Մի գյուղացի ոսկու մի բնակտոր գտավ: Լուրը ողջ գյուղում տարածվեց և հետաքրքրասերներն սկսեցին անդադար նրա տուն գալ՝ գտածոն տեսնելու: Նրանցից ոմանք ձանձրացնում էին իրենց խորհուրդներով, թե ինչպես ավելի շահավետ կերպով ոսկին վաճառել ու ծախսել ստացած գումարը, մյուսները զգուշությամբ հուշում էին, որ երբ քաղաք գնա ոսկին վաճառելու, ապա թող շատ զգույշ լինի, որովհետև այդպես կյանքն էլ կարող է կորցնել:
Գյուղացին լուրջ մտածմունքի մեջ ընկավ ու որոշեց, թե ինչ անել: Վերցրեց ոսկու բնակտորը, գնաց գյուղի կենտրոնական մասը, դրեց այնտեղ ու հեռացավ:
- Երևի խելքդ թռցրել ես,- տարակուսում էին ազգականները,- ինչո՞ւ այդպես վարվեցիր:
- Ընդհակառակը՝ ավելի խելամիտ եմ դարձել,- պատասխանեց գյուղացին,- հասկացա, որ այդ ոսկին միայն հոգսեր է պատճառում: Իսկ հիմա, երբ այն չկա՝ հոգսեր էլ չկան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի