- Հա՛յր, ինչո՞ւ է տոների ժամանակ սովորաբար ինչ-որ գայթակղություն լինում:
- Իսկ դու չգիտե՞ս: Տոների ժամանակ Քրիստոս, Աստվածամայրը, սրբերը ուրախանում են և (հոգևոր կերպով) հյուրասիրում են ուրիշներին: Նրանք օրհնություն են տալիս մարդկանց, հոգևոր նվերներ են անում: Չէ՞ որ ծնողներն էլ հյուրասիրություն են կազմակերպում իրենց զավակների տարեդարձի կապակցությամբ, թագավորները համաներում են կազմակերպում, երբ թագաժառանգ է ծնվում: Այդ դեպքում սրբերն ինչո՞ւ չեն կարող (ինչ-որ հոգևոր բանով) հյուրասիրել մարդկանց իրենց տոնին: Եվ պետք է նշել, որ այն ուրախությունը, որ սրբերն են տալիս, երկար ժամանակ է պահպանվում, և մարդկային հոգիները մեծագույն օգուտ են ստանում դրանից: Այդ պատճառով էլ, սատանան, իմանալով դրա մասին, գայթակղություններ է ստեղծում, որպեսզի մարդիկ զրկվեն այն աստվածային շնորհներից, որ ստացել են, և տոնը նրանց ո՛չ ուրախություն բերի, ո՛չ՝ օգուտ: Եվ ահա տեսնում ես, որ ընտանիքում հաճախ, երբ բոլորը պատրաստվում են Սուրբ Հաղորդություն ստանալ, սատանան նրանց վիճաբանության է դրդում, և նրանք ոչ միայն չեն հաղորդվում, այլ նույնիսկ եկեղեցի չեն գնում: Չարն ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ զրկվեն աստվածային օգնությունից:
Նույնը կարելի է նկատել մեր վանական կյանքում ևս: Հաճախ չարը, փորձից իմանալով, որ մենք տոներին հոգևոր օգուտ ենք ստանալու, այդ օրը, իսկ ավելի հաճախ նախորդ օրն ինչ-որ գայթակղություն է ստեղծում: Չէ՞ որ ինքը հենց գայթակղողն է (ուրիշ էլ ի՞նչ կարող է կազմակերպել): Եվ այդկերպ նա փչացնում է մեր ներքին տրամադրվածությունը: Օրինակ՝ նա կարող է հրահրել մեզ վիճաբանության կամ լեզվակռվի մեջ մտնել եղբայրներից մեկի հետ, իսկ հետո վիշտ է բերում մեզ, կոտրում հոգեպես և ֆիզիկապես: Այս ամենն անելով՝ նա չի թողնում, որ մենք տոնից օգուտ քաղենք (վերապրենք տոնը)՝ Աստծուն փառաբանելու ուրախության մեջ: Սակայն, եթե Բազումողորմ Աստված տեսնում է, որ մենք ինքներս գայթակղության առիթ չենք տվել սատանային, որ դա տեղի է ունեցել նրա նախանձի պատճառով միայն, ապա Աստված օգնում է մեզ: Նա օգնում է մեզ ավելի մեծ օգուտ ստանալ այն դեպքում, երբ մենք խոնարհաբար մեզ վրա ենք վերցնում կատարված գայթակղության մեղքն ու չենք դատում ոչ միայն մեր եղբորը, այլև՝ նույնիսկ բարությունն ատող սատանային: Քանի որ դա նրա աշխատանքն է. գայթակղություններ ստեղծել և չարություն տարածել: Այն պարագայում, երբ մարդն, Աստծո պատկերը լինելով, պետք է խաղաղություն ու բարություն տարածի:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի