23 Դեկտեմբեր, Բշ
9. Տառապեցարո՛ւք, սգացարո՛ւք, և լացէ՛ք:
Տառապեցե՛ք, սգացե՛ք և լացե՛ք:
Երկմտելու փոխարեն, ասում է, և առաջին մեղքի համար, որ անգիտության պատճառով գործեցիք, տառապեցե՛ք, սգացե՛ք, և լացե՛ք: Միայն ձեռքերի արդարությունը բավարար չէ մեղքերը մաքրելու համար, և ոչ էլ սրտերը՝ երկմտությունից ուղղելու, այլ այս ամենի հետ նաև պետք է ապաշխարողի կերպարանք ստանալ. տառապել, սգալ, տրտմել, հոգոց հանել և դառնապես լացել ինչպես մեռելի վրա, և այդ ամենի միջոցով քավել մեղքերը և իսպառ վերացնել սպիները: Ուղիղ սիրտը նույնպես նպաստում է այս վշտերին, որովհետև մռայլ ամպի պես սրտի մեջ է մտնում սաստիկ տառապանքների և սգի ժամանակ և տրորում այն, հետևաբար այնտեղից վերցրեք ջուրը, որ սրտի շուրջն է և դեպի աչքերն է բարձրանում, և դրա կաթիլներն արտասուք են կոչվում, որոնցով ուղղվում է սրտի շեղությունը և մաքրվում մեղքերի սևությունը: Ապա ապաշխարության այլ միջոցներ է ցույց տալիս՝ ասելով.
Ծաղր ձեր ի սո՛ւգ դարձցի, և ուրախութիւն ձեր ի տրտմութիւն:
Ձեր ծիծաղը սգի թող վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության:
Աստվածային բոլոր գրքերում ծաղրը հանդիմանության է արժանանում, և հատկապես՝ Քրիստոսի պատգամներում, ընդ որում նաև Սողոմոնն ասաց. «Արդարև, հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մեջ ճարճատող փշերի ձայնին» (Ժող. 7:7), Տերն էլ ողբալով ասաց. «Վա՜յ ձեզ, որ ծիծաղում եք» (Ղուկ. 6:25): Ուստի մարդկային այս կրքերը իրագործվում են մեղքի մեջ գտնվելու ժամանակ, այդ պատճառով էլ հանդիմանանքի են արժանի, երբ անմտությամբ են անցկացնում [իրենց կյանքը], երբ փող հնչեցնելով և երգերով գինի են խմում, երբ Տիրոջ գործերը չեն տեսնում, այլ իրենց չար գործերով են ուրախանում և որպես բարի գործ են ներկայացնում, որի համար պետք է կարմրեին և ամաչեին:
Արդ, այն ծաղրն ու ուրախությունը, ասում է, որ մեղքի մեջ գտնվելու ժամանակ զվարճություն էիր համարում, դարձի գալու և ապաշխարելու ժամանակ թող ձեզ համար սգի և տրտմության պատճառ հանդիսանան, որպեսզի հանապազ հիշելով անօրեն ժամանակները, խիղճը մշտապես խայթի չար գործերի [հիշողության] պատճառով:
10. Խոնարհեցարո՛ւք առաջի Տեառն և բարձրացուսցէ՛ զձեզ:
Խոնա՛րհ եղեք Տիրոջ առջև, և նա ձեզ կբարձրացնի:
Բազմաթիվ անգամներ խոսեց խոնարհության մեծության ու բարձրության մասին, և Աստծու շնորհներին արժանի համարեց, և իրական խոնարհության օրինակը սգավորության միջոցով ցույց տվեց: Ապա ասում է, թե՝ ո՛վ մարդ, եթե ուզում ես հասնել անչափելի մեծության, ապա ես ցույց կտամ քեզ դրա օրինակը ոչ երկրավոր և ոչ էլ մարդկային երևույթների միջոցով, այլ՝ Աստծու անսահման մարդասիրության, այսինքն՝ փոքր բաներ խնդրողին մեծագույն շնորհների է արժանացնում: Դրա համար ասաց. խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի:
Ո՜վ անճառելի գթություն, ո՜վ չափազանց քաղցրություն, որ ինչի դիմաց ինչ է շնորհում: Քանզի չի կարող հանդուրժել իր պատկերն այդքան խոնարհացած և անտեսել, ուստի և շտապում է բարձրացնել: Եվ միայն ցանկանում է, որ հակառակ ճանապարհով գնա, այսինքն՝ ամբարտավանությանը հակառակ՝ խոնարհության, և մեղքին հակառակ՝ սգի և ապաշխարության: Արդ, եթե հայրը որդուն սգի և արտասուքի մեջ տեսնի, մի՞թե կանտեսի, հակառակը, կկարեկցի և գթությամբ վշտակից կլինի, և կջանա մխիթարություններ հորինել և արտասուքների պատճառը վերացնել: Վեր կբարձրացնի գետնից, աղերսանքի բազում խոսքեր կասի գորովագին սիրով՝ մինչև որ չդադարեցնի արտասուքները: Եվ եթե մարդն այսպես կանի, ապա առավել ևս Աստված, որ Հայր է գթության և Աստված մխիթարության, երբ մարդուն տեսնի իր երկյուղից չափազանց խոնարհված, և սգի ու արտասուքի մեջ, մեղքերի համար քուրձ հագած և մոխրի վրա նստած, չի անտեսի, այլ վշտակից ու սգակից կլինի նրան և կմխիթարի՝ ասելով. «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11:28), և մի այլ տեղ. «Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում, և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից ետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18:23), և նորից. «Անօրենը, եթե ետ կանգնի իր գործած անօրինություններից ու … արդարություն գործի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու» (Եզեկ. 18:21), և դարձյալ. «Եթե ձեր մեղքերն արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ» (Ես. 1:18): Եվ նմանօրինակ բազում բաներով սիրաշահելով խոսում է այդ սգավորի հետ, և երանի տալիս նրա սգին ու մխիթարության արժանի համարում՝ ասելով. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4), մինչև որ այսպիսի խոսքերից համարձակություն ստանալով՝ մարգարեի հետ ասի. «Սուգս դարձեց ուրախություն, հանեց քուրձն իմ և խնդություն հագցրեց ինձ» (Սղմ. 29:12), և թե. «Երեկոյան մեղքերի համար ինձ կուղեկցի լացը, իսկ առավոտյան՝ Աստծու գթությունն ինձ համար ուրախություն կլինի» (հմմտ. Սղմ. 29:6), քանզի Աստված իմ աչքերից սրբեց ամեն արտասուք, որ մեղքերի պատճառով եղան (հմմտ. Հովհ. Հայտն. 7:17):
Արդ, այս ամենը տեսնելով՝ ասաց. խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի: Դու, ասում է, խոնարհվում ես որպես մարդ քո մեղքերի և անօրենությունների համար, և նա բարձրացնում է քեզ իբրև Աստված՝ ըստ իր ողորմության և մարդասիրության:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը