Սբ. Գրքի բազում պատգամների և պատվիրանների լրումը հանդիսացող գերագույն պատվիրանը սիրո պատվիրանն է: «Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը»,- ասել է Սբ. Պողոս առաքյալը (Ա Տիմոթեոս 1:5): Աստծո հանդեպ մարդու սերը վաղ թե ուշ արտահայտվում է մերձավորի հանդեպ սիրով: Տիրավանդ պատգամ է սիրել մերձավորին, ինչպես ինքդ քեզ, այսինքն՝ տեսնել, գնահատել և սիրել դիմացինի մեջ առկա աստվածային պատկերը: Աստվածային սերն ամուր կերպով է միավորում այդ պատկերը կրողներին: Արդյունքում նրանցից յուրաքանչյուրը՝ որպես որդի, վայելում է Աստծուն Հայր անվանելու և Նրա սերը զգալու ուրախությունը:
Գերագույն պատվիրանի շուրջ համախմբված Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին այցելեց Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան 4/32 հասցեում վարձակալությամբ բնակվող Առաքելյան ընտանիքին: Կարիքավոր ընտանիքի մայրը՝ 31-ամյա Առաքելյան Հասմիկը, երեք տարի է, ինչ ամուսնալուծված է և միայնակ է խնամում իր 8-ամյա որդուն՝ Բաղդասարյան Ալեքսեյին: Հասմիկը չի աշխատում և ընտանիքի հոգսերը փորձում է հոգալ ընտանեկան նպաստի գումարով:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Առաքելյան ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար):
«Ոչ ոքի ոչ մի բանով պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելու պարտավորությունից, քանի որ ընկերոջը սիրողը կատարած է լինում Օրենքը, որովհետև Աստծո պատվիրանները՝ «Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ վկայություն մի՛ տուր, մի՛ ցանկացիր», և բոլոր մյուսները խտացված են այս միակ պատվիրանի մեջ. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: Ով սիրում է իր ընկերոջը, չարիք չի անի նրան: Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծո Օրենքը լրիվ գործադրել» (Հռոմեացիներ 13:8):
Կարինե Սուգիկյան