Գլխարկը

Մի դերասանուհի, որ անտանելի գլխացավեր ուներ, մոտենում է սրբակյաց մի ծեր վանականի, ով հայտնի էր իր բժշկություններով: Վերջինս ասում է.

- Հանի՛ր գլխարկդ և գլխացավերդ կդադարեն: Ինչո՞ւ ես ամառվա այս շոգ և տոթ եղանակին ձմեռային բրդյա գլխարկ կրում:

Դերասանուհին պատասխանում է.

- Մի՞թե չեք տեսնում. առանց գլխարկի եմ, թեև անհամբեր սպասում եմ, երբ պատեհ ժամանակ կգա, որպեսզի կրեմ իմ ամենասիրելի, թանկարժեք, գայթակղիչ ձմեռային բրդյա գլխարկը:

Ծերունին ասում է.

- Ահա հենց այդ գլխարկի մասին էլ ասում եմ, որը հիմա գլխիդ դրած եկել ես: Դու քո մտքում ես շարունակաբար այն կրում: Դադարիր միևնույն բանն անընդմեջ մտածել, ցանկանալ, իրագործել, որը ստեղծում է կախվածություն և կապվածություն այդ առարկայից կամ իրողությունից: Հիվանդությունդ քեզ ցավ պատճառելով նախազգուշացնում է, որպեսզի փոխես մտածումդ, ցանկությունդ, գործողությունդ:

Կյանքի տարբեր իրադարձություններում այդ «գլխարկը» կարող է լինել մարդու բնավորության, խառնվածքի մեղանչական բնույթի գործողությունները, ցանկությունները, մտածումները, որոնցից մարդը չի կամենում բաժանվել, դրանցով գայթակղվում է և շարունակում դրանք մշտապես ցանկանալ, մտածել և իրագործել: Եվ այս դեպքում հիվանդությունը, իբրև ահազանգ, գալիս է, որպեսզի կասեցնի մարդու հոգում բույն դրած հավիտենապես կործանող մեղքը, որպեսզի մարդու հոգին թերևս հավետ չկորչի, եթե ոչ այս կյանքում, ապա հանդերձյալ աշխարհում:

 

Հովհաննես Մանուկյան

20.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․