23 Դեկտեմբեր, Բշ
5. Կամ թէ վայրապար համարիցիք՝ զոր ասէ գիրն առ նախանձ ինչ, որում փափաքէ՛ հոգին՝ որ բնակեաց ի մեզ, տալ զառաւել շնորհսն:
Կամ թե՝ առ ոչինչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»:
Այն բոլոր գրքերը, որ Աստծու Հոգով գրվեցին, կերպարն ու օրինակն են, և երբեք զուր տեղը չգրվեցին, այլ՝ մեր շահի, օգուտի և վարդապետության համար, որպեսզի նրանցից իմանանք Աստծու կամքի կատարումը, և որ չշեղվենք ուղիղ ճանապարհից, որը մեզ դեպի վեր՝ Աստծու մոտ է տանում: Այս բանը նաև Պողոսն է վկայում. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ. 3:16): Տեսնո՞ւմ ես գրքի կատարյալ օրինակը, և թե ինչու գրվեցին Սուրբ Հոգու կողմից, որպեսզի մենք դրանց միջոցով ձեռք բերենք մեր փրկությունը: Արդ, դուք, ասում է, փորձում եք դառնալ սրա դատավորներն ու քննիչները և Աստծուն հակառակ չեք համարում այստեղի հարստությունը և դրանից բխող ամբարտավանությունը, ի զո՞ւր եք համարում Սուրբ Գրքի վարդապետություններն ու վկայությունները, որ ճշմարիտ Հոգու իմաստությամբ խոսեցին: Հետևաբար ասում է. կամ թե՝ առ ոչինչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»:
Սրանով առավել ևս հարգանքի է արժանացնում մեր բնությունը, և մեծացնում պատիվը աշակերտների Ավետարանի քարոզչության քան մարգարեներինը, քանզի նրանք թեև ընդունեցին Սուրբ Հոգու շնորհները, սակայն մասամբ, իսկ առաքյալները՝ կատարելապես և բացահայտորեն, այդ պատճառով էլ նրանց Սուրբ Հոգու բնակության վայր և տաճար է համարում: Այս մասին նաև Պողոսն է հայտնապես ասում. «Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3:16): Եվ ինքը՝ Հոգին, այս ավետիսը այնտեղից՝ ի վերուստ, շատ հեռվից նախապես այսպես ասաց. «Կբնակվեմ նրանց մեջ նրանց հետ կընթանամ, կլինեմ նրանց Աստվածը և նրանք էլ կլինեն իմ ժողովուրդը» (տե՛ս Եզեկ. 11:20):
Տեսնո՞ւմ ես նոր շնորհների գրավականը, թե որտեղից է սկսում և որտեղ՝ ավարտվում, այդ պատճառով էլ սկզբում կանխագուշակեց, որպեսզի շնորհների գալու ժամանակ չանհավատանան մարդիկ, այլ՝ նայելով մարգարեների պատգամներին, հավատան կատարվող իրադարձություններին: Այս մասին նաև Հովելի բերանով է հայտնում՝ Հոգու շնորհների առատությունը և ժամանակը ցույց տալով. «Այն օրերին իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան» (Հովել 2:28): Եվ ամեն մարմնի ասելով իրապես մկրտվողների և ավազանի շնորհների մասին խոսեց: Նույնպես նաև սա, արժանանալով այսպիսի շնորհների և ճաշակելով երկնային բարիքներն ու ընդունելով Սուրբ Հոգին, ասաց. այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ, դա է ցանկանում և դրան է փափագում, և սիրում է առավել շնորհներ տալ մեզ խոնարհության միջոցով:
Եվ տեսնելով, որ աշխարհային սերն ու ամբարտավանությունը հակառակ են այդ շնորհներին, որով բանսարկուն դարանակալում է՝ հակառակությամբ խոչընդոտելով Աստծու պարգևներին, այդ պատճառով նախանձում է նրա սուրբ նախանձին և ահավոր սպառնալիքներ է հնչեցնում հեռվից, և Աստծուն ցույց տալիս որպես ամբարտավանների հակառակորդ ու պատերազմող՝ լսողներին զարհուրեցնելու համար, որպեսզի հեռու փախչեն ամբարտավանությունից: Քանզի, եթե մարդուն որպես պատերազմող և հակառակորդ ունենալը սարսափելի չարիք է, ապա որքան առավել Աստծուն ունենալն է:
6. Վասն որոյ ասէ. Տէր ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնորհս խոնարհաց:
Դրա համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս»:
Երբ անհույս թողեց ամբարտավաններին և ցույց տվեց նրանց սարսափելի դատաստանը, և դրանով ծանուցեց ամբարտավանության չարիքը՝ առաջին ամբարտավանին օրինակ բերելով, որ ամբարտավանեց ամենակալ Աստծու առջև և ընդվզելով ասաց. «Կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ բարձրյալին» (Ես. 14:14), այդ պատճառով էլ երկնքից երկիր գահավիժեց և սանդարամետական եղավ և խավարային՝ Աստծուն մշտապես ունենալով որպես հակառակորդ և պատերազմող: Նմանապես նաև նա, ով աշխարհային հարստությամբ կամ իշխանությամբ և կամ որևէ շնորհով կամ առաքինությամբ հպարտանում և ամբարտավանում է ամպի նման գոչելով, ապա այդպիսի մեկին Աստված հակառակ է և վրեժխնդիր՝ նվաստացնելու նրան և անդունդը գլորելու: Ուստի չկա առավել չար և վնասակար բան, քան ամբարտավանությունն է, որովհետև մեղքերից և մեծագույն չարիքներից որն էլ ասես, չի կարող հավասարվել ամբարտավանի դատաստանի հետ: Արդ, մնացած բոլոր մեղքերը մեղավոր են դարձնում միայն մարդուն, իսկ ամբարտավանությունը մարդուն ամբողջովին նմանեցնում է սատանային: Եվ քանի որ մյուս բոլոր աղտեղությունները ձախ կողմում են աճում, իսկ սա՝ աջ կողմում, քանզի չկա որևէ առաքինություն, որի մեջ սա չաճի և չվնասի դրան: Այդ պատճառով էլ ցույց տալու համար այդ աղտի չարությունը՝ ասաց. Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս:
Երկու ծայրահեղ տարբեր բաներ է բերում՝ ամբարտավանություն և խոնարհություն, քանզի, ինչպես, օրինակ, բոլոր չարիքների գլուխն ամբարտավանությունն է, և ում մեջ աճում է, դատաստանի և բանսարկուի հետ դատապարտության է ենթարկում նրան, այդ պատճառով էլ առաքյալն ասում է. «Ոչ նորադարձ, որպեսզի, գոռոզանալով, սատանային վիճակված դատապարտության մեջ չընկնի» (Ա Տիմ. 3:6), այդպես էլ բոլոր առաքինությունների սկիզբը խոնարհությունն է: Եվ նա, ով իսկապես ունի այդ, ապա Քրիստոսի կերպարն է իր վրա կրում՝ ճշմարիտ հեզի և խոնարհի, նա, ով Աստծու կերպարանք ուներ, սակայն ծառայի կերպարանք ստացավ, այսինքն՝ ծառայի կերպարանքով կանգնեց աշխարհի բոլոր խոնարհների դիմաց: Եվ քանի որ այդքան բարի է և բարձրացնող մեր բնությունը, բոլոր բարի գործերի սկիզբն է, և հատկապես՝ նեցուկն ու հենարանը, քանզի եթե առանց նրա թեկուզ մինչև երկինք հասցնես առաքինության կառույցը, միևնույնն է վերևից ներքև կտապալվի և կոչնչանա՝ [Տիրոջը] որպես հիմք չունենալով: Այդ պատճառով մեր Տերը երանությունների հիմքը դրա վրա դրեց և նրանց խոստացավ որպես հաղթության պսակ տալ երկնքի արքայությունը, ովքեր իսկապես առաջնորդվեն դրանով, ըստ Քրիստոսի խոնարհության, այլ ոչ թե հարկավորաբար, ո՛չ մարդկանց աչքին երևալով և ո՛չ էլ կեղծավորաբար խոնարհություն դրսևորելով, այլ միայն Աստծու սիրու համար: Ուստի խոսքով և կերպարանքով բազմաթիվ խոնարհներ կան, իսկ գործերով և ճշմարտությամբ՝ քչերը: Հետևաբար ոչ մի օգուտ չկա խոսքով ասել՝ ես մեղավոր եմ, պիղծ և անարժան, սակայն, ուրիշներից այդ խոսքերը լսելով ըմբոստանալ և հակառակվել:
Այլ, ըստ Աստծու՝ ճշմարիտ խոնարհն այն է, որ ո՛չ նախատիքներից է տրտմում ու զայրանում և ո՛չ էլ գովասանքներից ուրախանում և փառավորվում, այլ ինքն իրեն անարժան է համարում այդպիսի պատվի, և արժանի՝ հազարավոր նախատիքների: Այդպիսի խոնարհներին Տերը շնորհներ է տալիս. որդեգրության, արքայության ժառանգության, Քրիստոսի հետ մեծության, ինչպես նաև բազում այլ աստվածատուր շնորհներ, որ անճառելի են խոսքով և անընկալելի և անհասկանալի մտքի համար:
Կամ, նորից Հոգու շնորհների առավելությունը ցույց են տալիս Պողոսի ասածն ու թվարկածները, թե. «Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգուց, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, մյուսին՝ զորավոր գործերի կարողություններ, մյուսին՝ մարգարեություն, մյուսին՝ հոգիները զանազանելու շնորհ, մյուսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ» (Ա Կորնթ. 11:8-10), և նմանատիպ մյուս բաները խոնարհությամբ են տրվում:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը