30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Գլխաշոր գործածելու խորհրդաբանութիւնը

Մաս 9-րդ 

«Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները» (Ա. Կորն. 11, 16)։

Ինչի՞ մասին առարկել եւ ի՞նչն է այստեղ վիճելին: Ո՞րն է այն խնդիրը, որ քննարկուեց Պօղոս առաքեալի՝ կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 11-րդ գլխի 1-15-րդ համարներին: Վերոյիշեալ 16-րդ համարը, իհարկէ, վերաբերում է նախորդ 1-15-րդ համարներում: Պօղոս առաքեալն այստեղ պարզապէս նշում է, թէ սխալ է հակառակուել ու պնդել այն ամէնի մասին, ինչ որ արդէն նա հաստատում է նախորդ 1-15-րդ համարներում, երբ բացատրում էր եկեղեցում գլխաշոր գործածելու պատճառներն ու կարեւորութիւնը։ Նա ցոյց է տալիս, թէ նախ՝ քրիստոնեաները չունեն վիճելու սովորութիւն. եւ երկրորդ՝ Աստծու եկեղեցիներում չկայ մէկ այլ սովորութիւն՝ գլուխը քօղով ծածկելուց բացի: Կայ միայն այն մէկը, որ ինքն է առաջարկում եկեղեցուն, որն է՝ կանանց գլխածածք եւ ամուսինների գլխաբաց աղօթելու անժխտելի կարգը: Իսկապէս, բոլոր պատմական փաստաթղթերը ցոյց են տալիս, թէ վաղ եկեղեցում բոլոր կանայք ծածկում էին իրենց գլուխները, իսկ տղամարդիկ կրում էին կարճ մազեր:

Որոշ մարդիկ համոզուած են, թէ կինը պէտք չէ իր գլուխը ծածկի եկեղեցում: Նրանք ընդդիմանում են Պօղոս առաքեալի խօսքերին ու դէմ են այն իրողութեանը, թէ առաքեալն այս հրահանգն ստացել է Տիրոջից եւ իրենց աւանդել: Ի՞նչ է պատասխանում առաքեալն այդպիսիներին։ Նա ասում է. «Մենք չունենք այդպիսի սովորութիւն», որ կանայք եկեղեցում գլխաբաց լինեն: «Մենք» նշանակում է ինքը՝ Պօղոսը ու բոլոր առաքեալները: Չկայ այդպիսի սովորութիւն եւ բոլոր առաքեալների համոզմամբ: Եթէ մէկը դեռ պնդում է հակառակը, ապա առաքեալի պատասխանն է՝ «ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները»:           

Աստուածաշնչի որոշ թարգմանութիւններում այլ կերպ են նշուած Պօղոս առաքեալի հետեւեալ բառերը. «Մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները»։ Սակայն ոմանք, այս խօսքերը չարաշահելով, յաճախ դրանք օգտագործում են՝ ժխտելու 11-րդ գլխի՝ այդ խօսքերին նախորդող առաջին կէսի ամբողջ հատուածը։ Ուրեմն առաքեալն սկզբում գովում է կորնթացիներին՝ սովորութիւնը պահելու համար ու մօտ կէս գլուխ բացատրում է այդ աստուածաբանական կարեւոր սկզբունքը, որ միայն վերջում ասի, թէ իրօք, պէտք չէ պահել այդ սովորութիւնը։ Նման թիւր մեկնաբանութիւնն անհեթեթութիւն է։ Պատշաճ թարգմանութիւնը հետեւեալն է. «Մենք չունենք այլ սովորութիւն»: Այստեղ առաքեալը կորնթացիներին պարզապէս ցոյց է տալիս, թէ սա է այն սովորութիւնը, որ ամենուրեք կիրառում են «Աստծու եկեղեցիները». եւ բացի այս մէկից՝ առաքեալները ուրիշ սովորութիւն չեն ընդունում։

Պօղոս առաքեալը պատուիրեց, որ հաւատացեալները կատարեն իր բոլոր հրահանգները մինչեւ Քրիստոսի գալուստը. «Պատուիրում եմ քեզ Աստծու ներկայութեամբ, որ դու պահես պատուիրանը անբիծ, անարատ մինչեւ յայտնութիւնը Յիսուս Քրիստոսի»: (Ա. Տիմ. 6, 14-15): Այս հատուածը գրուել է նամակի աւարտին, որի մէջ Պօղոս առաքեալը յստակ պահանջում է, որ կանայք եկեղեցում կատարեալ հնազանդութեամբ տղամարդկանց ենթարկուածութեան տակ լինեն (Ա. Տիմ. 2, 9-15): Քանի որ Յիսուս դեռ չի եկել, պէտք է ենթարկուել այդ սահմանափակումներին: Ի դէպ, իւրաքանչիւր մարդ, որն արհամարհում կամ անարգում է ծառայողի եւ իր տիրոջ դրոյթների վերաբերեալ հետեւեալ հրահանգները, գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ. «Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, որպէսզի Աստծու անունն ու վարդապետութիւնը չանարգուի։ Իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ աւելի լաւ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ սիրելի եղբայրներ, որոնք յանձն են առել բարերարութիւնը։ Այս բանն ուսուցանի՛ր եւ յորդորի՛ր։ Իսկ եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չանսայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը, որ աստուածապաշտութեան համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ, խարդախութիւններ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնից հեռացած մարդկանց միջեւ, որոնք շահի աղբիւր են համարում աստուածապաշտութիւնը։ Բայց դու այդպիսիներից հեռո՛ւ պահիր քեզ» (Ա. Տիմ. 6, 1-7): Սրանք ուժեղ խօսքեր են ու վերաբերում են նրանց, ովքեր փորձում են հակասել Պօղոս առաքեալի ուսմունքին, որը ծառայողներից պահանջում է հնազանդութեամբ ենթարկուել իրենց տէրերին: Սա վերաբերում է նրանց, ովքեր ջնջում են աշխատողների ու գործարտէրերի յարաբերութիւնների միջեւ բոլոր սահմանները։ Սա վերաբերում է նաեւ նրանց, ովքեր փորձում են հակառակուել ու մերժել եկեղեցում ու տանը կնոջ՝ տղամարդուն հնազանդ լինելու առաքելական ուսմունքը։ Այդպիսիները գորոզամիտ են, հպարտ, հեռու են ճշմարտութիւնից ու նրանցից անհրաժեշտ է հեռու մնալ։ Տեսնում ենք, թէ որքան լուրջ է այս հարցը: Համաձայն Պօղոս առաքեալի՝ կորնթացիներին ուղղուած նամակի 14-րդ գլխում նշուած իր հրահանգները հոգեւոր փորձութիւն են: Նրանք, ովքեր իսկապէս հոգեւոր են, պէտք է ընդունեն, թէ առաքեալի աւանդած ուսմունքները Տիրոջ պատուիրաններն են. «Իսկ եթէ մէկը ինքն իրեն կարծում է մարգարէ կամ տէր՝ հոգեւոր շնորհի, թող իմանայ, թէ ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են» (Ա Կորն. 14, 37): Նրանք, ովքեր մերժում են այս ուսմունքը եկեղեցում ու տանը կանանց դերի ու դիրքի վերաբերեալ, ապացուցում են, թէ իրենք հոգեւոր չեն:

Աստծու եկեղեցիներն իրենց աշխարհագրական դիրքով տարածուած էին շուրջ հազարաւոր մղոններ հեռու այնպիսի վայրերում, ինչպիսիք են ժամանակակից Իսրայէլը, Թուրքիան, Յունաստանը եւ այլն: Այս բոլոր եկեղեցիներն ունեցել են հրեաների, հեթանոսների ու տարբեր ազգերի մշակոյթների խառնուրդ: Բայց չնայած դրան՝ նրանք բոլորն էլ կիրառում էին գլխաշորը, որը եղել է քրիստոնէական հաւատի խորհրդանիշ, այլ ոչ թէ որեւէ մշակոյթի հետեւանք: Բոլոր առաքեալները համոզուած էին, թէ կինը պէտք է քօղով ծածկուի: Ուրեմն, եթէ այսօր որեւէ եկեղեցի չի հաւատում այս պատուիրանին, Պօղոս առաքեալի պատասխանն է. «Մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները»: Այնպէս որ այս պատասխանը բոլոր նրանց համար է, ովքեր պնդում են, թէ նման սովորութիւն չկայ: Պօղոս առաքեալն ասում է, թէ ոչ մի առաքեալ չի հաստատի հակառակ կարծիքը։ Իսկ եթէ որեւէ մէկը ցանկանում է վիճել, ոչ մի եկեղեցի չի համաձայնի իր այդ տեսակէտին: Հետեւաբար, եկեղեցում եւ աղօթելիս թող մեր կանայք ծածկեն իրենց գլուխները: Ինչո՞ւ: Որպէսզի յայտնեն, թէ Աստուած Իր եկեղեցում ստանում է այն, ինչ չի կարող ստանալ աշխարհում եւ որոշ հրեշտակներից:

Պրոֆէսոր Ռաֆիկ Նահապետեանն իր «Կինը հայոց աւանդական ընտանիքում» աշխատասիրութեան մէջ գրում է. «Հնուց ի վեր մարդկային հասարակութեան մէջ որոշուած են եղել նրա անդամների տեղն ու դիրքը, պարտականութիւններն ու իրաւունքները, որոնք տարբերուել են ըստ սեռային եւ տարիքային պատկանելութեան: Հայ ժողովրդի սովորութային համակարգում կին թէ տղամարդ դաստիարակւում էին իրենց դերին լիարժէք ծառայելու գիտակցութեամբ: Հայ կինը պարտաւոր էր հետեւել ընդունուած աւանդական որոշ չափանիշների` հնազանդութիւն, հաւատարմութիւն, տնային աշխատանքներին նուիրուելու պատրաստակամութիւն, իր նոր ընտանիքի մշակութային միջավայրին յարմարուողութիւն, եւ այլն: Կեանքն ընտանեկան խիստ պայմանների մէջ էր մշակել որոշակի սովորութային օրէնքներ, կանոնակարգումներ, որոնց հետեւում էին սրբութեամբ: Կինը մանկուց դաստիարակւում էր ընտանիքի շահերի պաշտպանութեան եւ հաւատարմութեան ու աւանդոյթների պահպանման, հնազանդութեան ոգով… Հայ իրականութեան մէջ դրանց պահպանմանը, անշուշտ, նպաստել են սոցիալտնտեսական եւ պատմաքաղաքական իրավիճակը, սովորութային իրաւունքը, եկեղեցին… Ամուսնուն հնազանդուելը կնոջ կարեւոր պարտականութիւններից մէկն էր: Այս պարտականութեան հետ սերտօրէն կապուած էր կնոջից հնազանդութիւն պահանջելու ամուսնու իրաւունքը: Այս մասին են վկայում ոչ միայն ազգագրական նիւթերը, այլեւ եկեղեցական գրականութիւնը, ձեռագիր մատեանները[1]: Հայաստանի պատմաազգագրական գրեթէ բոլոր շրջաններում գերիշխել է ընտանիքի նահապետական կենսաձեւը: Նահապետական հայ ընտանիքում գործում էր աշխատանքի սեռատարիքային բաժանման յստակ համակարգ: Նահապետական ընտանիքում կանանց փոխհարաբերութիւնները նուիրապետական բնոյթի էին: Կնոջ հագուստում ամրագրուած արգելքները միտուած էին ընդգծելու նրա հնազանդութիւնը, քօղարկել-ծածկելու կանացիութիւնը, բարեմասնութիւնները, մարմնի՝ աչքի ընկնող հատուածները՝ նրան դարձնելով նուազ գրաւիչ: Ամուսնացած բոլոր կանայք, անկախ տարիքից, իրաւունք չունէին բաց գլխով ման գալու: Կնոջ գլուխը բաց տեսնելն ամօթ էր համարւում ու դատապարտւում հասարակութեան կողմից: Գլխաշորը, աղջկայ տարիքային հասունացման վկայական լինելուց բացի, համարուել է նաեւ նրա խորհրդանիշը: Երեսը քօղով ծածկելը նորահարսի առաջնահերթ պարտականութիւնն էր, որը ծագում էր նշանադրութեան կամ պսակի օրինականացման պահից եւ իր ուժը պահպանել է մինչեւ 20-րդ դարասկիզբը` առաւելապէս սովորութական իրաւունքի ուժով: Այն համապատասխանում էր կանոնական իրաւունքի ոգուն ու սկզբունքներին…[2]: Նամուսը թոյլ չէր տալիս ջահել կնոջը բաց դէմքով երեւալ տղամարդկանց: Եթէ կնոջ վերաբերեալ ասէին` «երեսը բացուած կին է», նոյնն է, թէ ասէին` լիրբ կամ անզգամ է: Երիտասարդ աղջիկներին ու կանանց ընդհանրապէս արգելւում էր կտրել մազերը... Մազերը թաքցնելու սովորոյթի հիմքում ընկած էր այն մտայնութիւնը, թէ հերարձակ, գլխաբաց կինը կարող էր նաեւ դժբախտութեան պատճառ դառնալ: Փաստօրէն, հայոց մէջ ընդունուած բարոյաիրաւական օրէնքները դրոշմ են թողել ոչ միայն ընտանեկան-հասարակական յարաբերութիւններում, կնոջ վարուեցողութեան կանոններում, այլեւ ազդել են հագուկապի, արդուզարդի վրայ: Քօղի կիրառութիւնը կապուած է կնոջ ներփակ կեանքի ու չխօսկանութեան հետ: Թերեւս դա կապուած է նաեւ սեռական արգելքի հետ: Հայ կանայք եկեղեցի, շուկայ գնալիս կամ, առհասարակ, փողոցով քայլելիս ստիպուած էին մինչեւ աչքերը շալերով ծածկուել, որպէսզի չնկատուէր նրանց գեղեցկութիւնը»[3]:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու նախկին Պատրիարք Ալեքսի Առաջինը սիրում էր միշտ յեշեցնել, թէ «սպիտակ գլխաշորերը փրկեցին Ռուս Եկեղեցին»։ Նա ասում էր, թէ այդ սպիտակ գլխաշորերով տատիկները Խորհրդային Միութեան անաստուածութեան ռազմատենչ տիրապետութեան տարիներին իրենց յամառ հաւատով ու գործերով պահպանեցին մեր սուրբ տաճարները: Նրանց ընտանիքները դառնում էին իրական փոքր եկեղեցիներ, ուր երեխաները ժառանգում էին ուղղափառ հաւատի առաջին դասերը: Այս խիզախ ու նուիրեալ տատիկներին, որոնք իրենց ցածր սոցիալական կարգավիճակով շարունակում էին գնալ եկեղեցի, Խորհրդային իշխանութիւնը խիստ չէր հետապնդում՝ յուսալով որ, ի վերջոյ, նրանք պարզապէս պիտի մեռնեն: Բայց սերունդները փոխւում էին, ու «սպիտակ գլխաշորեր»-ը շարունակում էին լրացնել եկեղեցիները, իսկ անաստուած իշխանաւոր ուժերը ստիպուած էին այդ բանի հետ հաշուի նստել: Նոյն բանը կարելի է ասել նաեւ Հայաստանի մեր սիրելի եկեղեցասէր տատիկների մասին, որոնք անաստուածութեան տիրապետութեան տարիներին մեզ սովորեցնում էին «Հայր մեր» աղօթքը՝ լինելով մեր հաւատի առաջին քարոզիչները: Իսկապէս, սա մի կարեւոր դաստիարակութիւն էր: Ի տարբերութիւն նախորդ տարիների` այսօր Հայաստանի եկեղեցիներում գլխաշոր գործածող կանանց եւ աղջիկների թիւը մեծացել է: Բայց չնայած այս հանգամանքին, դեռեւս Պատարագների ժամանակ նկատւում են նոյնիսկ առանց գլխաշորի մասնակցող կանայք։ Այսպէս, գլխաբաց լինելը որոշ եկեղեցիներում ընդունելի է դառնում, իսկ Արեւմուտքի մեր համայնքներում գլխաշորի սովորութիւնն արդէն գրեթէ վերացել է: Որոշ եկեղեցիներում այն ձեւականօրէն կիրառւում է միայն Սուրբ Հաղորդութեան մօտենալու ժամանակ։ Սա յստակ նշան է կրօնական հոգեբանութեան փոփոխութեան ու հաւատի անկման:

Գլխաշոր գործածելու պարտաւորութեան մասին Պօղոս առաքեալի խօսքերը հեգնանքով են հնչում այն կանանց ականջներին, ովքեր չգիտեն քրիստոնէական աւանդոյթներն ու սոցիալական նորմերը: Առաքեալն ասում է. «Եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը». այսինքն՝ եթէ կինը համաձայն չէ ընդհանուր այս տեսակէտին, թէ մազերը պատիւ են իր համար, եւ եթէ նա չի սահմանափակում իրեն որեւէ կանոնի արժանապատւութեամբ, եթէ իր համար միեւնոյն է, ապա թող կտրի իր մազերը կամ էլ լրիւ ածիլի իր գլուխը: Եսայի մարգարէն ասում է, թէ հրեաների մօտ կանանց կտրուած մազերը ծառայում էին որպէս ամօթի ու վշտի նշան (տե՛ս Ես. 3,16-19): Պօղոս առաքեալը, գրելով իր նամակը, շատ լաւ էր ճանաչում կորնթացիներին։ Եւ նման շատ անամօթ մարդիկ կան ոչ միայն հին Կորնթոսում, որ, ինչպէս առաքեալը նշում էր, «դէպի վատթարն են գնում ձեր հաւաքոյթները», այլեւ՝ ամենուրեք, մինչեւ այսօր։ Իսկ եթէ պնդենք, թէ Պօղոս առաքեալի նամակը վերաբերում է միայն Կորնթոսի եկեղեցուն, ուրեմն եւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Սուրբ Հոգու պարգեւները, Տիրոջ Վերջին ընթրիքի կատարման կարգը, եւ այլն, պէտք է պարզապէս թողնել միայն կորնթացիներին: Այդ դէպքում անհասկանալի է, թէ էլ ո՞ւմ է ընդհանրապէս պէտք առաքեալի այս նամակը, եթէ այն միայն կորնթացիների համար էր գրուած: Կորնթացիներին ուղղուած նամակը հասցէագրուած է բոլոր քրիստոնեաներին, որոնք ամենուրեք պաշտում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին: Առաքեալն ինքն է ասում. «Աստծու այդ եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Յիսուսին նուիրուածներիդ, սուրբ լինելու կոչուածներիդ, բոլորի հետ միասին, որոնք ամէն տեղ պաշտում են անունը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ նրանց եւ մեր Տէրն է» (Ա. Կորն. 1, 2)։

Այսօր մեծ մասամբ Արեւմուտքում շատ քրիստոնեայ կանայք կան, ովքեր Սուրբ Խորհրդի ժամանակ չեն ծածկում իրենց գլուխները, բայց սովորեցնում են կիրակնօրեայ դպրոցներում եւ ուրիշներին վկայում են Աստծու մասին: Չէ՞ք կարծում, թէ դա տարօրինակ է, երբ իրենց քրիստոնեայ կոչող շատ մարդիկ ցանկանում են մեծ գործեր անել Աստծու համար, բայց չեն ուզում կատարել երկնաւոր Հօր հրամանները: Յիշենք մեր Տիրոջ նախազգուշական խօսքը. «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է» (Մատթ. 7, 21):

Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «Հետեւաբար դիմադրութիւնը նշան է յամառութեան, ոչ թէ խելամտութեան։ Բայց այստեղ էլ մեղմ սաստում է, եւ միեւնոյն ժամանակ շատ է ամաչեցնում նրանց, ովքեր նրա խօսքերը շատ տպաւորիչ են դարձնում։ Մենք, ասում է, «չունենք այդպիսի սովորութիւն», որ վիճենք, մրցենք ու հակաճառենք։ Չկանգնելով այս խօսքի վրայ՝ աւելացնում է. «Ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները». ներշնչում է, թէ չհնազանդուելով՝ նրանք թշնամութիւն են անում ու դէմ են ամբողջ տիեզերքին։ Բայց եթէ այն ժամանակ կորնթացիները հակասում էին այդ օրէնքին, ապա այժմ այդ ընդունել ու պահպանում է ամբողջ տիեզերքը։ Այդպիսին է Խաչեալի իշխանութիւնը»[4]։

Շատերն են առարկում են, թէ գլխաշորն այսօր անհրաժեշտ չէ կնոջ համար: Նրանք պնդում են, թէ այս ամէնը վերաբերում է միայն կորնթացիներին: Օրինակ՝ ԱՄՆ-ում, այս կամ այն եկեղեցական սկզբունքների դէմ առարկողներից որպէս պատճառաբանութիւն յաճախ կարելի է լսել. «Սա Ամերիկա է, վնաս չունի...»: Երեւի թէ Կորնթոսի մէջ էլ կային այնպիսինները, որոնք նոյն բանն էին պնդում. «Սա Կորնթոսն է, վնաս չունի...»: Եւ այսպէս ասելով՝ շատ սխալներ են ծածկւում ու այսպիսով դուռ է բացւում աւելի մեծ սխալների, եւ այդ սխալները ի վերջոյ անուղղելի են դառնում։ Յակոբ սարկաւագ Տէրեանն իր գրքում յիշեցնում է լուսահոգի Տիրան Արք. Ներսոյեանի խօսքերը, որ ասում էր. «Սատանան երկու անուն ունի. առաջինը սատանայ է, ինչ որ գիտենք, ու կը խորշինք այդ անունէն..., իսկ երկրորդ անունն այնքան մեղմ է հնչում մեր ականջներում, այնքան անմե՜ղ է թւում որ ամենեւին վտանգ չենք տեսնում նրա մէջ։ Այդ երկրորդ անունն է՝ «Վնաս չունի»[5]։ Սարկաւագը նշում է, թէ երբ սխալները ծածկւում են «Վնաս չունի»-ով, դուռ են բացում աւելի մեծ սխալների։ Եւ այնքան ժամանակ, որ այդ «Վնաս չունի»-ները շարունակուեն, այդ սխալները, աւելի պնդանում ու դառնում են անուղղելի։ Եթէ «Վնաս չունի» ասելով կամաց-կամաց ուրանանք մեր աւանդոյթները, ապա ի՞նչ պիտի լինի մեր վերջը։ Տէր Աստուած անաչառ Դատաւոր է, որ յանդիմանում է անզգամներին։ Սարկաւագը նաեւ յիշեցնում է ուղտապանի առակը, որ հաւանաբար ծանօթ է շատերին, թէ ինչպէս ուխտը գիշերով գալիս է եւ իր գլուխը մտցնում իր տիրոջ վրանի մէջ, քանի որ դուրսը ցուրտ էր։ Այդ արտօնութիւնը ստանալուց յետոյ իր առջեւի երկու ոտքերն է մտցնում՝ նոյնպէս արտօնութեամբ։ Յետոյ՝ սապատը եւ ի վերջոյ՝ իր ետեւի ոտքերը, ամբողջութեամբ ներս է մտցնում իր հսկայ մարմինը։ Ապա իր տիրոջը հարուածելով՝ դուրս է շպրտում՝ առարկելով, թէ վրանը շատ նեղ է իրենց երկուսի համար։ Եւ ինչպէս այդ ուղտը, փուլ առ փուլ ներս մտաւ վրան՝ իւրաքանչիւր փուլին արտօնութիւն ունենալով՝ նոյնպէս էլ եւ քօղի մերժումը (եւ սրա նման շատ ուրիշ աւանդոյթներ, որոնց մասին չեմ նշում այստեղ), որ այդ ուղտի նման մուտք է գործել Արեւմտեան երկրների մեր թեմերից ներս, որի հետեւանքները բացատրելու կարիք չկայ։ Քրիստոնէութեան ջատագովներից մէկը՝ անգլեացի յայտնի փիլիսոփայ, արձակագիր եւ բանաստեղծ Ջիլբերթ Քիթ Չեստերթոնը, մի առիթով ասել է. «Եթէ աշխարհը չափազանց աշխարհիկ դառնայ, այն կարող է յանդիմանուել եկեղեցու կողմից, իսկ եթէ եկեղեցին դառնայ աշխարհիկ, ապա այն չի կարող իր աշխարհիկ լինելու համար պատշաճ կերպով յանդիմանուել աշխարհի կողմից»[6]:

Ա. Պ. Լոպուխինի «Բացատրական Աստուածաշունչ»-ն այսպէս է մեկնաբանում Ա. Կորն. 11, 16 համարը. «Հարցնում են՝ առաքեալի համոզմունքը գլխաշորի մասին արդեօք պայմանաւորուած չէ՞ր տեղական ու տեւական պայմաններով: Եւ արդեօք այլ կերպ չէ՞ր մտածի առաքեալը, եթէ ապրէր մեր օրերում Արեւմտեան Եւրոպայում: Մեր պատասխանն այս հարցին բացասական է: Այն հիմքերը, որոնք բերում է առաքեալը, փոխառնուած չեն այն ժամանակի յարաբերութիւններից ու սովորոյթներից, այլ համապատասխանում  են յաւէրժական եւ անփոփոխ փաստերին: Իրօք, կնոջ ֆիզիկական կազմուածքը (Ա. Կորն. 11, 13-15) ե՛ւ այսօր, ե՛ւ յետագայում միշտ նոյնը կը մնայ, ինչպէս եղել է Պօղոս առաքեալի օրերին: Այնուհետեւ, մարդու ստեղծման պատմութիւնը, որի վրայ հիմնւում է առաքեալը (տե՛ս Ա. Կորն. 11, 8-12), եւ հիմա, ինչպէս որ առաքեալի օրերում էր, քրիստոնեաների հայեացքով այն սկզբունքն է, որի վրայ է հիմնւում հասարակական կարգը: Աստծու եւ Քրիստոսի, Քրիստոսի ու տղամարդու, ամուսնու եւ կնոջ միջեւ յարաբերութիւնները էականօրէն չեն փոխուել (Ա. Կորն. 11, 3): Հետեւաբար, կա՛մ պէտք է անհիմն համարել առաքեալի փաստարկները, կա՛մ էլ պէտք է ընդունել դրանց կարեւորութիւնը բոլոր ժամանակաշրջանների համար: Եւ քանի որ չկայ ոչ մի պատճառ ժխտելու վերջինս, հետեւաբար, անհրաժեշտ է հաւատալ, թէ առաքեալը քրիստոնեայ կանանց այժմ եւս կ՚ասէր այն նոյն բանը, որ ասում է քրիստոնեայ կանանց՝ քննարկուող գլխում»[7]:

Յիսուս իր աշակերտներին առակով խօսում է հարսանեաց ընթրիքին հրաւիրուածների մասին՝ ասելով. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց… Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»։ Եւ նա պապանձուեց։ Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում. որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ» (Մատթ. 22, 1-14): Իսկ Ղուկաս աւետարանիչը գրում է, թէ ընթրիքին հրաւիրող տէրն իր ծառաներին ասում է. «Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի» (Ղուկ. 16, 16-24): Բայց այս առակը փոխաբերական իմաստ ունի, որում ներկայ են խորհրդանիշեր եւ այլաբանութիւն, որտեղ երկրայինը վկայում է երկնայինի մասին: Հասկանալի է, թէ այստեղ մարդն առանց հարսանեկան զգեստի պարզապէս չի համապատասխանում իր կոչմանը: Ո՞վ է այն մարդը, որ «հարսանիքի զգեստ չէր հագել»: Նա, ով իր վրայ չունի ողորմութեան, բարութեան ու եղբայրասիրութեան զգեստը. նա, ով ինքն իրեն խաբում է ապարդիւն յոյսով՝ ստանալու երկնքի արքայութիւնը. եւ նա, ով հպարտ է ու բարձր կարծիք ունի իր մասին: Անփոյթ հիւրը նոյնպէս գիտէր, թէ արքայի ընթրիքին պէտք է պատշաճ զգեստով ներկայանալ:  Հրաւէրն ստացաւ, բայց չհագաւ հարսանիքի զգեստը, իր վրայից չհանեց չարութեան եւ ապականութեան զգեստը ու նենգութեամբ մտաւ ընթրիքին մասնակցելու, եւ իր հետ ոչինչ չբերեց Քրիստոսի պատուիրաններից ու բարի գործերից: Նրանք, ովքեր մաքրութեամբ չեն պահպանում սուրբ Աւազանի շնորհիւ ձեռք բերուած անմեղութեան ու սրբութեան զգեստը, դատաստանի օրը կը վտարուեն, ինչպէս ասւում է, «արտաքին խաւարը, այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում, որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»: Ովքե՞ր են առակի անարժանները: Իհարկէ նրանք, ովքեր իրենց կեանքով մերժում են Աստծուն ու Նրա պատուիրանները: Տէր Աստուած Իր մօտ է հրաւիրում բոլորին, սակայն քրիստոնեան պէտք է պատրաստ լինի արժանապէս մասնակից դառնալու հարսանեաց ընթրիքին, որը խորհրդանշում է Սուրբ եւ Անմահ Պատարագը: Ընթրիքը Յիսուսի Մարմնի եւ Արեան ճաշակումն է: Եւ ամէն մարդ պէտք է հարսանիքի զգեստ ունենայ, որը մկրտութեամբ մաքրուած ու վերածնուած հոգու զգեստն է, ինչը խորհրդանիշ է հոգու մաքրութեան: Բայց ի՞նչ կապ ունի սա գլխաշոր կրելու հետ: Չէ՞ որ «հարսանիքի զգեստ»-ն ունի խորը՝ հոգեւոր իմաստ, այլ ոչ թէ պարզ մարմնաւոր զգեստաւորման նշանակութիւն: Սբ. Սիմէօն Աստուածաբանը, մեկնաբանելով առաքեալի խօսքը, գրում է. «Եւ դու կոչուած ես փրկութեան, ուստի ջանա կատարել Աստծու պատուիրանները»: Հետեւաբար, գլխաշորի գործածումը, ինչպէս արդէն տեսանք, Աստծու պատուիրանն է, առաքելական հրաման եւ եկեղեցական օրէնք: Այսպէս էլ գլխաշոր կրելը նոյնպէս Աստծու պատուիրանն է, իսկ այն մերժելը նշանակում է Տէրունական ընթրիքին ներկայանալ առանց հարսանեկան զգեստի։ Որքա՜ն ցնցող կը լինի, եթէ եկեղեցում տեսնենք, որ եկեղեցու պաշտօնեաներն առանց եկեղեցական զգեստների են կատարում ծիսակատարութիւնները: Իսկ ինչո՞ւ չենք զարմանում, երբ տեսնում ենք կնոջը եկեղեցում աղօթքի կանգնած՝ առանց իր «հարսանիքի զգեստ»-ի, որ ցոյց է տալիս իր անհնազանդութիւնը՝ արհամարհելով Աստծու պատուիրանը: Պատարագիչ քահանան իր զգեստաւորմամբ խորհրդանշում է Բանն Աստծու մարմնաւորումը, իսկ կինն իր գլխի քօղով խորհրդանշում է Քրիստոսի խորհրդաւոր Մարմինը՝ Եկեղեցին:

Մարդիկ այսօր ասում են, թէ կանանց գլխաշոր գործածելու, եկեղեցում լուռ մնալու եւ ուսուցանելու արգելքի հրամանները եղել են ընդամէնը առաջին դարի «աւանդոյթներ»: Այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում ու դա մեզ պէտք չէ: Զարմանալին այն է, թէ ինչ-որ Պօղոս առաքեալն անուանում էր Աստծու պատուիրաններ, այսօր մարդիկ կոչում են «աւանդոյթ», իսկ սեփական աւանդոյթները, որոնցով նրանք վերացնում են Աստծու պատուիրանները, համարում են սուրբգրային ճիշդ պատկերացում: Եւ այսպիսով բացարձակապէս չի տրւում որեւէ ուշադրութիւն, որ Պօղոս առաքեալը պնդում էր, թէ այդ հրամաններն իրենը չեն, այլ Աստծու պատուիրաններն են: Բացի դրանից, որեւէ ուշադրութիւն չի դարձւում այն հանգամանքի վրայ, թէ առաքեալը ոչ մի խօսք չի յիշատակում որեւէ «աւանդոյթ»-ի մասին՝ խօսելով աղօթքի ժամանակ կանանց գլուխը քօղով ծածկելու անհրաժեշտութեան մասին: Նա պարզապէս մէջբերում է արարչութեան օրինակը (սկզբում ստեղծուել է մարդը եւ յետոյ կինը): Նաեւ ասում է, թէ կանանց գլխի քօղը նշան է հրեշտակների համար: Ո՞ւր է այստեղ որեւէ «աւանդոյթ»-ի յիշատակում: Աւելին, այն փաստը, որի մասին խօսում է առաքեալը, ըստ էութեան, աւանդոյթի դէմ է, քանի որ մենք պատմութիւնից գիտենք, թէ հին Հռոմում ամուսնացած կանայք ծածկում էին իրենց գլուխները, բայց Յունաստանում, որտեղ Պօղոս առաքեալը գրեց իր՝ կորնթացիներին ուղղուած առաջին նամակը, չկար ոչ մի աւանդոյթ, որ անպայման պարտադրում էր կանանց ծածկելու իրենց գլուխները: Դա պատմական փաստ է, որն անտեսւում է ժամանակակից մեկնաբանների կողմից: Յետոյ գրելով գլխաշոր գործածելու անհրաժեշտութեան մասին՝ Պօղոս առաքեալը տալիս է բնութեան ապացոյցներ, որոնք սովորեցնում են մեզ տղամարդկանց ու կանանց տարբերութեան մասին, եւ, ի վերջոյ, նա դիմում է գլխաշորի գործածման համընդհանուր եկեղեցական գործելակերպին բոլոր քրիստոնէական եկեղեցիներում: Բայց այսօր Աստծու պատուիրանը անուանելով «աւանդոյթ»՝ կանայք եկեղեցիներում համատարած հանեցին իրենց գլխաշորերը (յատկապէս Արեւմուտքի եկեղեցիներում): Աւելին՝ այսօր կանայք որոշ եկեղեցիներում ազատօրէն ուսուցանում են եւ իշխանութիւն բանեցնում տղամարդկանց վրայ, ու նոյնիսկ դառնում են «հովիւներ»: Որքան զարմանալի է, որ հաւատքի նահանջը կատարւում է լուռ համաձայնութեամբ, եւ երբեմն եկեղեցական առաջնորդների, հովիւների, քահանաների, տղամարդկանց ու կանանց հաւանութեամբ ու մասնակցութեամբ: Ու սա ընդամէնը օրինակ է, թէ ինչպէ՛ս են քրիստոնեաներն այսօր Աստծու պատուիրանները չեղեալ համարում ու փոխարինում մարդկային աւանդոյթներով:

Ամփոփելով բոլոր փաստարկները՝ անհրաժեշտ է ընտրութիւն կատարել գլխաշորի վերաբերեալ առաքեալի ներկայացրած բոլոր պատճառների միջից. կա՛մ նրանք անհիմն են, կա՛մ էլ պէտք է նրանց ճանաչել հիմնական՝ բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների համար: Ուրիշ եզրակացութիւն չի կարող լինել: Քանի որ ոչ մի փաստ չկայ, որ հաստատի, թէ այս պատուիրանը միայն տեղական ու ժամանակաւոր բնոյթ ունի. հնարաւոր է ենթադրել, թէ Պօղոս առաքեալը մեր օրերում նոյն բանը կ՚ասէր բոլոր քրիստոնեայ կանանց. «Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Ա. Կորն. 11, 5): Հետեւաբար, քօղի գործածութիւնը, որ ցոյց է տալիս կնոջ հնազանդութիւնն Աստծու հրամանին, վկայութիւն է կարեւոր հոգեւոր երեւոյթների: Չնուազեցնելով տղամարդու ու կնոջ հաւասարութեան դիրքն ու կարգավիճակը Աստծու առաջ՝ գլխաշորը հնազանդութեան վկայութիւն է, որ հոգեւոր աշխարհում տանում է փառքի, իսկ անհնազանդներին տանում է անպատւութեան: Նրանց, ովքեր այսօր չգիտեն գլխաշորի գործադրման բուն խորհրդաբանութիւնը, գլխաշորի մերժումը պէտք չէ մեղք համարել ու դատապարտել, պարզապէս պէտք է բացատրել նրա իմաստն ու նշանակութիւնը: Քրիստոնեայ կանայք, իհարկէ, կարող են տարբեր պատճառներ գտնել գլխաշոր գործածելու համար, բայց ամենակարեւոր պատճառն այն է, ինչ որ Պօղոս առաքեալն է հաստատում, թէ սա Աստծու պատուիրանն է։ Իսկ մեր Տէրն ասում է. «Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները» (Յովհ. 14, 14): Մենք պէտք է միշտ պատրաստ լինենք ու մեր հարսանեաց քօղով սպասենք մեր Փեսային ու խոստացուած հարսանիքին. «Ես՝ Յիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ եւ սերունդ եմ Դաւթից, աստղը առաւօտի, Հոգին եւ Փեսան, որ գալու եմ» (Յայտ. 22, 17), ու հետեւենք սրբուհի Մարիամ Աստուածամօր օրինակին, որ երբէք չի յայտնուել մարդկանց աչքին առանց քօղի: Իսկ նրանց, ովքեր դեռ կարծում են, թէ գլխաշոր կրելը հնացած սովորութիւն է, յիշեցնենք, թէ «Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան» (Եբր. 13, 8):

Սիրելի՛ կանայք, Աստուած չի ցանկանում, որ Իրեն սիրեն պարտադրանքով, ու ստիպուած լինեն գլուխը քօղով ծածկել: Ինչ օգուտ, եթէ մարդ իր սրտում տրտնջայ, դժգոհի կամ ապստամբի: Այս դէպքում գլխի քօղն էլ ծածկոց չի լինի, իսկ սատանան, միեւնոյն է, կը գտնի որեւէ սողանցք ներխուժելու ու վնաս հասցնելու: Իհարկէ, Աստուած լսում է ցանկացած աղօթք. ընդ որում՝ անհրաժեշտ է մշտապէս աղօթել, նոյնիսկ այն իրավիճակում, երբ անձը չունի գլխաշոր եւ կամ հագուստ: Բայց նոյնիսկ տանը աղօթելիս, օրինակ՝ առաւօտեան, երեկոյեան կամ գիշերային աղօթքները մրմնջելով, առաւել ցանկալի է, որ կինը գլխաշոր ունենայ իր գլխին, որովհետեւ արտաքին տեսքն ազդում է հոգու ներքին վիճակին վրայ: Այս պատճառով կինը պէտք է իմանայ ճշմարտութիւնը։ Իսկ թէ ինչպէ՞ս վարուել՝ նա ինքը պէտք է որոշի: «Ամէն ինչ ինձ արտօնուած է»,- ասում է Պօղոս առաքեալը,- «բայց ոչ ամէն բան՝ օգտակար» (Ա. Կորն. 6, 12):

Վերջացնելով այս ուսումնասիրութիւնը՝ կարծում եմ աւելորդ չի լինի որոշ եզրակացութիւններ անել գլխաշոր գործածելու գլխաւոր պատճառների մասին։ Քրիստոնեայ աստուածավախ կինը, երբ կենտրոնանում է երկրպագութեան եւ աղօթքի վրայ, իր գլուխը քօղով ծածկում է հետեւեալ պատճառներով.

Որովհետեւ Աստուած է սահմանել այս պատուիրանը:

Որովհետեւ առաքելական հրահանգ է:

Որովհետեւ արտայայտում է Աստծու տիրապետական տնօրինութեան կարգը երկրի վրայ։

Որովհետեւ Քրիստոսի մարմնաւորման հանդէպ մեր հաւատքի տեսանելի նշանն է։

Որովհետեւ կանանց հանդիսաւոր ծիսական զգեստաւորումն է Սուրբ Հաղորդութեան տըւչութեան ընթացքում ու տեսանելի նշան է Աստծու կողմից սահմանուած անտեսանելի կարգի։

Որովհետեւ խորհրդանշում է Սուրբ Հաղորդութեան՝ Քրիստոսի ճշմարիտ, կենդանի ու կենդանարար Մարմնի եւ Արեան իսկութեան հանդէպ եկեղեցու հաւատամքը։

Որովհետեւ խորհրդանիշ է սրբութեան ու խորհրդանշում է  Քրիստոսի Խորհրդաւոր Մարմինը՝ Եկեղեցին։

Որովհետեւ ունի ներկայացուցչական դիրք եւ իւրայատուկ արտօնութիւն է, որ տրւում է միայն կնոջը՝  ներկայացնելու ամբողջ հաւատաւոր ժողովուրդն ու համայն մարդկութիւնը։

Որովհետեւ ցոյց է տալիս կնոջ պատկանելութիւնը Տիրոջը։      

Որովհետեւ հնազանդութեան, պարկեշտութեան եւ համեստութեան նշան է ամուսնու, հրեշտակներին ու Տիրոջ հանդէպ:

Որովհետեւ խոնարհութիւն է առաջացնում եւ հեռացնում է գայթակղութիւնները ու վանում չար դեւերին:

Որովհետեւ Եւայի շառաւիղը՝ կինը, գլխածածկ է աղօթում իր նախամօր մեղքի պատճառով։

Որովհետեւ խորհրդանիշ է հոգու ազատագրման, հոգեւոր ուրախութեան ու խաղաղութեան, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի քաւչարար Արիւնը, որ քօղարկելով սրբում է մեր մեղքերը։

Որովհետեւ ամօթալի անպատւութիւն է գլխաբաց կանգնել Աստծու առաջ:

Որովհետեւ եթէ կնոջ բնական մազերը պատիւ են իրեն, ուրեմն Աստծու առաջ նա պէտք է իր պատիւը ծածկի մէկ այլ քօղով՝ մեր փառքը հանդիսացող Քրիստոսի՝ հնազանդութեան խորհրդանիշ պատուով։

Որովհետեւ խորհրդանշում է, թէ կինն իր ամուսնու փառքն է, ով ստեղծուած է տղամարդու համար:

Որովհետեւ խորհրդանշում է մարտիրոսների հնազանդութեան հոգեւոր պսակը, շնորհների ու պսակների պատիւը։

Որովհետեւ ընդունելով սբ. Աստուածածնի սրբապատկերի նմանութիւնը՝ Քրիստոսի հետ թագակից է դառնում:

Որովհետեւ կինը պարտաւոր է գլխին քօղ դնել հրեշտակների պատճառով:

Որովհետեւ գտնւում է Աստծու եւ բարի հրեշտակների պաշտպանութեան տակ:

Որովհետեւ լոյսի հրեշտակները վանւուն են, չասելու համար՝ գարշում են կնոջը գլխաբաց տեսնելով։

Որովհետեւ խայտառակում է չար հրեշտակներին եւ ամօթահար անում դեւերին:

Որովհետեւ առաքեալները եւ Աստծու եկեղեցիները չունեն այլ սովորութիւն:

 

 

[1]      Տե՛ս Մ. Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 953, էջ 194բ, 196բ եւ այլն:

[2]     Ղազար Փարպեցուց եւ այլ պատմիչներից, ինչպէս նաեւ ազգագրութիւնից յայտնի է, թէ նորահարսը պարտաւոր էր երեսը ծածկել քօղով, իրաւունք չունէր տղամարդկանց եւ օտարի աչքին երեւալ բաց երեսով, պարտաւոր էր պահպանել հարսնութեան ամօթը (տե՛ս Ղազար Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ թուղթ առ Վահան Մամիկոնեան, Թիֆլիս, 1907, էջ 117-118, 240):

[3]     Պրոֆէսոր Ռաֆիկ Նահապետեան, «Կինը հայոց աւանդական ընտանիքում»։

      Տե՛ս http://hpj.asj-oa.am/2621/1/2009-1(71).pdf (առ 5/04/2017)։

[4]     Свт. Иоанн Златоуст, Толкования на 1 Кор. 11:16.

      Տե՛ս http://bible.optina.ru/new:1kor:11:07 (առ 9/04/2017)։

[5]     Յակոբ սրկ. Տէրեան, «Ո՞ւր կ՚երթայ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին», Երկրորդ տպագրութիւն, 2013, էջ 75։

[6]      G. K. Chesterton Quotes

        https://apprenticeshiptojesus.wordpress.com/2015/06/10/g-k-chesterton-quotes/

        (առ 10/04/2017)։

[7]     А. П. Лопухин, “Толковая Библия”, Комментария на 1 Кор.11:16, Петербург, 1904-1913.

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

07.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․