Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է

Ողորմածությունն առաքինություններից մեծագույնն ու լուսավորն է՝ աստվածապատկեր մարդ էակին աստվածանման դարձնող, նրան դեպի երկնքի արքայություն առաջնորդող: «Ողորմածությունն արագաթև արծիվ է, երբ սիրով և գթասրտությամբ է արվում»,- ասում է Վ. Այգեկցին: Ուստի ողորմածությունը սիրո և գթասրտության հետ միասին կազմում է բոլոր բարիքների գլուխը: Մարդը ողորմության է մղվում մերձավորի հանդեպ սիրուց, քանի որ առանց սիրո և կարեկցանքի դժվար թե որևէ մեկը կարողանար ողորմություն գործել: Ողորմած մարդն Աստծու պատկերն է երկրի վրա, քանի որ Աստված բարեգութ և ողորմած է Իր արարչության հանդեպ, քաղցրությամբ խնամում ու հոգ է տանում, հայրաբար ողորմում Իր արարչությանը, ուստի Աստվածաշունչն ու Եկեղեցու հոգելույս հայրերն ու վարդապետները խրատում են աստվածապատկեր մարդ էակին իր Արարչի օրինակով լինել մարդասեր և ողորմած, սեր և գութ ցուցաբերել մերձավորի և անգամ օտարի նկատմամբ՝ օգնելով և նեցուկ լինելով նրան ամեն ինչում: «Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է»,- պատգամում է մարդացյալ Աստվածորդին, Ով Իր  երկրային կյանքը մեզ որպես օրինակ ապրեց:

Ավետարանը փաստում է, որ մեր Տերն օգնում էր բոլորին: Նա Իր անհուն և անսահման մարդասիրությամբ ողորմում և ներում էր նույնիսկ անհավատ հրեաներին և Իրեն խաչողներին ու անարգողներին: Ուշադիր լինենք մեզ շրջապատող մարդկանց նկատմամբ, նայենք մեր շուրջը. որքա՜ն մարդիկ այսօր օգնության կարիք ունեն: Նրանց մենք կարող ենք օգնել ոչ միայն նյութապես, այլև բարոյապես, քանի որ ողորմության երկու կերպ գոյություն ունի՝ նյութական և հոգևոր՝ մարդկանց ներելը, նրանց համար աղոթելը, մեղավորներին դարձի բերելը, վշտացածներին մխիթարելը և այլն: Հոգևոր ողորմությունը ոչ պակաս կարևոր է նյութականից: Այն կյանքի կոչելու համար միայն ցանկություն և կարեկցանք, գութ և սեր են պետք: Մինչդեռ մենք շատ հաճախ զլանում ենք անգամ մի անկեղծ ժպիտ պարգևել մարդուն, ուր մնաց սփոփել և մխիթարել, ներել ու աղոթել: Պողոս առաքյալն ասում է. «Աստված մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, ովքեր ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց» (Բ Կորնթ. 1:4): Եվ արդ, եթե Աստված մխիթարում է մեզ, մենք ևս պարտավոր ենք մխիթարել միմյանց ամենայն նեղությունների մեջ: Ինչպե՞ս: Երբ վշտի մեջ է մերձավորը, երբ անհույս տառապում և սփոփանք չի գտնում, մխիթարենք, հուսադրենք, օգնենք նրան մեր ողջ կարողությամբ, աղոթենք նրա համար: Բարոյապես օգնել կկարողանանք վշտացյալին ու տառապյալին միայն այն դեպքում, երբ նրա վիշտը մերը համարենք, և հակառակը, կկարողանանք ուրախանալ դիմացինի ուրախությամբ, երբ կիսենք նրա հետ ուրախությունը: «Երբ սիրենք միմյանց, երբ տանենք միմյանց բեռը, երբ ընկերոջ կարիքները սեփական անձինը համարենք, երբ լաց լինենք լացողների հետ և խնդացողների հետ զվարճանանք, երբ վերացնենք մեր միջից թշնամությունը և լինենք Աստծու որդիներ և Քրիստոսի նման խաղաղարար» (Խ. Անձևացի), ապա այդժամ միայն հաճելի կլինենք Աստծուն: Չէ՞ որ «մեռած է հավատն առանց գործերի» (Հակ. 2:26): Համապատասխանեցնենք մեր գործերը հավատին: Մարդասիրաբար օգնության ձեռք մեկնենք չքավոր և կարոտյալ մեր եղբայրներին,  ինչպես կարող ենք: Սիրո ավետարանիչ Հովհաննես առաքյալը զգուշացնում է, որ «Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ և փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ» (Ա Հովհ. 3:17): «Մի բաժակ ջուր կարո՛ղ ես տալ, կարո՛ղ ես այցելել հիվանդին: Այս ամենը Աստված կընդունի որպես մեծ ողորմություն»,- ասում է Վ. Այգեկցին: Ի վերջո, գիտակցենք, որ կարոտյալների, նեղյալների նկատմամբ ողորմած գտնվելով՝ մարդը հատուցում է Աստծու հանդեպ իր ունեցվածքի պարտքը, քանի որ մարմնավոր բարիքներն Աստված է մեզ պարգևել, ուստի դրանք միջոց են հանդիսանում հոգևորը, անանցը ձեռք բերելու համար, ինչպես Սողոմոն Իմաստունն է ասում. «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, և ըստ նրա տվածի էլ՝ Աստված պիտի հատուցի նրան» (Առակ. 19:17): Այդ կերպ մենք երկնքում ենք ամբարում գանձերը և անիրավ մամոնայից բարեկամներ շահում՝ որպես հավիտենական պաշար (հմմտ. Ղուկ. 16:9): Ուրեմն գիտակցելով, որ պանդուխտ ենք երկրի վրա, ժամանակ առ ժամանակ մեր բուն հայրենիք՝ երկինք առաքենք բարեգործությունների գանձերը, որպեսզի ուր մեր գանձերն են, այնտեղ և մեր սրտերը լինեն (հմմտ. Մատթ. 6:21):

«... Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5:7), սակայն «Երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև...» (Մատթ. 6:2), նաև՝ «Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք..., այլապես վարձ չեք ընդունի» (Մատթ. 6:1):

Այսպիսիների մասին Տերն ասում է, որ «մարդկանցից տրված փառքն ավելի սիրեցին, քան Աստծուց տրված փառքը» (Հովհ. 12:43): Ուրեմն խիստ դատապարտելի է ի ցույց մարդկանց, ի փառս իր անձի ողորմություն կատարելը: Ողորմությունն այնժամ է ընդունելի, երբ կատարվում է գաղտնաբար, ծածուկ, զվարթությամբ և արդար վաստակից: Ճշմարտապես ողորմելով աղքատներին ու տնանկներին՝ մաքրվում ենք նաև մեր ներգործական մեղքերից՝ ըստ Դանիել մարգարեի՝ Նաբուգոդոնոսոր արքային ուղղված հետևյալ խոսքի. «Քո մեղքերը քավի՛ր ողորմությամբ, և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով» (Դանիել 4:24): Եվ արքան անսաց մարգարեի հորդորին: Երանի՜ թե մերօրյա մեծահարուստներն ու «արքաները» նույնպես անսային սուրբգրային այս խոսքերին: Մինչդեռ նրանք շարունակում են տանը տուն կցել, ավելի ու ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնել իրենց կյանքը՝ շքեղության ու ճոխության մեջ, մինչ հազարավոր սովալլուկ մարդիկ, թշվառ երեխաներ շարունակում են մեկ պատառ հաց գտնելու հույսով տակնուվրա անել փողոցի աղբամանները: Սա է մեր իրականությունը: Նրանք մերօրյա աղքատ ղազարոսներն են, որոնց չենք ցանկանում նկատել անգամ: Հարկ է, որ Տիրոջ պատմած «Մեծահարուստի և աղքատ Ղազարոսի առակը» սթափեցնի մերօրյա հարուստներին: Առակի մեծահարուստն իր ժամանակավոր կյանքն ապրեց՝ ցոփ ու շվայտ կյանք վարելով, «ամեն օր առատապես ուրախություն անելով», անտեսելով ու արհամարհելով «իր դռների մոտ ընկած վերքերով պատված աղքատ Ղազարոսին», ով սնվում էր իր սեղանից ընկած փշրանքներով: Սակայն երբ երկուսն էլ մահացան, Ղազարոսն իր ժամանակավոր կյանքի ընթացքում կրած տառապանքների, չարչարանքների դիմաց ժառանգեց հավիտենական հանգիստը, երկնքի արքայությունը, մինչդեռ անողորմ մեծահարուստը՝ հավիտենական դատապարտությունը: Նա չարաչար տանջվում էր դժոխքում՝ մնալով մեկ կաթիլ ջրի կարոտ, բայց ուշ էր արդեն, որովհետև նա ստացել էր բարիքները ժամանակավոր կյանքի ընթացքում, որոնցից մաս ու բաժին չէր հանել աղքատ Ղազարոսին, ուստի ըստ արժանվույն էր պատժվում (տե՛ս Ղուկ. 16:19-31):

Հիշենք նաև տերունավանդ «Տասը կույսերի առակը» և չնմանվենք հիմար կույսերին, որ դուրս մնացին արքայությունից, որովհետև առատապես ողորմություն չարեցին, այլ փոքր-ինչ: Ուրեմն բարեգործություններով և ողորմածությամբ մեր երկրավոր, ժամանակավոր կյանքն իմաստավորել կարող ենք միայն այստեղ, քանի դեռ ժամանակ ունենք, որովհետև չգիտենք մեր մահվան օրը: Բարին գործենք, քանի դեռ ժամանակ կա, և «բարին գործելուց չձանձրանանք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք» (Գաղ. 6:9): Ս. Հակոբոս առաքյալը զգուշացնում է. «Անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. 2:13): Մեր Տեր Հիսուս Քրիստոսը՝ արդար Դատավորը, վերջին դատաստանի ժամանակ այս խոսքը կուղղի անողորմ մեղավորներին.

«Անիծյալնե՛ր, գնացե՛ք Ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար, որովհետև քաղցած էի, և Ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի, և Ինձ ջուր չտվիք, օտար էի, և Ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի, և Ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ, և Ինձ տեսնելու չեկաք» (Մատթ. 25:41-43), այս փոքրերից մեկին ա՛յդ չարեցիք, Ինձ համար էլ չարեցիք» (Մատթ. 25:45):

Ուրեմն հստակ է, որ երբ օգնում ենք մեր մերձավորին, օգնում ենք Քրիստոսին, քանի որ «քաղցած Քրիստոսը մեր փրկության համար աղքատների հետ շրջում է մեր դռների մոտ» (Վ. Այգեկցի), նաև սուրբ Հովհան Մանդակունին է գրում, որ «Նա, ով աղքատներին ու կարոտյալներին, օտարներին ու հիվանդներին է կերակրում, ոչ թե մարդկանց, այլ Քրիստոսին է ընդունում, Քրիստոսին կերակրում, Քրիստոսին հագցնում, Քրիստոսին սփոփում, Քրիստոսին մխիթարում, Քրիստոսին հանգստացնում և Քրիստոսին սպասավորում, քանի որ տերունական խոսքն անսուտ է»: Խիստ կարևորվում է նաև հանգուցյալների անունից ողորմության գործեր անելը՝ նրանց հոգիների փրկության համար:

Եվ քանի որ դեպի հավիտենություն ենք գնում, միշտ խոկանք մեր մահվան ու Աստծու դատաստանի, արքայության փառքի ու դժոխքի տանջանքների մասին, և քանի դեռ այս մահկանացու մարմնի մեջ ենք, «գթանք աղքատներին, որպեսզի Նա էլ մեզ գթա, քաղցածների համար հաց լինենք և մերկերի համար՝ զգեստ, անտունների համար՝ օթևան, ու հիվանդների համար՝ բժիշկ, որպեսզի Աստված էլ մեր մարմնի և հոգու վերքերը բժշկի՝ ծածկելով մեր ամոթալի գործերի մերկությունը և մեզ ժողովի հայրական օթևաններում՝ ամենքին արժանացնելով մշտավետ ցնծության և անտրտում ուրախության՝ ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, որ օրհնյալ է հավիտյան. ամեն» (Գր. Տաթևացի):

 

Անժելա Խաչատրյան

20.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․