Գայթակղության մասին

Գայթակղության մասին | Gaytakghutyan Masin

  «Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին`գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա~յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18.6-7):

 

 Իսկ ինչի՞ համար է Տերն այսօր մեզ խոսում գայթակղության մասին: Որովհետև այն շատ հին պատմություն ունի, դեռևս Ադամի դրախտի արմատներից է գալիս գայթակղությունը: Տերը մշտապես ցանկանում է, որ արարածներն Իր հետ լինեն, բայց դրա համար անհրաժեշտ է Տիրոջ պատվիրանները պահել, Տիրոջ խոսքը կատարել, որպեսզի մենք Տիրոջ հետ լինենք միշտ: Իսկ չարը մշտապես բարուն հակառակն է ցանկանում, չարը՝ սատանան, դևերը կամենում են, որ մենք պատվիրանը խախտելով կտրվենք Տիրոջ ողորմությունից, առանձնանանք Տիրոջից: Եվ ահա, ճիշտ այդպիսի մի գայթակղություն հարուցեց սատանան կամ օձը մեր նախահայր Ադամի և Եվայի դեմ: Տերը կամենալով միավորվել Իր արարածների հետ, մի փոքրիկ պատվիրան տվեց Ադամին՝ ասելով. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդ. 2.16-17): Եվ սրան դեմ սատանան ամեն կերպ փորձեց Ադամին և Եվային գայթակղեցնել իր չար խոսքերով և գցեց պատվիրանազանցության մեջ: Նրանք Տիրոջ պատվիրանը չպահելով՝ կերան արգելված պտղից և վտարվեցին դրախտից:  Քրիստոսի խոսքը ճիշտ այս օրինակի համար էր, այսինքն՝ անհնար է, որ գայթակղություն չգա, անհնար է, որ բարու և չարի պայքար չլինի, անհնար է, որ սատանան ձեզ չփորձի, բայց դուք հաստատուն եղեք: Եվ վա՜յ նրան, ով կգայթակղեցնի  փոքրիկներից մեկին, որովհետև օձի պատժին կարժանանա, որովհետև օձը պատիժ ստացավ՝ գետնի վրա սողալ և հող ուտել: Եվ այսօր ևս ով քրիստոնյաներին, ով հավատքի մեջ տկար եղող այս փոքրիկներին գայթակղեցնի, օձի պատիժը կկրի:                                                       

  Գայթակղությունները կարելի է 3 մասի բաժանել.        

 1. Խորհուրդների միջոցով եկող գայթակղություններ,

 2. Խոսքերի միջոցով եկող գայթակղություններ,   

 3. Գործերի միջոցով եկող գայթակղություններ:

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ ինչպես Ադամն ու Եվան չարի ու բարու գիտության ծառի միջոցով փորձվեցին, այնպես էլ մենք, յուրաքանչյուր քրիստոնյա այսօր փորձվում է, գայթակղության փորձությանն է ենթարկվում: Իսկ ի՞նչ է արգելված ծառը, չարի ու բարու գիտության ծառը: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ դա մեր միտքն է, որի վրա կախված են բարի ու չար պտուղներ, իսկ խրատատու օձը սատանան է, դևը, որ մեր մտքի միջոցով մշտապես ուզում է մեզ խափանել, գայթակղեցնել, մեղքի մեջ գցել: Եվ ինչպես այն ժամանակ, երբ Ադամն ու Եվան լսեցին օձին և մեղք գործեցին, պատվիրանազանց եղան, այնպես էլ այսօր, եթե մենք մեր չար խորհուրդներին հետևենք, բարի խորհուրդներից ետ կանգնենք, ապա լսելու ենք դևի թելադրանքը և պատվիրանազանց ենք լինելու, մեղք ենք գործելու, որովհետև յուրաքանչյուր մարդու աջ կողմում իր պահապան հրեշտակն է, որ մշտապես բարին է սերմանում իր սրտի, իր մտքի մեջ: Իսկ ձախ կողմում դևն է, չարը, որ մշտապես չարն է սերմանում: Եվ ահա, այս է ծառը բարու և չարի գիտության, և քանի որ այն ծառն էլ իմաստության ծառ էր, ապա մենք իմաստությամբ պետք է մերժենք չարը, այսինքն՝ պետք է մերժենք սատանային, որ մեր ձախ կողմում է, և լսենք բարի հրեշտակին, որ մեր աջ կողմում է: Եվ այսպիսով հաղթահարած կլինենք մտքի գայթակղությունը և այս մի աստիճանում հաղթանակ կտոնենք: Այս մասին մի փոքրիկ պատմություն ներկայացնենք:

Մի վանահայր և մի աշակերտ սովորություն ունեին, որ մշտապես քնելուց առաջ պետք է Ավետարանը ընթերցեին և նոր քնեին: Ծեր վանահայրը ննջում է և չի կարողանում Ավետարանը լսել, ինչպես նաև իր աշակերտին օրհնել, որովհետև նա առանց օրհնության քնելու իրավունք չուներ: Աշակերտը սկսում է մտածել, իր ձախ կողմի հրեշտակը սկսում է խորհուրդներ սերմանել իր մեջ՝ ասելով. «Գնա քնիր, ծեր է վանահայրը, դու էլ հոգնած ես: Վաղը կօրհնի քեզ»: Բայց աշակերտը հիշում է իրենց սովորությունը՝  ասելով. «Ոչ, ես առանց օրհնության չեմ կարող  քնել, ես անպայման պետք է օրհնություն ստանամ»: Հինգ անգամ այդպիսի խորհուրդներ են գալիս, որպեսզի նա քնի, սակայն հինգ անգամ նա հաղթահարում է այդ խորհուրները՝ ասելով. «Առանց օրհնության չեմ քնելու»: Եվ կեսգիշերին վանահայրը արթնանում է և ասում. «Որդյակ, ի՞նչու ես նստել, գնա քնիր»: Նա ասում է. «Հայր սուրբ, օրհնիր ինձ, որպեսզի գնամ»: Եվ վանահայրը օրհնում է աշակերտին, և նա գնում է քնելու: Իսկ այդ գիշեր վանահայրը տեսիլք է տեսնում, ինչպես երկինքը բացվում է, երկնքում մի գահ է դրվում և այդ գահին բազմում է իր աշակերտը: Եվ հրեշտակները երկնքից հինգ լուսե պսակներ են իջեցնում իր աշակերտի գլխին: Եվ հրեշտակը ասում է. «Քո աշակերտն այս գիշեր ստացավ այդ պսակները իր մտքի խորհուրդների հաղթանակած պայքարի համար»: Ուրեմն, ճիշտ այսպես, երբ մենք տեսնում ենք, որ բարի առիթ է, բարի խորհուրդ է մեր մտքում, մեր սրտում ծնվել, ապա պետք է կատարենք այդ բարիքը և չար խորհուրդները մերժենք մեզանից:                     

Երկրորդ գայթակղությունը մեզ կարող է լեզվի միջոցով լինել, այսինքն՝ խոսքի միջոցով: Շատ մարդիկ իրենց չար մտածելակերպին, իրենց չար սրտին և չար կենցաղին համապատասխան մեզ չար խորհուրդներ են տալիս: Եվ մենք մշտապես պետք է մերժենք այդ չար խորհուրդները, չլսենք չար խոսքերը, այլ լսենք բարի խոսքերը, որոնք Ավետարանում են գրված: Բարի խոսքերը բարի մարդկանց բերանից են դուրս գալիս, ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ «Իրենց գործերից կճանաչեք նրանց» (Մատթ. 7.20): Այն մարդը, որ բարին է գործում բարին կխոսի, բարի խորհուրդներ կտա: Մեր սուրբ Տերն Ավետարանում ասում է. «…Բերանը սրտի լիությունից է, որ խոսում է: Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ» (Մատթ. 12.34-35): Նա, ով չար է, իր սրտի ավելցուկը չար է, և նրա խոսքն էլ չար է: Իսկ նա, ով բարի է, իր սրտի ավելցուկը բարի է, և նրա խոսքն էլ բարի կլինի: Ուստի հեշտությամբ կարող ենք ճանաչել և տարբերել: Եթե մարդը չար է, նրա խրատը պետք է չլսենք, և եթե մարդը աղոթասեր է և բարի, նրա խրատը պետք է լսենք:

Եվ երրորդ գայթակղությունը մեզ կարող է գործերից լինել: Սա ավելի դժվար և ավելի վտանգավոր գայթակղություն կարող է լինել, որովհետև շատ մարդիկ խոսքերով չեն գայթակղեցնում, այլ գործերով, որովհետև իրենք չար ընթացք ունեն և  մանուկներին, փոքրիկներին իրենց չար գործերով գայթակղեցնում են, ինչպես օրինակ` հարբեցողությամբ, շնությամբ, գողությամբ և ամեն տեսակի կախարդությամբ և ուրիշ մեղքերով, որ այսօր աշխարհում գործվում են և արդարացվում և իբրև բարի ներկայացվում ու դառնում գայթակղություն այս մանուկների համար: Եվ վայ նրան, ինչպես Քրիստոս է ասում, ով այս մանուկներին կգայթակղեցնի:  Իրապես, վայ նրան, ով ոչ միայն մեղք կգործի, այլ նաև չար օրինակ կլինի մարդկանց համար և նոր, սուտ ուսմունքներ, սուտ վարդապետություններ կհորինի, և ոչ միայն ինքը կմոլորվի, այլ շատերին իր հետևից կտանի: Եվ այսպիսով, նա կկրի ոչ միայն իր գործած մեղքերի պատիժը , այլև իր միջոցով գայթակղված բոլոր մարդկանց մեղքերի պատիժը: Սակայն մենք պետք է երբեք չարդարանանք՝ ասելով. «Ես մեղավոր չէի, նա ինձ գայթակղեցրեց»: Ճիշտ այդպես ասացին Ադամը. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա» (Ծննդ. 3.12) ու Եվան. «Օձը խաբեց ինձ և ես կերա» (Ծննդ. 3.13): Բայց Աստված ոչ միայն օձին պատժեց, այլ նաև Ադամին և Եվային, որ Աստծո խոսքը ավելի քիչ լսեցին, քան օձի խոսքը: Աստված ասել էր՝ «Մի կերեք»: Իսկ օձն ասել էր՝ «Կերեք»: Բնականաբար նրանք Աստծո խոսքը պետք է լսեին, սակայն լսեցին օձին և Աստծո խոսքը հաշվի չառան: Ճիշտ այդպես էլ, եթե մեզ գայթակղեցնում են, մենք պետք է հետ կանգնենք, հիշենք Ավետարանի խոսքը: Տերը մեզ ասում է՝ «Մի գողացիր»: Եվ եթե մեկը մեզ գողության օրինակ է լինում, մենք մշտապես պետք է հիշենք Ավետարանը և չգողանանք: Եվ այսպիսով, պատվիրանները պահելով կարող ենք հրաժարվել մեղքերից և հետ կանգնել չարիքից: Ուրեմն, մենք մեր մտքի, մեր խոսքերի, մեր գործերի պայքարը ընդդեմ գայթակղության պետք է հզորապես հաղթահարենք և այն ժամանակ Տերն Իր մոտ կընդունի մեզ: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան 

04.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․