Գլխաշոր գործածելու խորհրդաբանութիւնը

Մաս 7-րդ

«Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր. որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց» (Ա. Կորն. 11, 11-12)։

Այս հատուածում Պօղոս առաքեալը յիշեցնում է, թէ կանայք պէտք է լինեն խոնարհ, ինչպէս եւ տղամարդիկ պէտք է լինեն խոնարհ։ Նա յիշեցնում է տղամարդկանց, թէ իրենք չեն գերազանցում կանանց իրենց գլխաւորութեամբ կամ իշխանութեամբ, այլ աւելի շուտ երկու սեռերն էլ ունեն կախում մէկը միւսից, եւ որ երկուսն էլ՝ Աստծուց են։ Որեւէ մէկը չի կարող միւսից աւելի լաւը լինել։ Եդեմի պարտէզում կինը ստեղծուել է տղամարդուց: Բայց Եդեմի պարտէզից յետոյ տղամարդը պիտի ծնուէր կնոջից։ Ոչ մի մարդ չի ծնուել առանց կնոջ։ Այսինքն՝ կինը գոյութիւն չունի առանց այր մարդու ու վերջինս՝ առանց կնոջ ի Տէր. «որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց» (Ա. Կորն. 11, 12)։ Ոչ մէկը չի կարող ասել, թէ ո՛վ է աւելի մեծ, որովհետեւ ամէն բան Աստծուց է։ Այնպէս որ ծածկոյթը պարզապէս նշանակում է ունենալ ամուսնու իշխանութեան նշանը: Եթէ Տէրն արարչութեան սկզբից կարգել է, որ ամուսինը պէտք է իշխի իր կնոջը, ապա այս պատուիրանը չի վերացուել նաեւ Նոր Կտակարանում: Այդ պատճառով է Պօղոս առաքեալն ասում. «Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոս է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած»։ Նոյնը Պետրոս առաքեալն է ասում. «Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի, եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն Խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ։ Թող ձեր արտաքինը զարդարուած չլինի հիւսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբ, ինչ որ շատ աւելի արժէք է ներկայացնում Աստծու առաջ. մի ժամանակ այսպէ՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծու վրայ յոյս դրած կանայք, որոնք հնազանդւում էին իրենց մարդկանց. այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին եւ նրան իր տէրն էր կոչում. եւ դուք նրա զաւակները եղաք. նրանք բարեգործ էին եւ չէին սարսափում եւ ո՛չ մի բանից» (Ա. Պետր. 3, 1-6)։ Առաքեալը նշում է Սառային, որ հնազանդ էր Աբրահամին, ու նրան իր տէրն է կոչում: Պօղոս առաքեալը Տիտոսին գրում է, որ հասուն կանայք խրատեն դեռատի կանանց՝ սիրելու ու հնազանդ լինելու իրենց ամուսիններին, որպէսզի Աստծու խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի (տե՛ս Տիտ. 2, 3-5)։ Երբ կինը Սուրբ Պատարագի ընթացքում աղօթելիս մերժում է քօղով ծածկել իր գլուխը՝ որպէս իշխանութեան նշան հրեշտակների համար, ապա նա անարգում է Աստծու խօսքն ու օրէնքները: Հնազանդուել Աստծու խօսքին, որը վերաբերում է նաեւ գլխի ծածկոցին, կնոջն առաջնորդում է Աստծուն ուղիղ կերպով երկրպագելուն՝ հոգով ու ճշմարտութեամբ: Աստուած ուզում է կնոջ աղօթքը լսել ու տեսնել գլխաշորը գլխին: Եթէ ուզում ենք, որ մեր աղօթքները հասնեն Աստծուն, եւ հաճոյ լինենք Նրան, պէտք է կատարենք Նրա կամքը:

Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն այս առիթով ասում է.   «Քանի որ առաքեալը վերագրել է մեծ առաւելութիւն ամուսնուն՝ ասելով, թէ կինը մարդուց է, նրա համար է եւ նրա իշխանութեան տակ է, որպէսզի չփառաբանի տղամարդկանց չափից աւելի ու չնուաստացնի կանանց։ Տեսէք, թէ ինչ ուղղում է մտցնում՝ ասելով. «Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր»: Մի՛ նշէք ինձ, ասում է, միայն առաջնահերթ օգուտներն ու արարչութիւնը, այլ ուշադրութեամբ հետեւեցէք ու դուք կը տեսնէք, թէ նրանցից իւրաքանչիւրը կախում ունի մէկը  միւսից. կամ, աւելի ճիշդ, ոչ թէ մէկը  միւսից, այլ ամէն բան՝ Աստծուց։ Այս պատճառով ասում է. «Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր. որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց» (Ա. Կորն. 11, 11-12)։  Նա չասաց՝ մարդը կնոջից, եւ կնոջ միջոցով կինը մարդուց, որ մնում է իր ամուսնու հետ։ Սակայն այդ օգուտների նախաձեռնողն ամուսինը չէ, այլ՝ Աստուած։ Հետեւաբար աւելացնում է՝ «եւ ամէն ինչ՝ Աստծուց»։ Այնպէս որ, եթէ ամէն ինչ գալիս է Աստծուց, եթէ Նա դա է կամենում, ուրեմն, հնազանդուի՛ր ու մի՛ հակասիր»[1]։

 

 

[1]     Свт. Иоанн Златоуст, Толкования на 1 Кор. 11:11-12.

      Տե՛ս http://bible.optina.ru/new:1kor:11:11 (առ 11/04/2017)։

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

25.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․