Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապ

Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապ | Grigor Lusavorchi Mutn I Virap

«Այսօր ժողովուրդք հայաստանեայց աշակերտեալք ճշմարտութեանն ի ձեռն սրբոյն Գրիգորի. Օրհնեցէք զլոյսն անըսկիզբն. բարձր արարէք զնա յաւիտեան»: (Շարակնոց)

 

Սիրելի՛ բարեպաշտ հայրենակիցներ,

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է իր տոնացույցում տեղ գտած կարևորագույն տոներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ: Հայոց առաջին հովվապետի հիշատակը առանձնահատուկ սիրով և ջերմությամբ է պահպանվում հավատավոր հայորդիների սրտերում, քանզի բազմաստվածության կործանարար խավարում խարխափող Հայոց աշխարհի համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եղավ այն անգին կանթեղը, որ բոցավառվեց միակ ճշմարիտ Աստծո՝ Տեր Հիսուս Քրիստոսի սիրո լույսով և աստվածային այդ կենսատու լույսը սփռեց բիբլիական սրբաբույր հողում: Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներն առաջին լուսավորիչները եղան Հայաստան աշխարհում՝ ավետարանական լույսով մաքրելով և մշակելով հայի աստվածադիր բերրի հոգին, իսկ Գրիգոր Լուսավորիչը եկավ այդ հոգում ցանելու Քրիստոսի ավետարանի սերմերը, և իր աստվածանվեր գործունեության առատ պտուղները քաղելու Տիրոջ անսահման ողորմածության շնորհիվ:

Քրիստոսի երկրային կյանքից մոտ երկուսուկես դար էր անցել, երբ Աստծո ապագա երանելին՝ մեկամսյա հասակում իր ստնտուի միջոցով փրկվելով մահից, հայտնվեց Կեսարիայում, որտեղ էլ մկրտվեց, այնուհետև բարձրագույն կրթություն և քրիստոնեական դաստիարակություն ստացավ: Տարիներ անց, աստվածային նախախնամությամբ խաչվեցին նրա և մահվանից փրկված ու Հռոմ տարված մեկ այլ մանկան՝ արքայորդի Տրդատի կյանքի ուղիները, ով արդեն անվանի զորական դարձած, որոշեց վերադառնալ Հայաստան, ազատագրել այն պարսից իշխանությունից և վերադարձնել Հայոց գահը: Արքունական ծառայության անցած Գրիգորը բնականաբար արքայի կողքին էր պատմական այդ կարևոր պահին և բոլորի հետ կիսում էր հաղթանակի պարգևած ուրախությունը: Սակայն երբ Տրդատ Գ Մեծ արքան հեթանոսական տոնախմբություն կազմակերպեց Անահիտի մեհյանում՝ ի նշան գոհության, և իր բոլոր պալատականներին հրամայեց երկրպագություն մատուցել կուռքին, ապագա Լուսավորիչը հրաժարվեց ենթարկվել արքայի հրամանին: «Աստծու պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ»,- եղավ Քրիստոսի նվիրյալ ծառայի պատասխանը հեթանոս արքայի հորդորներին, որոնք անարդյունք մնալով՝ վերափոխվեցին սպառնալիքների: Իր սիրելի զինակցին քրիստոնեությունից հետ դարձնելու և հեթանոսության բերելու զուր ջանքերից հետո արքայի զայրույթն իր գագաթնակետին հասավ և նա շուտով խոսքից գործի անցավ: Ըստ Լուսավորչի վարքագրի՝ պատմիչ Ագաթանգեղոսի, մոլեգնած արքան հրամայում է սոսկալի խոշտանգումների ենթարկել սրբին, որոնք տասներկու չարչարանքների տեսքով են լինում: Սակայն երբ այդ անմարդկային տառապանքներից հետո էլ Գրիգորն անդրդվելի է մնում և չի ուրանում իր պաշտած Քրիստոսին, և ի հավելումն դրա, թագավորն իմանում է նաև, որ նա իր ծնողներին սպանողի որդին է, ապա բազմապատկված մոլեգնությամբ հրամայում է նետել նրան Խոր Վիրապի գուբը, որը իժերով ու կարիճներով էր լեցուն և մահապարտների համար էր նախատեսված: Դեռևս հեթանոս Տրդատը կարծում է, որ այդպիսով գործն ավարտվեց և վերջակետ դրվեց իր երբեմնի սիրելի զինակցի կյանքի պատմությանը, քանի որ դեռևս ոչ ոք կենդանի չէր մնացել ստորգետնյա մռայլ զնդանի մահաշունչ պայմաններում: Սակայն, ինչպես գիտենք, այն, ինչ անհնար է մարդու համար, հնարավոր է դառնում Ամենակարող Աստծո ձեռքերում: Եվ Բարձրյալի հոգածու Աջի ներքո տասնչորս երկար ու ձիգ տարիներ ապրեց Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապի զնդանում: Աղոթեց, ճգնեց և չդադարեց հուսալ Նրան, Ում սիրո համար արիությամբ դիմացավ անտանելի չարչարանքներին՝ մահը նախընտրելով կռապաշտ կյանքից: Աստծո երանելին, Սուրբ Հոգով զորացած, համարձակությամբ քայլեց դեպի վիրապի գերեզմանային խավարը, որպեսզի այնտեղից աստվածային լույսը շողարձակի մարդկային սրտերի պաղ խավարում՝ կենդանության շունչ հաղորդելով դրանց: Եվ հատկանշական է, սիրելի՛ հավատացյալներ, որ հենց Մեծի Պահոց օրերին ենք հիշատակում մեր մեծ հայրապետի չարչարանքները, քանի որ երբ կարդում ենք տասներկու, մեկը մեկից ավելի սահմռկեցուցիչ և դիվական մտքի արգասիք տանջանքների մասին, որոնց ենթարկվեց Աստծո սուրբը և քաջաբար տոկաց ի սեր Քրիստոսի, ապա այն չնչին նեղությունները, որ ինքնակամորեն կրում ենք պահոց այս շրջանում, ոչինչ են թվում դրանց համեմատությամբ: Մեր մարմինները մի փոքր տկարանում են ընդամենը սակավ կերակրի պատճառով, իսկ Լուսավորչի մարմինը արնաքամ էր լինում չարչարանքների գործիքներից: Մենք կրճատում ենք մեր զվարճանքները կամ ժամանակավորապես հրաժարվում դրանցից քառասունութ օր ընդամենը, իսկ Լուսավորիչը մոտ տասնչորս տարի առանց մարդկային ընկերակցության անցկացրեց մահաշունչ գբում: Յուրաքանչյուր անգամ մեր ցանկությունների և Աստծո սուրբ կամքի միջև ընտրություն կատարելիս, մեծ փորձության միջով է անցնում մեր հավատը, քանի որ անվերջ համառում ենք, անդադար երկմտում ու հեշտ ուղիներ փնտրում, իսկ սուրբ Գրիգորն, առանց վայրկյան անգամ տատանվելու, ընտրեց նահատակության ճանապարհը՝ գերադասելով մեռնել հանուն իրեն Կյանք Պարգևողի, քան ապրել՝ հրաժարվելով Նրա ապրեցնող ներկայությունից: Եվ նրա աննկուն հավատքը լիուլի վարձատրվեց Արդար Դատավորի կողմից: Նրա ինքնազոհաբերումը այստեղ արդեն՝ երկրի վրա անթառամ պսակների արժանացավ Բազումողորմ Աստծո կողմից՝ դարձնելով նրան մի ողջ ժողովրդի հավատի հայրը:

Լուսավորիչն անկեղծ էր իր հավատում, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Անկեղծ էր առ Աստված ունեցած իր սիրո մեջ, իսկ մենք, ցավոք, շատ հաճախ փարիսեցիություն ենք անում, և մտքով, խոսքով ու գործով շարունակում զոհեր մատուցել մեր չար սովորությունների ու ցանկությունների կուռքերին: Սուրբծննդյան և Հարության ճրագալույցերին շտապում ենք եկեղեցուց վայրկյան առաջ կրակ տանել մեր տները, մոռանալով, որ այդպես էլ առանց վառելու ենք թողել մեր հոգիների կանթեղները: Մեր քրիստոնյա լինելը սահմանափակում ենք եկեղեցական ծեսերին և պատարագներին մասնակցելով, կարծելով, թե մեծ հերոսություն ենք գործել և կատարել մեր պարտքն Աստծո առջև, սակայն մոռանում ենք, որ մեր արտաքին փայլփլուն շապիկը միայն մեր նմաններին կարող է խաբել, իսկ Տերը մեզնից Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրտի պես անկեղծ հավատով, անսահման նվիրումով, չմարող սիրով ու որդիական խոնարհությամբ լի սրտեր է ակնկալում:

Սիրելինե՛ր, Լուսավորիչը մեծագույն խոնարհությամբ և սիրով կրեց իր խաչը՝ լիովին ապավինելով Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ կամքին, քաջ գիտակցելով, որ ով չի վերցնում իր խաչը և չի գնում Նրա ետևից, արժանի չէ Նրան (Մտթ. 10:38), միևնույն ժամանակ հիշելով առաքյալի այն խոսքը, թե. «Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13): Ուստի, բոլոր չարչարանքներին համբերեց անտրտունջ և Աստված հենց նրա միջոցով կախեց ճշմարիտ հավատի կանթեղը Հայոց Աշխարհի երկնակամարում՝ փրկության լույսը պարգևելով մեզ և լուսավորելով դեպի Երկնային Արքայություն տանող ճանապարհը: Արդ, մենք էլ, որպես մեր մեծ հայրապետի հետնորդներ, խոստանանք այսօր ինքներս մեզ, որ մեր անկեղծ հավատով և անդավաճան սիրով կլցնենք այդ կանթեղը, որպեսզի այն երբեք չմարի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ դարձի ճանապարհին կանգնեցնի համայն հայությանը, որպեսզի մի օր բոլորս միասին աղոթենք Տիրոջը և ասենք.

«Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս,

Արժանավորի՛ր իմ հոգուն կոչման օրը

Ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը

Եվ բարիքների հույսով բնակվել արդարների օթևաններում

Մինչև Քո գալստյան մեծ Օրը,

Եվ ողորմի՛ր Քո արարածներին

Եվ ինձ՝ բազմամեղիս»: Ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

02.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․