11 Նոյեմբեր, Բշ
Քրիստոս Իր երեքամյա քարոզչության ընթացքում հարություն տվեց երեք հոգու, որից մեկը չորսօրյա մահացած Ղազարոսն էր: Այս մասին գրում է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհ. 11:1-46): Վերջինս, անդրադառնալով այս իրողությանը, մանրամասն պատմում է, թե երբ Հիսուս Բեթանիայում էր, լսում է, որ Իր հետևորդներից Մարիամի և Մարթայի եղբայր Ղազարոսը, հիվանդացել և մահացել է: Քրիստոս գնում է գերեզման՝ պատվիրելով մի կողմ տանել այն ծածկող քարը և երբ ասում է. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի», մահացածը դուրս է գալիս: Հիսուս պատվիրում է արձակել նրա կապանքները ասելով՝ թողեք, որ գնա:
Ղազարոսի հարությունը ներկայացնող տեսարանի պատկերագրական և կոմպոզիցիոն կառուցվածքը հետևյալն է. աջ կողմում Քրիստոս է, Նրա թիկունքում կամ կողքին՝ առաքյալները, որոնց գլխավորում է նրանցից ավագը՝ Պետրոսը: Վերջինիս կողքին էլ պատկերվում է առաքյալներից ամենաերիտասարդը՝ Հովհաննեսը: Հիսուսի առջև խոնարհված պատկերվում են Ղազարոսի քույրերը՝ Մարիամն ու Մարթան: Նրանց մարմնի դիրքը արտահայտում է աղերսանք: Քույրերից Մարթան հաճախ պատկերվում է ետ նայելիս, այն հավատով, որ կտեսնի եղբոր հարություն առնելը: Մանրանկարներում Ղազարոսը պատկերվում է ոչ թե քարայրում դրված, այլ մուտքին, գրեթե դուրս եկած: Հայկական մանրանկարչությունում պատանքված Ղազարոսը միշտ պատկերվում է բաց աչքերով: Ղազարոսին հարություն տալը ներկայացվում է գավազանի հարվածելով: Սակայն հայկական հնագույն մանրանկարում, որը գտնվում է 10-րդ դարում գրված Վեհափառի Ավետարանում, ինչպես նաև հաջորդող 11-րդ դարի ձեռագրերում, Հիսուսի ձեռքի օրհնությամբ է կատարվում Ղազարոսի հարությունը:
Ղազարոսի կապանքները քանդող ծառան քիթը բռնել է, ասես շնչահեղծ է լինում բացված գերեզմանի մահվան նեխահոտությունից: Երբեմն քթերը բռնած են պատկերվում նաև այն հրեաները, որոնք Մարիամի հետ գերեզման էին եկել՝ տեսնելու հարության հրաշքը:
Ղազարոսի հարությունը ոչ միայն մարմնավոր, այլ նաև հոգևոր ծնունդ է ընկալվել, այդ պատճառով միջնադարյան արվեստում այն երբեմն պատկերվում է մկրտության հետ միասին: Նույն այս պատճառով վաղ շրջանում Ղազարոսը նկատելիորեն փոքր է պատկերվել, ասես ոչ թե հասուն մարդն է հարություն առնողը, այլ խանձարուրված նորածինն է Հիսուսի առջև: Ղազարոսի քանդվող կապանքը խորհրդանշում է, որ Հիսուսի խոսքերով և աստվածային զորությամբ քանդվեցին մահվան կապանքները: Ղազարոսը միշտ ներկայացվում է շեշտված սպիտակ պատանքով, իսկ քարայրում անթափանց սև խավար է, ներսում ոչինչ չի երևում: Քրիստոս փարատում է խավարը լույսով: Հայկական մանրանկարչությունում և հատկապես կիլիկյան շրջանի արվեստում, ընդգծվում է ոչ թե Ղազարոսի չորս օր մահացած լինելը, այլ հոգեպես ծնվելով՝ քարայրից դուրս գալը: Ղազարոսը պատված է ոսկեդեղին կապույտով և գերիշխում է ընդհանուր պայծառություն: Միջնադարի մեծ վարպետի Թորոս Ռոսլինի 1260 թվականին նկարազարդված Ավետարանում «Ղազարոսի հարությունը» պատկերում քարայրը չունի գերեզմանային խավարի նշույլ անգամ և այս կապույտի հետ ունայն մի ներդաշնակություն է կազմում:
Մատենադարանի թիվ 9422 Ավետարանի «Ղազարոսի հարությունը» մանրանկարն աչքի է ընկնում գործող անձանց սովորականից մեծ թվով։ Նրանք իրար շատ մոտ են տեղադրված և ծաղկողի վարպետության շնորհիվ յուրաքանչյուրը ներկայանում է որպես շեշտված անհատականություն: Վերջիններիս միավորում է նրանց դեմքերին դրոշմված ցավի և տխրության արտահայտությունը, իսկ առանձնանում են նրանք միանգամայն տարբեր շարժումներով: Հրեաների խմբում աչքի է ընկնում ձեռքով կզակը ծածկած ալեհեր ծերունին: Աննախադեպ է նկարի ներքևի ձախ անկյունում հայտնվող խումբը, որն ասես գետնի տակից է դուրս գալիս: Այս կերպ ծաղկողը ցանկացել է ավելի շեշտել իրադարձության կարևորությունն ու տրամադրությունը։
Թիվ 9422 Ավետարանի ձևավորումներում բնանկարն աչքի է ընկնում խիստ ինքնատիպ ոճական կատարումով: «Ղազարոսի հարությունը» մանրանկարի խորքում բլուրների ոճավորված գագաթները ծածկված են բույսերի փնջերով: Այս յուրահատուկ բնանկարն առաջին անգամ հանդիպում է Կեռան թագուհու՝ 1272թ. ձեռագրում (Երուսաղեմ, 2563), ապա Վասակ իշխանի երկրորդ Ավետարանում:
Հայկական մանրանկարչությունում Ղազարոսի հարության տեսարաններից մեկում դեպի գերեզմանը գնացող Քրիստոսը մանրանկարի իմաստային կենտրոնն է: Ուսուցչին հետևում են Նրա առաքյալները, նրանցից միայն մեկը՝ Հուդան, որ պատկերված է կիսադեմ, գնում է Քրիստոսի առջևից: Կոմպոզիցիան կառուցված է շարժման վրա, որի մեջ ընդգրկված է նրա կուլմինացիոն կետը՝ Քրիստոսի ժամանումը: Քրիստոս պատկերված է գլուխը թեթևակի խոնարհած, աջ ձեռքը բարձրացրած: Ընդ որում Քրիստոսի ձեռքն այնքան երկար է, որ եթե ցած թողնի, անկասկած, կհասնի սրունքի կեսին: Ղազարոսի ազգականների ու ապականիչ հոտից քթերը պահած ծառաների դեմքերին վիշտ ու թախիծ կա: Այս զգացումը ակնհայտ է Ղազարոսի երկու քույրերի դեմքերին, որոնք Հիսուսի ոտքն են ընկել:
Ղազարոսի հարությամբ քրիստոնյաների համար մահը դարձավ սկիզբը մի նոր կյանքի:
Կազմեց Գայանե Սուգիկյանը