Գրքեր

Ղպտի Եկեղեցու հովվապետը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ապրիլի 20-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստան ժամանեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը:

Օդանավակայանում Ղպտի Եկեղեցու առաջնորդին դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարի առջև, Թևադրոս Բ Պատրիարքին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եղբայրական ողջագուրումից հետո երկու Եկեղեցիների հովվապետերը զանգերի ղողանջների ներքո թափորով առաջնորդնվեցին Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց գոհաբանական աղոթք:

Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով ողջունեց Նորին Սրբություն Թևադրոս Բ-ին:

«Մենք մեծ մխիթարություն ենք ապրում, որ այս օրերին, երբ մեր ժողովրդի զավակները ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր Քույր Եկեղեցու հոգևոր պետը Մեզ հետ է և մեր ժողովրդի կողքին»,- ասաց Նորին Սրբությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ առաջիկա օրերին տարբեր Եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ միասնաբար պիտի դատապարտեն աշխարհում մարդկային կյանքի դեմ ուղղված ամեն տեսակի ոճրագործություն, ինչպես նաև աղոթեն աշխարհի խաղաղության և բարօրության համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց նաև, որ Երկնավոր Տերն արդյունավորի Եկեղեցիների աստվածադիր առաքելությունը` ավելիով նպաստելու ժողովուրդների միջև փոխհասկացողության և հանդուրժողականության ոգու զորացմանը: Վերջում Նորին Սրբությունը Թևադրոս Բ Պատրիարքին ցանկացավ Տիրոջ զորակցությունն իր դժվարին առաքելության մեջ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքից հետո ողջույնի ու երախտիքի խոսքով հանդես եկավ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ը: Նշելով, որ մշտապես հետաքրքրված է եղել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի բազմադարյա պատմությամբ` Ղպտի Եկեղեցու առաջնորդն անդրադարձավ նաև երկու Եկեղեցիների միջև առկա բարեկամական սերտ գործակցությանը: Խոսքի ավարտին Թևադրոս Բ-ը վստահություն հայտնեց, որ այս այցելությունը Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքի վերանորոգման առիթ պիտի դառնա:

20.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․