26 Դեկտեմբեր, Եշ
Գայթակղություն բառը, ըստ Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ի, նշանակում է այն ամենը, որ չար օրինակ է ծառայում, մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից, սխալեցնում, միտքը պղտորում, մոլորեցնում:
Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ և բազմատեսակ գայթակղություններ՝ լինեն դրանք ուղղակի կամ անուղղակի, կամա թե ակամա, մարդկանց, ընկերությունների կամ կազմակերպությունների կողմից:
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ առաջին գայթակղությունն աշխարհ մտավ սատանայի միջոցով, երբ նա Աստծու պատվիրանը՝ «բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:17), կասկածանքի ենթարկելով ներկայացրեց Եվային՝ ասելով. «Ամենևին էլ չեք մեռնի, այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը» (Ծննդ. 3:4-5):
Մեր Տեր, Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոս քանի՜ անգամ զգուշացրեց ժողովրդին, որ հեռու մնա ուրիշներին գայթակղեցնելուց՝ ասելով. «Վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա» (Մատթ. 18:7): Պողոս առաքյալը գրում է իր՝ հռոմեացիներին ուղղված նամակի մեջ. «Ուստի միմյանց չդատենք, այլ ավելի շուտ մտածեք գայթակղության պատճառ չլինել եղբոր համար» (Հռոմ. 14:13): Քրիստոս հրամայեց Պետրոս առաքյալին, որ գնա լիճ ու կարթ գցելով, առաջին ձուկը որսալով և դրա բերանում գտնվող մի սատերով Իր և Պետրոսի անունից վճարի Տաճարի տուրքը, որպեսզի տուրք հավաքողներին չգայթակղեցնեն չվճարելով Տաճարի տուրքը (Մատթ. 17:27):
Այս հոդվածի նպատակն է խոսել գաղթակղությունների տեսակների մասին, որպեսզի զգույշ լինելով մեր մտածումների, խոսքերի և գործերի մեջ, մարդկանց չգայթակղեցնենք և դրա համար Մեծ Դատաստանի օրը չլսենք Ամենադատավոր Աստծուց՝ «Վայ քեզ»:
Գայթակղության տեսակները
Գայթակղությունները շատ են, սակայն այստեղ փորձենք հնարավոր չափով հիշել դրանցից ՝
Մտքի՝ գաղափարի կողմից գայթակղություն: Հնարավոր է գայթակղությունը սոսկ գաղափար լինի՝ գայթակղեցուցիչ միտք, համոզմունք, տեսակետ, կարծիք, պատկերացում: Օրինակ՝ Սարայի գաղափարը Աբրամին, որ մերձենա Ագարին, որպեսզի նրանից ունենա որդի. «Սարայը քանանացիների երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տերն ինձ արգելեց ծնել, մերձեցի՛ր իմ աղախնին, որպեսզի նրա շնորհիվ որդի ունենամ» (Ծննդ. 16:2), գայթակղություն է՝ ուղիղ ճանապարհից շեղում է, որովհետև նախապես Աստված խոստացել էր Աբրամին, որ վեջինիս սերունդը շատացնելու է երկնքի աստղերի նման. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը» (Ծննդ. 15:5):
Ներկայումս ինչքա՛ն գայթակղեցուցիչ գաղափարներ կան ամբողջ աշխարհում՝ լինեն դրանք տպագրված թե էլետրոնային տարբերակներով, որոնք խոսում են Աստծու չգոյության մասին, մերժում են Սուրբ Հոգու Աստվածությունը, արհամարհում են սրբերին, ներկայացնում են միասեռականությունը որպես սովորական երևույթ, մեկնաբանում են սեռափոխությունը որպես մարդկային իրավունք, ներկայացնում են մարդկանց չիպավորումը որպես տեխնոլոգիայի դարաշրջանին համընթաց քայլ և այլն:
Աչքերի կողմից գայթակղություն: Կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Զղջում»-ի՝ խոստովանության մեջ՝ «Մեղայ ..․. արատութեամբ աչացս: Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս եւ ամենայն անդամօք մարմնոյս, հնգեակ զգայարանօքս»: Սա ապացույց է, որ տեսողական զգայարանի՝ աչքերի միջոցով մեղքեր են գործվում: Աչքերի գայթակղությունը կարող է լինել գոռոզության, ատելության, արհամարհանքի, ագահության, խաբեբայության, ահ ու սարսափ պատճառող նայվածք. «Մարմնի ճրագն աչքն է. եթե քո աչքը մաքուր է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» (Մատթ. 6:22):
Լեզվի կողմից գայթակղություն: Մարդու լեզուն մարմնի այն փոքր օրգանն է, որի միջոցով մարդ արարածը ոչ միայն կարող է իմաստուն խոսքեր, բարի մաղթանքներ, քաջալերական նախադասություններ, խաղաղության կոչեր ասել, այլ նաև կարող է այդ նույն լեզվով գայթակղության պատճառ դառնալ մարդկանց՝ սուտ խոսքերով ու երդումով, վիճաբանելով, զրպարտելով, ծաղրելով, անիծելով, մարդկանց անարգելով և այլն:
Կարելի է լեզվի՝ խոսքի գայթակղության օրինակներից հիշել սխալ ֆիլմերի արտահայտությունները, հակաքրիստոնեական ներկայացումների ասացվածքները, հայհոյություն պարունակող երգերի բառերը, վատ անձերի մոլորեցնող խոսքերը և այլն: Լեզվի միջոցով գայթակղության ազդեցությունը այնքա՛ն ուժեղ է նոր սերնդի վրա, որ դա կարող է կարճ ժամանակում քաղաքավարի պատանուն վերածել անքաղաքավարիի, դաստիարակված օրիորդին՝ անդաստիարակի․ «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը» (Ա Կորն. 15:33):
Ձեռքերի կողմից գայթակղություն: Ձեռքերով կատարված գայթակղությունները շատ են, օրինակ՝ գողություն անելը, խաղաղասեր կամ տարեց մարդուն հարվածելը, ընտանեկան վեճերի պատճառով կատարված սպանությունը և այլն:
Գրականության կողմից գայթակղություն: Ժողովրդական ասածվածքը ասում է. «Գիրքը լավ բարեկամ է», բայց ավելի ճիշտ կլինի, երբ ասենք․ «Լավ գիրքը լավ բարեկամ է», որովհետև կան գայթակղություններ պարունակող գրքեր, որոնք չի կարելի ընդգրկել լավ գրքերի անվանացանկում: Ինչքա՛ն գրքեր և գրքույկներ ծրագրավորվել են, որ ՝ 1. հեռացնեն մարդուն Աստծուց, 2. քաջալերեն մարդուն, որ ապրի եսակենտրոն կյանքով, 3. համոզեն մարդուն, որ ընդունի հակաբարոյական գաղափարները և այլն: Օրինակ՝ աղանդավոր Եհովայի վկաների գրքույկներում Սուրբ Հոգին որպես սոսկ ուժ ներկայացնելը գայթակղություն է:
Գովազդի կողմից գայթակղություն: Գովազդը որևէ բանը մարդկանց ուշադրության առարկա դարձնելն է: Ճիշտ չէ քննել գովազդները մակերեսայնորեն, որովհետև կան այնպիսի գովազդներ, որոնց գայթակղեցուցիչ նկարները ավելի ազդեցություն են թողում մարդու մտքի վրա, քան ինքնին արտադրության անունն ու տեսակը: Օրինակ՝ կիսամերկ չափահաս մի աղջիկ հատուկ օճառի գործածությամբ դառնում է երիտասարդուհի:
Խաղերի կողմից գայթակղություն: Նախապես՝ համացանցից առաջ, մանկական խաղերը խմբային էին: Մանուկները փողոցում խաղում էին գնդակ, փետրախաղ, պահմտոցի կամ հավաքվում են սեղանի շուրջը և խաղում էին որևէ քարտային խաղ: Ներկայումս հնարավոր չէ հաշվել համացանցի կողմից մանուկներին մատուցած խաղերի թիվը: Այսօր ծնողները առավել ևս ուշադիր պետք է լինեն իրենց զավակների նկատմամբ, քննեն համացանցով նրանց խաղացած խաղերը, որովհետև դրանց մեջ կան գայթակղություն պարունակող՝ սխալ դաստիարակություն տարածող խաղեր:
Գայթակղություներից հեռու մնալու գործնական քայլերը
Անկարող ենք ստիպել, որ գայթակղությունները վերանան աշխարհից, սակայն կարող ենք հոգեմտավոր աշխատանքի պայքարով զգուշանալ՝ հեռու մնալ գայթակղություններից, օրինակ՝
«Իմաստութիւն Հօր Յիսուս, տու՛ր ինձ զիմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս. եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս» (Հաւատով Խոստովանիմ):
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր