Գիւտ Սուրբ Խաչի

Գիւտ Սուրբ Խաչի | Git Surb Khachi

Խաչի փրկարար ճանապարհն ընտրած սիրելի՛ հավատացյալներ,

Որքա՜ն ողորմած է մեր Երկնավոր Հայրն ու որքա՜ն հոգատար՝ մեր Մայր Եկեղեցին, որ հերթական լուսաշող տոնն են նվիրել իրենց հավատարիմ զավակներին: Այսօր կրկին խնդության մեծ առիթ ունենք, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, քանզի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկչական սուրբ խաչի գտնվելու տոնը:

Խաչելությունից հետո Տիրոջ մարմինը չմնաց խաչի վրա, այլ՝ բարեպաշտ Հովսեփ Արիմաթացու ջանքերով իջեցվեց և դրվեց ժայռափոր նոր գերեզմանի մեջ, որտեղից էլ Տեր Հիսուս Քրիստոս հարություն առավ և այնուհետ համբարձվեց Երկինք ու նստեց Իր Հոր աջ կողմում: Դրանից հետո Մարդացյալ Աստծո կենարար արյամբ սրբված և համայն մարդկության փրկության գործիքը դարձած խաչը երկու անգամ նենգաբար կորսվեց հրեաների կողմից, սակայն երբևէ մոռացության չմատնվեց: Բարձրյալի նախախնամությամբ կենարար խաչափայտն առաջին անգամ առաջին դարում գտնվեց բարեպաշտ Պատրոնիկե, իսկ այնուհետև երկրորդ անգամ չորրորդ դարում՝ Հեղինե թագուհիների կողմից: Եվ որքան էլ հրեաները բազմիցս փորձեցին դրա հրաշագործությունները կուռքերի և չաստվածների վերագրել՝ ոչինչ չստացվեց. «Քրիստոնյաների լույսն» անթաքույց չմնաց, այլ շողաց աստվածային փառքով՝ ևս մեկ անգամ ապացուցելով Պողոս Առաքյալի շուրթերից հնչած այն ճշմարտությունը, թե՝ «Չխաբվեք. Աստված չի ծաղրվում» (Գաղ. 6:7):

Այո, սիրելինե՛ր, որքան էլ նենգ ու խորամանկ լինի թշնամին, որքան էլ բազմաթիվ ու բազմապիսի լինեն նրա լարած ծուղակները, միևնույն է, չեն կարող ծածկել կամ մոռացության մատնել Աստծո փառքն ու զորությունը, քանզի հոգևոր տեսողություն ունեցողը դրանք տեսնում է յուրաքանչյուր քայլափոխի, յուրաքանչյուր պարագայում և չի դադարում փառաբանել Ամենակարողի զորությունն ու գովաբանել Նրա անհատնում ողորմածությունը:

Սիրելի՛ ներկա հավատացյալներ, այսօր մենք էլ ևս մեկ սքանչելի առիթ ունենք մեր փառաբանությունը վերառաքելու առ Ամենակալ Աստված, առ Տեր Հիսուս Քրիստոս, քանզի անցյալ տարի Տիրոջ ողորմությունն ու շնորհը կրկին անգամ հայտնվեցին մեր եկեղեցում՝ բոլորովին անսպասելի և հրաշալի կերպով հայտնի դարձնելով Տիրոջ խաչափայտի և չորս սրբերի մասունքների տեղը, որ տարիներ ի վեր գտնվել էին այս սուրբ հարկի ներքո, սակայն ծածկված էին եղել մարդկանցից: Ուստի, այսօր մեզ համար Խաչի Գյուտի կրկնակի տոն է, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, և ես կցանկանայի, որպեսզի այդ սքանչելի իրադարձությունը առիթ հանդիսանա մեզ համար խորհելու սեփական խաչի գյուտի մասին:

«Ով իր խաչը չի վերցնում ու իմ ետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մտթ. 10:38) զգուշացնում է Տեր Հիսուս Քրիստոս, և նորադարձ քրիստոնյան կամ ավետարանի մեկնությանն անծանոթ ընթերցողն սկսում է տենդագին մտածել, թե ինչ խաչի մասին է խոսքը, առանց որի չի կարող հետևել Աստծուն: Եվ այստեղ օգնության է հասնում Պողոս առաքյալը՝ գաղատացիներին ուղղված իր նամակով, որտեղ ասում է. «Իսկ նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ» (5:24): Այսպիսով, խոսքն ամենևին էլ բառացիորեն խաչի մահով մեռնելու անհրաժեշտության մասին չէ, սիրելի՛ հավատացյալներ, այլ ողջ կյանք ձգվող մի պայքարի, որը բավականին ծանր է, սակայն հաղթահարելի՝ Ամենակարող Աստծո օգնությամբ և շնորհիվ: Զանազան կորուստներ, հիվանդություններ, փորձություններ և այլևայլ տառապանքներ կրող մարդկանցից հաճախ ենք լսում, որ ասում են. «Իմ խաչն է, պիտի համբերությամբ կրեմ»: Եվ իսկապես, հաճախ խաչը մարդուն տրվում է նմանատիպ դժվարությունների տեսքով, որոնք երբեք ինքնանպատակ չեն լինում սակայն, այլ օգնում են սրբվելու այն տարատեսակ կրքերից ու թուլություններից, որոնցով ախտահարված են մեր մեղավոր հոգիները և զարդարվելու այն առաքինություններով, որոնք մոտեցնում են մեզ Անեղծ Աղբյուրին և Աստծո բաղձալի Արքայությանը: Այս մասին Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս առաքինությունները, որոնց վրա պետք է տարածենք մեր ներքին մարդուն. վերին մասը նշանակն է սիրո, ստորինը` խոնարհության, աջը` հնազանդության, իսկ ձախը` համբերության»:

Մարդկանց մեջ երբեմն այնպիսի թյուր կարծիք է ձևավորվում, որ քրիստոնյա և տառապանք բառերը հոմանիշներ են, սակայն, բանականաբար, դա այդպես չէ: Բավական է միայն նայել աշխարհին և կտեսնենք, որ այն լի է տառապանքով՝ անկախ հավատից, սոցիալական դիրքից, սեռից ու տարիքից: Աշխարհն այսօր, ավելի քան երբևէ, ներկվել է տառապանքի գույնով և աշխարհի այսպես կոչված «զարգացմանը» զուգընթաց՝ այն ավելի բարդ ու դժվար մաքրվող երանգներ է ստանում: Աշխարհիկ, անհավատ կամ այլ հավատի տեր մարդիկ զանազան միջոցների են դիմում, մեծամեծ գումարներ ծախսում, աշխարհի տարբեր անկյուններ հասնում՝ ինքնակոչ ուսուցիչներից խորհուրդ հարցնելու և օգնություն ստանալու հույսով, սակայն գիտենք, թե այդ ամենը հաճախ ինչ տխուր վերջաբան է ունենում: Անելանելի թվացող վիճակները մարդկանց հոգեկան շեղումների են հասցնում, հանցագործության և ինքնասպանության դրդում: Եվ այս ընդհանուր մռայլ ֆոնի վրա միակ լուսավոր կետը, որ տեսնում ենք, իր խաչը մեղմ ուրախությամբ կրող քրիստոնյան է, որ լուսավորվում է մշտապես իր կողքին գտնվող միակ Ճշմարիտ Աստծո՝ Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային անշեջ լույսով:

Այո, սիրելի՛ հավատացյալներ, մենք էլ ենք տառապանքներ կրում, հաղթում և երբեմն հաղթվում անդադար մղվող հոգևոր պայքարում, սակայն, ի տարբերություն այն մարդկանց, որոնց համար խաչի գյուտը այդպես էլ չի կայացել, մենք երբեք միայնակ և անհույս չենք խաչի ճանապարհին: Ամենազոր և հաղթանակած Տերն Ինքն է մեր ուղեկիցը և հոգատար օգնականը: Շատ հաճախ, երբ թվում է, թե այլևս ուժասպառ ենք և անզոր՝ կրելու մեր բաժին դժվարությունները, հանկարծ, զարմանահրաշ կերպով զգում ենք, թե ինչպես է թեթևանում մեր բեռն, ու ասես ընդմիջում է հայտարարվում, որպեսզի հանգստանանք մի փոքր և վերականգնենք մեր ուժերը հետագա ընթացքի համար: «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13),- ասում է առաքյալը, ուստի, որքան էլ ծանր թվա մեզ բաժին հասած փորձությունը, որքան էլ պարտություն կրենք մեղքերի դեմ պայքարում, չպետք է երբեք հուսահատվենք, սիրելի՛ հավատացյալներ, և առավել ևս չտրտնջանք ու չանարգենք Աստծուն՝ նախանձելով մեր մերձավորներին և ասելով, թե՝ նրանց բաժին հասած խաչն ավելի թեթև է, քան մերը: Քանզի երբեք չենք կարող իմանալ դիմացինի հոգևոր պատերազմի, ապրումների, զգացած ցավի և ի վերջո՝ յուրաքանչյուրիս սպասվող վարձքի մեծության մասին:

Երբ մտորում էի այս հարցի շուրջ, հիշեցի մի հոդվածում կարդացած զրույցի մասին, երբ հոգևոր ռադիոհաղորդման ժամանակ անկողնուն գամված կաթվածահար մի մարդ էր զանգահարել հոգևորականին՝ հայտնելու, թե ինքն ի՜նչ երջանիկ մարդ է և որքա՜ն է սիրում Քրիստոսին: «Ես փառաբանում եմ Աստծուն, որովհետև անցյալ տարի ընդհանրապես չէի կարող շարժվել,- ասել էր նա:- Բայց այժմ, բժիշկների շնորհիվ, արդեն կարող եմ գլուխս մի փոքր շարժել: Ես փառաբանում եմ Քրիստոսին ու շնորհակալություն հայտնում Նրա սիրո համար, որովհետև եթե նախկինում ճանճը ճակատիս էր նստում, ապա ստիպված էի սպասել մինչև մայրս կամ որևէ մեկը մոտենար ու քշեր, իսկ հիմա ես եմ քշում»: Կարո՞ղ եք ձեզ կամ ձեր հարազատին նման իրավիճակում պատկերացնել, սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Աստված մի՛ արասցե, իհարկե, որ ձեզնից որևէ մեկը նման վիճակում հայտնվի: Սա ասում եմ ուղղակի, որպեսզի սովորենք չտրտնջալ, մեզնից բացի այլ մեղավորներ չփնտրել՝ մեր խաչի ծանրությունը նրա ուսերին դնելու համար, և իհարկե, ամեն պարագայում փառաբանենք մեր Տեր Աստծուն, քանի որ վստահ ենք, որ եթե Ողորմած Աստված թույլ է տվել որևէ տառապանքի միջով անցնել, ուրեմն դա ի օգուտ մեզ է, մեզ ուղղելու, խրատելու, սրբելու և մեր անմահ հոգու փրկության համար է: Արդ, կամենում եմ, սիրելինե՛ր, որպեսզի ուրախանանք մեր սեփական խաչի գյուտով, գիտակցաբար, սիրով և հոժարակամ կրենք Աստծո Միածնի արյամբ սրբված հաղթության զենքը՝ վստահ լինելով, որ այն դեպի սիրող Հայրը տանող միակ ճանապարհն է: Եվ խոսքս ցանկանում եմ Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսի Տիրոջ փրկչական սուրբ խաչին նվիրված գովաբանական սքանչելի տողերով ավարտել. «…տեսակ-տեսակ պարգևներ բաշխող ծա՛ռ և արմատ, որի միջոցով Սիրո Զաստվածային շնորհն աշխարհում տարածվեց ու աղբյուրացավ։ Ամեն կողմ տարածված ոստե՛ր, որ բարձրացաք Գողգոթայի սուրբ ջրերի վրա՝ հովանի դառնալով ողջ աշխարհին։ Երուսաղեմում հայտնված ծիլե՛ր, որ մարդկային քաղցած ցեղին հագեցրիք երկնքից իջած ու ձեզ վրա որպես ընծա մատուցված Հացով։ Փրկության նշա՛ն, որ մերկացած Նախաստեղծին պճնազարդելով փայլեցրիր։ Մեծարելի ծա՛ռ, որ հարստացրիր սնանկացած մարդկությանը։ Ծա՛ռ, որ ուրախություն պարգևեցիր առաջին դառնությունը ճաշակածներիս։ Կյանք պարգևող ծա՛ռ, քեզնով Աստծո իմաստության ծածկված գանձը հայտնվեց և տրվեց մարդկային ցեղին։ Քանզի դո՛ւ, ո՛վ Կյանքի սուրբ ծառ, հրեաների կողմից թշնամանքով տնկվելով՝ աշխարհն ազատեցիր Ադամի անեծքից։ Գեղեցկորեն պարելով քաղցրաձայն գովերգում են քեզ բոլոր ազգերն ու ցեղերը, քանզի դու սուրբ Գողգոթայի վրա կանգնեցիր և պտուղներ տալով՝ դեպի վեր՝ դեպի երկինք բարձրացրիր նրանց, ովքեր ճաշակում են քո փրկավետ ճյուղերի պտուղներից։

Դո՛ւ, ո՛վ սուրբ ծառ, մեղավորների պարտամուրհակը պատռեցիր և երկնավոր Հոր որդեգրությանը կանչեցիր նրանց։ Կանգնեցիր՝ տնկվելով ուրացողների կողմից, և լուսավորելով փրկեցիր հավատացողներին։ Քո միջոցով, ո՛վ անմահագործ ծառ, երկնային դռները հաստատուն կերպով բացվեցին, և քո միջոցով ներքև իջած անմահների զորքերը մարդկանց հետ գովերգում են քեզ»: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

28.10.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․