23 Դեկտեմբեր, Բշ
Այսպիսի կարգախոսով է կազմակերպվում ու իրականացվում ԱՀԹ ինտելեկտուալ փառատոնը, որի նպատակն է իմացության և գիտելիքի միջոցով ամրապնդել երիտասարդների հավատքն առ Աստված և նվիրումը Հայ Եկեղեցուն:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ օգոստոսի 29-ին Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ թեմի ամառային ինտելեկտուալ փառատոնի հերթական խաղը: Այս անգամ այն նվիրված էր Մյուռոնօրհնեքին: Մասնակցում էին թեմի 12 եկեղեցիների երիտասարդաց միությունների թիմեր:
Խաղից առաջ Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը երիտասարդներին փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի հայրական օրհնությունը և շեշտեց, որ պետք չէ մտածել հաղթանակի կամ պարտության մասին. «Այս պահին ամենքս համախմբել ենք Քրիստոսով, ուստի մենք արդեն հաղթանակած ենք Տիրոջով, ինչպես Ինքն է հաստատում՝ «Ես հաղթեցի աշխարհին» (Հով. 16.33):
Երիտասարդներին ողջույնեց նաև ԱՀԹ երիտասարդաց միությունները համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով նշեց, որ խաղը բոլորին պետք է ավելի մտերմացնի, քանի որ այն ենթադրում է առողջ մրցակցություն:
Խաղն անցկացվեց 3 փուլով՝ յուրաքանչյուրում 16 հարց: Բացի քրիստոնեությանն ու Եկեղեցուն վերաբերող թեմաներից, ներառված էին նաև հարցեր Սրբալույս Մյուռոնի և մյուռոնօրհնության մասին: Հարցերը նախապատրաստել էր և խաղը վարեց «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբ ՀԿ-ն:
Մրցույթի արդյունքում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց հյուրընկալ եկեղեցու «Սկիզբ» թիմը: Երկրորդ տեղում Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու «Տաթև» թիմն էր: Առաջին պատվավոր հորիզոնականը նվաճեց Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու «Առաջընթաց» թիմը: Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով ու գրքերով:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին