Գթասրտությունը միավորում է երկինքն ու երկիրը

Ավետարանում կարդում ենք օրենքի մի ուսուցչի մասին, որ, ինչպես շատերը, ցանկանում էր արդարացնել իրեն: Նա Հիսուս Քրիստոսին հարցրեց, թե ո՞վ է իր ընկերը: Եվ Քրիստոս նրան պատասխանեց՝ պատմելով «Բարի սամարացու առակը» (Ղուկ. 10:25-38), թե ինչպես Երուսաղեմից Երիքով գնացող մի մարդ ենթարկվեց ավազակների հարձակմանը և ինչպես կիսամեռ վիճակում ընկած՝ չարժանացավ անցորդներից երկուսի ուշադրությանը, որոնք ուղղակի դիտում էին իր տառապանքը: Ավազակներն այն մարդկանց օրինակն են, որ կարող են մարդուն մինչև մահվան դուռը հասցնել, իսկ երկու անցորդները՝ մարդկային տառապանքի հանդեպ անտարբեր մարդիկ: Ս. Հովհան Ոսկեբերանը մարդասպանին համահավասար է համարում հարուստներին և այն անձանց, որոնք անտարբեր են աղքատի ու կարիքավորի հանդեպ: Քրիստոս ցույց է տալիս բոլոր ժամանակների ու ազգերի գլխավոր մեղքը՝ անգթությունը: Կիսամեռ վիճակում հայտնված մարդուն ձեռք մեկնեց սամարացին, որը գթասրտության օրինակ հանդիսացավ: Գթասրտությունը երկինքն ու երկիրն է միավորում, այն կարող է անգամ լեռներ տեղաշարժել:

Եկեղեցու համայնքային կյանքից ներս գթասրտության արտահայտություն են սոցիալական ծրագրերը, որ կյանքի են կոչվում գթասիրտ անձանց նվիրատվություններով: Սեպտեմբերի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Ավետիսյան Արուսյակին (63տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Արուսյակն իր տղայի և երեք թոռների հետ բնակվում է ք. Էջմիածնի Լերմոնտով 24-բ հասցեում: Նրա թոռներից երկուսը հաճախում են Էջմիածնի Հայ Միասնության Խաչի Մաչանենց արվեստաց դպրոցի նկարչության և արտթերապիայի դասարաններ: Տիկին Արուսյակը պատմեց, որ երկար տարիներ ինքն է թոռների խնամքով զբաղվում, քանի որ հարսը լքել է ընտանիքը ու հեռացել: Ընտանիքն արդեն երկու ամիս է, որ ֆինանսական և հոգեբանական դժվարին կացության մեջ է: «Երկու ամիս առաջ աշխատանքի ժամանակ տղաս ընկել էր աղբատար մեքենայի վրայից և գանգուղեղային վնասվածք ստացել: Բարդ վիրահատությունը հաջող էր անցել, բայց նա դեռ ի վիճակի չէ աշխատելու, քայլելիս գլխապտույտ է ունենում և դեռ երկար ժամանակ պետք է բուժումներ ստանա: Մեծ պարտքերի մեջ ենք հայտնվել և առ այսօր դեռ պարտքով գումար ենք վերցնում՝ դեղորայք գնելու համար: Մյուս տղաս և երկու աղջիկներս քիչ չափով, բայց հնարավորինս օգնում են մեզ, շատերին եմ դիմել օգնության համար, բայց ապարդյուն: Ընտանեկան նպաստի և իմ կենսաթոշակի գումարը չի բավարարում տղայիս անհրաժեշտ դեղորայքը գնելու համար: Շատ շնորհակալ եմ Վարդանյան ընտանիքին, որ օգնության ձեռք մեկնեց իմ ընտանիքին»,- ասաց տիկին Արուսյակը:

 

Կարինե Սուգիկյան

18.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․