23 Դեկտեմբեր, Բշ
2. Զի մեծութիւնդ ձեր յո՛չ ինչ լինելոց է, և հանձերդք ձեր կերակո՛ւր ցեցոյ:
Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր:
Սուրբ Գրքում ամեն տեղ մարմնավոր հարստությունը, որ հավաքվել է զրկանքների և տոկոսների գնով, պախարակության է արժանանում, և ունայնություն ու սնոտի կոչվում: Եվ հատկապես այս Գրքում, որտեղ ամբողջովին վատաբանվում է հարստությունը և ոչնչություն համարվում: Այդ պատճառով էլ ասում է. ձեր հարստությունը փտած է, որի վրա հույս եք դրել, քանզի ամեն ինչ այստեղ է մնալու: Եվ դուք, ինչպես որ մերկ եկաք աշխարհ, մերկ էլ ետ եք դառնալու այստեղից. «քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, և նրա տան փառքն իր հետ չի թաղվի: Նրա անձը կօրհնվի իր կենդանության ժամանակ» (Սղմ. 48:18-19): Նույնը նաև Պողոսն է ասում. «Ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել» (Ա Տիմ. 6:7): Ապա իրավացի է ասում, թե՝ ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստենրը՝ ցեցի կեր: Ձեր տեսակ-տեսակ զգեստները, ասում է, որով զարդարվում եք, և մարդկանց մեջ շքեղ ու հարգալից երևում, ձեզ չեն մնալու, այլ՝ ամոթ, նախատիք և անսպառ տրտմություն [է մնալու], երբ տեսնեք դրանք ցեցի կեր դարձած և ապականված: Զգեստները, որոնք սիրում էիք ու արկղերում պահում, և հաճախակի թափ տալիս, որոնց հները նույնիսկ աղքատներին չէիք տալիս կամ հագցնում, իսկ ինչու եմ ասում աղքատներին, երբ նույնիսկ դուք ինքներդ չէիք վայելում:
3. Եւ արծաթ ձեր և ոսկի՝ ժանգահար, և ժանգ նոցա լիցի ձեզ ի վկայութիւն, և կերիցէ՛ զմարմինս ձեր:
Եվ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը:
Ասաց, որ ձեր զգեստները ցեցի կերակուր են, որոնցով պարծենում և փառավորվում էիք, պճնվում զանազան բեհեզյա զգեստներով և գույնզգույն կերպասյա հագուստներով: Եվ որպեսզի ընդդիմախոսները չասեն, թե արդյո՞ք արծաթն ու ոսկին կարող է ցեցն ուտել, որ այդպես ես ասում հարստության մասին՝ ամոթանք տալով մեզ: Հետևաբար փակում է նրանց հանդուգն լեզուները՝ ասելով, որ թեև ցեցը չի ուտում ոսկին, սակայն ժանգը կարող է ուտել և ապականել ձեր արծաթն ու ոսկին: Դրա համար էլ ասաց. և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի:
Ըստ մարդկային սովորության է խոսում՝ ասելով, որ եթե իմ խոսքերին չեք հավատում, ապա ձեր սովորած խոսքերը ձեզ կշտամբություն և վկա կլինեն, որ սովորեցիք աղտ և ժանգ անվանել ոսկին: Դրա համար է ասում. նրանց ժանգը ձեր դեմ վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը: Կարծում եմ, թե սա հոգու համար է ասում և նրա անփոփոխ պահպանության, քանզի հարստության սիրուց այրվում և տապակվում են գիշեր-ցերեկ, և տառապում ու մաշվում են պահպանելու հոգսից: Երբեմն գողերին են կասկածում, երբեմն դատավորներին չեն ճանաչում, երբեմն ընտանիքին դավաճանելու համար են պատրաստում և երբեմն էլ կորցնելուց են վախենում: Այդ պատճառով էլ մշտապես անհանգիստ են, և դրա համար էլ ծրարի մեջ են դնում ու մատանիով կնքում, և բազում անգամներ հողի մեջ թաղում: Եվ եթե պատահի, որ վրիպեն, ապա տրտմությունից որոշում են խեղդամահ լինել, և շատերն այդպիսի խայտառակ մահվան ենթարկեցին իրենց՝ չկարողանալով կրել սրտի դառնությունը՝ հարստության հանդեպ սիրո պատճառով: Եվ այսպիսի հոգսերը մշտապես պատառոտում են հարուստի սիրտը և ուտում են նրան, ինչպես ցեցը՝ զգեստները, ինչպես որ գրված է. «Հոգս անող սիրտը ոսկորների փտություն է» (Առակ. 14:30):
Իբրև զհո՛ւր. գանձեցէք աւուրցն յետնոց:
Ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք:
Նա, ով ժանգ ասաց, դարձյալ նաև հուր է անվանում, որպեսզի ցույց տա չարիքի սաստկությունը: Ուստի, ինչպես, օրինակ, եթե մեկը փորձի կրակը պահել ծոցում, ապա կայրի իր մարմինը, նույնպես նաև նա, ով ոսկի է հավաքում, ապա իր անձի համար կրակ է հավաքում և հավիտենական տանջանք: Ուստի և նման օրինակ է բերում, որպեսզի մեզ ցույց տա դատաստանի օրը՝ այնտեղ, որտեղ քննվելու են բոլոր գործերը:
Ինչպես կրակը, ասում է, վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք: Ուստի, ինչպես մեկը, եթե կրակը թաքցնի հարդի տակ, այնտեղ կմնա անբոց և խավար, իսկ եթե ուժգին քամին փչի կրակի մոտ, ապա սաստիկ բոց կբռնկվի: Նմանապես նաև դատաստանի օրը, երբ հնչի դատավորի սպառնալիքը կուտակած հարստության համար, ապա վերջին օրն այն իրեն ստացողին կտանի դեպի [հավիտենական] հուր: Այդ պատճառով էլ ասում է. ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք:
Արդ, երբ սպառնաց հարուստներին ու խստորեն հանդիմանեց նրանց և ուսուցանեց, թե որտեղ է վերջանում նրանց հարստությունը և թե ինչ գեհենի կրակներ են պատրաստվել նրանց համար: Ապա սկսում է հերթով մեջբերել նրանց մեղքերը, որոնք այդպիսի կորստյան անդունդ են ուղարկում նրանց, ոչ միայն նրանց ամաչեցնելու, այլև խրատելու՝ զգուշանալ այդպիսի մեղքերից, և իրենց անձերի համար փրկություն գտնել:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը