23 Դեկտեմբեր, Բշ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով ապրիլի 20-ին առաջին անգամ Հայաստան էր ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը: Նա իրեն ուղեկից հոգևորականների և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ ապրիլի 25-ին այցելեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Ղպտի եկեղեցու առաջնորդը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց:
Իսկ մինչ այդ ապրիլի 21-ից սկսյալ չորս օրեր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևորականներն էին Սուրբ Պատարագ մատուցել Սուրբ Անանիայի մատուռում:
Ապրիլի 25-ի Սուրբ Պատարագին ներկա էին և՛ հայաստանաբնակ հայեր, և՛ սիրիահայեր, և՛ արաբախոս քրիստոնյաներ, և՛ եգիպտացիներ: Եգիպտոսի CTV Channel TV հեռուսատաընկերությունը ուղիղ եթեր էր հեռարձակում Սուրբ Պատարագը:
Սրբազան արարողությանը Թևադրոս Բ պատրիարքը իր քարոզում նշեց, որ Տերն է մեր կյանքը, և որ առանց Իրեն ոչինչ ենք. «Մարդը, մեղանչելով, խորը ցավ պատճառեց իր Տիրոջը: Ո՞վ կարող էր քավել այդ մեղքը, միայն մեկ հոգի՝ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս: Նա խաչվեց, Իր արյունը թափեց. Խաչը դարձավ մեր փրկությունը: «Արդարև, նրանո՛վ փրկվեցինք և նրա արյունո՛վ թողություն գտանք մեր մեղքերի համար» (Եփեսացիներ 1:7):
Ի՞նչ է հույսը, քրիստոնյայի կյանքում Աստված է իր հույսը: Մինչ խաչելությունը մարդու կյանքն անորոշ մի ընթացք էր՝ լավատեսությամբ և հոռետեսությամբ ընթացող: Քրիստոս նոր հույս պարգևեց մեղավորին Իր խաչելությամբ: Ոչ մի մեղք չի կարող գերազանցել Քրիստոսի զորությանը: Մարդու համար անկարելին հաղթահարվում է Աստծո ամենակարողությամբ: Մարդու համար անկարելին կարելի է դառնում Քրիստոսի հանդեպ հույսով, հավատով:
Աստված մեր Կյանքը, Փրկիչը և Հույսը լինելուց բացի նաև մեր Բժիշկն է: Նա բժշկում է մեր հոգին, միտքը և մարմինը: Քրիստոսով ապրող անձը առողջ է, հավասարակշռված: Աստված որպես խաղաղության իշխան բաշխում է Իր խաղաղությունը: Մտահոգ մարդը նման է փոթորկվող ծովի վրա ընթացող նավին: Քրիստոս, հանդարտեցնելով ծովը, բժշկում է մարդուն: «Եկե՛ք Ինձ մոտ դուք բոլո՛րդ, հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և Ես պիտի հանգիստ տամ ձեզ» (Մատթեոս 11:28): Անհանգստությունը մարդուն հեռվացնում է Աստծուց»:
Իր քարոզը պատրիարքը եզրափակեց՝ ասելով, որ Քրիստոսն է մեր հարությունը: Երկրի վրա ապրող մարդու համար կարևոր է բաժին ունենալ երկնքում՝ Աստծո ներկայության մեջ: Քրիստոս ասաց. «Ե՛ս եմ հարությունը և կյանքը: Ով որ հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի: Իսկ ով որ ողջ է և հավատում է Ինձ, երբեք չի մեռնի» (Հովհաննես 11:25-26):
Վերջում Թևադրոս Բ պատրիարքն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում գտնվելու կապակցությամբ, իր շնորհակալությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականներին:
Սուրբ Պատարագից հետո Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը իրեն ուղեկից հոգևորականների հետ աղոթեցին նաև Սուրբ Անանիայի մատուռում:
Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը նշեց, որ Վեհափառ Հոր հրավերքով Թևադրոս Բ-ը, առաջին անգամ լինելով Հայաստանում, պատեհ առիթով ցանկություն հայտնեց որևէ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցել. «Ղպտի եկեղեցին, սովորաբար, Սուրբ Պատարագին հիշատակում է միայն Սբ. Գրիգոր Լուսավորչին, իսկ Հայաստանում գտնվելու կապակցությամբ, իրենց աղոթքներում հիշեցին Վեհափառ Հոր անունը, աղոթք հնչեցվեց Հայ եկեղեցու և նրա սպասավորների, ինչպես նաև հայ ժողովրդի նահատակների համար»:
Կարինե Սուգիկյան