վերցնելով տուն վազեց: Մեկ ուրիշն էլ մի թանկարժեք հրացան տեսավ.
- Ի՜նչ հրաշալի զենք է: Վաղուց էի երազում որսորդության մասին:
Նա էլ հրացանը վերցրեց ու տուն գնաց: Այդպես էլ մյուս մարդիկ, ով ինչ տեսավ՝ մեկը շքեղ հագուստ, մյուսը՝ թանկարժեք թուր, երրորդը՝ տոնական կոշիկներ, վերցրեցին ու հեռացան: Այդպես էլ իրական գանձերին ոչ ոք չհասավ, իսկ տիրոջ մասին ընդհանրապես մոռացան: Վախենալով, որ միգուցե դա էլ իրենց ձեռքից կվերցնեն՝ մանրուքները հավաքեցին ու փախան: Հարուստն իր գանձարանն աչքի անցկացրեց ու տեսավ, որ ամեն ինչ տեղում է, միայն ինչ-որ մանրուքներ են պակասում:
«Երևում է իմ գանձերը նրանց պետք չեն, մանրուքներն ավելի դուր եկան մարդկանց: Իսկ իմ մասին ընդհանրապես ոչ-ոք չհարցրեց…», մտածեց նա և իր գանձարանը փակեց մինչև հաջորդ առիթը…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի