Քրիստոնյայի համար հոգևոր կյանքի սկիզբը ինքնաճանաչողությամբ և ինքնամաքրմամբ դեպի Աստված ընթանալն է: Ըստ հայրաբանությամբ՝ քրիստոնյան նա չէ, ով հավատում է Փրկչի աշխարհ գալուն, հանուն մարդկության փրկության Նրա չարչարվելուն, խաչվելուն և հարություն առնելուն, քանի որ այդ ամենին դևերը ևս հավատում են և սարսափում (Հակոբ. 2:19), այլ քրիստոնյան նա է, ով տեսնում է իր մեղավորությունը, ինչի համար ցավում է և ջանում է ապաշխարությամբ դեպի Աստված ընթանալ: Այդպիսի հավատն է, որ իրական է և փրկարար: Ճշմարիտ հոգևոր կյանքը առողջ և օրհնաբեր կյանքի աղբյուր է, ինչին ձգտում է ճշմարիտ քրիստոնյան: Զորեղ են այն եկեղեցական համայնքները, որոնց անդամները ձգտում են ճշմարիտ հոգևոր կյանքով ապրել, իսկ այդ ճանապարհին հոգենորոգ են աղոթքի և խոկման ուղիները՝ ուխտագնացությունները:
Հունիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրում՝ Հրազդանի Ս. Աստվածածին եկեղեցում (1883 թ.), ուխտավորները մասնակից եղան Ս. Պատարագի, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ քահանա Գրիգորյանը։ Արարողության ավարտին պատարագիչ քահանան մաղթեց ուխտավորներին, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը: Եկեղեցին արարողություններից կարևորագույնի՝ Ս. Պատարագի միջոցով միավորում է իր անդամներին. որքան քրիստոնյաները մոտենում են Աստծուն, այնքան է մոտենում են միմյանց, դա է եկեղեցու գոյության իմաստը և հոգևոր կյանքի անփոփոխ օրենքը: «Որպեսզի ամենքը մի լինեն,- աղոթում էր Քրիստոս,- ինչպես դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես՝ Քո մեջ, որպեսզի նրանք էլ Մեր մեջ լինեն» (Հովհ. 17:21):
Սիրո ճաշից հետո ուխտավորներն ուղևորվեցին Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցի (1031 թ.), որի սուրբ կամարների ներքո ուխտավորների շուրթերից հնչեց Հայաստան և Արցախ աշխարհների անսասանությանն ու խաղաղությանն ուղղված ընդհանրական աղոթք: Հոգենորոգ օրվա վերջին սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Նեղուցի Ս. Աստվածածին վանքն (X-XI դդ.) էր, որի անվան ընտրությունը, հին ավանդույթի համաձայն, երկու հիմքեր ունի. առաջինը՝ Նեղուց, իբրև ջրային նեղուց հիշեցնող ճանապարհի անվանումն է, որը գյուղը կապում է վանքի հետ: Եվ երկրորդ տարբերակը՝ ի նշան Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու: Սրբավայրում, Տիրամոր բարեխոսությունը հայցելով, ուխտավորները կրկին անգամ, հանուն Հայոց աշխարհի խաղաղության, իրենց աղոթքը վերառաքեցին առ Տեր:
Աղոթքի և խոկման հերթական ուղին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի համար հոգեպես նորոգվելու և զորանալու հիանալի մի հնարավորություն հանդիսացավ: Եկեղեցու հայրերից Ս. Հովհաննես Սանդուղքն ասել է. «Թեպետև բարձրանաս առաքինության բոլոր աստիճաններով, աղոթի՛ր մեղքերիդ թողության համար, ինչպես լսեցիր Պողոսից, որն աղաղակում էր մեղավորների համար և ասում, թե ինքն է նրանցից առաջինը (Ա Տիմ. 1:15)»:
Կարինե Սուգիկյան