23 Դեկտեմբեր, Բշ
9. Մի՛ տրտմեցուցանէք զմիմեանս ե՛ղբարք, զի մի՛ դատիցիք:
Մի՛ տրտմեցրե՛ք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք:
Երբ քաջալերեց հուսահատվածներին և սրտապնդեց, ու նրանցից հեռու վանեց անմտությունը: Ապա բոլորի համար ընդհանուր օրենք է հաստատում՝ թե՛ հարուստների և թե՛ աղքատների, թե՛ ծառաների և թե՛ տերերի, բոլոր նրանց համար, ովքեր միևնույն հավատի բարետոհմությունը ստացան իրենց անձերին և ավազանով միևնույն Հոր որդիները կոչվեցին, որպեսզի անհամերաշխ չլինեն միամյանց հանդեպ և չտրտմեցնեն իրար: Հետևաբար զգուշացնում է. մի՛ տրտմեցրեք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք:
Հարուստը, որ ըստ Աստծու՝ եղբայր եղավ աղքատին, պարտավոր է խոնարհվել նրա առաջ և մխիթարել նրան, չոտնահարել նրան և չմեծամտանալ նրա առաջ, այլ նմանվել նրան, ով մեզ համար աղքատացավ, որպեսզի մենք նրա աղքատությամբ հարստանանք (տե՛ս Բ Կորնթ. 8:9): Եվ ոչ էլ աղքատը, որ աստվածությամբ հարստացավ, թող չբամբասի հարուստ եղբորը նրա հարստության համար, թե նա չգիտե բաժանել և տալ աղքատներին, որի արդարությունը կա և մնում է հավիտյան: Այլ միմյանց հետ հավասար լինել սիրով, ըստ այն խոսքի, որ առաքյալն ասաց. «Ձեր առատությունը թող լցնի նրանց պակասությունը, որ նրանց առատությունն էլ լցնի ձեր պակասությունը, որպեսզի հավասարություն լինի» (Բ Կորնթ. 8:14), և Քրիստոսի անդամներին պետք չէ միմյանցից բաժանվել, «իսկ եթե միմյանց խածոտեք և հոշոտեք, զգո՛ւյշ եղեք, գուցե թե միմյանց ոչնչացնեք» (Գաղատ. 5:15): Դրա համար է ասում. մի՛ տրտմեցրեք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք:
Հարուստը թող չտրտմեցնի աղքատին՝ զրկելով նրան, և ոչ էլ աղքատը բամբասի հարուստին՝ իբրև չար և անիրավ մեկի, քանզի երկուսի համար էլ դա դատապարտություն կհամարվի. ինչպես որ զրկողը օտար է արքայությունից իր անիրավության համար, այդպես էլ զրկողին բամբասողը ընկնում է և օտարվում՝ բամբասանքի համար: Այդ իմաստով է ասում. մի՛ տրտմեցրեք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք: Ապա վախեցնում է, որպեսզի հավատան ասված խոսքին՝ ավելացնելով.
Ահաւասիկ դատաւորն առ դուրս կայ:
Ահավասի՛կ դատավորը դռանն է:
Սրանով առավել ևս ցանկանում է վախեցնել նրանց, քանզի, արդարև երկյուղի է արժանի նրա համար, ով դատապարտվելու պատճառ կունենա, և դատավորն էլ դռան առաջ կանգնած է: Կա՛մ երկրորդ գալստյան մասին է այսպես ասում, կա՛մ ժամանակների կարճանալու և վախճանը մոտենալու մասին: Քանզի վերջին դարում եղավ Քրիստոսի աշխարհ գալը, ընդ որում նաև Պողոսն է այդ մասին ակնարկում՝ ասելով. «Այս վերջին օրերին Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից» (հմմտ. Գաղատ. 4:4):
Եվ եթե առաջին գալուստն այս վերջին օրերին եղավ, ապա հայտնի է, որ երկրորդ գալուստը չի կարող հեռու լինել առաջինից: Հետևաբար ասում է. ահավասի՛կ դատավորը դռանն է: Եվ կամ առակով մահվան մասին է խոսում, թե քեզ ի՞նչ հոգ դատաստանի ժամանակվա երկարությունը, եթե դատավորը քո դռան մոտ է և ամեն օր քեզ դատաստանի է կանչում, քանզի դու չգիտես քո կյանքից ելնելու և դատավորի առջև կանգնելու ժամն ու ժամանակը: Արդ, մարդկանցից յուրաքանչյուրի համար իր մահվան ժամանակ բացվում են դատաստանի դռները, և դատավճիռն ըստ իր գործերի կայացվում է նրա համար՝ թե՛ կյանքի և թե՛ դատապարտության, թե՛ արքայության և թե՛ դժոխքի:
Ի դեպ Ադամն էլ, երբ պատվիրանազանց եղավ, մահվան դատավճիռ ընդունեց, սակայն ինը հարյուր երեսուն տարի հետո խմեց մահվան դառնության բաժակը: Նույնպես նաև ամեն մահկանացու մարդ մահվան ժամանակ ընդունում է իր վրա դատաստանի դատակնիքը, իսկ հարության և ընդհանրական դատաստանի ժամանակ խմելու է դառնություն կամ դատապարտություն, կամ էլ՝ դատավորի քաղցրություն:
Հորդորակ
Եվ արդ, քանզի մենք էլ այդպիսի դատաստանի տակ ենք, և Դատավորն էլ դռան մոտ է, իսկ մենք բազմաթիվ դատապարտություններով հիվանդ պառկած ենք, ապա հեռացնենք մեզանից ամեն տեսակի ծուլություն և մեղքերը: Սանձ դնենք մեր լեզվին և դուռ՝ բերանին, դաստիարակենք մեր աչքերն ու ականջները, մաքրենք մեր ձեռքերը և բոլոր անդամները, մտքի և սրտի բոլոր շարժումներն ընծայենք Աստծուն: Պահակ դնենք մեր մտքի և բերանի վրա, որտեղից մահ է մտնում, վերստին շահենք մեր անձերը և արծվի պես նորոգենք մեր մանկությունն ու նոր փետուրներով զարդարվենք: Մեր մեղքերի հնությունը՝ հին մարդու կերպարանքը մերկացնենք և նորոգենք՝ ըստ մեր Արարչի պատկերի, խոստովանությամբ և ապաշխարությամբ արփիափայլ զարդարվենք, ձյան պես սպիտակ լինենք և բրդի պես մաքուր, և ամեն ժամ մեզ պատրաստենք երկնաթռիչ ճանապարհի համար: Որովհետև անհայտ է օրը և ծածկված է ժամը, և որոգայթի պես հասնելու է յուրաքանչյուրի վրա՝ ըստ Տերունական առակի, և գողի նման գիշերով ներս է մտնելու և սպանելու:
Մեծ է երկյուղն անպատրաստից կենդանի Աստծու ձեռքն ընկնելու, քանզի ո՛չ որևէ օգնական ու պաշտպան, ո՛չ բարեխոս և ուղեկից, և ո՛չ էլ առաջնորդ կա այդ սարսափելի և օտար ճանապարհին: Արդ, եթե այս ամենն այնպես է, ինչպես ասվեց, ապա զգուշությամբ անցկացնենք, եղբայրնե՛ր, մեր կյանքը, որպեսզի անպատրաստից չբռնվենք մահվան որոգայթից: Այլ արթնությամբ անցկացնենք մեր կյանքը, որպեսզի չննջենք այն քնով, որի վախճանն իրական մահ է մարդու համար: Այդ ճանապարհի համար պիտանի ու անհրաժեշտ պաշար ամբարենք, որպեսզի այստեղ չթողնենք, այլ մեզ հետ բարձրացնենք, որովհետև երկար է ճանապարհը և առանց գործի, որպեսզի չլինի թե պետք եղած ժամանակ փնտրենք և չգտնենք ու սովալլուկ կործանվենք: Հավաքենք ողորմության յուղը, այստեղ պայծառացնենք մեր լապտերները, որպեսզի Փեսայի գալստյան ժամանակ հանգած լապտերների պատճառով դուրս չմնանք առագաստից:
Դատավորը դռան մոտ է և մեզ դատաստանի է կանչում, արդ, տեսնենք, թե ինչ պատասխան ենք տալու: Քննենք ինքներս մեզ, թե որքան ենք պարտք նրան, և թե կարող ենք արդյոք հատուցել պարտքը: Մենք ինքներս մեզ դատենք և չսպասենք անաչառ Դատավորին և անկաշառ ատյանին: Ճանապարհին հաշիվը տանք՝ ազատվելու նրանից, ամեն ինչ քննենք և հրապարակենք՝ խորհուրդները, խոսքերը և գործերը, նույնիսկ ամենափոքր նայվածքի, լսած չար բաների և մի դատարկ խոսքի համար: Գուցե մեզ դահճին մատնի, և դահիճն էլ խավար բանտ գցի, որտեղից չենք կարող ելնել մինչև չվճարենք վերջին նաքարակիտը (տե՛ս Մատթ. 5:25-26): Քանի որ Դատավորն ամեն բանի համար մեզանից հաշիվ է պահանջելու. ոչ միայն գործերի, այլև՝ խոսքերի և խորհուրդների, սրտի շարժումների և զգայարանների:
Եվ քանի որ այդպիսի անսխալ հաշվետվություն կա մեր առաջ, ապա իմանանք նաև, թե ո՞ւմ առջև ենք հաշվետվություն տալու: Ոչ թե մարդկանց առջև, այլ նրա, ով երեսին չի նայում, այլ՝ սրտին, որ չգործվածներն է տեսնում և անհայտներն է քննում, նրա, ում առջև ոչ մի կամակորություն և ոչ էլ իրավացի պատճառներ չեն ընդունվում, նրա, ով երբեք դատելու ժամանակ վկաների կարիք չի զգում, քանզի մեր մասին ամեն ինչ հայտնի է նրան և նրա գրքում ամեն ինչ գրված է. թե՛ գործ, թե՛ խոսք և թե՛ խորհուրդ: Նա, ով երբեք ոչ մեկից կաշառք չի ուզում և ոչ էլ դատելու ժամանակ աչառություն է անում, այլ իրավունքով է վարվում բոլորի հետ՝ թե՛ մեծերի և թե՛ փոքրերի: Ոչ թագավորից է ակնածում և ոչ էլ բռնավորից է վախենում, ոչ մանկությանն է ողորմում և ոչ էլ ճերմակ մազերին գթում, այլ մեկն է նրա նպատակը՝ արդար դատել և իրավունքով բոլորին հատուցել:
Եվ քանի որ այդպիսի ահավոր ատյան կա մեր առջև, իսկ Դատավորն արդար է, անսուտն, անկաշառ, ապա զարհուրենք Դատավորի դատաստանից, ակնածենք պատասխանատվությունից, և քանի դեռ ժամանակը մեր ձեռքերում է՝ բարին գործենք, և քանի դեռ օր կա՝ լույսի և ցերեկվա որդիներ լինենք: Քանի որ կգա գիշերը, որի ժամանակ ոչ ոք չի կարող գործել, քանզի այս է գործելու ժամանակը, երբ դեռ կարելի է շահել: Եվ քանի դեռ պատվական մարգարիտը վաճառքի է դրված, ոչինչ չխնայենք. ո՛չ հարստություն, ո՛չ ունեցվաք, ո՛չ սիրելիներ և բարեկամներ, ո՛չ հայրենիք և ժառանգություն, ո՛չ մարմին և ոչ էլ հոգի, եթե նույնիսկ դա պետք լինի տալու: Ամեն ինչ տանք, ամեն ինչ վաճառքի հանենք, ամեն միջոց գործադրենք, որպեսզի կարողանանք ստանալ այդ մարգարիտը: Քանի դեռ այդ օրը մեր ձեռքերում է, խորհրդակից ունենանք Պետրոսին, խորհրդակից ունենանք Պողոսի և Պետրոսի Տիրոջը, որ երբեմն սպառնում է, երբեմն ողորմում, երբեմն իր մոտ կանչում, և երբեմն էլ մերժում է, երբեմն երանի է տալիս աղքատներին և երբեմն սգում հարուստների համար:
Արդ, քանի դեռ այս օրը մեր առջև է, պատվիրանազանց չլինենք, նորից չխորհրդակցենք օձի հետ, չցանկանանք աստվածային պատվի մեծությունը, որը չենք կարող ստանալ: Պատվիրանազանցության ծառի մոտ չգնանք, մահացու պտուղը չուտենք, չմերկանանք փառքից առաջինի պես, չապավինենք թզենուն մեր երեսի ամոթը ծածկելու համար:
Եթե Բարերարը մեզ ապաշխարության կանչի, չդանդաղենք և մեղքի պատճառներ չստեղծենք, որպեսզի դատապարտվելով՝ չարտաքսվենք դրախտից ոչ թե այս անեծքի երկիրը, այլ՝ գեհենի հուր, որտեղ աչքերի լաց է և ատամների կրճտոց: Ոչ թե այս փշաբեր երկիրը, այլ այն, որտեղ թունավոր որդեր են ծնվում, ոչ թե այս [երկիրը], որտեղ պատվիրեց երեսի քրտինքով հաց վաստակել, այլ այն, որտեղ հացի սով է և ջրի ծարավ, այսինքն՝ Աստծու խոսքի և նրա մարդասիրության:
Ինքներս մեզ նայենք, այլ ոչ թե սնոտի և անցավոր բաներին, մաքրենք մեր գերանը, որպեսզի ուրիշների փուշը չտեսնենք, ցանկասիրությանը չծառայենք, այլ ողջախոհությամբ պարկեշտանանք, ագահությամբ կռապաշտ չլինենք, այլ ողորմությամբ քավենք մեր մեղքերը, արատավոր տեսությամբ չպղծենք մեր աչքերը, այլ՝ արտասուքով մաքրենք, անպատկառ երգերով չարատավորենք մեր ականջները, այլ աստվածային պատվիրանները լսելով՝ մաքրենք, պիղծ շոշափումներով մեր ձեռքերը չապականենք, այլ աղքատներին ողորմություն տալով և աղոթքի համար բարձրացնելով՝ մաքրենք:
Երբ Տերը պատրաստվի նստել շնորհների աթոռին, խոստովանությամբ մոտենանք նրա շնորհների գահին և հարմար ժամանակին նրա առջև ողորմություն գտնենք՝ նրա օգնությամբ: Այժմ շնորհներ է բաշխում, այժմ, մեղքերի թողություն է տալիս, այժմ կարեկցում է տառապողներին, այժմ վշտակցում է վշտացածներին և սգում սգավորների հետ, այժմ բժշկում է վերքերը, այժմ վերցնում է հիվանդությունը, այժմ մեղքերի մահը լուծանում է, այժմ քիչ բան է խնդրում և մեծ բաներ շնորհում, այժմ երկնքի արքայություն, անճառելի կյանք և բազմաթիվ բարիքներ է խոստանում: Չսպասենք դատավորի աթոռին և գալիք դատաստանին, քանզի այն իրավունքի ու դատաստանի աթոռ է, երբ վեր կենա շնորհների աթոռից և նստի փառքի աթոռի վրա, այդ ժամանակ արդարորեն չափելու է և հատուցելու, և կշեռքի նժարի պես կշռելու է թե՛ մեծերի և թե՛ փոքրերի գործերը:
Այժմ Աստված օգնական է չարիքներից զղջացողների համար, իսկ այնժամ՝ ահարկու, մարդկանց արհամարհող, այժմ համբերող է մեր հազարավոր սխալներին, իսկ այնժամ իր վճռական բարկությունը կթափի անհնազանդ որդիների վրա, այժմ հորից ավելի գթասիրտ է մեղքերով բեկվածների հանդեպ, և մորից ավելի է մորմոքվում սգավորների մեղքերի վրա: Դրա համար մե՛կ աղաչում է, մե՛կ աղերսում, մե՛կ պատգամավորներ ուղարկում՝ առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, վարդապետներ և հովիվներ և մի անգամ էլ իր Որդուն ուղարկեց մեղավորների հետ հաշտության համար: Իսկ այն ժամանակ՝ ինչպես Տեր և Դատավոր, հաշիվ է պահանջելու իր համբերատարության և գթության համար, ինչն այստեղ արհամարհեցինք:
Արդ, սիրելիներս, այս ամենն իմանալով՝ չարհամարհենք Աստծու սերն ու համբերատարությունը, քանզի Աստծու քաղցրությունը մեզ ապաշխարության է կանչում: Մեր խստությամբ և անզեղջ սրտով բարկություն չկուտակենք Աստծու արդար դատաստանի օրը, որ հատուցելու է յուրաքանչյուրին՝ ըստ իր գործերի, այլ երկյուղով տնօրինենք մեր կյանքը՝ վախենալով ոչ միայն գեհենի տանջանքներից, այլ հատկապես՝ Աստծուց մերժվելուց և նրա բարի դեմքից զրկվելուց: Քանզի Աստծուց մերժվելն ավելի չար է, քան բյուրապատիկ գեհենը և անընդհատ այրվելն ու անքուն և թունավոր որդերի մեջ ընկնելը: Ոմանք միայն գեհենից են վախենում, իսկ ուրիշները տանջանքներից՝ սարսափում, բայց ես միայն նրանից եմ զարհուրում, սարսում և դողում, արտասվում և մեծապես հառաչում, թե չլինի, որ ընկնեմ Աստծու սիրուց, նրա քաղցր դեմքը տեսնելուց և երանավետ ձայնը լսելուց: Եվ եթե այս ամենը և նմանատիպ այլ բաներ պատահեն ինձ, եթե նույնսիկ հուրն ինձ այրի, անդունդն ինձ կլանի, եթե նույնիսկ որդերն ուտեն և հավերժ խավարում ապրեմ, բայց ինձ համար առավել դաժան և դառնագույն տանջանքները և մեծագույն պատիժը դրանք են: Եվ ինչո՞ւ եմ միայն տանջանքների մասին ասում, եթե նույնիսկ արքայություն մտնեմ, և ամբողջ փառքը ժառանգեմ, բայց չկարողանամ նրան տեսնել, ապա գեհենից էլ չար կհամարվի այդ հանգիստը: Իսկ եթե գեհեն մտնեի և նրան այնտեղ տեսնեի ինչպես հարկն է, և վայելեի նրա սերը, այդ տանջանքներն արքայությունից ավելի պատվական կհամարեի:
Արդ, մեր ձեռքերում է Աստծուն տեսնելը կամ չտեսնելը, ուստի եթե նրանց այստեղ տեսնենք աղքատների դասով և քաղցրությամբ խնամենք, քաղցածներին կերակրենք և ծարավածներին ջուր տանք խմելու, մերկերին հագցնենք և օտարներին հյուրասիրենք, հիվանդներին տեսության գնանք և բանտարկյալներին ազատենք, ապա նաև այնտեղ կարող ենք տեսնել նրան, և լսել նրա քաղցր ձայնը, թե. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25:34), որին բոլորս էլ արժանի լինենք՝ շնորհով, մարդասիրությամբ և ողորմությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը