Հայոց աշխարհի ամեն մի քարը, հողը, թուփը, լեռներն ու աղբյուրները, բերդերն ու ամրոցները, Հայոց երկնամերձ տաճարները զրուցում են անցորդի և ուխտավորի հետ, զրուցում և պատմում այն հերոսական անցյալի մասին, որ զարդարել է հայ ժողովրդի բազմադարյան ուղին: Շիրակ աշխարհի սառնորակ աղբյուրներով, պատմական կոթողներով և սրբավայրերով հարուստ Սառնաղբյուր գյուղն էլ շատ ասելիք ունի իր այցելուներին և ուխտավորներին: Սեպտեմբերի 2-ին Սառնաղբյուրի հարուստ պատմությանն ունկնդիր և հաղորդակից դարձան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորները՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ:
Ուխտավորները նախ հաղորդակից եղան գյուղի վաղ միջնադարյան խոնարհված սրբավայրի՝ Ս. Հակոբ եկեղեցու (4-5-րդ դ.) օրհնությանը, ուր և մասնակից եղան Ս. Պատարագին: Պատարագիչը՝ Տեր Գրիգորը, շնորհակալություն հայտնեց Շիրակի թեմի առաջնորդին՝ Միքայել Սրբազանին, ում օրհնությամբ իրեն արտոնվեց Ս. Պատարագ մատուցել Սառնաղբյուրի հնագույն սրբավայրում: Ս. Պատարագին քարոզխոսեց Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Ավետիսյանը, ով մինչ քարոզը ողջունեց ուխտավորներին, նրանց փոխանցեց թեմի առաջնորդի օրհնությունը, այնուհետև ներկայացրեց Սառնաղբյուրի սրբավայրերի պատմություններն ու ավանդությունները: Ապա անդրադառնալով օրվա ավետարանական ընթերցմանը՝ հացի բազմացման հրաշագործությանը, մասնավորապես շեշտեց, որ այսօր շատերը հրաշքի ակնկալիքով են ապրում, ինչի պատճառով թերանում են իրենց հավատքի մեջ՝ չնկատելով աստվածային փառքը և այն հրաշագործությունները, որ շրջապատում են մեզ ամենուր:
Ուխտավորները հաղորդակից եղան նաև գյուղի մյուս սրբավայրերի՝ Ս. Թադևոս եկեղեցու (1883 թ.), Ս. Ստեփանոս (Հոգեվանք-Կարմիր Վանք) (5-13-րդ դ.), Ս. Գրիգոր Լուսավորչի ուխտավայրի հարուստ պատմությանը, զորությանն ու օրհնությանը:
Սիրո ճաշից հետո ուխտավորներն ուղևորվեցին դեպի Հառիճավանք (7-13-րդ դ.), ուր նրանց դիմավորեց և օրհնության խոսք ասաց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը: Ուխտավորների խնդրանքի առանցքը Հայոց աշխարհի և Հայ եկեղեցու զորացման ու շենացման աղերսն էր առ Աստված: Ընդհանրական աղոթքից հետո Հայր Նարեկն ասաց, որ Աստծո հետ կենդանի հարաբերությամբ իրենց աղոթքները միախառնվեցին այն բազմադարյան աղոթքներին, որոնք հնչել են վանքի սուրբ կամարներից ներս:
«Ժողովուրդներն ապրում են, անշուշտ, հացով, բայց ոչ միայն հացով: Հացից վեր կա հոգու կյանքը, առանց որի մարդկային կյանք բացատրությունը դատարկ, անիմաստ խոսքեր պիտի լինեն: Հոգեկան կյանքի համար անհրաժեշտ է հոգևոր հայրենիք ունենալ, առանց որի մարդիկ չեն կարող ապրել որպես ազգ, այլ կապրեն պարզապես որպես իրարից անջատ, անհատ անձանց գումար: Հայ ժողովրդի համար հոգևոր ճշմարտությունների,
բարոյական սկզբունքների, ազգային առողջ գիտակցության, ներշնչարան-վառարան եղող «հոգևոր հայրենիք»-ը Հայաստանյայց եկեղեցին է. բազում անգամ ասված, բազում անգամ ասելի»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:
Ամեն անգամ ուխտավորն ուխտի ճանապարհով հաղորդակցվում է իր ինքնության հարազատ աղբյուրին, հաղորդակցվում է և նորոգում այն աստվածային պատկերը, որ ունի իր մեջ: Ուխտավորները Երևան վերադարձան՝ հոգեպես հարստացած և զորացած:
Կարինե Սուգիկյան