Գլխաշոր գործածելու խորհրդաբանութիւնը

Մաս 3-րդ

«Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի» (Ա. Կորն. 11, 4-5)։

Սա նոյնպէս կապուած է Քրիստոսի մարմնացման հաւատի հետ: Այս ամէնը խորհրդանշում է այն, ինչին հաւատում են ուղղափառ քրիստոնեաները՝ Քրիստոսի մարմնացման եւ Սուրբ Հաղորդութեան խորհրդին: Առաքեալն ասում է մեզ՝  եթէ տղամարդը Սուրբ Պատարագի ընթացքում ծածկի իր գլուխը, նա անարգած կը լինի իր հոգեւոր «գլխին», որ Քրիստոս է: Այլ կերպ ասած՝ այդ տղամարդն անարգում է Քրիստոսին, քանի որ այդ ֆիզիկական արարքով յայտարարում է, թէ Քրիստոս մարմնացած չէր: Կինը, միւս կողմից, ներկայացնում է եկեղեցին, ու պարտաւոր է քօղով ծածկել իր գլուխը, եթէ հաւատում է, թէ Քրիստոս իսկապէս մարմնացաւ. նաեւ ի նշան այն բանի, որ Քրիստոս՝ որպէս Փեսայ, սրբացրեց Իր «Հարս»-ին՝ Սուրբ Եկեղեցուն: «Հարս»-ի գլխի ծածկոյթը՝ որպէս սրբութեան խորհրդանիշ, մեծարում է Քրիստոսին: Նոյնպէս էլ կինն այդ տեսանելի ֆիզիկական նշանով յարգանք է ցուցաբերում իր ամուսնուն, որովհետեւ Քրիստոս եկաւ տղամարդու կերպարանքով: Ուստի ծածկոյթը սրբութեան խորհրդանիշն է, որովհետեւ Քրիստոսի Եկեղեցին սուրբ է. իսկ կինն իր գլխաշորով ներկայացնում է եկեղեցին՝ որպէս Քրիստոսի «Հարս»-ը: Սա խորհրդանիշն է այն բանի, թէ եկեղեցին օժտուած է Քրիստոսի պաշտպանութեամբ: Սա խորհրդանիշն է նաեւ Քրիստոսի եւ եկեղեցու յարաբերութիւնների: Սա ոչ թէ յայտարարութիւն է որեւէ կնոջ սրբութեան մասին, այլ՝ Եկեղեցու: Եկեղեցում կինը պէտք է քօղով գլուխը ծածկի, որովհետեւ ծածկուած գլուխը նշան է սրբութեան: Մովսէսը Սինա լեռան վրայ քօղով ծածկում էր իր երեսը: Իսրայէլացիները տեսնում էին, թէ Մովսէսի երեսը ճառագում էր (տե՛ս Ելք 34, 34)։ Իսկ քրիստոնեայ կնոջ երեսը ճառագում է իր ամուսնու փառքով ու պատուով։ Կինը պէտք է հոգ տանի, որ այդ ճառագումը ողջախոհ ծածկոյթով թաքցուի ուրիշների համար ու տեսանելի լինի իր ամուսնուն եւ ընտանիքին։ Հետեւաբար, քօղը՝ որպէս սրբութեան նշան, կնոջ համար յատուկ առանձնաշնորհում է, երբ նա մտնում է եկեղեցի՝ Աստծուն աղօթելու: Կնոջ համար գլխին քօղ դնելը յիշեցումն է այն բանի, թէ Աստուած կամենում է, որ կինը հնազանդ լինի իր ամուսնուն, եթէ նրանք մէկ մարմին են դարձել սուրբ Պսակի խորհրդով։ Իհարկէ, սա չի նշանակում, թէ կինը պարզապէս ստրուկի պարտականութիւն է ստանձնում տղամարդու առաջ ու չի կարող որեւէ դիտողութիւն անել: Բայց ընտանիքում կարող է լինել միայն մէկ գլուխ, մէկ ղեկավար. եւ Աստուած ասում է, թէ դա պէտք է լինի տղամարդը։ «Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած։ Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի» (Ա. Կորն. 11, 3-5)։ Այս խօսքերի մէջ ոչ մի անհասկանալի բան չկայ: Միայն պահանջւում է հնազանդութիւն, նոյնիսկ եթէ այդ խօսքերը անհասկանալի են ընթերցողի համար: Պօղոս առաքեալն ասում է. «Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ անձով եւ Ապողոսի անձով, որպէսզի մեզնից սովորէք աւելի բան չիմանալ, քան ինչ որ կայ գրուածքներում, որպէսզի ոչ մի մարդ, աւելի քան ընկերը, չգոռոզանայ ընկերոջ վրայ» (Ա. Կորն. 4, 6): «Աւելի բան չիմանալ, քան ինչ որ կայ գրուածքներում» արտայայտութիւնը նշանակում է սեփական երեւակայական թերամտութեամբ գրուածին չաւելացնել որեւէ նենգաւոր իմաստաբանութիւն: Պարզապէս պէտք է հաւատալ ու վստահել Աստծուն: Ճշմարիտ իմաստութիւնը դրսեւորւում է այն ժամանակ, երբ մենք ոչ թէ իմաստակում ենք, այլ հնազանդութեամբ կատարում ենք Աստծու խօսքը:

Հիմա լուսաբանենք ծածկոյթի գաղափարը ընդհանրապէս: Իւրաքանչիւր տուն կամ ճարտարապետական կառուցուածք ունի տանիք: Մենք հասկանում ենք, թէ տանիքը կատարում է պաշտպանիչ դեր եղանակային տարբեր պայմանների՝ անձրեւի, կարկտի, ձեան, ցրտի եւ արեւի դէմքում: Եթէ չկայ տանիք, ուրեմն տան մէջ ապրողները ենթակայ կը լինեն ցանկացած եղանակի հիւանդագին ազդեցութիւններին, իսկ դրա հետեւանքները ակնյայտ են: Բայց եթէ կայ տանիք, ապա մարդն իրեն ապահով է զգում, քանի որ կայ մի ծածկոց, մի պաշտպանութիւն, որը մարդուն կ՚ապահովի պաշտպանութիւն ու յարմարաւէտութիւն: Ֆիզիկական ծածկոյթն իր մէջ կարող է կրել նաեւ փոխաբերական՝ հոգեւոր իմաստ՝ լինի բացասական թէ դրական: Բացասական օրինակ է, երբ Եսայի մարգարէն ասում էր. «Այս լերան վրայ պիտի փչացնի բոլոր ժողովրդների երեսը ծածկող քօղը, ու բոլոր ազգերի վրայ տարածուող ծածկոցը» (Ես. 25, 7)[1]: Ո՞րն է այս «ծածկող քօղը» ու բոլոր ազգերի վրայ «տարածուող ծածկոցը», որ Աստուած պէտք է փչացնի: Իհարկէ, խօսքը դիւական ցանցի կամ մահուան քօղի մասին է, որը բոլոր ազգերը ժառանգեցին Ադամի եւ Եւայի մեղանչումով: Մենք բոլորս, այսօր այս նոյն քօղի տակ լինելով, հեծեծում ենք եւ երկունքի ցաւի մէջ, ենթարկուելով տարբեր տառապանքների, գայթակղութիւնների, հիւանդութիւնների ու մահուան, բայց նաեւ սպասելով Տիրոջ գալստեանը, որ գայ ու փրկի մեր մարմինները մեղքից, դժոխքից, մահից ու սատանայից (Հռոմ. 8, 22-23): Իսկ դրական է, ինչպէս ասում է սաղմոսերգուն. «Իր ծոցում կը պահի, կը պաշտպանի քեզ, եւ դու ապահովութիւն կ՚ունենաս նրա թեւերի հովանու տակ» (Սաղմ. 90, 4): Ուրեմն, Տէրն է մեզ պաշտպանող ծածկոցն ու հոգեւոր տանիքը, որն աւելի յուսալի է, քան որեւէ այլ բան այս աշխարհում:

Հին Կտակարանում հետաքրքիր օրինակներ կան գլխի ծածկոցի մասին: Երբ Աբրահամն ու իր կինը՝ Սառան, մեկնեցին բնակուելու Գերարա, Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է։ Այդ պատճառով գերարացիների արքայ Աբիմելէքը կնութեան առաւ Սառային։ Գիշերն Աստուած Աբիմելէքին երեւաց երազում եւ ասաց, թէ նա մեռնելու է այդ կնոջ պատճառով, որովհետեւ այդ կինն ամուսին ունի: Բայց Աբիմելէքը, որ չէր մերձեցել նրան, Տիրոջն ասաց. «Չէ՞ որ նա ասաց ինձ՝ «Իմ քոյրն է», իսկ սա ասաց ինձ՝ «Իմ եղբայրն է»։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։ Աստուած պատուիրեց Աբիմելէքին, որ կնոջը վերադարձնի իր ամուսնուն՝ Աբրահամին, որովհետեւ նա մարգարէ է եւ նրա աղօթքով Աբիմելէքը կենդանի կը մնայ։ Աբրահամը կարծում էր, թէ իրեն կը սպանեն իր կնոջ պատճառով ու դրա համար իր կնոջն ասաց, որ նա ասի, թէ Աբրահամն իր եղբայրն է։ Յետոյ կարդում ենք, թէ Աբիմելէքը, Սառային դիմելով, ասաց. «Ահա հազար սատեր եմ տալիս քո եղբօրը։ Այն թող պատուի վկայութիւն լինի քեզ եւ քեզ հետ գտնուող բոլոր կանանց համար։ Այսուհետեւ կը պատմես ամբողջ ճշմարտութիւնը» (Ծննդ. 20, 16): Ի՞նչ է նշանակում «այն թող պատուի վկայութիւն լինի» խօսքը: Հին յունարէն, ինչպէս նաեւ արեւմտահայերէն թարգմանութիւններում այսպէս է գրուած. «Ահա՛ եղբօրդ հազար կտոր արծաթ տուի։ Ահա՛ ան քեզի աչքերու ծածկոց ըլլայ՝ բոլոր քեզի հետ եղողներուն ու բոլորին առջեւ»: Իսկ հրէական Թորայի բնագրում գրուած է հետեւեալը. «Ահա՛ հազար կտոր արծաթ եմ տալիս քո եղբօրը։ Իսկ ինքը քեզ ծածկոց լինի բոլորի աչքերի առաջ, որոնք քեզ հետ են ու բոլորի առաջ դու արդարացուած ես»[2]: Եթէ որոշ թարգմանութիւններ ասում են, թէ հազար կտոր արծաթը (սատերը), որ Աբիմելէքը տուել էր Աբրահամին, տուել էր ծածկոցի համար, որով Սառան, գլխին դնելով, արդարացուեց այն մարդկանց աչքերում, ովքեր եկել էին իր հետ, ապա հրէական Թորան այլ կերպ է մեկնաբանում սա, ասելով, թէ այդ ծածկոցը ինքն իսկ Աբրահամն է: Բայց ինչո՞ւ է Աբիմելէքն ասում, թէ ծածկոցը լինի ի ցոյց բոլորի աչքերի: Որովհետեւ ծածկոցը ծառայում էր որպէս տարբերանշան ժողովրդի աչքին. այսինքն՝ նշան էր այն բանի, թէ Սառան ամուսին ունի, եւ իր ամուսինն է այդ պաշտպանիչ ծածկոցը: Բոլոր ամուսնացած կանայք պարտաւոր էին ծածկել իրենց գլուխները, բայց Սառան, Աբրահամի խնդրանքով, հանել էր իր գլխի ծածկոցը, որպէսզի ոչ ոք չմտածի, թէ ինքն Աբրահամի կինն է:

Գլխի ծածկոցը համազօր էր այսօրուայ ամուսնական մատանուն, որը իւրաքանչիւր ժամանակակից ամուսնացած կնոջ ու տղամարդու համար հանդիսանում է որպէս սուրբ Պսակի տեսանելի խորհրդանշանը: Հետեւաբար, եթէ Սառան իր գլխին ունենար ծածկոցը, ապա Աբրահամը չէր կարող ասել, թէ Սառան իր քոյրն է: Աբիմելէքն ասաց, թէ Սառան արդարացուած է իրենց շրջապատող բոլոր մարդկանց առաջ: Սակայն մենք չգիտենք, թէ ի՛նչ էին խօսում մարդիկ Սառայի մասին այն ժամանակ, երբ նա հանել էր իր գլխի ծածկոցը, բայց փաստն այն է, թէ Սառան, երբ նորից ծածկեց իր գլուխը, նա արդարացուեց բոլորի առաջ:

Ուրիշ մի օրինակ է Ռեբեկայի ու Իսահակի հանդիպման պատմութիւնը: Երբ Ռեբեկան տեսաւ Իսահակին ու հասկացաւ, թէ նա է իր ամուսինը, անմիջապէս, առանց յապաղելու, քօղով ծածկեց իր գլուխը՝ այսպիսով ճանաչելով ամուսնու իշխանութիւնն իր վրայ. «Ռեբեկան առաւ քօղն ու գցեց իր վրայ… Իսահակը մտաւ իր մօր՝ Սառայի տունը, առաւ Ռեբեկային, ե սա դարձաւ նրա կինը» (Ծննդ. 24, 63-65):

Սողոմոնի «Երգ Երգոց»-ում կարդում ենք հետեւեալը. «Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին ու վիրաւորեցին ինձ, իսկ պարիսպների պահակները քօղս հանեցին իմ վրայից» (Երգ 5, 8): Հարսի ու Փեսայի յարաբերութիւնները «Երգ Երգոց»-ում խորհրդաբար ներկայացնում են Քրիստոսի ու Եկեղեցու յարաբերութիւնները: Սողոմոն Իմաստունն ասում է, թէ պահակները հանեցին քօղը, որ պահպանում ու պաշտպանում էր քաղաքի պարիսպները: Մինչեւ քօղը հանելը, շրջող պահապանները խփեցին եւ վիրաւորեցին Երուսաղէմի Դստերը: Քօղը, ինչպէս տեսնում ենք, կատարում էր պաշտպանական պարտականութիւն, ինչպէս եւ բոլոր միւս ծածկոցները: Այսօր այդ «քաղաք»-ը մեղքի ու չարութեան աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք: Ու չար ոգիների գնդերն այս աշխարհի պահապաններն ու խնամակալներն են: Սատանան զանազան գայթակղութիւններով եւ այս աշխարհին կերպարանակից անելու միջոցով ցանկանում է Քրիստոսի Եկեղեցուց վերացնել պաշտպանիչ նշանակութիւն ունեցող քօղը: Եւ այնպէս է ստացւում, որ Եկեղեցու անդամներն այսօր աւելի համամիտ են դառնում այս աշխարհին, քան իրենց Տիրոջը: Պօղոս առաքեալն ասում է. «Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է, որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստուած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն» (Ա. Տիմ. 4, 1-3):

Աբրահամի խնդրանքով Սառան իր վրայից հանեց քօղը, որ պահպանում էր իր հոգու պարիսպները, ու դրա համար Աբիսողոմը նրան տարաւ իր պալատը: Ռեբեկան, երբ տեսաւ Իսահակին ու հասկացաւ, թէ նա իր տէրն է, անմիջապէս քօղով ծածկեց իր գլուխը: Բայց Իսահակին ու Ռեբեկային պատահում է նոյն պատմութիւնը, ինչ որ պատահել էր Սառային ու Աբրահամին: Այս երկու պատմութիւններում էլ մեզ համար ուշագրաւ իմաստ կայ:

Պօղոս առաքեալը վերոյիշեալ հատուածում (Ա. Կորն. 11, 4-5) ասում էր. «Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց...»։ Ոմանք այսօր առարկում են, թէ գլխաշորը միայն ամուսնացած կամ ծեր կանանց համար է եւ սա չի վերաբերում կոյսերին։ Երկրորդ դարի քրիստոնէութեան ջատագով Տերտուղիանոսն ասում է. «Ի՞նչ է նշանակում «ամէն կին»-ը, եթէ ոչ իւրաքանչիւր կին իւրաքանչիւր տարիքում, իւրաքանչիւր դիրքում եւ իւրաքանչիւր վիճակում. ամէն կին առանց բացառութեան... Ինչպէս որ «ամէն մարդ» արական սեռից, այդպէս էլ «երիտասարդ» տղաներին արգելուած էր գլխի ծածկոց կրել, նոյնպէս էլ կանայք՝ «ամէն կին» անուան տակ, նաեւ «կոյսերը» պարտաւոր են քօղ դնել»[3]։ Նա պնդում է, թէ բոլոր կանայք պէտք է գլխածածկ լինեն աղօթելիս. ոչ միայն նրանք, ովքեր ամուսնացած են, այլեւ բոլոր կոյսերը: Տերտուղիանոսն ասում է. «Բայց այն տեսակէտը, որ անկարգօրէն նկատւում է բոլոր եկեղեցիներում, թէ կոյսերը պէ՞տք է արդեօք ծածկուեն, անհրաժեշտ է քննարկել, որովհետեւ նրանք, ովքեր կոյսերին թոյլ են տալիս անձեռնմխելիութիւն գլխաշոր կրելու, հանգստանում են դրանով, իսկ առաքեալը չի սահմանափակւում «կոյս» բառով, այլ ասում է «ամէն կին», որ «պարտաւոր է քօղ դնել գլխին»[4]: Տերտուղիանոսը նաեւ ասում էր. «Իսկ եթէ մէկը,- ասում է առաքեալը,- ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները». այնպէս որ արդեօ՞ք կորնթացիներն էլ հասկանում էին նրան: Ի դէպ, կորնթացի կոյսերը մինչեւ օրս ծածկում են իրենց գլուխները: Ինչ որ առաքեալները սովորեցրել էին, իրենց աշակերտները հաստատում են...»[5]։ Նաեւ ասում է. «Ողջ Յունաստանում, ներառեալ նրա որոշ բարբարոս մարզերում, եկեղեցիների մեծամասնութիւնը իրենց կոյսերի գլուխները ծածկուած են պահել: Կան վայրեր այս աֆրիկեան երկնքի տակ, որտեղ այս սովորութիւնը պահպանուած է, որպէսզի աւանդոյթը չվերագրուի միայն յունական կամ բարբարոս հեթանոսութեանը: Բայց ես առաջարկել եմ (որպէս նախատիպ) այն եկեղեցիները, որոնք հիմնադրուել են առաքեալների կողմից կամ էլ առաքելական յաջորդականութեամբ... Իսկ եթէ մէկը,- ասում է առաքեալը,- ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ Աստծու եկեղեցիները։ Այնպէս որ արդեօ՞ք կորնթացիներն էլ հասկանում են նրան: Ի դէպ, կորնթացիները մինչեւ օրս ծածկում են իրենց կոյսերի գլուխները: Ինչ որ առաքեալները սովորեցրել էին, իրենց աշակերտները հաստատում են... Ու քանի որ նրանք ծածկում են իրենց գլուխները հեթանոսների ներկայութեամբ, թող նրանք եկեղեցու բոլոր արարողութիւնների ընթացքում թաքցնեն իրենց կուսութիւնը, ինչ որ արդէն անում են եկեղեցուց դուրս: Նրանք վախենում են օտարներից, թող որ ուրեմն ահով եւ ակնածանքով կանգնեն նաեւ եղբայրների առաջ»[6]:

Ուրեմն «ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը»: «Անպատւում է իր գլուխը» խօսքերը նշանակում է ամօթանք բերել իր վրայ: Ուրիշ թարգմանութիւններում օգտագործւում են «ամօթ», «խայտառակութիւն» կամ «անարգանք» բառերը: Արդեօք կարո՞ղ են անպատւութիւնը, ամօթանքը կամ անարգանքը գեղեցկացնել կնոջը: Անշուշտ, ո՛չ։ Աւելին, Պօղոս առաքեալն ասում է, թէ կինը, երբ աղօթքի կանգնի գլխաբաց, «այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի»: Մէկը կարող է ասել, թէ ի՛նչ սխալ բան կայ գլուխն ածիլուած լինելու մէջ, քանի որ ածիլուած գլուխն աւելի հեշտ է խնամել, քան տառապել մազերը յարդարելով, միշտ լուանալով եւ այլն: Որոշ քրիստոնեաներ առաքեալի հրահանգը ծածկոցի մասին մեկնաբանում են որպէս տեղական միջավայրի մշակոյթին վերաբերող մի աւանդոյթ, որ գոյութիւն ունէր Կորնթոսի եկեղեցում միայն առաջին դարի ընթացքում:

Ինչո՞ւ է առաքեալն ասում՝ «իբր գլուխն ածիլուած լինի»։ Սուրբ Գրքի ժամանակակից մեկնիչները փաստում են, թէ ժամանակին Փոքր Ասիայի հեթանոսական տաճարներում գործում էր ծիսական մարմնավաճառութիւն, եւ այդ մարմնավաճառների գլուխներն ածիլուած էին: Նրանք վկայում են, թէ Կորնթոսում գլխաբաց կանայք նմանեցւում էին այդ մարմնավաճառներին: Օրինակ՝ Աֆրոդիտէի տաճարում կային ածիլուած գլուխներով հազարից աւելի մարմնավաճառներ, որոնց արգելուած էր քօղով ծածկել գլուխները: Եթէ մարմնավաճառը փորձէր իր գլուխը քօղով ծածկել, ընդունելով պատուական կնոջ տեսք, ապա նրան սպասում էր ծանր պատիժ: Դժուար է այսօր յստակ ասել, թէ կա՞յ իրօք որեւէ ապացոյց այն բանի, թէ Պօղոս առաքեալն ուզում էր եկեղեցու կանանց համեմատել այն ժամանակուայ ածիլուած գլխով տաճարային մարմնավաճառների հետ, քանի որ պատմական փաստերի պակաս կայ, թէ կնոջ ածիլուած գլուխը մարմնավաճառների տարբերակիչ նշան էր, կամ թէ Կորնթոսն իսկապէս մարմնավաճառութեան կենտրոն էր։ Բայց գոյութիւն ունեն հռոմէական քանդակուած գետնադամբարանների ու կառոյցների պատերին պատկերուած մարմնավաճառների քանդակներն ու նկարները, ինչպէս նաեւ յոյն փիլիսոփայ, պատմաբան եւ աշխարհագէտ Ստրաբոնի[7] (Strabo) «Geographica» գիրքը, որի մէջ նա վկայում է տաճարային մարմնավաճառութեան մասին, որը կիրառւում էր Կորնթոսում։ Ստրաբոնը վկայում է, թէ՝ «Աֆրոդիտէի տաճարն էլ այնքան առատ էր, որ տղամարդկանց եւ կանանց նուիրատուութիւններով ձեռք է բերել աւելի քան հազար մարմնավաճառներ՝ չաստուածուհուն ծառայելու համար: Եւ սրանց պատճառով քաղաքը միշտ լցուած էր լինում ու դարձաւ հարուստ: Նաւապետներն այստեղ կարող էին վատնել իրենց ամբողջ ունեցուածքը: Ուստի ասացուածք կայ. «Դէպի Կորնթոս ճանապարհորդութիւնն ամէն մարդու բանը չէ»»[8]: Նոյնպէս՝ Ֆ. Ա. Բրոքհաուսի եւ Ի. Ա. Եփրոնի «Հանրագիտարանային բառարան»[9]-ում, Է. Նիւսթրեմի «Աստուածաշնչեան հանրագիտարանային բառարան»[10]-ում եւ Նիկիֆորի վարդապետի «Աստուածաշնչեան հանրագիտարան»-ում կարելի է կարդալ Կորնթոսում գտնուող սիրոյ ու գեղեցկութեան չաստուածուհի Աֆրոդիտէի՝ յայտնի հեթանոսական տաճարի եւ ծառայողների մասին: Նիւսթրեմի հանրագիտարանում գրուած է. «Հարստութիւնը քաղաքը դարձրեց բոլոր չարիքների օջախ: Աֆրոդիտէի տաճարում, որը գտնւում էր լեռան գագաթին, հազարաւոր պոռնիկներ զբաղւում էին անբարոյական կռապաշտութեամբ»: Տաճարի պոռնիկ ծիսակատարուհիների հետ յարաբերուելով՝ տղամարդիկ իրենց պաշտամունքն էին մատուցում Աֆրոդիտէին: Նրանց տարբերանշանն էր իրենց ածիլուած գլուխը, որով ճանաչւում էին Կորնթոսի փողոցներում: Բոլոր պոռնիկներն ածիլում էին իրենց գլուխները, ճիշդ այնպէս, ինչպէս մենք այսօր կարող ենք ճանաչել փողոցի մարմնավաճառներին՝ իրենց խիստ անբարոյական արտաքին պահուածքով ու անպարկեշտ զգեստներով:

Պէտք է հաշուի առնել մի այլ կարեւոր պատճառ Աստուածաշնչից։ Թէեւ առաջին հայեացքից թւում է, թէ այն չի վերաբերում եկեղեցում գլխաշոր գործածելու թեմային, բայց ամէն դէպքում բացայայտում է մի շատ կարեւոր իրողութիւն այն մասին, թէ օրէնքի համաձայն՝ ե՛րբ էր կինը պարտաւոր իր գլուխը բացել Աստծու առաջ: Աւելի հաւանական է, թէ Պօղոս առաքեալը որպէս փաստ հիմնւում էր Աստուածաշնչի այդ հատուածի վրայ, այլ ոչ թէ Կորնթոսի՝ գուցէ անհասկանալի ծագում ունեցող մարմնավաճառների ածիլուած լինելու աւանդոյթի վրայ: Հին Կտակարանում Տէրը Մովսէսին տալիս է օրէնք անառակութեան մէջ կասկածուող կանանց համար (տե՛ս Թուեր 5, 11-22)։ Առաջին հերթին քահանան անհաւատարիմ կնոջ գլխից հանում էր նրա գլխաշորը։ Կարդանք այդ հատուածը. «Քահանան կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, հանի կնոջ գլխաշորը, նրա ձեռքը տայ մեղքը յիշեցնող ընծայաբերումը, խանդի ընծայաբերումը» (Թուեր 5, 18)։ Քահանան այս նզովքը գրի է առնում, ապա գրուածը լուանում է նզովքի յանդիմանութեան ջրի մէջ, եւ երդուեցնելով ամուսնուն դաւաճանող կնոջը՝ այդ ջուրը խմել է տալիս նրան, որպէսզի նզովեալ ջուրը լցուի նրա որովայնում։ Կարծում եմ՝ սա էր գլխաւոր պատճառը, որ առաքեալն ածիլելու համեմատութիւն է անում։ Նա յիշեցնում է Աստուածաշնչի «Թուեր» գիրքը, ուր ցոյց է տրուած, թէ կինն իր գլուխը բացում էր Աստծու առաջ, երբ նա դաւաճանում էր իր ամուսնուն ու դառնում շնացող: Նշանակում է՝ նա այլեւս իր ամուսնու իշխանութեան տակ չէր. հնազանդ չէր ո՛չ իր ամուսնուն, ո՛չ էլ Աստծուն, որ միացրել էր իրենց՝ մէկ մարմին լինելու: Իւրաքանչիւր մարդ, ով կարդում է այս մէջբերման տողերը (Թուեր 5, 18), կարող է տեսնել, որ այստեղ նկարագրւում է, թէ ե՛րբ էր կինը գլխաբաց կանգնում Աստծու առաջ:  Կնոջ գլխի քօղը հանւում էր այն ժամանակ, երբ նրան կասկածում էին ամուսնական դաւաճանութեան մէջ: Այն ժամանակ հնազանդութեան նշանը վերցւում էր նրա գլխից: Իսկ եթէ հարցը կնոջ օգտին էր որոշւում, ապա ամէն բան վերականգնւում էր, ու նա նորից գլխաշոր էր կրում՝ որպէս հնազանդութեան ու հաւատարմութեան նշան: Սա է պատճառը, որ Պօղոս առաքեալը գրում է. «Ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի»: Այլ կերպ ասած, սա նոյնն է, եթէ այդ կինը լինէր անբարոյական: Այսօր այս մասին չեն ուզում խօսել ու հնարում են տարբեր տեսութիւններ՝ եկեղեցուն պարտադրելով մոլորութիւն: Նոյնն անում են նրանք, ովքեր կոչ են անում ներկայիս քրիստոնեայ կանանց սերնդին ապրել ժամանակակից մշակոյթի չարաբնոյթ կանոններով, որ պարտադրում է մեզ այս մեղքի աշխարհը:

Եսայի մարգարէն գրում է, թէ գլխի քօղը հանելը ամօթի նշան էր, երբ խօսում է Բաբելոնի դատաստանի մասին՝ դիմելով քաղդէացիների դստերը. «Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քօղդ, քաշի՛ր մազերդ, մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները» (Ես. 47, 2)։ Ամօթն ու նախատինքը ծածկոցի մերժման պատճառով շատ մեծ է լինելու, քանի որ, ինչպէս ասում է մարգարէն. «Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»» (Ես. 4, 1): Ասում է, թէ ամօթ է լինելու, որովհետեւ նրանք իրենց հացը չէին ուտում ու իրենց զգեստը չէին հագնում: Իրենց հացը չուտելը նշանակում է, թէ շատ քրիստոնեաներ գնում էին ոչ թէ ճշմարտութեան ճանապարհով, այլ ապօրինաբար իւրացնում էին այն ծառայութիւնները, որ Աստուած չէր տուել, եւ կատարում իրենց սեփական կամքը, այլ ոչ թէ Աստծու: Այսինքն՝ եկեղեցում իրենց ճիշդ տեղը չէին զբաղեցնում, որպէսզի Սուրբ Հոգին լիարժէք կատարէր այն գործողութիւնները, որոնք որ ցանկանում էր: Նոյն բանը վերաբերում է կանանց զգեստներին՝ ինչպէս բառացիօրէն, այդպէս էլ հոգեւոր առումով: Բառացիօրէն Մովսէսն ասում էր. «Կինը տղամարդու զգեստ պէտք չէ հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ պէտք չէ հագնի, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ պիղծ է նա, ով անում է այդ բանը» (Երկ. Օր. 22, 5): Իսկ հոգեւոր առումով սա նշանակում է, թէ տղամարդու զգեստը հագնելով՝ կինն իր վրայ է վերցնում տղամարդու իշխանութիւնն ու լիազօրութիւնը՝ այդպիսով մերժելով իր ամուսնու իշխանութիւնն իր նկատմամբ: Իսկ սա նոյնն է, թէ եկեղեցին մերժէր Տիրոջ իշխանութիւնը: Չէ՞ որ սատանան արդէն մի անգամ ապստամբեց եւ այդպիսով իրեն դատապարտեց գեհենի յաւիտենական կրակի տանջանքներին:

Թէեւ գործնականում միայն կնոջ գլուխն է ծածկւում, բայց իրականում Քրիստոսի գլուխը ծածկուած էր Հայր Աստծու առջեւ. եւ ամէն այր մարդու գլուխ ծածկուած էր Քրիստոսի առջեւ։ Ուրեմն, ինչո՞ւ է Աստուած պահանջում, որ իրականում միայն կնոջ գլուխը ծածկուած լինի։ Այս պատուիրանի մէջ իսկապէս ներառնուած է մի շատ խորհրդաւոր սկզբունք։ Բոլորի գլուխները պէտք է ծածկուած լինեն Աստծու առաջ։ Բայց քանի որ Քրիստոսն է իմ գլուխը, ես չեմ կարող ունենալ իմ սեփական գլուխը։ Ուստի, իմ գլուխը պէտք է ծածկուած լինի, քանի որ Քրիստոս է իմ գլուխը։ Աստուած նշանակել է տղամարդուն լինել իր կնոջ գլուխը։ Մեր օրերում, երբ Աստծու իշխանութիւնն անծանօթ եւ անյայտ է այս աշխարհում, Տէրը պահանջում է, որ այդ ընդունուած համակարգը գործի եկեղեցում։ Երբ կինը ծածկում է իր գլուխը, նա կանգնում է Աստծու առաջ՝ ըստ Քրիստոսի ու տղամարդկանց դիրքի։ Տէրն ուզում է, որ կինը ծածկի իր գլուխը՝ արտայայտելու Աստծու տիրապետական տնօրինութեան կարգը երկրի վրայ։ Այս իւրայատուկ արտօնութիւնը տրւում է միայն կնոջը։ Կինը ծածկում է իր գլուխը ոչ թէ պարզապէս իր անձնական ինքնորոշման համար, այլ ներկայացնելու համար Քրիստոսի Խորհրդաւոր Մարմինը՝ Եկեղեցին, այսինքն՝ ամբողջ հաւատաւոր ժողովուրդը։ Կինը ծածկում է իր գլուխը նախ նրա համար, որ կին է. երկրորդ, ներկայացնում է նաեւ տղամարդուն Քրիստոսի առաջ եւ Քրիստոսին՝ Հայր Աստծու առաջ։ Այնպէս որ, երբ կինը քօղով իր գլուխը ծածկում է Աստծու առաջ, դա նշանակն է՝ որպէս թէ Քրիստոս «ծածկում» է իր գլուխն Աստծու առաջ։ Նմանապէս, երբ կինը ծածկում է իր գլուխն իր ամուսնու առաջ, դա նշանակն է՝ որպէս թէ ամուսինը ծածկուած լինի Քրիստոսի առաջ։ Տղամարդն ու կինը պէտք չէ գլուխ լինեն, քանի որ Քրիստոս է գլուխը։ Եթէ գլխաւորութեան կարգի մէջ մէկը գլուխը չծածկի, ապա կը լինեն երկու գլուխներ։ Աստծու եւ Քրիստոսի միջեւ մէկ գլուխը պէտք է լինի «ծածկուած», այդպէս էլ պէտք է մէկ գլուխ ծածկուած լինի տղամարդու եւ կնոջ միջեւ. եւ նոյնը պէտք է լինի Քրիստոսի ու տղամարդու միջեւ։ Ուրիշ խօսքերով, եթէ Աստուած է գլուխը, ապա Քրիստոսը չէ. եթէ Քրիստոս է գլուխը, ապա տղամարդը չէ. եւ եթէ տղամարդն է գլուխը, ապա կինը չէ։ Տէր Աստուած կոչ է անում, որ կինը, իր գլուխն Աստծու առաջ ծածկելով, ցոյց տայ աստուածային տիրապետութեան եւ այս խորհրդաւոր տնօրինութեան պայմանաւորուածութիւնն ու համակարգը։ Ուստի, կանայք պարտաւոր են ունենալ հնազանդութեան նշանն իրենց գլխին։ Աստուած յատկապէս պահանջում է, որ կանայք իրենց գլուխը ծածկեն եկեղեցում։ Տղամարդը պարտաւոր չէ ծածկել իր գլուխը, քանի որ դա ամօթ է իր գլխի համար. չէ՞ որ նա ներկայացնում է Քրիստոսին։

Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «Գուցէ մէկը կը սկսի տարակուսել եւ ինքն իրեն կը հարցնի, թէ ինչո՞ւ է մեղք, եթէ կանայք լինեն գլխաբաց, իսկ տղամարդիկ ծածկուեն: Թէ ո՞րն է այստեղ մեղքը, կարող ես տեսնել հետեւեալից: Ամուսնուն ու կնոջը տրուած են տարբեր նշաններ. մէկին՝ իշխանութիւն, միւսին՝ ենթարկուածութիւն. եւ այն, որ կինը ծածկուի, իսկ ամուսինը լինի գլխաբաց: Եթէ այդպիսիք են նշանները, ուրեմն նրանք երկուսն էլ մեղք են գործում, երբ խախտում են բարեկարգութիւնն ու Աստծու պատուիրանը, երբ ոտնահարում են սեփական սահմանները՝ ամուսինն իջնելով կնոջ նուաստացմանը, իսկ կինն իր տեսքով բարձրանալով ամուսնուց: Եթէ նրանց թոյլատրելի չէ փոխել իրենց հագուստները, այսինքն՝ կնոջը հագնել տղամարդու հագուստ, իսկ ամուսնուն հագնել կանանց հագուստ ու գլխաշոր, ինչպէս ասում է Աստուծաշունչը. «ոչ մի կին պէտք չէ հագնի տղամարդկանց հագուստ, եւ ոչ մի տղամարդ պէտք չէ հագնի կանանց հագուստը» (Երկ. Օր. 22, 5), ապա առաւել եւս անթոյլատրելի է փոխանակել հագուստները: Սա օրինականացուած է մարդկանցով, թէեւ յետոյ հաստատուեց նաեւ Աստծու կողմից։ Իսկ այն գալիս է բնութիւնից. այսինքն՝ որ մէկը ծածկուի, իսկ միւսը չծածկուի: Բնութիւն ասելով՝ ես նկատի ունեմ Աստծու արարչութիւնը: Հետեւաբար, եթէ դու խախտես այդ սահմանները, տե՛ս, թէ որքա՛ն վնաս կարող է առաջանալ: Մի՛ ասա ինձ, թէ այս յանցագործութիւնը չնչին է: Այն ինքն իրենով արդէն մեծ է, քանի որ անհնազանդութիւն է։ Նոյնիսկ եթէ լինէր չնչին, միեւնոյն է, այն մեծ է, որովհետեւ դա վերաբերում է մեծ տեսութիւնների նշանին: Իսկ որ մեծ է, երեւում է այն փաստից, որ մարդկային ցեղում այն արտադրում է բարեկարգութիւն՝ ղեկավարողին ու ենթարկուողին պատշաճ ձեւով ներկայացնելով: Սրան հակառակ՝ վարուողն ամէն բան մատնում է շփոթութեան, զրկում է իրեն պարգեւներից, նուաստացնում է իրեն վերեւից շնորհուած պատիւը ոչ միայն ամուսնուն, այլ նաեւ կնոջը: Չէ՞ որ իր համար էլ մեծ պատիւ է պահպանել իր տեղը, եւ ամօթ է դուրս գալ սահմաններից: Այդ պատճառով էլ առաքեալը երկուսի համար է խօսում. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի» (Ա. Կորն.11, 4-5): Հին ժամանակներում, ինչպէս ասացի, եղել են տղամարդիկ, որ մարգարէանում էին, նաեւ կանայք, որ ունեցել են այդ պարգեւը։ Օրինակ՝ Փիլիպպոսի դուստրերը եւ ուրիշներ նրանցից առաջ եւ յետոյ: Նրանց մասին հին ժամանակներում նոյնպէս մարգարէն ասում էր. «Պիտի մարգարէանան, ձեր որդիներն ու ձեր դուստրերը տեսիլքներ պիտի տեսնեն» (Յովհ. 2, 28)։ Պօղոս առաքեալը հրամայում է, որ տղամարդը միշտ լինի գլխաբաց՝ ասելով. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը»: Իսկ կնոջը հրամայում է ծածկուած լինել բոլոր ժամանակներում, քանի որ երբ ասում է. «Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը», նա այստեղ կանգ չի առնում, այլ աւելացնում է. «Որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի»: Եթէ ածիլուած լինելը միշտ ամօթ է, ապա ակնյայտ է, թէ գլխաբաց լինելն էլ միշտ ամօթ է: Ցոյց է տալիս նաեւ հակառակ գործողութեան անպարկեշտութիւնը եւ ուժեղ յանդիմանում է, երբ ասում է. «Եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը»: Ասում է՝ եթէ դու հրաժարւում ես Աստծու օրէնքով հաստատուած ծածկոցից, ուրեմն հրաժարուիր նաեւ բնութեան տուածից: Բայց մէկը կարող է հարցնել, թէ ինչպէ՞ս կարող է կնոջը անպատւութիւն լինել, եթէ նա հասնում է ամուսնու պատուին: Այդպիսով մենք ասում ենք, թէ նա ոչ միայն չի հասնում, այլ նաեւ կորցնում է իր անձնական պատիւը: Ի վերջոյ, Աստծու կողմից սահմանուած օրէնքներն ու կանոնները խախտելը ու դրանք ոտնահարելը վեհացում չէ, այլ նուաստացում:

Ինչպէս ուրիշի ունեցուածքին ցանկացողը եւ իրեն չպատկանածը յափշտակողը ոչինչ ձեռք չի բերում, այլ ստորանում ու կորցնում է նաեւ այն, ինչ ունէր, ինչպէս, օրինակ, եղել էր դրախտում, այդպէս էլ կինն այս դէպքում իր համար ոչ միայն ձեռք չի բերում իր ամուսնու ազնուականութիւնը, այլեւ կորցնում է իր կանացի պարկեշտութիւնը։ Բացի դրանից՝ միայն դա չէ, որ ամօթալի է իր համար, այլ նաեւ դա ագահութիւն է: Հետեւաբար, նշելով այն, որն անկասկած համարւում է ամօթալի՝ այս խօսքերով. «Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել», վերջապէս իր կողմից ասում է. «Թող քօղով ծածկուի»: Չի ասում «թող աճեցնի մազերը», այլ՝ «թող քօղով ծածկուի»՝ ներշնչելով, թէ ե՛ւ այս, ե՛ւ այն խօսքերը նոյնն են։ Եւ դա ապացուցում է երկու՝ օրէնքի եւ բնութեան կողմից: Ծածկոյթը եւ աճեցրած մազերը, ասում է նոյն բանն են ճիշդ այնպէս, ինչպէս նոյնն են մերկ եւ ածիլուած գլուխը, «որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի»: Բայց մէկը կարող է հարցնել, թէ ինչպէ՞ս են նոյնը, երբ նա ունի բնական ծածկոյթ, իսկ ածիլուածը՝ դա էլ չունի: Մենք ասում ենք, որ նա, ով մերկ գլուխ ունի, իր կամքով մերժեց նաեւ բնական ծածկոյթը։ Իսկ եթէ նա զուրկ չէ մազերից, ապա դա բնութեան գործն է, այլ ոչ թէ նրա: Հետեւաբար, ինչպէս ածիլուածն ունի մերկ գլուխ, այդպէս էլ նա: Այս պատճառով էլ Աստուած հրամայեց բնութեանը՝ գլուխը ծածկել մազերով, որպէսզի կինը, սովորելով բնութիւնից, ինքն էլ ծածկուի»[11]:

 

 

[1]     Աստուածաշնչի Արեւտահայերէն թարգամանութիւններում գրուած է. «Այս լերան վրայ բոլոր ժողովուրդներուն վրայ տարածուած ծածկողցը ու բոլոր ազգերուն վրայ փռուած վարագոյրը բնաջինջ պիտի ընէ»։

[2]     Тора, гл. Ваера XX:15-16.

[3]     Tertullian (A.D. 198) Ante-Nicene Fathers vol. 3, pg. 688.

[4]     Նոյն տեղում, pg. 687.

[5]      Tertullian (A.D. 198) Ante-Nicene Fathers vol. 4, pg. 32-33.

[6]     Church Fathers, "On the Veiling of Virgins" (Tertullian), New Advent, chapter 2.

      http://www.newadvent.org/fathers/0403.htm (առ 9/04/2017):

[7]     Ստրաբոնը (Ք.ա. 64/63 - 24 թթ.) եղել էր Կորնթոսում Ք. ա. 44 թ, ինչը հազուադէպ էր յիշատակւում այն ժամանակաշրջանում, բայց շուտով բազմաթիւ փաստեր յայտնուեցին ամբողջ Բիւզանդական կայսրութիւնում: Գիրքը՝ որպէս լատիներէն թարգմանութիւն, առաջին անգամ  յայտնուեց Արեւմտեան Եւրոպայում՝ Հռոմում, 1469-ին, իսկ առաջին յունական հրատարակութիւնները  տպագրուեցին Վենետիկում 1516-ին: Որպէս այդպիսին՝ «Geographica»-ն հնագոյն աշխարհի տեղեկատուութեան մի արժէքաւոր աղբիւր էր, յատկապէս երբ այս տեղեկատուութիւնը հաստատւում է այլ աղբիւրներով:           

[8]      Strabo, Geography, Book 8, chapter 6, section 20.

[9]      Ф. А. Брокгауз и И. А. Ефрон, "Энциклопедический Словарь".

[10]     Э. Нюстрем, "Библейский Энциклопедический Словарь".

[11]    Свт. Иоанн Златоуст, Толкования на 1 Кор. 11:4-5.

      Տե՛ս http://bible.optina.ru/new:1kor:11:05 (առ 10/04/2017)։

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

27.08.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․