Գիտություն և հավատք

Գիտություն և հավատք | Gitutyun Ev Havatq

«Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև եթե ճանաչված լիներ, արդարև, փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա Կորնթ 28)։

Այս խոսքը առաքյալի կողմից աշխարհի իմաստության, այսինքն՝ գիտության հասցեին ուղղված ծանր ամբաստանություն է, չնայած որ մենք ամեն օր ականատես ենք լինում գիտության նոր նվաճումներին ու կերտած հաղթանակներին։

Ինչպե՞ս կարելի է ուրանալ արդեն իսկ պատմության սեփականությունը դարձած, աչքի զարնող այն իրողությունները, ըստ որոնց՝ աղետավոր համաճարակների ժամանակ հարուստներն ու բանիմաց մարդիկ քաղաքներից և գյուղերից խուճապահար փախչում ու ապաստանում էին անմատչելի լեռներում, ժանտախտի առջևով քայլում էր սարսափը, տխրությունն ու արհավիրքն էին սավառնում զվարթ ու շեն քաղաքների և գյուղերի վրայով՝ համատարած մահ սփռելով ամենուր։

Սակավ թիվ չէին կազմում այն տներն ու թաղամասերը, որոնց շունչն ամբողջովին մարում էր։ Ծաղկախտն ու մանուկներին պատուհասող համաճարակները «հնձում» էին փոքրիկների կեսից ավելիին, ինչպես ամպրոպն էր կարկտահար անում նռնենու գեղեցիկ ծաղիկները։ Սակայն այսօր մարդկային իմաստության շնորհիվ համաճարակների պատճառով եղած զոհերի թիվը նվազագույնի է հասել։

Տակավին մեկ դար առաջ մարդիկ դատապարտված էին ամիսներով, երբեմն էլ տարիներով ճանապարհորդել ձմռան սառնամանիքների և ամռան հեղձուցիչ տապի ներքո՝ ավազակների, ծովահենների ու ամեն տեսակի վտանգների միջով անցնելով։ Մարդկային իմաստության շնորհիվ ճանապարհորդության երկարատև տաժանքն ու վտանգները խիստ նվազել են։

Շոգեքարշն ու էլեկտրականությունը սքանչելիորեն կատարում են իրենց դերը՝ ուղեգնացությունը դյուրին ու հաճելի դարձնելով մարդու համար։ Ավելի շատ ժամանակ շահելու և մաքուր օդ շնչելու նկատառումներից ելնելով՝ մի քանի տարի անց հասարակ մահկանացուներն անգամ կարող են թռչնի պես սավառնել կապուտակ եթերի ներքո, և օդային թագավորության տիրապետությունը կատարյալ ու ապահով կդառնա։

Մարդկությունը հսկայական նվաճումների է հասել․ քաղաքակիրթ մարդու կյանքի պահանջները բազմակողմանի են։ Առանց գիտական մեթոդների կիրառման ժլատ բնությունը չէր կարողանա բավարարել մարդուն։ Մարդկային իմաստության շնորհիվ անջրդի տափաստանները վերածվել են հուռթի դաշտերի։ Երկրի ընդերքից արտահանվում են հանքանյութեր, որոնք ջեռուցում են, լուսավորում։

Բնության վայրի տարրերի սանձահարումով ստեղծվում են ուժեր, որոնք էլ ի սպաս են դրվում մարդկանց կարիքներին ու հաճույքներին։ Եվ վերջապես, ո՞ր բարիքը թվենք, ո՞ր առավելությունը հիշենք։

Երբ փարատվում է մարդու մտքի վրա դարերով ծանրացած տգիտության մշուշը, ընդլայնվում է մարդկության մտահորիզոնը, և այսօր մարդը լծված է տիեզերքն ամբողջովին տիրապետելու ազնիվ աշխատանքին։ Գեղեցիկի պաշտամունքը հասել է աստվածացման աստիճանի՝ մահկանացուին անգնահատելի և անփոխարինելի հաճույք ու երանություն պարգևելով։

Հնում մի շարք ծանրակշիռ դեմքեր ողբում էին, որ պատմությունը սկսվել է գրի առնվել այն ժամանակ, երբ պատմության խոշորագույն անձինք այլևս ողջ չէին։ Կատարված խուզարկությունների ու պեղումների արդյունքում տեղի ունեցած սքանչելի գյուտերի և արձանագրությունները ընթերցելու շնորհիվ հին ժամանակների էական դեպքերն այսօր բավականին պարզվում են մեր առաջ։

Գիտությունն իսկապես ճոխացրել է մարդկային կյանքը՝ հին աշխարհից հազար անգամ ավելի հոյակերտ ու սքանչելի աշխարհ ավանդելով մեզ։ Գիտությունն, արդարև, ամենալուրջ ոլորտներից մեկն է, և մարդկությունը հպարտ է իր ծոցից դուրս եկած հանճարեղ զավակներով ու երախտապարտ է նրանց։

Գիտության հետ անհաշտ տարրերը մատնանշում են հետևյալ պարագաները․ պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ մարդկանց ձեռքին գիտությունը երկսայրի սուր է դարձել․ այն ձուլում է նաև չարիքի ու մահվան գործիքներ։ Պատերազմի ընթացքում և տակավին այսօր էլ մարդն իր լավագույն ուժերը վատնում է դժոխային զանազան սարքեր պատրաստելու վրա և իր հանճարն առավելագույնս ծառայեցնում է մարդ սպանող գործիքներ ստեղծելու համար։

Աշխարհում այդ ո՞ր գեղեցկությունն իր կեղծված տարբերակը չունի։ Աստծու տված ո՞ր բարիքը մարդիկ չեն զեղծանել։ Արդեն իսկ կյանքը ի՞նչ է, եթե ոչ հակադրությունների և հակասությունների համադրություն։

Գիտության «հակառակորդները» նաև նշում են այն ստույգ իրողությունը, որ մարդիկ որքան ներթափանցում են իրերի խորքերը, այնքան ավելի խոցելի են դառնում։ Տիեզերքը կատարելապես ըմբռնելու համար որքան ուսումնասիրում են այս կամ այն երևույթը, այնքան ավելի անհագ են դառնում ու պրպտում են մինչև իսկ դժոխք իջնելու աստիճան։

Որքան նվաճում են, նրանց մեջ այնքան ավելի է բազմապատկվում տիրապետելու բաղձանքը։ Որքան ավելի են զգում ու ավելի զգայուն դառնում, այնքան ավելի մեծ կսկիծ է ապրում նրանց սիրտը։ Մարդն անկուշտ է կյանքի, աշխարհի վայելքների հանդեպ․ նա հղփացած, շփացած երիտասարդի մոլեգին պահանջմունքներն ունի։

Ահա այդ ամենի հետևանքով է առաջանում իրար խաչաձևվող գաղափարների, վարդապետությունների ու զգացումների հորձանուտը, որը մրրկում է աշխարհը։ Այդ պատճառով էլ ի հայտ են գալիս կյանքի անհարթությունները, որոնք աշխարհը լցնում են դժգոհ մարդկանց լեգեոններով ու այն վերածում են հեղափոխական կրկեսի։

Գիտությունների զարգացումը, կյանքի պայքարը, հասարակական հեղաշրջումը կյանքի բնական ընթացքի արգասիք են և թերևս ոչ միշտ, սակայն եղել են աշխարհի առաջադիմության նախապայմանը։ Այդպես էր երեկ, այդպես է այսօր և նույնը պիտի լինի նաև վաղը։

«Եթե ճանաչված լիներ, արդարև, փառքի Տիրոջը չէին խաչի»։ Այս խոսքը նեղ իմաստով չի ասվել: Առաքյալը շատ լայն ըմբռնում ունի մարդկային կյանքի վերաբերյալ: Նա չի անտեսում գիտության կարևորությունը, երբևէ չի արհամարհում այն, քանի որ ինքն էլ հոյակապ վերլուծող և տրամաբանող միտք ունի: Այլ մատնանշում է հաճախ անտեսվող մի ճշմարտություն՝ կյանքի համեմունքի պակասը՝ նկատի ունենալով հավատքը, հույսը, սերը, որոնց միջոցով միայն պիտի հարթվեն կյանքի հակադրությունները, պիտի փարատվեն մթություններն, ու կյանքը պիտի ներդաշնակվի և այն ժամանակ միայն պիտի գեղեցկանա ու արժևորվի:

Միայն դրական գիտությունն առանձին՝ կարևորություն էր ընծայում մարդու բնածին զգացումներին և երկնքի տակ ավելի կամ պակաս ուժգնությամբ արտահայտվող զգացումների վրա խաչ քաշելով՝ մեզ հրամցնում էր չոր ու ցամաք իրողություններ:

Սակայն ինչպե՞ս կարելի է ջնջել մարդու էության խորքերում Աստծու մատով դրոշմված արդարության զգացումը, միայն որով իսկ մարդիկ զատորոշվում են կենդանիներից: Ինչպե՞ս կարելի է եղծել մարդկանց սրտերում առկա պարտականության և պատասխանատվության զգացումները, առանց որոնց մարդ կզրկվեր արարչագործության պսակը լինելու փառքից:

Ի՞նչ իրավունքով բարի ու ազնիվ էակ կկոչվեր, մարդկությունն ի՞նչ ազդակով պիտի առաջադիմեր, եթե նրա մեջ ապրող մարդասիրության ու կարեկցանքի զգացումը գեթ ցնորք լիներ: Ինչպե՞ս է հնարավոր, որ ճշմարտության անհրաժեշտ թելադրանքը չսահմանվեր կրոնական, բարոյական և գեղագիտական համամարդկային զգացումների կողմից:

Այդ ամենը դո՛ւրս բեր հասարակական կյանքից կամ էլ դրանք ավելորդ համարիր, և կյանքը կտափակի, մարդիկ կիջնեն անասնական աստիճանի, կդառնան իրական գազաններ, ավելի վայրագ, ավելի անագորույն, քան վագրը:

Առաքյալը բացարձակապես իրավունք ուներ, երբ հայտարարում էր, որ աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն, այլապես չէր խաչի փառքի Տիրոջը: Տակավին այսօր էլ «փառքի Տերը» խաչ է հանվում: Աստվածազուրկ այդ գիտությունն էր, որ շղթայազերծեց համաշխարհային պատերազմը, որի հետևանքով և 20 միլիոն երիտասարդ զրկվեց կյանքից:

Աստվածազուրկ այդ գիտությունն էր, որ աշխարհը լցրեց որբերով, այրիներով ու հաշմանդամներով: Աստվածազուրկ այդ գիտությունն էր, որ քաղաքակիրթ երկրների «քրիստոնյա» հորջորջված պետական անձանց թույլ տվեց մեկ միլիոնից ավելի անմեղ զոհերի վրա թքելով՝անտեսել հայկական արդար դատը:

Աշխարհի աստվածազուրկ իմաստությանը հետևող մարդիկ քանդեցին բարոյական աշխարհի հիմքերը, և ներկայումս չկա մի բան, որը կկարողանար լցնել այդ բացված խրամատը:

Երբ գիտությունն իր՝ շոշափելիորեն չըմբռնելու և չտեսնելու պատճառով անտեսում է մարդու մաքուր և փրկարար զգացումները, մարդկային էության խորքերում արձագանքող բնազդներին ու սրտի փոթորկահույզ ալիքների զգացումներին գոհացում չի տալիս և մարդու մեջ միայն զարգացած կապիկի է տեսնում, այդ գիտությունը ոչ միայն միակողմանի գիտություն է դառնում, այլև ստեղծում է հասարակության մեծագույն չարիքը:

Երբ կենսաբանը քննում է մարդու ուղեղը և դրա բջիջների թրթիռից բացի ոչինչ չի նկատում՝ առանց անդրադառնալու տիեզերական այն օրենքին, ըստ որի՝ նյութը նյութ է արտադրում, բայց ոչ երբեք՝ գիտակից ուժ, ուրեմն այդ գիտությունը ո՛չ ճշմարիտ է, ո՛չ էլ բարի:

Երբ բնագետն ուսումնասիրում է բնությունը և եզրակացնում, որ տիեզերքը իմաստուն ճարտարապետ չունի, երբ մանրէաբանը քննում է մարդու ոսկորները և ասում, որ դրանք ոչնչություն են, այդ գիտությունը ևս ոչ ճշմարիտ ու ոչ բարի գիտություն է:

Երբ աստղագետը մտքով սավառնում է երկնքի ոլորտներում և հաշվում աստղերի քանակը, կարկինով չափում է դրանց հեռավորությունը, տարածության մեջ դրանց շարժումն է տեսնում՝ առանց սքանչանալու, առանց հափշտակության և առանց ինքնաբուխ օրհնաբանություն արտաբերելու, դա ևս ճշմարիտ գիտություն չէ, դա ևս բարի չէ:

Երբ իսկապես գիտունն իջնում է մարդու հոգու խորքերը և այնտեղ չի տեսնում ավելի պայծառ մի երկինք, երբ դիտում է մարդու հրաշալի հորինվածքը և այնտեղ չի նկատում Աստծու պատկերը, դա չի կարող ճշմարիտ գիտություն ու բարություն կոչվել:

Երբ պատմագետն աշխարհի իրադարձությունները լոկ դիպվածի արդյունք է համարում, դրանց մեջ չի ցանկանում տեսնել նախախնամության մատը, դա ևս ճշմարիտ գիտություն չէ:

Գիտությունը, հավատքն ու բարոյականությունը պետք է զուգընթաց քայլեն, մտքի ու սրտի պահանջմունքները հավասարապես պետք է բավարարվեն, ուսումը և կրթությունը պիտի ներդաշնակվեն, հակառակ դեպքում միայն աշխարհի իմաստությամբ առաջնորդվելով՝ մարդիկ մշտապես պիտի հալածեն արդարությունն ու խաչեն ճշմարտությունը: Ուսումն ու գիտությունը՝ առանց հավատքի, չարամետ մարդկանց համար ծառայում են միմիայն իբրև չարի հոժարությունները կատարելու միջոց:

Արդյոք Աստծու իմաստությունը չի՞ կարող հաշտ լինել աշխարհի իմաստության հետ: Հիսուս Քրիստոսով, խաչի խորհրդով այդ երկուսը հաշտվում են: Աստծու Որդին մեծ է, Նա մենավորի եղբայրն է, աղքատի բարերարը, վշտահարի մխիթարիչը, տգետի իմաստությունը: «Գոհանում ենք Քեզանից, Հայր, երկնքի ու երկրի Տեր, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մատթ. 11.25):

Միայն քրիստոնեական հավատքն էր, որ հաստատեց մարդկանց եղբայրությունը: Քաղաքական կամ հասարակական որևէ տեսություն չի կարող մարդկանց մոտեցնել իրար և մեկմեկու եղբայրներ դարձնել. դա կարող է անել միայն Քրիստոսի Ավետարանը:

Ով Աստծու գիտությամբ է խոսում մարդկանց հետ, նա մարդկանց սրտից է խոսում: Նայենք պատմությանը. այդ ե՞րբ է եղել, որ մարդիկ ականատես լինեն որևէ իրադարձության, որում Աստված Իր բաժինը չի ունեցել. պատերազմներո՞ւմ, գրի գյուտի՞ ժամանակ, տպագրությա՞ն մեջ, թե՞ այլ գործերում:

Ճշմարիտ է, որ գիտությունը ճոխացնում է մեր կյանքը, ընդլայնում մեր մտահորիզոնը, մեղմում է մեր ֆիզիկական ցավերը, բայց մեր հոգեկան տառապանքները չի ամոքում, չի մխիթարում, ապրելու հաստատուն կանոն ցույց չի տալիս, մեզ նմանների հանդեպ կարեկցանքի ու գթության լավագույն զգացումներ չի արթնացնում մեզանում:

Իսկապես, առանց Աստծու՝ մարդկային իմաստությունը հաճախ իմաստակություն է, քանի որ ամեն բանի հիմքն Աստված է:

Ամենակալից խնդրում եմ, որ Նա աստվածային և մարդկային իմաստությամբ ճոխացնի ամենքիս՝ կյանքի փշոտ արահետով անշեղ քայլելու դեպի բարին, արդարն ու ճշմարիտը. ամեն:

 

Երվանդ եպս. Փերտահճյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

17.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․