21 Նոյեմբեր, Եշ, Հինանց պահքի Դ օր
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում բոլոր ժամերգությունները սկսում և ավարտվում են Տերունական աղոթքով (Մատթեոս 6:9-13): Յուրաքանչյուր ժամերգություն նվիրված է Սուրբ Երրորդության մեկ Անձին. «Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ, որ կատարի ի մէջ (Գիշերի, Առաւօտու եւ այլն), ի դէմս (Հօր, Որդւոյն, Սուրբ Հոգւոյն) Աստուծոյ»՝ հիմք ունենալով սաղմոսից մի համար, որ ներկայացնում է ժամերգության կորիզը:
Գիշերային ժամերգությունը օրվա առաջին և ամենաընդարձակ ժամերգությունն է և այսօր կատարվում է վաղ առավոտյան՝ Առավոտյան ժամերգության հետ միասին: Իսկ սկզբնական շրջանում այն կատարվել է կես գիշերին, քանի որ օրը սկսում է գիշերով՝ ըստ Սուրբ Գրքի. «Եվ եղավ երեկո, և առավոտ՝ օր առաջին» (Ծննդոց 1:5): Ինչպես նաև՝ Քրիստոս գիշերը հարություն առավ և գիշերով պետք է լինի մեռելների հարությունը: Ժամը գիշերն է, ինչպես այս ժամին ասված աղոթքների մեջ էլ նկատելի է, երբ Աստծուց խնդրում ենք. «Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել»:
Գիշերային ժամերգության մեջ չկան Տերունական հատուկ հիշատակություններ, թեպետ Տերունական հիշատակությունը Սուրբ Ծնունդն է և այդ ժամին կատարված այլ իրողություններ, որոնք սակայն չեն հիշատակվում: Միայն ընդհանուր կերպով հիշատակվում է մեր անձերն Աստծո խնամքին և պահպանությանը հանձնելու հանգամանքը: Այս ժամի խորհուրդը հոգևոր արթնությունն է:
Գիշերային ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո և նվիրված է Նրա փառաբանությանը: Գիշերային այս ժամի աղոթքը նախամարդու պատվիրանազանցության խորհուրդն ունի, որով նախամարդիկ մերկացան շնորհներից և նրանց բերանները փակվեցին Աստծուն օրհնաբանելուց: Ուստի մենք գիշերը, խոստովանելով մեր մեղքերը, համարձակություն ենք խնդրում Հայր Աստծուց բանալու մեր բերանը և աղոթելու. «Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո» (Սաղմոս 50:17), որը Գիշերային ժամերգության կորիզն է: Այս սաղմոսը կրկնվում է երկու անգամ, որին սարկավագը պատասխանում է. «Օրհնեալ է Աստուած»:
Ժամօրհնողի կողմից արտասանվող «Օրհնութիւն եւ փառք Հօր»-ից հետո սարկավագն ատյանում ասում է «Տէր զի բազում»-ը, որ բաղկացած է չորս սաղմոսից, 64 տներից (Սաղմոս 3:1-8, Սաղմոս 87:1-19, Սաղմոս 102:1-22, Սաղմոս 142:1-12)՝ խնդրելով Աստծո պահպանությունը: Կիրակի և հանդիսավոր օրերին «Տէր զի բազում»-ը երգվում է ատյանում խմբով և հանդիսավոր եղանակով: Այս սաղմոսն ունի երգեցողության յուրահատուկ մեղեդի:
Գիշերային ժամերգության գլխավոր երգերն են.
Ա. «Յիշեսցուք»-ը, որի հեղինակը Ներսես Շնորհալի հայրապետն է: Այս երգը կոչվում է նաև Գիշերապաշտման երգ: Այն Գիշերային ժամասացության մեջ մուտք է գործել 12-րդ դարից Ներսես Շնորհալու ավագ եղբոր՝ Գրիգոր Պահլավունի հայրապետի օրոք: Երգվում է միայն Պատարագի օրերին, երբ անհրաժեշտ է կատարել Հսկումի պաշտոն: Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Ներսես Շնորհալին այս երգը հորինել է Հռոմկլա բերդը պահպանող հայ պահապան զինվորների համար: Երգը բաղկացած է հինգ մասերից:
«Զարթուցեալքս» երգի հեղինակը Շնորհալին չէ, այլ մեկը, որ ներշնչվել է Մանդակունու «Զարթուցեալքս» քարոզից: Այն հետագայում են կցել «Յիշեսցուք»-ին: Երգը երգվում է դաս առ դաս և վերջանում «ամեն» ալելուիաներով:
«Անբաժանելի»-ին ըստ ոմանց նույնպես Շնորհալու հեղինակածը չէ և հետագայում է կցվել «Յիշեսցուք»-ին: Իսկ ըստ ոմանց էլ՝ Շնորհալին է հեղինակը: Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին ձոնված, գեղեցիկ լեզու և խոր աստվածաբանական նկարագիր, հոգեպարար ու հարուստ այս մեղեդին երգվում է Տաղավար տոներին և հանդիսավոր այլ օրերին:
Բ. «Առաւօտ լուսոյ» երգի հեղինակը Ներսես Շնորհալին է: Երգում են կիրակի և տերունական օրերին: Այն կատարվում է ի դեմս Սուրբ Երրորդության և հորդորում է հավատացյալներին հավատքով, հույսով և սիրով զորանալու և Աստծո բարությանը արժանանալու: Պարունակում է դավանական և աստվածաբանական մտածումներ: Հոգեպարար այս երգ-աղոթքը հայ ժողովուրդը սիրով երգել է և՛ եկեղեցում, և՛ ժողովրդական զանազան ծեսերի, հարսանյաց հանդեսների ու այլ խրախճանքների ժամանակ:
Գ. «Աշխարհ ամենայն» երգը Ներսես Շնորհալին հորինել է Գիշերային ժամերգությունը ճոխացնելու նպատակով: Երգը կրում է «Ողբերգութիւն անձին զղջացելոյ եւ բողոք իւրաքանչիւր դիմի խոստովանաբար» խորագիրը: Երգի բովանդակությունը անձի մեղքի ճանաչում է, զղջացող անձի խոստովանությունը: Շնորհալին հորդորում է ապաշխարելու, մեղավոր վիճակից սթափվելու և զղջացած հոգով Աստծո գութը հայցելու: Երգը գրված է հայերեն այբուբենի 36 տառերի հաջորդականությամբ, յուրաքանչյուր տառով երեք տող: Այն երգվում է սրբոց տոներին, ինչպես նաև Տերունի Հիշատակաց օրերին, երբ Պատարագ է մատուցվում (Հիշատակաց օրերը Հինգ Տաղավարների մեռելոցի օրերն են): Երգվում է նաև Պահոց օրերին, երբ մատուցվում է Սուրբ Պատարագ:
«Աշխարհ ամենայն»-ը ծանր եղանակով երգվում է նաև ննջեցյալի դին գերեզմանատուն տանելու ժամանակ:
Ե՛վ «Աշխարհ ամենայն»-ը, և՛ «Առաւօտ լուսոյ»-ն ավարտվում են «Սրբոյ Աստուածածնի բարեխօսութեամբ, յիշեա Տէր եւ ողորմեա» բառերով:
Գիշերային ժամերգության կարևոր մաս են կազմում սարկավագի կողմից ասված հինգը քարոզները, որոնք ժողովրդին ազդարարում են, թե ինչպես պետք է աղոթել (քարոզ նշանակում է նաև մունետիկ, սուրհանդակ, հրավիրակ): Քարոզներից առաջինի՝ «Զարթուցեալքս»-ի և «ԶՔէն գոհանամք» աղոթքի հեղինակը Հովհան Մանդակունին է: Այդ մասին վկայում է Հովհան Օձնեցին իր կանոնների մեջ: Իսկ մնացյալ չորս քարոզները, որ սկսում են «Վասն»-ով և աղոթքները պատկանում են Սուրբ Սահակ Պարթևի գրչին: Այս բոլոր քարոզներն ու աղոթքները Աստծուց խնդրում են գիշերը խաղաղ անցկացնել և առաջիկա օրն Իր կամքի համաձայն ապրել, աղոթում ենք աշխարհի խաղաղության և քրիստոնյաների պահպանության համար:
Հնում ամբողջ սաղմոսագիրքը ընթերցվում էր մեկ օրվա ընթացքում: Սակայն այդ սովորությունը դադարել է: Հայ եկեղեցին սաղմոսները մեկ օրում աղոթել կարողանալու համար հատուկ կարգադրություն ստեղծեց: Ըստ այդ կարգադրության՝ սաղմոսներն ութն անջատ խմբերի բաժանեց: Այդ սաղմոսախմբերը կոչվեցին «կանոն»: Ամեն կանոն պարունակում է 13-29 սաղմոսներ, հավասար երկարությամբ: Հայ եկեղեցին «կանոն»-ները բաժանեց ժամերգությունների մեջ, առաջին երկուսը Գիշերային ժամերգության մեջ զետեղեց, երրորդ ու չորրորդ «կանոն»-ները ՝ Առավոտյան ժամերգության մեջ, իսկ մնացյալ չորսը մյուս ժամերգությունների մեջ զետեղեց: Յուրաքանչյուր կանոն բաժանված է 7 մասի, որոնք կոչվում են գուբղաներ (եբրայական «Կիպուլ» բառն է, նշանակում է չափ, սահման): Իսկ յուրաքանչյուր կանոնի 7-րդ գուբղան կոչվում է «Կանոնագլուխ»: Հովհան Օձնեցին կանոնի 7-րդ գուբղայի բարձրաձայն ասելը նմանեցնում է իսրայելացիների Երիքովի շուրջ 7 անգամ պտտվելուն, որից վեց օրը լռությամբ, իսկ յոթերորդ օրը բարձրաձայն աղաղակելով այն գրավեցին: Մենք էլ յոթերորդ գուբղան բարձրաձայն ենք եղանակում, որպեսզի կործանվեն մեղքերը, որից հետո Աստծուն օրհնություններ ենք մատուցում:
Տերունի և տոն օրերին, երբ մատուցվում է Սբ. Պատարագ, Կանոնագլխից հետո կատարվում է մի «Պաշտոն», որ կազմված է շարականից, սաղմոսից, Ավետարանի ընթերցումից, երգից, փակման մաղթանքից, քարոզից և աղոթքից: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ կարելի է առանձնացնել «Պաշտոն»-ի չորս տեսակ՝ ննջեցյալների, Խաչի, Մեծ պահքի շաբաթ օրերի, երբ Պատարագ պիտի մատուցվի, ինչպես նաև երբ երկու տերունի տոներ զուգադիպվում են: Այս դեպքում տերունիներից մեկի կարգը կատարվում է պաշտոնի փոխարեն:
Օրհնություն կամ հոգևոր երգ գիշերային ժամին երգում ենք հետևյալ խորհրդով՝ ինչպես Մովսես մարգարեն իսրայելացիներին եգիպտական գերությունից ազատեց և հասնելով անապատ՝ Աստծուն օրհնության երգ երգեց, այսպես էլ հավատացյալները, Հիսուսի միջոցով ազատվելով մեղքի իշխանությունից, երգում են օրհնություններ:
Օրհնության շարականին հաջորդում է Մաղթանքը: Մաղթանքները համառոտ աղոթքներ են, որոնք պարունակում են ընդհանուր աղոթքի բացատրություններ և վերապահված են ժամօրհնողին: Տաթևացին վկայում է, որ մաղթանքները կոչվել են նաև «Փառեր», այսինքն՝ փառաբանություն: Գիշերայինի մաղթանքները երեք տեսակ են՝ Տերունի, Սրբոց և Պահոց:
Տերունական տոներին գիշերային ժամերգությունը ավարտվում է «Ալելուիա» երգով, որ ցնծության և օրհնության նշան է՝ շնորհակալություն մատուցելով Տիրոջը, որ կրկին արժանացել ենք մեր կորցրած փառքին: Պահքի և սրբերի տոներին դրա փոխարեն երգում են «Թագաւոր յաւիտեան»-երգերը, որոնցով աղոթում ենք՝ բարեխոս ունենալով հիշատակվող սրբերին:
Օգտագործված գրականության ցանկ՝
1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.
2. Մաղաքիա արք. Օրմանյան, «Ծիսագիտութիւն Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Երուսաղեմ, 1977թ.
3. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.
4. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.
5. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.
6. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.
7. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.
8. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.:
Կազմեց Կարինե Սուգիկյանը