23 Դեկտեմբեր, Բշ
Աստվածային ծագում ունեցող Սրբալույս Մյուռոնը՝ Սբ. Թադեոս առաքյալի կողմից Հայոց աշխարհ բերված և Հայոց հայրապետների ձեռամբ դարեդար օրհնված, վերածվել է ազգային դրոշմի՝ Հայոց Մյուռոնի:
Ամեն մի մյուռոնօրհնեք յուրաքանչյուր հայորդու համար հոգևոր ուրախություն է և սփոփանք, նաև հիշեցում, որ իր ազգն Մյուռոնով սրբված Սուրբ Հոգու մխիթարիչ էջքով շարունակ նորոգվում է և հզորանում:
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, հերթական անգամ հայը մասնակցեց Սրբալույս Մյուռոնի օրհնության նվիրական արարողությանը: Հայոց Մյուռոնը հերթական անգամ հրաշագործեց. բաշխվեց՝ միավորելով աշխարհասփյուռ հայությանը:
1991թ-ից Հայոց Մյուռոնը նորանկախ Հայաստանում մի նոր ճանապարհ անցավ. երջանկահիշատակ Վազգեն Վեհափառ հայրապետի ձեռամբ օրհնվեց՝ կոչվելով «Անկախության Մյուռոն», հաջորդ մյուռոնօրհնեքին՝ 1996թ-ին, այս անգամ երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետի կողմից կոչվեց «Վերածնության Մյուռոն», այնուհետև երկու անգամ օրհնվելուց հետո 2015 թ-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այն կոչեց «Հաղթության Մյուռոն»: Եվ Վեհափառ հայրապետի բարձր տնօրինությամբ էլ հոկտեմբերի 4-ին՝ հավարտ Սբ. Պատարագի անկախացած, վերածնված և հաղթանակած Մյուռոնի օրհնությունը բաշխվեց Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում: Հաղթության նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի կարգ:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հավարտ Սուրբ Պատարագի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը մյուս խորհրդակատար քահանաների հետ միասին Ջրօրհնյաց կարգ կատարեց: Օրհնված ջրի միջոցով ներկաները հաղորդ դարձան նորօրհնյալ Մյուռոնի, այսինքն՝ Սուրբ Հոգու զորության և օրհնության խորհրդին:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ Տաթևն ամեն տարի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Սբ. Պատարագի ավարտին, ի հիշատակ Քրիստոսի մկրտության, մասնակցում է Ջրօրհնյաց արարողությանը՝ իր օջախ տանելով օրվա օրհնությունը: Նա ուրախ է, որ այս տարի ևս մեկ առիթ ունեցավ մասնակիցը լինելու Ջրօրհնյաց կարգին՝ ի հիշատակ Հաղթության Մյուռոնօրհնեքի: «Այն, ինչ օրհնվում է մեր եկեղեցում, աստվածային զորություն է կրում իր մեջ և նյութականի օրհնությամբ բոլորս ստանում ենք հոգևոր օրհնություն»,-ասաց նա:
Ջրօրհնյաց արարողության հետ կապված Տեր Գիրգորի մաղթանքն էր, որ յուրաքանչյուր հայորդի օրհնված ջրի միջոցով կրողը և տարածողը լինի այն Սուրբ Լույսի, որ ճառագում է նորօրհնյալ Մյուռոնից: «Սուրբ Լույսի առկայությունն Աստծո ներկայությունն է մեր կյանքում, որ պարգևում է մեզ ճշմարիտ երանություն: Բոլոր մարդիկ այդ երանության կարիքն ունեն, թերի են զգում իրենց կյանքերն առանց դրա: Սրբալույս Մյուռոնի օրհնությունից մաս ունենալով՝ Աստծո ներկայությունն ամեն պահ մեր սրտերում զգանք ու գործեք այդ ներկայության համաձայն: Եվ թող Տերը ուժ և հաստատակամություն պարգևի ամենքիս՝ Իր ճանապարհին հետևելու ու Երկնային Արքայությանն արժանի լինելու համար»,- ասաց Տեր Հայրը:
«Հաղթության Սրբալույս Մյուռոն»-ի օրհնությունը գալիս է հիշեցնելու բոլորիս այն հորդորը, որ դեռևս հնչել էր «Անկախության Մյուռոն»-ի օրհնության ժամանակ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի շուրթերից. «Հայե՛ր, հոգևոր զավակներ Մեր, այս սրբազան Մյուռոնով միացե՛ք, եղբայրացե՛ք, եղե՛ք մեկ կամք, եղե՛ք մեկ ուրախություն, եղե՛ք մեկ ցավ: Եղեք մե՛կ ազգ, մե՛կ ընտանիք, մե՛կ ժայռացած երդում և հավատացե՛ք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ Էջմիածնի ներքո»:
Կարինե Սուգիկյան