Ղուկասի կամ Ամենքի ավետարանը

«Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև ծնվեց Փրկիչը» (Ղուկ. Բ 10)։

Ասում են, թե Միացյալ Նահանգներից ծովով Եվրոպա ուղարկված առաջին հեռագիրը Հիսուսի ծննդյան գիշերվա հրեշտակների երգն է եղել. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս նույն կերպ նաև Ջենովայի՝ 1896 թվականի ազգային ցուցահանդեսի շքեղ հանդիսությունների փակման առիթով, խռնված բազմության ներկայությամբ և մեծաշռինդ ծափահարությունների ներքո պետական բարձր պաշտոնյան ի լուր աշխարհի մեկ անգամ ևս ոգևորությամբ հաղորդել է հրեշտակների միևնույն երգը. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում…»։

Այս երկնային երգը, որը դարեդար երգվում է աշխարհի բոլոր անկյուններում, Աստծու թագավորության և խաղաղության հաղթանակի ուրախարար մի նշան չէ՞ արդյոք։ Ի՞նչ փույթ, թե հակառակորդները ամեն ճիգ գործադրում են համաշխարհային խաղաղությունը խռովելու համար։ Հակառակ այնքան արյունոտ և ահավոր պատերազմների, հակառակ պատերազմի երկյուղը միշտ մեր գլխի վրա դամոկլյան սրի նման կախված լինելուն, խաղաղության թագավորությունը հետզհետե հաստատվում է երկրի վրա։   

Հրեշտակների այս երգը, որ խորհրդանիշն է աշխարհի ընդհանրական խաղաղության, միմիայն երրորդ Ավետարանիչն է հիշատակում։ Անշուշտ, Ավետարանիչը որոշակի ծրագիր ու նպատակ է հետապնդում՝ հրեշտակների այս չքնաղ երգը ներկայացնելով։ Որպեսզի լավ ճանաչենք երրորդ Ավետարանչին և նրա Ավետարանը, հարկ է, որ մի փոքր ավելի մոտիկից ուսումնասիրենք նրան ու նրա հեղինակությունը։

Նախ, ո՞վ էր այս Ավետարանի հեղինակը։ Սուրբ Գրքի հեղինակներն, առհասարակ, հրեա են եղել՝ բացի այս երրորդ Ավետարանի հեղինակից, որը ծագումով անտիոքացի էր։ Նա, հավանաբար, մի ասորի բժիշկ և, հետևաբար, գերի մեկն է եղել, քանի որ, ինչպես հայտնի է, միայն գերիներն էին, որ բժշկության ասպարեզ էին մտնում։ Ղուկասն իր բժշկագիտական ուսումը ստացել էր անտիոքացի Թեոփիլոս անունով ականավոր բժշկի մոտ, որին և նա ձոնեց իր Ավետարանը, ինչպես նաև իր մյուս գիրքը, որը կոչվում է «Գործք առաքելոց» և որն առաջին գիրքն ամբողջացնող պատմությունն է։

Հեղինակի անունը՝ Ղուկ (=Luc) կամ Ղուկաս (=Lucas), արտահայտման եղանակներից մեկն է Ղուկանոս (=Lucanus) անվան, որը նշանակում է «լույս»։ Քանի որ Հիսուսի բժշկությունների արձագանքը նաև Անտիոք էր հասել, Ղուկաս բժշկի մոտ հետաքրքրություն առաջացավ և նա, իր վարպետի թույլտվությամբ, գնաց Պաղեստին՝ Հիսուսի բժշկությունների գաղտնիքը անձամբ ուսումնասիրելու։ Այս հետաքրքրությունը պատճառ դարձավ Ղուկասի դարձի գալու և նա, հավանաբար, Հիսուսի յոթանասուն աշակերտներից մեկը և նրանցից ամենահայտնին եղավ։

Ղուկասը, երբ այսկեպ Հիսուսի աշակերտներից մեկը դարձավ, որպես իր առաջին գործ, հետամուտ եղավ սկզբից ու հերթականությամբ շարադրելու Փրկչի կյանքի ստույգ պատմությունը և դրա համար դիմեց հավաստի աղբյուրների։ Հեղինակը, իր Ավետարանը պատրաստելու առիթով մշտապես իրեն խորհրդակից ունեցավ գլխավորաբար Պողոս առաքյալին, որն էլ, փոխադարձաբար, իբրև իր ճշմարիտ ընկեր ու գործակից և, միաժամանակ, գաղափարակից ունեցավ Ղուկասին։

Ղուկասը Պողոսի հետ Հռոմ գնաց և նրա մարտիրոսությունից հետո ինքն էլ, Ավետարանը քարոզելու նպատակով, հաջորդաբար այցելեց Իտալիա, Դալմաթիա, Եգիպտոս, Լիբիա, Թեբայիդ և ուրիշ տեղեր ու ինքն էլ մեռավ մարտիրոսական մահով՝ Աքայայում, ինչպես որ հավաստում է Գրիգոր Նազիանզացին։

Այս երրորդ Ավետարանի ծագման ու վավերականության մասին արդեն իսկ Ավետարանի նշանակալից նախաբանում (Ղուկ. Ա 1-4) տրվում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, իսկ Եկեղեցու սուրբ հայրերի վստահարժան վկայություններն էլ գալիս են լուսաբանելու դրանք։ Այդ վկայություններից երկուսը արժե այստեղ հիշատակել։ Այդ վկայություններից առաջինը պատկանում է Երանոսին։

Երանոսը, որն ապրել է Ավետարանների գրվելուց ոչ ավելի, քան մեկ դար հետո, Ավետարանների մասին շատ կարևոր վկայություններ է տալիս, իսկ Ղուկասի Ավետարանի վերաբերյալ էլ ասում է. «Ղուկասը՝ Պողոսի ընկերը, գրեց իր Ավետարանը՝ ըստ Պողոսի քարոզության» (Ընդդեմ Հերձ. Գ 2)։

Մուրատորյան ձեռագիրը (*այս անունը տրվում է մի մագաղաթ ձեռագրի, որը ներկայացնում է Նոր Կտակարանի գրքերի մի ցանկ՝ գտնված Մուրատորի անունով իտալացի մի բանասերի կողմից (1672-1750) Միլանի Ամբրոսյան գրադարանում։ Մուրատորին, տեսնելով այդ ձեռագրի հնության մասին վկայող նշանները, հրատարակեց այն «Իտալական հնություններ» կոչվող հավաքածուի մեջ (Antiquites Italiennes, Հատ. III, էջ 854)։ Այս մագաղաթի մեջ գրված է, թե՝ «Հերմաս անունով հովիվը մեր օրերում գրեց իր աշխատանքը, մինչ նրա եղբայրը՝ Պիոս Ա-ն, Հռոմի եկեղեցու հայրապետն էր»։ Պատմությունից գիտենք, որ Պիոս Ա-ն վախճանվել է 150 թվականին, ուստի և այս մագաղաթը թվագրվում է առավելագույնը Բ դարով), որ, կարծես թե, գրեթե միևնույն թվականին է գրվել (170 թվական), հետևյալ տողերն է հաղորդում Ղուկասի մասին. «Երրորդը Ղուկասի Ավետարանն է. Ղուկասը՝ բժիշկը, իր ընկեր Պողոսի աշխատակցությամբ գրեց իր Ավետարանը» (Antiquites Italiennes, T. III):

Այս երկու վկայություններից կարող ենք եզրակացնել, որ Ղուկասի Ավետարանը Աքայայում (այժմ՝ Պատրաս) է շարադրվել՝ Մարկոսի Ավետարանից մի փոքր առաջ, հետևաբար՝ 60-64 թվականների միջակայքում։ Ղուկասի և Պողոսի գործակցությունը պատճառ է եղել, որ նրանք միևնույն ներշնչանքով գրեն։ Ակնհայտ է այս երկուսի դավանած սկզբունքների և վարդապետած ուսուցումների միջև կապը, որը կար նաև երկրորդ Ավետարանիչ Մարկոսի և Պետրոսի ծառայակցության միջև։

***

Այժմ մոռանա՛նք այս Ավետարանի ծագման ու վավերականության մասին փաստող արտաքին տեղեկություններն ու վկայությունները և ուսումնասիրե՛նք Ավետարանը՝ նրա էջերում գտնելու հեղինակի անձի, գրության նպատակի, եղանակի ու թվականի հետքերը։ Անշուշտ, արտաքին վկայությունները ամբողջական չէին լինի, եթե ներքին վկայությունները չգային՝ դրանք հաստատելու։

Նախ քննե՛նք, թե ով է այս Ավետարանի հեղինակը։ Եթե Ավանդությունն այս Ավետարանի հեղինակի մասին որևէ բան ասած չլիներ էլ, մենք, այնուամենայնիվ, կկարողանայինք նրան գտնել՝ հետևյալ նշաններին հետևելով։ Անտարակույս, այս Ավետարանի և Գործք առաքելոցի հեղինակը նույն անձն է (Renan, Vie de Jesus, էջ 16-17)։ Գործք առաքելոցից որոշակիորեն երևում է, որ այդ գրքի հեղինակը Պողոսի ճանապարհորդակիցներից մեկն է եղել, քանի որ շատ ու շատ պարագաներում նա հոգնակի առաջին դեմքն է գործածում։

Այսպես, օրինակի համար, հեղինակը Տրովադայում Պողոսին ընկերակցած լինելն է ակնարկում, երբ ասում է. «Տրովադայից դուրս գալով՝ ուղիղ գնացինք դեպի Սամոթրակե» (Գործք. ԺԶ 11)։ Դարձյալ՝ մեկ ուրիշ առիթով, հեղինակն ասում է. «Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում» (Գործք. ԺԶ 16)։ «Եվ երբ մենք նրանցից բաժանվեցինք ու նավ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով» (Գործք. ԻԱ 1); «Նավարկեցինք դեպի Ասորիք և իջանք Տյուրոս» (Գործք. ԻԱ 3)։ «Մտնելով տունը Փիլիպպոս ավետարանչի, որ յոթը սարկավագներից մեկն էր, օթևանեցինք նրա մոտ» (Գործք. ԻԱ 9)։

Եթե Գործքի հեղինակը Պողոսի ընկերներից մեկն է, սակայն և Գործք առաքելոցում անուն առ անուն հիշատակված անձանցից որևէ մեկը, այսինքն՝ Տիմոթեոսը, Բառնաբասը, Սիղվանոսը կամ Տյուքիկոսը եղած լինել չի կարող, քանի որ նրանք ներկայանում են իբրև երրորդ դեմքով հիշատակվող անձնավորություններ։ Այլ միայն Ղուկասը կարող է եղած լինել Գործքի հեղինակը, ինչպես որ նաև Պողոսի թղթերից է բացահայտորեն երևում, որ Ղուկասը ևս ընկերացել էր Պողոսի՝ դեպի Հռոմ ճամփորդությանը։

Պողոսը, իր աշակերտ Տիմոթեոսին գրած նամակում, երբ վերջինիս հանձնարարում է իր հետ Հռոմ տանել Պողոսի վերարկուն, ձեռագրերն ու գրքերը, այնուհետ ավելացնում է այս խոսքը. «Ղուկասն է միայն ինձ հետ» (Բ Տիմ. Դ 11)։ Դարձյալ՝ Պողոսը, կողոսացիներին ուղղված իր նամակում Ղուկասին իր «սիրելին» է անվանում. «Ողջունում է ձեզ Ղուկասը՝ բժիշկը և սիրելին» (Կող. Դ 14)։

Իսկ երբ մեկ անգամ ևս հաստատվում է, որ Ղուկասն է Գործքի հեղինակը, այդուհետ շատ դյուրությամբ կարելի է ապացուցել, որ Ավետարանի հեղինակը ևս նույն ինքը՝ Ղուկասն է, քանի որ Ավետարանը, Գործք առաքելոցի նման, ուղղված է Թեոփիլոս անունով ականավոր մի մարդու, որին հեղինակը «քաջ», «պատվական» տիտղոսն է տալիս։ Թեև հրեաներն էլ են գործածել այս անունը, սակայն բառն իր հունական ծագումով ենթադրել է տալիս, որ անտիոքացի է եղել նա, ով Ղուկասի համար ակնածելի մի անձ ու, թերևս, նրա վարդապետն իսկ էր:

Երկրորդ՝ լեզվի նույնությունը, որը հայտնապես տեսանելի է երկու աշխատությունների մեջ, առանց առարկության եզրակացնել է տալիս, որ նույնն է այդ երկուսի հեղինակը: Երրորդ՝ Ավետարանի պատմությունը ավարտվում է ճիշտ այնտեղ, որտեղից սկսվում է Գործք Առաքելոցը: Չորրորդ՝ լինի թե՛ Ավետարանում, թե՛ Գործքում, հաճախ հանդիպում ենք բժշկական նշանակության բացատրությունների, ինչը ենթադրել է տալիս, թե երկուսի հեղինակն էլ նույն գիտնական անձը, նույն բժիշկն է: Իբրև բժիշկ՝ Ղուկասն է միայն իր Ավետարանում հիշատակել «բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ» ասույթը:

Ղուկասն իր Ավետարանի գրության եղանակի, այսինքն՝ այն մասին, թե ինչ կերպ է պատրաստել իր աշխատությունը, տեղեկություններ է հաղորդում Ավետարանի առաջաբանում. «Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարված դեպքերի պատմությունը, ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան, ես էլ, որ սկզբից ստուգությամբ հետամուտ էի եղել ամեն բանի, կամեցա կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թեոփիլե, որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր» (Ղուկ. Ա 1-4):

Այս առաջաբանից կարող ենք եզրակացնել, որ Ղուկասն իր պատմությունը «քաղել» է ականատեսների ու Բանի սպասավոր եղողների ավանդած բազում գրվածքներից և, հետևաբար, բնական էր, որ Ղուկասն իր պատմության ամբողջության մեջ չպիտի կարողանար ոճի կատարյալ նույնությամբ շարադրել: Արդարև, Ավետարանի առաջաբանը, որ, հաստատապես, Ղուկասինն է, հիանալի, մաքուր, դասական հունարենով է գրված: Այս ոճը տեսանելի է նաև Գործքի այն գլուխներում, որոնցում նկարագրվում է Ավետարանչի գործակցությունը Պողոսի հետ:

Իսկ ահա Ավետարանի առաջին գլխի 5-րդ համարից մինչև Հիսուսի պատանեկության պատմությունը խոսակցական լեզվով ու բացատրությամբ է գրված: Հայտնի է, որ Ղուկասը, Սուրբ Կույսից վերցրած լինելով Հիսուսի մանկության և պատանեկության մասին տեղեկությունները, չի կամեցել «խմբագրել» Աստվածամոր խոսքերն ու բացատրությունները:

Ավետարանի մնացյալ, որոշ հատվածներում, ինչպես նաև Գործք Առաքելոցի սկզբնական մասում առավել կամ նվազ կերպով արամեական լեզվի ոճն է տիրապետում: Ոճական այս զանազանությունը այլ կերպ չենք կարող բացատրել, քան հետևյալ կերպ. արամեական ոճով գրված հատվածները, հենց Ղուկասի վկայության համաձայն, հեղինակը այստեղից-այնտեղից է վերցրել, վեր հանել ճշմարտությունն ու կարգավորված եղանակով շարադրել: Իսկ այն հատվածները, որ մաքուր հունական ոճ ունեն, անշուշտ, Ղուկասի՝ իր իսկ աչքով տեսած դեպքերն են, որոնք նա իր հարազատ լեզվով է գրի առել, զոր օրինակ՝ Էմմավուսի ճանապարհին Հիսուսի հայտնվելն ու տեղի ունեցած խոսակցությունը (հմմտ. Ղուկ. ԻԲ 13-49):       

Պողոսի և Ղուկասի գործակցությունն ու գաղափարակցությունը հայտնապես երևում են Պողոսի թղթերում և Ղուկասի Ավետարանում: Այսպես, զոր օրինակ, կատարյալ համաձայնություն կա Պողոսի պատմած՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման պատմության (Ա Կորնթ. ԺԱ), և Ղուկասի Ավետարանի՝ այդ նույն իրողության վերաբերյալ շարադրած պատմության միջև (Ղուկ. ԻԲ 19):

Նաև՝ Պողոս առաքյալի հետևյալ հիշատակությունը, թե՝ «քանզի Սուրբ Գիրքն ասում է…«մշակն արժանի է իր վարձին»» (Ա Տիմ. Ե 18) խոսքը, որը թեև իմաստային առումով տեսանելի է նաև Մատթեոսի Ավետարանում (տե՛ս Մատթ. Ժ 10), սակայն բնագրային, բառ առ բառ շարադրությամբ միայն Ղուկասի Ավետարանի մեջ ենք գտնում (տե՛ս Ղուկ. Ժ 7): Այս ամենից զատ՝ հարուցյալ Հիսուսի երևումների մասին Ղուկասի Ավետարանի 14-րդ գլխի պատմվածքների և Պողոսի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 15-րդ գլխի շարադրանքի միջև զգալի նմանություն կարող ենք գտնել:

Այժմ մեզ մնում է միայն հասկանալ, թե Ղուկասն իր Ավետարանը որ թվականին կարող է գրած լինել: Ամեն բանից առաջ պարզ է, որ նա չի կարող իր աշխատությունը գրած լինել 50 թվականից առաջ, երբ ընկերացավ Պողոսին, ոչ էլ 67 թվականից հետո, որ Պողոսի նահատակության թվականն է, քանի որ Գործք Առաքելոցում չի պատմվում Պողոսի նահատակության մասին և ոչ էլ որևէ ակնարկություն է արվում դրա վերաբերյալ (հմմտ. Գործք ԻԸ 20-21). մի պարագա, որը ենթադրել է տալիս, թե երբ Ղուկասը ավարտեց ու հրապարակեց իր պատմությունը, Պողոսը դեռ չէր նահատակվել:   

Ինչպես քիչ առաջ նշեցինք՝ հեթանոսների Առաքյալը պետք է որ իրապես կարևոր դեր կատարած լինի Ավետարանի գրության գործընթացում: Թերևս նույնիսկ առաքյալն ի՛նքն է Ղուկասին դրդել՝ գրելու իր Ավետարանը: Պողոսի Ավետարանը, որը հաճախակիորեն հիշատակվում է վերջինիս նամակներում, այլ բան չէ, եթե ոչ միայն՝ առաքյալի քարոզության ամփոփումը: Անշուշտ, Ղուկասը ունկնդրել էր Պողոսին, երբ սկսեց գրել իր Ավետարանը: Այս պատճառով էլ ուշագրավ մի համաձայնություն կա Պողոսի թղթերի և Ղուկասի Ավետարանի միջև:

Առաջին հերթին Ղուկասն ու Պողոսն են, որ գիտակցում են՝ Քրիստոսի Ավետարանը միայն հրեաներին չի պատկանում, այլ՝ ամբողջ մարդկությանը, և թե՝ որ Հիսուսի բերած փրկությունը չի սահմանափակվում այս կամ այն ազգին բաժին հասնելով միայն, այլ, առանց բացառության, համայն մարդկությանն է պատկանում և ով որ կամենա, եթե անգամ ավազակ էլ լինի, միևնույն է, կարող է հասնել այդ փրկությանը. բավական է միայն հավատքով նայել փրկության խորհրդին:

Ահա ա՛յս է Ղուկասի Ավետարանի նպատակը: Ամեն էջում պայծառորեն հառնում է այս նպատակը: Մանավանդ հրեաների մերժումով պայմանավորված՝ փրկությունն առավել ևս համայն մարդկության իրավունքը դարձած լինե՛լն է այստեղ պարզորոշ կերպով բացատրվում: Իր այս նպատակին հասնելու համար Ավետարանիչը Հիսուսի կյանքից այնպիսի դրվագներ է հիշատակում, որոնց կապակցությամբ մյուս Ավետարանիչները անուշադիր են եղել և որևէ հիշատակություն չեն թողել:

Այսպես, օրինակ, միայն Ղուկասն է, որ խոսում է հրեշտակների երգի՝ համայն մարդկությանն ուղղված կոչ լինելու մասին. «…և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ»: Ղուկասն է, որ Հովհաննես Մկրտչի շուրթերին է «դնում» այս նշանավոր խոսքը, թե. «Ամեն մարմին պիտի տեսնի Աստծու փրկությունը»:

Ղուկասն է, որ Հիսուսի ազգաբանությունը հասցնում է ոչ թե, Մատթեոսի պես, մինչև Աբրահամը՝ Իսրայելի հայրը, այլ մինչև Ադամ՝ մինչև ողջ մարդկության նախահայրը: Ղուկասն է, որ սամարացիների՝ հրեաներից էլ առավել ջերմեռանդ վերաբերմունքն է նկարագրում Քրիստոսի հանդեպ: Ղուկասն է, որ պատմում է «Բարի սամարացու» առակը: Ղուկասն է, որ Զակքեոս մաքսավորի տան վերաբերյալ Հիսուսի այս անգին խոսքն է հիշատակում. «Այսօր փրկություն եղավ այս տան համար»:

Ղուկասն է, որ մեզ հաղորդում է Հիսուսի՝ իր դահիճների, հռոմեացի զինվորների ու հեթանոսների համար արած այս անմոռանալի աղոթքը. «Հա՜յր, ների՛ր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում»: Դարձյալ, միայն Ղուկասն է, որ հիշատակում է  Հիսուսի աջ կողմում խաչված ավազակի՝ դրախտին արժանանալու մասին:

Արդյոք նույնը չէ՞ կենտրոնական միտքն ու նպատակը նաև Պողոսի՛ առաքելության: Ղուկասը, Պողոսի նման, իր Ավետարանով քարոզում է աշխարհին, թե երկիր է եկել մի Փրկիչ, որի միջոցով միայն ամեն ոք՝ առանց բացառության, կարող է փրկության արժանանալ և հաղորդակից լինել Աստծու շնորհներին: Այս փրկության ավետիսն ավելի ազդու ձևով ներկայացնելու համար Ղուկասը Բեթղեհեմի հրեշտակի շուրթերին է «դնում» այն խոսքը, որը ես ընտրեցի իբրև իմ այս քարոզի բնաբան.  «Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև ծնվեց Փրկիչը»:

Ղուկասի Ավետարանի պատմության նպատակն է, ուրեմն, ի լուր աշխարհի քարոզել, որ աստվածային նախախնամության մի ծրագիր կա Հիսուսի կյանքի, մահվան և հարության մեջ, որով միայն ապահովված կլինի աշխարհի փրկությունը: Այս Ավետարանով է, որ քարոզվում է, թե ոչ ոք իրեն Աստծու թագավորությունից դուրս չպիտի զգա և թե՝ ոչ ոք չպիտի համարձակվի ասելու, որ Ավետարանն իր համար չէ,  քանի որ ամենքն էլ, առանց բացառության, հրավիրված են այդ փրկությանը:

Այդ հրավերքին մասնակցելու համար եթե պայման կա, ապա դա այն է, որ հրավիրյալը պիտի զգա իր կործանված և փրկության կարոտ լինելը: Փրկությունը ձրի է, և այն միմիայն Քրիստոսով է հասանելի: Ով որ իրեն հանձնում է Քրիստոսի բազուկներին, նա կորստյան չի մատնվի: Եկե՛ք, ուրեմն, ո՜վ հավատացյալներ, Նրան հանձնվենք մեր ողջ սրտով ու հոգով և ասենք.

«Փրկի՛չ բոլորի,

Փութա՛ ինձ փրկել

Փորձություններից՝ մեղքերի»:

Ամեն:

 

 

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատորՓարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

14.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․