23 Նոյեմբեր, Շբ
Սկյութիայից մի կրոնավոր եկավ և մոտակա վանքից իրեն առաջնորդ վերցնելով՝ գնաց հայր Արսենիոսի մոտ: Երբ տեսնվեցին, նստեցին լռելյայն, և երբ շատ սպասեցին, վանականն ասաց. «Հա՛յր, աղո՛թք արա ինձ համար, որ գնամ»: Սկյութացին, քանի որ համարձակություն չունեցավ խոսելու, ասաց, թե` ես էլ եմ գալիս, իսկ երբ գնացին, սկյութացին ասաց. «Տա՛ր ինձ նախկին ավազակապետ Մովսեսի մոտ»: Հայր Մովսեսը նրանց ընդունեց սիրով ու լրջմտությամբ, սեղանով ու խոսքով: Վերադառնալիս վանականը հարցրեց Սկյութացուն, թե. «Ինչպիսի՞ն են ըստ քեզ հռոմեացին և եգիպտացին»: Նա պատասխանեց. «Այս պահին Մովսեսն ավելի բարվոք թվաց ինձ»: Եվ լսելով այս` ծերերից մեկը խնդրեց Աստծուն և ասաց. «Տե՛ր, ինչպե՞ս է, որ Արսենիոսը հանուն Քեզ փախչում է մարդկանցից, իսկ Մովսեսը հանուն Քեզ ընդունում է մարդկանց, մեկնի՛ր մեզ նրանց խորհուրդը»: Եվ Աստված ցույց տվեց նրան երկու նավ. մեկում Աստծո Հոգին էր, և այդ նավի վրա Արսենիոսն էր, որը գնում էր լռությամբ, մյուսում հրեշտակներն էին, և Մովսեսն էլ նրանց մեջ էր, և նրան կերակրում էին սուրբ ու մաքուր մեղրախորիսխով, և այդպես նավում էին դեպի այն կողմ: Բայց Արսենիոսն ասաց. «Կույսը քանի դեռ իր հոր տանն է, բոլորը փափագում են նրան և խորհում հարսնախոսության մասին, իսկ երբ կին է դառնում, ոմանք պարսավում են, իսկ ոմանք` գովում, և նա նախկինի պես պատվական չէ: Նույնպես և մենակյացը, որ հանրահռչակ է դառնում, հազիվ թե կարողանա հաճոյանալ Աստծուն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016