Գյուտ խաչի քարոզ

Գյուտ խաչի քարոզ | Gyut Khachi Qaroz

Եթէ ոք կամիցի զկնի Իմ գալ՝ ուրասցի զանձն, և առցէ զխաչ իւր և եկեսցէ զկնի Իմ:

Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը, և գա Իմ ետևից (Մատթեոս 16: 24):

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտը՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի գտնվելը: Երբ Հիսուս Բեթանիայում բորոտ Սիմոնի տանը նստած էր, եկավ մի կին՝ ձեռքին «նարդոսի ազնիվ, մեծարժեք յուղի մի շիշ», և այդ յուղով օծեց Քրիստոսի գլուխը: «Աշակերտները զայրացան և ասացին. «Այդ յուղը ինչո՞ւ այսպես պիտի կորչեր. կարելի էր այդ անուշահոտ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին»: Եվ խիստ զայրանում էին կնոջ վրա: Եվ Հիսուս նրանց ասաց. «Թո՛ւյլ տվեք դրան. ինչո՞ւ եք նեղություն տալիս, որովհետև նա Ինձ համար մի բարի գործ արեց: Ամեն ժամ աղքատներին ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք նրանց բարիք անել: Բայց Ինձ ամեն ժամ ձեզ հետ չունեք: Դա, ինչ որ կարող էր, արեց, առաջուց խնկավետեց Իմ մարմինը ի նշան պատանքվելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի նրա հիշատակի համար» (Մարկոս 14:3-9): Սիրելինե՛ր, նույն ձևով դարեր շարունակ հիշատակվում են Կլավդիոս կայսեր կնոջ՝ Պատրոնիկեի և Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինեի անունները: Այդ անունները առ Աստված ունեցած իրենց հավատքի և սիրո շնորհիվ գրվեցին ոչ միայն եկեղեցու պատմության մեջ, այլև երկնքում: Պատրոնիկեն ջանաց գտնել այն խաչափայտը, որի վրա խաչվել էր Աստծու Միածին Որդին: Նա չէր փնտրում այն, որպեսզի հրաշքներ տեսներ, այլ փնտրում էր միմիայն առ Աստված ունեցած իր հավատքից ու սիրուց մղված, սակայն արժանացավ հրաշք տեսնելու: Երուսաղեմում նրա դուստրերից մեկը հանկարծամահ եղավ և Տիրոջ խաչափայտով հարություն առավ: Իսկ Սուրբ Հեղինեն երեք հարյուր տարի անց եկավ Երուսաղեմ և կրկին գտավ խաչափայտը, որ թաքցրել էին հրեաները, ու եկեղեցի կառուցեց:

Հետևաբար, սիրելինե՛ր, Աստծու նկատմամբ սերը ոչ միայն աղքատների նկատմամբ ողորմածությամբ և առհասարակ պատվիրանապահությամբ է արտահայտվում, այլև Նրա և Նրա եկեղեցու նկատմամբ մեր սիրով: Մենք ցանկանո՞ւմ ենք Սուրբ Հաղորդություն ստանալ, հաղորդվել Աստծուն, Սուրբ Պատարագներին մասնակցել, մեր սիրտը սիրո՞վ ենք տրամադրում աղոթքին, Աստծուն տրամադրած ժամանակը նույնքա՞ն կարևոր ու թանկ է մեզ համար, որքան մեր սիրելիների հետ անցկացրած ժամանակը, ուրա՞խ ենք կատարում Արարչի կամքը, նախանձախնդրությա՞մբ ենք առաջնորդվում, ինչպես մեր տան և ընտանիքների պարագայում, վախենո՞ւմ ենք հավատքի մեջ հետընթաց ապրելուց, կորուստներ ունենալուց, ուրեմն մենք ձգտում ենք ոչ միայն ստանալ Աստծուց, այլև առաջնահերթ սիրել Նրան: Հիսուս այն մարդկանց, որոնք Նրա ետևից եկել էին Կափառնայում, ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք: Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլև այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ, քանի որ Նրան Իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված» (Հովհաննես 6:22-27): Թող մեզ բոլորիս էլ Աստծու մոտ ուղղորդեն ճշմարիտ սերն ու հավատքը և ոչ թե ստանալու ու անընդհատ Նրանից ինչ-որ բան խնդրելու ակնկալիքը:

Առ Աստված ունեցած իրենց ճշմարիտ և օրինակելի հավատքով և մեծ սիրով եկեղեցում առ այսօր հիշատակվում են նաև սուրբ նահատակների ու մարտիրոսների, ճգնավորների ու միայնակյացների, վարդապետների ու հայրապետների անունները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի հայտնեց իրենց սերն Աստծուն, յուրաքանչյուրը՝ իր խաչին ու առաքելությանը հավատարիմ, մեկը՝ իր նահատակությամբ, մեկը՝ ճգնակեցությամբ, մյուսը՝ իր ուսուցմամբ և քարոզչությամբ: Նրանք կատարեցին ամենամեծ պատվիրանը, որ Քրիստոս տվեց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ» (Մարկոս 12:29, 30): Այս պատվիրանի կատարմամբ է, որ սրբացան նրանք: Նրանք վերցրին իրենց խաչը և գնացին Քրիստոսի հետևից: Սուրբ չծնվեցին. իրենց աղոթական կյանքով, անմնացորդ սիրով, խաչի ու Խաչյալի նկատմամբ ունեցած հավատարմությամբ, անցած ճանապարհով սրբացան, հավատքի մեջ ունեցած նախանձախնդրությամբ փայլեցին և մշտապես ուսանելի օրինակ դարձան մեզ համար: Մեղանչումներ ունեցան, բայց սիրո ու նվիրվածության մեջ գերազանց վարք ցուցաբերեցին: Ճանապարհ ընկան ու ետ չնայեցին, չընկրկեցին, չվախեցան ու իրենց բաժին հասած խաչի ծանրությունից չգանգատվեցին, չափսոսացին աշխարհում թողածի համար ու չզղջացին Աստծուն ընտրելու համար: Աստծուն սիրեցին ամեն ինչից ու ամենքից առավել: Խաչը նրանց համար զորություն էր և ոչ սարսափ: Խաչի ծանրությունը սիրով կրեցին ու Խաչյալի անվախ հետևորդները եղան:

Սիրելինե՛ր, մենք պիտի սովորենք նրանց նվիրվածությունից: Այսօր էլ հավատավոր մարդկանց կարող են մեղադրել ունեցած հավատքի, Աստծուն և եկեղեցուն ծառայելու համար, «չափից ավելի» հավատքի մեջ խորանալու և նվիրվածության համար, արդար ապրելու համար, աշխարհի կարգ ու հանգին չհետևելու համար, գեղեցիկը համեստության և ժուժկալության մեջ տեսնելու համար: Սակայն այստեղ է, որ պետք է դրսևորվի մեր հավատարմությունը Աստծու պատվիրաններին ու մեր սկզբունքներին, և մեր սերը առ Աստված աննահանջ լինի: Չամաչե՛նք, այլ հաստատուն քայլերով առա՛ջ ընթանանք: Քրիստոս ասում է Իր աշակերտներին. «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա Իր անձը, վերցնի Իր խաչը և գա Իմ ետևից. որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. և ով Ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն: Ինչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթեոս 16:24-26): Ուստի կյանքն ապրենք Աստծուն սիրելով, մեր ժամանակը սիրով հատկացնենք Նրան, հաճախակի աղոթենք, ձգտենք ըմբռնել խաչի խորհուրդը, սիրով շտապենք Խաչյալի ոտքերի մոտ, որովհետև եթե անգամ Նա խաչի վրա է, միևնույնն է, նույն Ամենակարող Արարիչ Աստվածն է, որ մեզ համար է խաչվել, որ մեզ փրկի: Թող մեր մտքի ու սրտի աչքերը չկուրանան, այլ տեսնեն Նրա Աստվածությունը, և մեր հոգիները երկրպագեն Նրան: Նա խաչվեց, որպեսզի մեզ փոխանցի խաչի զորությունը, հետևաբար խաչը մահվան գործիք դիտելը անմտություն է: Պատրոնիկեի ու Հեղինեի նման կարևորենք Խաչի առկայությունը մեր կյանքում ու Խաչյալից ստանանք ոչ միայն մեղքերից մաքրվելու օրհնությունը, այլև փրկության ավետիսը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

24.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․